թերթ From Wikipedia, the free encyclopedia
«Երիտասարդ Հայաստան», թերթ, հնչակյան կուսակցության Ամերիկայի շրջանային վարչության պաշտոնաթերթ (1903-2003)։ Հիմնադիր՝ Ստեփանոս Սափան-Գյուլյան։ Խմբագիրներ՝ Սափան-Գյուլյան, Մեղիկյան, Տեր-Վարդանյան, Վարազդատ, Խան-Գելոֆյան, Սիրվարդ, Սաֆո, Մարտիրոսյան, Պոնտացի, Սիմոնյան, Շամլյան, Շահեն։ Հրատարակվել է 1903-73-ին իբրև շաբաթաթերթ, 1975 թվականից իբրև ամսաթերթ՝ Բոստոնում, Նյու Յորքում, Փրովիդենսում, Չիկագոյում, իսկ 1998-2003 թ. Փարամուսում (Նյու Ջերսի նահանգ)։
Երիտասարդ Հայաստան | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Իր հիմնական խնդիրն է համարել «ընկերվարական սկզբունքների քարոզչությունը»։ «Երիտասարդ Հայաստանը» հավաքել և Սափան-Գյուլյանի վերլուծական հոդվածներով հրապարակել է հայերի ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ փաստեր։
Հնչակյան կուսակցության դիրքերից պայքարել է արևմտահայության տնտեսական և քաղաքական վիճակի բարելավման և Հայ դատի արդարացի լուծման համար, քննադատել թուրք, իշխանությունների քաղաքականությունը Հայկական հարցում, նրա պան-իսլամական ու պան-թյուրքական ձգտումներն Արևելքում։ Ներկայացրել է գավառներում (Մուշ, Տիգրանակերտ, Տարոն) հնչակյան շարժման ընթացքը, դրվագներ հայդուկային խմբերի գործունեությունից։ Կոչ է արել հավատ չընծայել «ժողովրդավարության և առաջադիմության դարաշրջանի» հաստատման մասին երիտթուրքերի հայտարարություններին, անհապաղ լծվել ինքնապաշտպանության գործին, կանխատեսել է ցեղասպանության հնարավորությունը։ Դրական է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը, 11-րդ կարմիր բանակի ներխուժմանը Հայաստանի Հանրապետություն և երկրի խորհրդայնացմանը։ Պրոպագանդել է ՀՕԿ-ի գործուննեությունը, հայրենակցական միությունների վերաշինական աշխատանքները Խորհրդային Հայաստանում, նպաստել է հայրենիքի հետ գաղութահայության կապերի ամրապնդմանը։
Հետագա շրջանում հանդես է եկել Սառը պատերազմի դեմ։ Վերջին տարիներին լայն տեղ է հատկացրել արտաքին խաղաղասիրական քաղաքականության, Սովետական Հայաստանի տնտեսության ու մշակույթի հարցերին, տպագրել սովետական պետական գործիչների, արվեստի ու գրականության ներկայացուցիչների հոդվածները, արտատպել ՀԽՍՀ մամուլի նյութերից։ Տպագրել է նյութեր սփյուռքի հայրենակցական կազմակերպությունների և հնչակյան կուսակցության մասնաճյուղերի աշխատանքների մասին։ Թերթի էջերում պարբերաբար տեղ են գտել հայ և օտար հեղինակների գրական-գեղարվեստական գործերը, ներկայացվել նաև արվեստն ու նրա գործիչները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 589)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.