From Wikipedia, the free encyclopedia
Սոնա Մնացականյանի մահ, Երևանի 29-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանի և նրա դեռևս չծնված երեխայի սպանություն, որը տեղի է ունեցել 2022 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով[1][2][3]։ Հարուցված քրեական գործով մեղադրյալ, ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանը գտնվում է ազատության մեջ[4]։
Հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքը հանրային լայն հնչեղություն է ստացել[2][5], իրադարձությունը լայնորեն լուսաբանվել է զանգվածային լրատվական միջոցներով[2][6]։
Մահվան ելքով վրաերթից հետո դեպքի վայրում քաղաքացիները խաղալիքներ, ծաղիկներ են տեղադրել և մոմեր վառել՝ ի հիշատակ Սոնա Մնացականյանի և նրա դեռևս չծնված երեխայի[7][8]։
2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։ Փորձագետի եզրակացության համաձայն, վթարի ժամանակ ղեկին նստած մայոր Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը[9]։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն[2][10]։ Բժշկական կենտրոնի տնօրենի խոսքով վրաերթի ենթարկված քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել մահացած վիճակում[2]։
Դեպքից հետո ինչպես վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենան, այնպես էլ նրան հաջորդող ավտոշարասյան մյուս բոլոր մեքենաները շարունակել են ընթացքը՝ կնոջը չցուցաբերելով օգնություն։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Հայաստանի Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ և 244-րդ հոդվածի 1-ին մասով[11]։ Կնոջը վրաերթի ենթարկած ոստիկանական մեքենայի վարորդը ապրիլի 26-ին ձերբակալվել է։ Ըստ լրատվականների՝ վրաերթի ենթարկած անձը ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանն է, ով հայտնի է «Ծեծեմ Արամ» մականունով[3][11][12]։
Մահվան ելքով վրաերթն իրականացրած մեղադրյալ Արամ Նավասարդյանն ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ազատ է արձակվել։ Ըստ մեղադրյալի փաստաբան Ռուբեն Բալոյանի հայտարարության՝ վարույթն իրականացնող մարմնի կարծիքով մեղադրյալին կալանավորելու հիմք չկա և կալանավորման միջնորդություն չի ներկայացրել դատարան, խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը[3][13]։
Վարչապետի շարասյան մեքենաների միջև այդ օրը տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրությունները չկան, ըստ ոստիկանության՝ տեխնիկական խոտանի պատճառով ձայնագրություն չի իրականացվել: Տուժող կողմը, մինչդեռ, կասկածներ ունի, որ գործով կարևոր այդ ապացույցը դիտավորյալ ոչնչացվել է[14]: Երկու տարուց ավել քննվող գործով անցնող միակ մեղադրելյալ Արամ Նավասարդյանը ոչ միայն չի ազատազրկվել, այլև աշխատանքից չի ազատվել[15]։ Վթարի ժամանակ փողոցում նաև մի քանի վկաներ են եղել, սակայն, նրանցից որևէ մեկը, որպես ականատես, վկա դատարան չի հրավիրվել, ցուցմունք են տվել միայն ոստիկանները, ինչն, ըստ տուժող կողմի, խորացնում է համոզմունքը, թե այս գործն ուղղորդված այլ հունով է ընթանում։
Սոնա Մնացականյանի մահացու ելքով վրաերթը հանրային շրջանակներում լայն քննադատությունների է ենթարկվել։ Մահվան ելքով վրաերթին են անդրադարձել մի շարք ընդդիմադիր գործիչներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը[16][17]։ Քննադատվել է հատկապես ավտոշարասյանը ուղեկցող սպայական անձնակազմի գործողությունները, որոնք, ըստ քննադատների, որոշ դեպքերում հասնում են ամենաթողության։
Մահվան ելքով վրաերթի հետ կապված հակասական հայտարարություններ են արել մի շարք պաշտոնյաներ։ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտնել է, որ վարչապետը, նկատելով գետնին ընկած կնոջը, հրահանգել է շտապօգնություն կանչել և շարունակել մեքենայի ընթացքը[18], իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է, որ վարչապետը տեղյակ չի եղել վրաերթի մասին, այլապես կհրահանգեր կանգնեցնել մեքենան[19]։
Սոնա Մնացականյանը ծնվել է Արարատի մարզի Բերքանուշ գյուղում։ Հայրը բժիշկ-վնասվածքաբան Մնացական Մնացականյանն է, իսկ մայրը մանկաբույժ է[20][21]։ Նա «Աջակցենք մեր հերոսներին» (Support Our Heroes - Armenia) կազմակերպության հիմնադիր անդամ էր, Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետությունում կառուցվող «Թևեր» տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնի ղեկավարը։ Ամուսնացած էր, ապրում էր Երևանում։ Հունիսին կծնվեր նրա առաջին երեխան[22]։
Իհարկե չեմ ցանկանում, բայց եթե վրաերթի ենթարկվածի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականյան, այլ Մարիամ Փաշինյան, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ։ - մահացած հղի կնոջ հայր[28] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.