From Wikipedia, the free encyclopedia
Ռոզենթալի էֆեկտ կամ Պիգմալիոնի էֆեկտ, (անգլ.՝ Rosenthal effect կամ Pygmalion effect), փորձարկողի կողմնակալության էֆեկտ[1], սոցիալական հոգեբանական ֆենոմեն, ըստ որի անձի գործողությունների բնույթը հիմնականում պայմանավորված է իր մարգարեությունը իրականացած տեսնելու սպասելիքներով և շրջապատի արձագանքների մեկնաբանությամբ, որն էլ հրահրում է մարգարեության ինքնաիրականացում։ Այսինքն, եթե մարդը նախապես կողմնորոշված է որևէ կարծիքի նկատմամբ, ապա նա իր վարքագծով ձգտում է հաստատել այդ կողմնորոշումը։
Սա մեկն է ներքին վավերականությանը սպառնացող գործոններից, որը սերտորեն կապված է հետազոտողի հատկությունների հետ։ Պայմանավորված է փորձարարի հոգեկան ինքնակարգավորման անգիտակցականի մակարդակով։ Կարող է ի հայտ գալ ցանկացած գիտության մեջ և ուսումնասիրության կամ գիտափորձի ցանկացած փուլում՝ անցկացման, արդյունքների մշակման, դրանց մեկնաբանման ընթացքում և այլն։
Փորձարարը, որը վստահում է հիպոթեզին կամ ինֆորմացիայի հավաստիությանը, ակամայից այնպես է գործում, որպեսզի իր ստացած արդյունքները հաստատեն հիպոթեզը։ Ամերիկյան հոգեբան Ռոբերտ Ռոզենթալը (անգլ.՝ Robert Rosenthal) այդ երևույթն անվանել է «Պիգմալիոնի էֆեկտ»՝ զուգահեռներ անցկացնելով հին հունական դիցաբանական հերոս Պիգմալիոնի կերպարի հետ։
Նմանատիպ մեխանիզմով է գործում արտապատկերային նույնականացումը (հոգեվերլուծության մեջ)։
Մարդուն հատուկ է իր իմացության սահմանները համարել տիեզերական։ |
1988 թվականին Սթերլինգ Լիվինգսթոնը Harvard Business Review ամերիկյան հանրահայտ բիզնես-ամսագրում հրապարակել է «Պիգմալիոնի էֆեկտը կառավարման համակարգում» հոդված, որը ներառված է որոշ բիզնես դպրոցների դասավանդման ծրագրերում։ Նա փաստերով հիմնավորել է աշխատակցի ցուցանիշների վրա գործատուի սպասելիքների ազդեցության արդյունավետությունը[2]։
Պիգմալիոնի էֆեկտ տերմինը վերցված է Բերնարդ Շոուի «Պիգմալիոն» կատակերգական պիեսից (1912): Այն կիրառվում է որպես ինքնաիրականացվող մարգարեության հոմանիշ։ Ռոբերտ Ռոզենթալն ու Լենոր Ջեկոբսոնն այն կիրառել են աշակերտի առաջադիմության վրա (Գալաթեայի էֆեկտ) ուսուցչի ունեցած սպասելիքների (Պիգմալիոնի էֆեկտ) ազդեցությունը նկարագրող իրենց գրքում[3]։
Բերնարդ Շոուն պիեսը գրել է Հին հունական դիցաբանական հերոս, Կիպրոսի կնատյաց արքա Պիգմալիոնի մասին առասպելի ենթատեքստով. Պիգմալիոնը փղոսկրից կերտեց չնաշխարհիկ աղջկա արձան։ Նա հիացավ իր կերտածով։ Անունը դրեց Գալաթեա և որքան հիացավ, այնքան ավելի շատ արժանիքներ նկատեց ու սիրահարվեց նրան։ Պիգմալիոնը Գալաթեային վերաբերվում էր որպես կնոջ, շոյում էր, համբուրում, սիրո խոսքեր ասում, թանկարժեք զգեստներ հագցնում։ Նա Աֆրոդիտեին խնդրեց իրեն Գալաթեայի նման կին պարգևել։ Սիրո աստվածուհին, զգացվելով այդ նվիրումից ու սիրուց, Գալաթեային կենդանություն տվեց («մետամորֆոզ»)[4]։ Պիգմալիոնն ամուսնացավ նրա հետ և ունեցավ այնպիսի կին, ինչպիսին ուզում էր[5]։
Ըստ Բերնարդ Շոուի «Պիգմալիոնը» պիեսի՝ լեզվաբանության պրոֆեսոր Հենրի Հիգինսը գնդապետ Պիգերինգի հետ գրազ է գալիս, որ գռեհիկ ծաղկավաճառուհի Էլիզա Դուլիթլին բարձրաշխարհիկ դքսուհի կդարձնի։ Դա հաջողվում է, և Հիգինսը սիրահարվում է իր ստեղծած կերպարին[6][7][8]։ Պիեսում Պիգմալիոնի մասին որևէ հիշատակում չկա։ Դրա մասին հեղինակը խոսում է վերջաբանում, որը նա գրել է ավելի ուշ, երբ պիեսը պատրաստել է տպագրության։ Սակայն խոսքի ուժի գաղափարը սկսվում է հենց վերնագրից, որը հին հունական դիցաբանական պատմություն տեսնելու ակնկալիքներ է առաջացնում։ Ընթերցողը կամ հանդիսատեսը ողջ ընթացքում փնտրում է հերոսին՝ Պիգմալիոնին։ Առաջանում է հուսախաբության էֆեկտ, որը պայմանավորված է մարդու մտածողության գործընթացի հոգեբանությամբ. մարդը որևէ տեղեկատվություն ստանալուց հետո իր մտքում ակնթարթորեն կառուցում է փոխկապակցված գործողությունների որոշակի շարք։ Սակայն եթե այդ ֆոնի վրա որևէ անհավանական տարր է ի հայտ գալիս, ապա անընդհատությունը խախտվում է, և մարդը միացնում է գիտակցությունը, ջանքեր է գործադրում այն հասկանալու համար, փլվում են կաղապարները, մտածողության կարծրատիպերը, կարծիքների և ավանդույթների դոգմայականությունը[9]։
...ծաղկավաճառի և դքսուհու միջև տարբերությունը նրանում չէ, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում, այլ նրանում, թե ինչպես են նրանց հետ վարվում։ Պրոֆեսոր Հիգենսի համար ես միշտ կլինեմ ծաղկավաճառ, քանի որ նա ինձ վերաբերվում է որպես ծաղկավաճառի, բայց ես գիտեմ, որ ձեզ [Պիգերինգի] հետ կարող եմ լեդի լինել, քանի որ դուք ինձ վերաբերվում եք և միշտ կվերաբերվեք որպես լեդիի[10]։ - Բերնարդ Շոու, Պիգմալիոն, Էլիզա Դուլիթլ |
Ամերիկյան հոգեբան Ռոզենթալը առնետների հետ կատարած գիտափորձով հիմնավորել է Պիգմալիոնի էֆեկտի ազդեցությունը։ Ռոզենթալը մասնակիցներին (փորձարկվողներին) որոշակի աշխատանք էր հանձնարարել (գիտափորձ) կապված առնետների պոպուլյացիայի հետ։ Պետք է հետևեին առնետների վարքը լաբիրինթոսում։ Մի դեպքում մասնակցին ասում էին, որ առնետը խելացի է, իսկ մյուս դեպքում՝ հիմար է։ Արդյունքները հաստատեցին այդ պնդումները։ Պարզվեց, որ խելացի առնետի հետ գործ ունեցած մասնակիցը նրա հետ մեղմ էր վարվում, շոյում էր նրան՝ այդպիսով լրացուցիչ նպաստավոր պայմաններ ստեղծելով լաբիրինթոսով անցնելու համար։ Փորձնական հաստատում ստացած Պիգմալիոնի էֆեկտն ստացավ Ռոզենթալի էֆեկտ անվանումը։
1965 թվականին Ռոզենթալը և Ջակոբսոնը նմանատիպ գիտափորձ իրականացրին դպրոցում, որտեղ փորձարկման ենթարկվեցին ուսուցիչները։ Հետազոտությունը իրականացվում էր 18 դասարաններում միաժամանակ։ Նրանք ուսուցիչներին տեղեկացրին, որ որոշ աշակերտներ առանձնահատուկ ընդունակություններ ունեն, ուղղակի դեռևս իրենց չեն բացահայտել, պետք է ուշադիր լինել նրանց նկատմամբ և նրանց ընդունակություններն ի հայտ կգան։ Ուսուցիչները նախկինում չէին նկատել նրանց ընդունակությունները, սակայն վստահեցին գիտնականների կարծիքին։ 8 ամիս անց պարզվեց, որ ընդունակ (նույնքան, ինչքան առնետները) աշակերտներն առավել բարձր արդյունքներ ցույց տվեցին, քան անընդունակները[3]։
Արդյունքներից եզրակացություն արվեց, որ հատկապես տարրական դասարանցիների առաջադիմության վրա կարևոր ազդեցություն են ունենում ուսուցչի սպասելիքները աշակերտից։ Ուսուցչի ուշադրությունը և տրամադրությունը դրականորեն է ազդում առաջադիմության վրա, և ուսուցիչն իր դրական նախատրամադրվածությամբ, առանց դասավանդման մեթոդաբանության փոփոխության, աշակերտին խրախուսելու միջոցով կարող է ոչ միայն օգնել աշակերտին դժվարությունները հաղթահարելու հարցում, այլ նույնիսկ բուժել։
Օրինակ, ինքնաիրականացվող մարգարեությունը կարող է հանգեցնել համակրանքի։ Ռեբեկա Կյորտիսը և Քիմ Միլլերը[11] ներկայացրել են այդ գործընթացը և կատարել են հետևյալ փորձարկումը։ Քոլեջի մի խումբ ուսանողների, որոնք բոլորն իրար անծանոթ էին, բաժանել են զույգերի։ Յուրաքանչյուր զույգից պատահականության սկզբունքով ընտրել են մեկին, որին հատուկ տեղեկություն են հայտնել մյուսի մասին. ընտրված ուսանողների մի մասին հայտնել են, որ զուգընկերը համակրում է իրեն, իսկ մյուս մասին, որ չի համակրում։
Այնուհետև զույգերին հնարավորություն են տվել հանդիպել և խոսել միմյանց հետ։ Ինչպես և կանխատեսում էին հետազոտողները, այն ուսանողները, որոնց հայտնի էր, որ դուր են գալիս իրենց զույգին, ավելի համակրելի վարք էին ցուցաբերում դիմացինի նկատմամբ, առավել անկեղծ էին, քննարկվող հարցերի վերաբերյալ ավելի քիչ էին չհամաձայնվելու դեպքերը և ընդհանուր առմամբ նրանց շփումն ավելի հաճելի և սրտամոտ էր, քան այն ուսանողներինը, ովքեր կարծում էին, որ իրենց զույգին դուր չեն գալիս։ Դեռ ավելին, նրանք, ովքեր կարծում էին, որ դուր են գալիս իրենց զույգին, իսկապես ավելի շատ էին արժանանում դիմացինի համակրանքին, քան նրանք, ովքեր կարծում էին, որ զույգը հակակրանք չի զգում իրենց նկատմամբ։ Այսինքն զուգընկերները այլ մարդու վարքը պատճենելու միտում էին դրսևորում։
Ռոզենթալի մեթոդիկայով մարդկանց հոգեբանությունն ուսումնասիրելուց գրեթե կես դար առաջ կենդանիների համեմատական հոգեբանության ուսումնասիրության գործում էական նշանակություն է ունեցել Խելացի Հանսի էֆեկտի բացահայտումը։ Խելացի Հանսը մաթեմատիկայի ուսուցիչ, գերմանացի Վիլհելմ ֆոն Օստինի ձին էր, որը կարողանում էր հաշվել, թվաբանական զանազան գործողություններ կատարել, գերմաներեն կարդալ։ Բոլոր հարցերին պատասխանում էր սմբակների դոփյունների քանակով։ Հանսի համբավը Գերմանիայից Ամերիկա հասավ, նրա մասին հոդված լույս տեսավ New York Times-ում։ Նրա ֆենոմենը բացահայտելու համար ձևավորվեց Հանսի հանձնաժողով (1904), որը գլխավորում էր գերմանացի հոգեբան, փիլիսոփա, երաժշտական տեսաբան Կարլ Շտումպֆը (գերմ.՝ Friedrich Carl Stumpf (1846-1936)), որից հետո նրա աշակերտ Օսկար Պֆունգստը։ Պարզվեց, որ իրոք, Հանսը պատասխանները տալիս էր տիրոջ կողմից առանց որևէ խաբեություն կիրառելու, սակայն Հանսը հիմնականում ճիշտ էր պատասխանում, երբ տեսնում էր հարց տվողին և, եթե վերջինս գիտեր հարցի պատասխանը (89 %)։ Երկարատև ուսումնասիրություններից հետո Պֆունգստը եզրակացություն արեց, որ հարց տվողն ակամայից որոշակի ազդանշաններ է փոխանցում պատասխանողին և որքան էլ որ ցանկանում է զերծ մնալ դրանից, այնուամենայնիվ ազդանշանները ճնշել ամբողջությամբ չի հաջողվում[12]։
Փորձարարի կողմնակալության էֆեկտը պայմանավորված է հետազոտողի անձնական հատկանիշներով։ 1966 թվականին Ռոզենթալը նկարագրել է փորձարարի գործունեության հետևյալ հատկությունները, որոնց դեպքում ի հայտ են գալիս արտեֆակտները լատին․՝ artefactum arte - արհեստական + factus - արված).
Ռոզենթալը եզրակացրեց, որ փորձարարը, հետաքրքրված լինելով գիտափորձի արդյունքներով, ցուցաբերում է կողմանակալություն։ Փորձարարը կազմակերպում է հետազոտվողի գործողությունները, հանձնարարություն է տալիս, արդյունքները գնահատում է, ուսումնասիրության պայմաններն է փոխում, գրանցում է մասնակցի վարքի առանձնահատկությունները և նրա գործունեության արդյունքները։ Փորձարարները տարբեր մոտիվացիաներ են ունենում, տարբեր էթնամշակութային առանձնահատկություններով։ Նորարարության ձգտման և իսկական գիտնականի պահվածք ցուցաբերելու դեպքում գիտնականները իմացության ուղիների և միջոցների մասին տարբեր պատկերացումներով են հանդես գալիս։
Իր տեսության ապացույցներով հետաքրքրված հետազոտողի ազդեցությունը չեզոքացնելու համար պետք է գիտափորձի մեջ ընդգրկել այլ գիտնականների, որոնք նպատակներին և տեսությանը տեղյակ չեն։ Նաև տեղին կլինի, եթե հետազոտության արդյունքները ստուգվեն այլ՝ հեղինակի հիպոթեզի նկատմամբ քննադատորեն տրամադրված մասնագետների կողմից։
Փորձարարով պայմանավորված արտեֆակտները չեզոքացնելու համար անհրաժեշտ է ավելացնել հետազոտողների թիվը, հետևել նրանց վարքին, հատուկ ուսուցում անցկացնել, չներկայացնել հիմնական հիպոթեզը, հնարավորինս նվազագույնի հասցնել փորձարկողի և փորձարկվողի անձնական շփումները։
Հուսադրման ազդեցությունը հայտնի է բժիշկներին, մանկավարժներին և բոլոր այն մասնագետներին, որոնց աշխատանքը կապված է մարդկանց հետ։ 1988 թվականին Սթերլինգ Լիվինգսթոնը Harvard Business Review ամերիկյան հանրահայտ բիզնես-ամսագրում հրապարակել է «Պիգմալիոնի էֆեկտը կառավարման համակարգում» հոդված, որը կիրառվում է որոշ բիզնես դպրոցների դասավանդման ծրագրերում։ Լիվինգսթոնը հիմնավորել է աշխատակցի ցուցանիշների վրա գործատուի սպասելիքների անգնահատելի ազդեցությունը։ Գալաթեայի և Պիգմալիոնի էֆեկտները հիմնարար սկզբունքներ են, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում և սպասելիքների արդյունավետ իրականացման և դրանց բարելավման գործում անփոխարինելի դեր կարող են ունենալ։ Պիգմալիոնի էֆեկտը նա ներկայացրել է հետևյալ ընդհանուր գծերով.
Սա մանիպուլյացիա չէ, քանի որ եթե ղեկավարը վստահ չէ տվյալ աշխատանքը կատարելու աշխատակցի հնարավորությունների վրա, կամ կարծում է, որ նա վատ կաշխատի, ապա գործնականում չի կարող թաքցնել իր սպասելիքները, քանի որ այդ տեղեկատվությունը, որպես կանոն, միտումնավոր կամ որևէ գիտակցված գործողություններով չի փոխանցվում։ Առաջին հայացքից պարզունակ թվացող արտահայտությունները իրականում մոգական ազդեցություն են գործում, հատկապես երբ ուղեկցվում են ոչ վերբալ հաղորդակցությամբ (կեցվածք, ձայն ժեստ և այլն)։ Ըստ էության մենեջերը Պիգմալիոն է։ Եթե նա մեծ սպասելիքներ ունի իր աշխատակիցներից, ապա նրանց ինքնագնահատականը կաճի, ընդունակությունները կզարգանան, աշխատանքի արդյունավետությունը բարձր մակարդակի կհասնի։ Այդ պատճառով լավ մենեջերի խնդիրն է աշխատակցին սեփական ուժերի նկատմամբ վստահություն և հավատ ներշնչել[2]։
Լավ մենեջերը կամ ղեկավարը կարող է բարձրացնել աշխատակցի ինքնագնահատականը հետևյալ կերպ.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.