հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Քրիստափոր Մկրտչի Միքայելյան (հոկտեմբերի 18, 1859, Ներքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն – մարտի 17, 1905, Սոֆիա, Բուլղարիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցության հիմնադիրներից։
Քրիստափոր Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1859[1] |
Ծննդավայր | Ներքին Ագուլիս, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 1, 1905 (45 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Գերեզման | Խոջիվանք |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Աշխատությունները Վիքիդարանում | |
Krisdapor Mikaelian Վիքիպահեստում |
Քրիստափոր Միքայելյանը ծնվել է 1859 թ. հոկտեմբերի 18-ին Նախիջևանի պատմական Գողթն գավառի Վերին Ագուլիս գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի ծխական դպրոցում։ 1876 թ. ընդունվում է Թիֆլիսի Ուսուցչական ինստիտուտը, որն ավարտում է 1880 թվականին։ 1880–1884 թվականներին ուսուցչություն է արել իր ծննդավայր Վերին Ագուլիսում, ապա՝ Թիֆլիսում։ 1880-ական թթ. հարել է նարոդնիկությանը, անդամագրվում «Նարոդնայա Վոլյա» կազմակերպությանը։ 1882–1883 թվականներին մասնակցել է ազգային-դեմոկրատական, նարոդնիկական ուղղություն ունեցող Թիֆլիսի գաղտնի խմբակի ստեղծմանը։ Վերջինիս քայքայումից (1886) հետո բռնել է զուտ ազգայնական շարժման ուղին։ 1885–1887 թթ. իբրև ազատ ունկնդիր ուսանում է Մոսկվայի համալսարանում։ 1887 թվականին վերադառնում է Թիֆլիս և դարձյալ ձեռնարկում հեղափոխական գործունեության։ 1889 թվականին նրա նախաձեռնությամբ ստեղծվում է «Երիտասարդ Հայաստան» կազմակերպությունը։
1890 թվականին Թիֆլիսում Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի (Ռոստոմ) հետ հիմնադրել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ դառնալով նրա Կենտրոնական վարչության անդամը և ղեկավար դեմքը։ 1891 թ. նա ձերբակալվում և աքսորվում է Բեսարաբիա՝ Քիշնև։ Սակայն այստեղ էլ նա հանգիստ չմնաց։ 1891 թվականին գաղտնի անցավ Ռումինիա և կազմակերպեց ՀՅ Դաշնակցության օրգան «Դրոշակ» թերթի հրատարակությունը։ 1892 թ. ամռանը վերադառնում է Թիֆլիս և մասնակցում ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովին։ Այդ ժողովում հաստատվեց ՀՅԴ ծրագիրը, որի հեղինակներից մեկն էր Քրիստափորը։ Նույն ժողովը ընտրեց ՀՅԴ անդրանիկ Բյուրոն, որի անդամ էր նաև Քրիստափորը։
1895 թ. հոկտեմբերին նա ևս մեկ անգամ ձերբակալվում է և մինչև 1896 թ. մարտի 23-ը անցկացնում Բաքվի բանտում։ Քրիստափորն ազատվում է միայն 2000 ռուբլի գրավականով և Թիֆլիսից չհեռանալու պայմանով։ Այնուհետև Քրիստափորը իր ուժերը կենտրոնացնում է Խանասորի արշավանքի կազմակերպման ուղղությամբ, որի նպատակն էր պատժել հայության համար պատուհաս դարձած քրդական Մազրիկ ցեղին։ 1898 թ. կայացած ՀՅԴ երկրորդ ընդհանուր ժողովի որոշմամբ Քրիստափորը մեկնում է Ժնև, ուր զբաղվում է «Դրոշակ» թերթի խմբագրման և քարոզչական գործունեությամբ։ Այս ընթացքում էլ նա գրել է իր «Ամբոխային տրամաբանություն» (հրտ. 1909), «Կովկասահայ տագնապը» (հրտ. 1903) աշխատություններըը, որտեղ պաշտպանել է ցույցերի, արշավանքների, ահաբեկչական գործողությունների միջոցով Արևմտյան Հայաստանն ազատագրելու ՀՅ Դաշնակցության ծրագիրը։
Նրա անմիջական նախաձեռնությամբ է կազմակերպվում «Եվրոպայի հայ ուսանողական միությունը», որը նշանակալից դեր խաղաց ՀՅԴ գործունեության մեջ։ Քրիստափորի նախաձեռնությամբ 1900 թ. նոյեմբերին Ժնևում սկսվեց հրատարակվել ֆրանսալեզու «Պրո Արմենիա» թերթը, որին թղթակցում էին ժամանակի ֆրանսիական շատ հայտնի հայագետներ և քաղաքական գործիչներ (Անատոլ Ֆրանս, Ժան Ժորես, Դընի Կոշեն, Ժորժ Կլեմանսո և այլն)։
Նրա նախաձեռնությամբ ստեղծվեց ՀՅԴ հայտնի «Փոթորիկ» խումբը, որը իր գործունեությունը սկսելով 1901 թվականին՝ հայ մեծահարուստներից հարկադրաբար պահանջում և ստանում էր խոշոր գումարներ, որոնք մինչև վերջին լուման օգտագործվում էին հայ ազատագրական զինյալ պայքարի կարիքների համար։
1904 թվականին Սոֆիայում հրավիրված ՀՅԴ 3-րդ ընդհանուր ժողովում ընտրվեցին «Ցուցական պատասխանատու մարմնի» անդամները՝ Քրիստափոր Միքայելյանի գլխավորությամբ։ Նույն ժողովի որոշումով, Քրիստափորը ձեռնամուխ եղավ արյունոտ սուլթանին՝ Աբդուլ Համիդ Բ-ին ահաբեկելուն ուղղված «Նժույգ» գործողության կազմակերպմանն ու ղեկավարմանը։ «Ցուցական մարմնի» անդամները Կոստանդնուպոլիս մտնելու համար քողարկվել էին օտարերկրյան անուններով։ Ք. Միքայելյանը դարձել էր լեհական ծագումով հրեա Սամուել Ֆայն, իսկ նրան ուղեկցում էր նրա «դուստրը»՝ Ռուբինա Ֆայնը, «Ցուցական մամնի» դեռևս օժանդակ անդամ Ռուբինա Արեշյանը[2]։ Ք․ Միքայելյանը կազմել էր մահափորձի ծրագիրը, ընտրել գործակիցներ։
1904 թվականի սեպտեմբերին Քրիստափոր Միքայելյանը Ռուբինա Արեշյանի հետ միասին անցնում է Կ. Պոլիս, կատարում նախապատրաստական աշխատանքներ։ Բայց, ցավոք, 1905 թվականի մարտի 5-ին (ն. տ. մարտի 17-ին), Սոֆիայի մոտ, Վիտոշա լեռան բարձունքին, ինքնաշեն նռնակի փորձարկման ժամանակ զոհվում է իր գործակից Վռամշապուհ Քենդիրյանի հետ միասին[3]։
Գործընկերները չեն հրաժարվում սուլթանի դեմ մահափորձից․ պատմության մեջ այն մտել է Ելտըզի մահափորձ անվամբ[4][5]։
Քրիստափոր Միքայելյանի շիրիմը գտնվում է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի հանրային գերեզմանատանը[6]:Քրիստափորի մահը մեծ կորուստ էր ինչպես ՀՅ Դաշնակցության, այնպես էլ հայ ազատագրական պայքարի համար[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.