From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Իսաևիչ Սոլժենիցին (ռուս.՝ Александр Исаевич Солженицын, դեկտեմբերի 11, 1918[1][2][3][…], Կիսլովոդսկ, Խորհրդային Ռուսաստան[4] - օգոստոսի 3, 2008[5][1][2][…], Մոսկվա, Ռուսաստան[4]), ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1970)։
Ծնվել է Կիսլովոդսկում։ Հայրը նրա ծննդյան տարում զոհվել է դժբախտ պատահարից, որսի ժամանակ։ Մայրը՝ ծնունդով Ռաիսա Շչերբակը, Մոսկվայում ավարտելով գոլիցինյան բարձրագույն դասընթացները, հեղափոխությունից հետո զբաղվել է սղագրությամբ և որդու հետ տեղափոխվել է Դոնի Ռոստով, որտեղ Ալեքսանդրը ավարտել է միջնակարգը, ապա ստացել ֆիզիկամաթեմատիկական բարձրագույն կրթություն, նաև սովորել է փիլիսոփայություն։
1940-ին ամուսնացել է Նատաշա Ռեշետովսկայայի հետ։
Պատերազմի տարիներին նրանք զբաղվել են մանկավարժությամբ՝ Դոնի Ռոստովի մոտ գտնվող Մորոզովկա փոքր քաղաքում։ Այստեղ Ալեքսանդրը դասավանդել է մաթեմատիկա և աստղագիտություն։
Այնուհետև զորակոչվել է բանակ, ստացել լեյտենանտի կոչում, դարձել հրետանավոր։ 1942-ին եղել է ռազմաճակատում՝ Օրյոլից հասել մինչև Պրուսիա։ Արժանացել է մարտական շքանշանների և մեդալների։
Հենց միայն Լենինին «Վովկա» և Ստալինին «Պախան» կոչելու համար Սոլժինիցինը ձերբակալվում է 1945-ին և աքսորվում 8 տարով։ 1952-ին աքսորավայրում ակտիվ մասնակցություն է ունենում աքսորյալների խռովություններին։ Անտանելի դաժան աքսորային կյանքը շատ վատ է ազդել նրա առողջության վրա, և նա երկու անգամ ենթարկվել է վիրահատության։ Ճամբարից ազատվելով, նա ցմահ բանտարկության է դատապարտվում և ուղարկվում Ջամբուլի մարզ։
1956-ին արդարացվել է, վերադարձել Դոնի Ռոստով, տեղի դպրոցներում դասավանդել ֆիզիկա։ 1959-ին ռուս գրող Ա. Տվարդովսկին, ստանալով Նիկիտա Խրուշչովի թույլտվությունը, իր խմբագրած «Նովի միր» ամսագրում տպագրում է «Իվան Դենիսովիչի մեկ օրը» պատմվածքը, որը լայն ճանաչում է բերում հեղինակին։ Նրան ներկայացնում են Խրուշչովին, «Պրավդա»-ում տպագրվում են նոր պատմվածքներ։ Ոգևորված այդ ամենից, Սոլժինիցինը գրում է իր գլուխգործոցը՝ «Գուլագ արշիպելագը», որն աքսորական տարիներին հավաքած նյութերի գրական հանրագիտարանն է։ Սակայն, իհարկե, այն չի տպագրվում։
Սոլժենիցինը, կորցնելով առաջին կնոջը, երկրորդ անգամ ամուսնանում է մասնագիտությամբ մաթեմատիկոս Նատալյա Սվետլովայի հետ։ Ունենում են երեք տղա զավակ։
Ուշագրավ է, որ չստանալով խորհրդային քաղաքացիություն, նրան իր Մերձմոսկովյան ամառանոցում ապաստան է տալիս աշխարհահռչակ թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը։
1970-ին Սոլժինիցինը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության գծով։
1973-ին Փարիզում լույս է տեսնում Սոլժինիցինի «Գուլագ արշիպելագը», մեծ ճանաչում բերելով հեղինակին։ 1974-ին Սոլժինիցինը կալանավորվում և հատուկ ինքնաթիռով տարվում է Արևմտյան Գերմանիա։ Այնտեղից 1976-ին Սոլժինիցինը ընտանիքով մեկնում է ԱՄՆ և բնակություն հաստատում Կավենդիշ փոքրիկ քաղաքում։ Գնում է հողամաս, տուն կառուցում և նրան կից ստեղծում է մի վիթխարի գրադարան։
1978-ին Հարվարդի համալսարանում ելույթ է ունենում և խոսում համաշխարհային մշակույթի զարգացման և պահպանման հարցերի մասին։ Արտասահմանում հրատարակվում են նրա շատ ստեղծագործություններ։
Եվ միայն 1989-ին «Նովի միր» ամսագիրը լույս է ընծայում «Գուլագ արշիպելագը»։ 1990-ին աքսորականը նորից ստանում է խորհրդային երկրի քաղաքացիությունը։
1994-ին գալիս է Ռուսաստան և ելույթ ունենում Պետդումայում։ 1998-ի դեկտեմբերի 11-ին Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինը ստորագրում է հրամանագիր Սոլժինիցինին բարձրագույն շքանշանով պարգևատրելու մասին, սակայն Սոլժենիցինը հրաժարվում է դրանից։
Սոլժենիցինը Ռուսաստանի հզոր անհատներից է և՛ գրականության մեջ, և՛ հասարակական կյանքում։ - Վալենտին Ռասպուտին, ռուս գրող |
Սոլժենիցինը մեծ գրող է... Նրա «Արշիպելագ Գուլագ» վեպը մեծ նշանակություն է ունեցել ոչ միայն Ռուսաստանում, այլև Արևմուտքում։ - Գլեբ Յակունին, ռուս իրավապաշտպան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.