Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Սըր Ռոնալդ Այլմեր Ֆիշեր (անգլ.՝ Ronald Aylmer Fisher, փետրվարի 17, 1890[1][2][3][…], Արևելյան Ֆինչլի, Բարնեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հուլիսի 29, 1962[1][2][3][…], Ադելաիդա, Ավստրալիա[4]), անգլիացի վիճակագիր, էվոլյուցիոն կենսաբան և գենետիկ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1929 թվական), Թագավորական վիճակագրական ընկերության (անգլ.՝ Royal Statistical Society)անդամ, բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Գիտությունների պատվավոր դոկտոր և բազմաթիվ համալսարանների իրավաբանական գիտությունների դոկտոր (Լոնդոն, Հարվարդ, Չիկագո, Կալկաթա, Գլազգո և այլն)։
Մաթեմատիկական վիճակագրության մեջ Ֆիշերը հանդիսանում է Կառլ Փիրսոնի[Ն 1] դասական ստեղծագործությունների և մեթոդների ամենաակնառու շարունակողը,․մասնավորապես, Ջերզի Նեյմանի հետ միասին մշակել է փոփոխականների վիճակագրական գնահատման[Ն 2] տեսության, վիճակագրական որոշումների, փորձի նախագծման և վարկածների ստուգման հիմքերը։ Ֆիշերի մեթոդների մեծ մասը ունի ընդհանուր բնույթ և կիրառվում է բնական գիտություններում, տնտեսագիտության մեջ և գործունեության այլ ոլորտներում։ Դանիացի պատմաբան Հալդ Անդերսի բնորոշմամաբ նա․
հանճար է, որը գրեթե միանձնյա դրել է ժամանակակից վիճակագրության հիմքերը[14]։ - Հալդ Անդերս |
Ըստ Ջոն Թյուքի փոխաբերական արտահայտության, այն, ինչ վիճակագիրը կարող է մեր օրերում «խաղալ ցանկացած պարտեզում», Ռոնալդ Ֆիշերի ոչ փոքր վաստակն է[15]։
Կենսաբանության մեջ Ֆիշերի հիմնական նվաճումը Մենդելյան գենետիկայի մաթեմատիկական մեթոդների միավորումն է դարվինյան բնական ընտրության տեսության հետ։ Այս հայեցակարգը հիմք է հանդիսացել պոպուլյացիոն գենետիկայի և էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության համար։ Ռիչարդ Դոքինզը Ֆիշերին անվանել է․
Դարվինի նման մեծագույն կենսաբան[16]։ - Ռիչարդ Դոքինզ |
Ֆիշերը ծնվել է Լոնդոնի Արևելյան Ֆինչլի (անգլ.՝ East Finchley)[17] արվարձանում՝ Ջորջ և Քեթի Ֆիշերների ընտանիքում։ Նրա հայրը եղել է գեղեցիկ արվեստների իրերի հաջողակ առևտրական։ Ֆիշերն ունեցել է ուրախ մանկություն. նա երեք ավագ քույրերի, ավագ եղբոր և մոր սիրելին է եղել։ Մայրը մահացել է, երբ Ռոնալդը 14 տարեկան է եղել, իսկ մեկ ու կես տարի անց հայրը սնանակացել է մի քանի անհաջող գործարքներ կնքելու արդյունքում[18]։
Ֆիշերն իր տարիքակիցներից անհամեմատ զարգացած երեխա է եղել․ 16 տարեկան հասակում, երբ սովորում էր Հերոուի դպրոցում, հաղթել է մաթեմատիկայի մրցույթում և շահել Նիլդ մեդալ (անգլ.՝ Neeld Medal)՝ մրցանակ՝ մաթեմատիկական էսսեների մրցույթում հաղթելու համար։ 1909 թվականին, երիտասարդը նվաճել է Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քեյս (անգլ.՝ Gonville and Caius College) քոլեջի[19] կրթաթոշակ ստանալու իրավունք, որը նրան ուսումը շարունակելու հնարավորություն է տվել։ Քեմբրիջում նա ուսումնասիրել է մաթեմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն, վիճակագրական մեխանիկա, ծանոթացել է գենետիկային և Մենդելի օրենքներին, որոնք վերաբացահայտվել էին 20-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակահատվածում մաթեմատիկական վիճակագրությունը և սխալների տեսությունը հիմնականում օգտագործվել են աստղագիտական դիտումների մշակման ժամանակ. վիճակագրությունն ու կենսաբանությունը բավարարվում էին պարզ թվաբանությամբ, չնայած եղել են վիճակագրության մեջ հավանականության տեսության օրենքների կիրառման որոշ փորձեր[20]։
Հրապուրվելով վիճակագրությամբ՝ Ռոնալդ Ֆիշերը խորապես ուսումնասիրել է Կառլ Փիրսոնի «Մաթեմատիկական ներդրում էվոլյուցիայի տեսության մեջ» աշխատությունների ժողովածուն և հատկապես հետաքրքրվել է կենսաչափության մեջ վիճակագրական մեթոդների կիրառմամբ։ Ֆիշերը վիճակագրությունը դիտում էր որպես ժառանգականության մենդելեվյան գործոնների դիսկրետ բնույթի փոփոխականությունը և էվոլյուցիայի անընդհատ բնույթը «հաշտեցնելու» պոտենցիալ միջոց։ Նրա իրական կիրքը եվգենիկան էր, որը նա տեսնում էր որպես գիտական և սոցիալական խնդիրները լուծելու միջոց՝ համատեղելով գենետիկան և վիճակագրությունը։ 1911 թվականին Ֆիշերը Ջոն Մեյնարդ Քեյնսի, Ռեջինալդ Պանետի և Հորացի Դարվինի հետ միասին (Չարլզ Դարվինի որդին) մասնակցել է Քեմբրիջի համալսարանում Եվգենիկայի ընկերության հիմնադրմանը։ Այս ընկերությունը ամեն ամիս անց էր կացնում հավաքներ, որտեղ հաճախ ելույթ էին ունենում այդ ժամանակվա հիմնական եվգենիկ կազմակերպությունների լիդերները[21]։
Համալսարանն ավարտելուց հետո (1913 թվական) Ֆիշերը ընտանիքը պահելու համար որոշ ժամանակ որպես վիճակագիր աշխատել է առևտրային կազմակերպությունում, ապա՝ գործարանում։ 1914 թվականին, պատերազմի սկսվելու հետ միաժամանակ, նա վերադարձել է Մեծ Բրիտանիա և մի քանի անգամ փորձել ընդունվել ծառայության բրիտանական բանակի շարքերում, բայց ամեն անգամ չի կարողացել անցնել բուժզննումը։ Մինչև 1918 թվականը նա աշխատել է Լոնդոնյան Սիթիում որպես վիճակագիր, ապա՝ որպես ուսուցիչ տարբեր դպրոցներում։ Այս ժամանակահատվածում (1915) Ֆիշերը հրապարակել է մի շարք հոդվածներ կենսաչափության վերաբերյալ, ներառյալ «Հարաբերությունների միջև կապը Մենդելյան ժառանգության ենթադրության վերաբերյալ»(անգլ.՝ «The Correlation Between Relatives on the Supposition of Mendelian Inheritance») հեղափոխական հոդվածը, որտեղ որոշվում էր կամայական ընտրության ժամանակ կոռելյացիայի (հարաբերակցության) գործակցի բաշխումը։ 1917 թվականին Ֆիշերն այս թեմայի շուրջ հակամարտության մեջ է մտել Կառլ Փիրսոնի հետ։ Նրանց միջև հարաբերությունները սկզբում բարյացակամ են եղել, բայց հետո Ֆիշերը մեղադրել է Փիրսոնին լուրջ սխալի համար, որը նա երբեք էլ չի խոստովանել։ Փիրսոնը գլխավոր ամբողջությունից ընտրությամբ հաշվարկված կոռելյացիայի գործակիցն ընդունում էր որպես իրական արժեքի գնահատական, որը, ինչպես ապացուցում էր Ֆիշերը, սխալ էր։ Հետագայում Ֆիշերը հաճախ է բախվել գործընկերների հետ՝ Փիրսոնի որդու՝ Էգոնի, Եժի Նոյմանի և այլոց հետ։ Ֆիշերը հետագայում բողոքել է, որ իր հոդվածները գրախոսում են կենսաբանություն չիմացող վիճակագիրներըը և վիճակագրությանը անտեղյակ կենսաբանները[22]։
1919 թվականից մինչև 1933 թվականը Ֆիշերը աշխատել է Ռոտհամստեդում, փորձառու գյուղատնտեսական կայանում, որպես վիճակագիր։ 1933 թվականին Կառլ Փիրսոնի հրաժարականից հետո, Ֆիշերը ղեկավարել է Եվգենիկայի ամբիոնը (Լոնդոնի համալսարանական քոլեջ)։
1917 թվականին Ֆիշերն ամուսնացել է 17-ամյա Ռութ Էյլին Գինեսի հետ (անգլ.՝ Ruth Eileen Guinness): նրանք ունեցել են երկու որդի և վեց դուստր[21]։ 1942 թվականին Սիցիլիայի վրայով թռչելիս սպանվել է Ֆիշերի ավագ որդին, ով ռազմական օդաչու է եղել։ 1943 թվականին Ֆիշերը, որը ծանր է տարել որդու մահը, բաժանվել է կնոջից։ նա վերադարձել է Քեմբրիջ և մինչև 1957 թվականը զբաղեցրել է գենետիկայի ամբիոնը։ 1952 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը գիտական նվաճումների համար Ֆիշերին շնորհել է ասպետական կոչում[23]։
1955 թվականին Ֆիշերի, Էգոն Փիրսոնի և Եժի Նեյմանի միջև հին վեճերը նոր ուժով են սկսվել[24]։ Ֆիշերը վիճակագրության իր վերջնական փիլիսոփայությունը մանրամասն շարադրել է «Վիճակագրական մեթոդներ և գիտական եզրակացություն» գրքում (1956 թվական)։ Ֆիշերը կյանքի վերջին տարիները (1959—1962) անց է կացրել Ադելաիդայի համալսարանում (Ավստրալիա), որտեղ էլ, 1962 թվականին մահացել է։
Ֆիշերը թաղված է Ադելաիդայի Սուրբ Պետրոս տաճարում[25]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.