Անթիլիասի դպրեվանք
հայկական հոգևոր ճեմարան From Wikipedia, the free encyclopedia
հայկական հոգևոր ճեմարան From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Անթիլիասի դպրեվանք հոգևոր-կրթամշակութային հաստատություն Լիբանանի Բիքֆայա գյուղում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ենթակայությամբ։ Հիմնվել է 1930 թվականին՝ Սահակ Բ կաթողիկոս Խապայանի ջանքերով։
Հոգևոր-կրթամշակութային հաստատության «դպրեվանք» անվանման արմատները հասնում են զարգացած միջնադար։ 1147 թվականին Հռոմկլա է տեղափոխվում հայոց կաթողիկոսական աթոռը, և այնտեղ մնում մինչև 1292 թվականը՝ շուրջ մեկուկես դար, որից հետո տեղափոխվում է Կիլիկիայի հայկական թագավորության մայրաքաղաք Սիս։ Հռոմկլա սահմանային բերդ-ամրոցում ստեղծվում է կրթական հաստատություն, որը կոչվում է «դպրեվանք», ուր ուսումնամանկավարժական բեղմնավոր աշխատանք էին կատարում Գրիգոր Գ Պահլավունի փոքր վկայասեր հայրապետը և նրան փոխարինող Ներսես Շնորհալին։ Կարճ ժամանակում նրանք Դպրեվանքը դարձնում են գիր ու գրականության, մշակույթի նշանավոր կենտրոն։ Այս դպրոցը գոյատևեց մինչև 1292 թվականը, մինչև Հռոմկլայի գրավումը[1]։
«Անթիլիասի դպրեվանք» անվանումը կապված է հոգևոր-կրթամշակութային հաստատության՝ 1930-1978 թվականներին Անթիլիասում գտնվելու հետ կապված։ Երկու տարի անց դրան կից հիմնադրվում է տպարանը[2]։ Թեև 1978 թվականին դպրեվանքը տեղափոխվել է նորակառույց շենք՝ Անթիլիասի մայրավանքից 11 կմ հեռավորության վրա գտնվող Բիքֆայա գյուղ, այդուհանդերձ անվանումը լայնորեն կիրառվում է։ Նախքան այդ, 1965 թվականին այստեղ տեղի է ունեցել հայոց ցեղասպանության հուշարձանի բացումը[3]։ Միաժամանակ, հայտնի է նաև հաստատության «Զարեհյան դպրեվանք» անվանումը, որը կապված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Զարեհ Ա Փայասլյանի (1956-1963) անվան հետ։
1930 թվականին, երբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը վերջնականապես հաստատվել է Անթիլիաս քաղաքում, Սահակ Բ Խապայան կաթողիկոսը հիմնադրեց Դպրեվանքը։ Ունեցել է նախապատրաստական, 4-ժամյա ժառանգավորաց, 3-ամյա ընծայարանի, ինչպես և ամուսնացյալ քահանայության թեկնածուների բաժիններ։ Դպրեվանքի շրջանավարտները ձեռնադրվում են կուսակրոն քահանա (վարդապետ), ամունացյալ քահանա, դառնում ուսուցիչ, դպրապետ, տնօրեն, մտավորական[4]։ Սաներից ավելի քան 30-ը ձեռնադրվել են եպիսկոպոս և արքեպիսկոպոս, ղեկավարել կաթողիկոսության թեմերը։ Նրանց շարքում են նաև Կիլիկիո բոլոր կաթողիկոսները։ Ուսանողները հիմնականում Լիբանանի, Կիպրոսի, Սիրիայի և Իրանի հայ համայնքներից են[5]։
Դպրեվանքի ուսումնական ծրագիրն ընդգրկում է աստվածաբանական, հայագիտական, լեզվական, պատմական, բնագիտական և գիտական այլ նյութեր։ Բաղկացած է երկու բաժիններից՝ Ժառանգավորաց և Ընծայարան։ Առաջինը համազօր է միջնակարգ դպրոցի մակարդակի, իսկ երկրորդը՝ աստվածաբանական և հայագիտական ուսումնարանի։ Յուրաքանչյուր բաժին ունի չորս տարիների ծրագիր։ Դասընթացները տևում են շաբաթական հինգ օր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։ 00-14։ 00 սահմանում։ Դպրեվանքի ուսուցչական կազմը բաղկացած է 25 եկեղեցական և աշխարհիկ ուսուցիչներից՝ Արամ Ա կաթողիկոսի առաջնորդությամբ։ Դպրեվանքը ունի նաև իր գլխավորությամբ գործող հատուկ հանձնախումբ՝ իր տեսուչով ու հսկիչներով[5]։
Դասավանդվում են հետևյալ նյութերը՝ Աստվածաշնչական և ծիսական նյութեր, բարոյագիտություն, գրաբար, աշխարհաբար, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն, հայոց պատմություն, Հայաստանի աշխարհագրություն, ընդհանուր աշխարհագրություն, շարական, թվաբանություն, բնական գիտություններ, երաժշտություն եւ նկարչություն։ Երկրորդ բաժնում հետևյալ նյութերն են՝ Հին և Նոր Կտակարանների ներածություն, Սուրբ Գրոց ժամանակների պատմություն, Սուրբ Գրային լեզուներ (հունարեն, եբրայերեն), մեկնաբանություն, տեսական աստուածաբանություն, հովվական աստուածաբանություն, հայրաբանություն, բարոյագիտություն, հայ եկեղեցու պատմություն, ընդհանուր եկեղեցու պատմություն, հայոց պատմություն, հայկական մշակույթի պատմություն, միջեկեղեցական շարժումի պատմություն, կրոնների պատմություն, ծիսագիտություն, կանոնագիտություն, իմաստասիրություն, փիլիսոփայություն, հոգեբանություն, ընկերաբանություն, մանկավարժություն, մատենագրություն, հայ գրականություն, գրաբար, արաբերեն, անգլերեն և ֆրանսերեն[5]։
Դպրեվանքի սաները մասնակցում են «Գլաձոր» և «Հասկ» տարեգրքերի հոդվածագրությանը, տարաբնույթ հոգևոր-մշակութային միջոցառումների։ Գործում է «Արմաշ» երգչախումբը, 2023 թվականին հիմնադրված վերնատունը։