Ռոբերտ Ֆլաերթի

From Wikipedia, the free encyclopedia

Ռոբերտ Ֆլաերթի

Ռոբերտ Ջոզեֆ Ֆլաերթի (անգլ.՝ Sir Colin Earl Meads, փետրվարի 16, 1884(1884-02-16)[1][2][3][…], Iron Mountain, Միչիգան, ԱՄՆ - հուլիսի 23, 1951(1951-07-23)[4][1][2][…], Dummerston, Ուինդհեմ շրջան, Վերմոնտ, ԱՄՆ), FRGS, ամերիկացի կինոռեժիսոր, ով ստեղծել և արտադրել էր առաջին հաջողված եկամտաբեր լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Հյուսիսի Նանուկ»-ը (1922): Այս ֆիլմը նրան մեծ համբավ էր բերել, և թեև նրա հետագա աշխատանքները չէին կարողացել հասնել նույն հաջողությանը, նա շարունակում էր զարգացնել այս նոր ժանրը՝ պատմողական վավերագրական կինոն՝ ստեղծելով «Մոանա» (1926) ֆիլմը, որի գործողությունները նկարահանվել էին Հարավային ծովերում և «Մարդը՝ Արանից (1934)» ֆիլմը՝ նկարահանված Իռլանդիայի Արանի կղզիներում։ Ֆլաերթին համարվում է ինչպես վավերագրական, այնպես էլ ազգագրական կինոյի հիմնադիրը։

Արագ փաստեր Ռոբերտ Ֆլաերթի անգլ.՝ Robert Joseph Flaherty, Ծնվել է ...
Փակել

Ֆլաերթին ամուսնացած էր գրող Ֆրենսիս Ֆլաերթու հետ 1914 թվականից մինչև իր մահը՝ 1951 թվականը։ Ֆրենսիսն աշխատել էր իր ամուսնու մի քանի ֆիլմերի վրա և «Լուիզիանայի պատմություն» (1948) ֆիլմի համար արժանացել էր «Օսկար» մրցանակի առաջադրման՝ Լավագույն օրիգինալ պատմություն անվանակարգում։

Վաղ կյանքը

Ռոբերտ Ֆլաերթին յոթ երեխաներից մեկըն էր՝ ծնված հետազոտող Ռոբերտ Հենրի Ֆլաերթիի (իռլանդացի բողոքականի) և Սյուզան Կլյոկների (գերմանացի կաթոլիկի) ընտանիքում։

Հոր՝ որպես երկաթի հանքաքարի հետազոտող աշխատելու շնորհիվ, Ֆլաերթին վաղ տարիքից հետաքրքրություն էր ցուցաբերել այլ մշակույթների մարդկանց նկատմամբ։ Նա Տորոնտոյում հայտնի լուսանկարիչ էր. նրա ճանապարհորդությունների ընթացքում արված ամերիկացիհնդիկների և վայրի բնության լուսանկարներնը նրան դրդել էին ստեղծելու իր քննադատների կողմից գովաբանված «Հյուսիսի Նանուկ» նշանավոր ֆիլմը։ Հենց այս ժողովուրդների հանդեպ նրա ոգևորությունն ու հետաքրքրությունն էին, որ մղեցին նրան ստեղծել ֆիլմի նոր ժանր[6]։

1914 թվականին նա ամուսնացել էր իր նշանածի՝ Ֆրենսիս Հաբարդի հետ։ Հաբարդը սերում էր բարձրագույն կրթություն ստացած ընտանիքից. նրա հայրը ճանաչված երկրաբան էր։ Փենսիլվանիայի Բրին-Մար քոլեջի շրջանավարտ Հաբարդը երաժշտություն և պոեզիա էր ուսումնասիրել Փարիզում և նաև տեղի Սուֆրաժիստական ընկերության քարտուղարն էր։ Ամուսնությունից հետո Ֆրենսիս Ֆլաերթին դարձել էր Ռոբերտի՝ ֆիլմի մեջ հաջողության կարևորագույն մասը։ Ֆրենսիսը երբեմն ստանձնում էր ռեժիսորի դերը և օգնում էր խմբագրել ու տարածել ամուսնու ֆիլմերը, նույնիսկ Անգլիայի համար պետական կինոպայմանագրեր էր ձեռք բերում[7]։

1909 թվականին Ֆլաերթին պատմել էր իր հանդիպման մասին Ինուիթ Ջորջ Ուիտալտուքի հետ, ով Մինի Աոդլա Ֆրիմանի պապն էր[8]։ Ֆլաերթին նշել էր, որ Ուիտալտուքին հանդիպել էր Հուդզոնի ծոցի ափերին՝ երկաթի հանք որոնելիս։ Իր՝ Ուիտալտուքի մասին պատմության մեջ Ֆլաերթին հրապարակել էր Ինուիթների տարածաշրջանի մանրամասն քարտեզը և կիսվել ծոցի մասին տեղեկություններով, որոնք Ուիտալտուքը պատմել էր իրեն։ Հետագայում այս պատմությունները հրապարակվեցին նրա Իմ էսկիմոս ընկերները. «Հյուսիսի Նանուկը» գրքում[9]։

Հյուսիսի Նանուկը

1913 թվականին Բելչերի կղզիներում հանքահետախուզական արշավի ընթացքում Ֆլաերթիի ղեկավարը՝ սըր Ուիլյամ Մակենզին, առաջարկել էր նրան ձեռքի կինոխցիկ վերցնել։ Ֆլաերթին իր հետ էր տարել Bell and Howell ձեռքի կինոխցիկ։ Նա հատկապես հետաքրքրված էր Ինուիթների կյանքով և այնքան ժամանակ էր ծախսել նրանց նկարահանելու վրա, որ սկսել էր անտեսել իր հիմնական աշխատանքը։ Վերադառնալով Տորոնտո՝ Ֆլաերթին իր հետ էր բերել 30,000 ֆուտ (շուրջ 9,100 մ) կինոժապավեն, սակայն մոնտաժի սենյակում նրա ծխախոտից հրդեհ էր բռնկվել, և նիտրատային ժապավենը այրվել էր։ Ժապավենը ամբողջությամբ ոչնչացել էր, իսկ Ֆլաերթիի ձեռքերը այրվել։ Չնայած նրան, որ մոնտաժային օրինակը պահպանվել էր և մի քանի անգամ ցուցադրվել, Ֆլաերթին իր աշխատանքից դժգոհ էր. «Այն բացարձակ անփույթ էր՝ պարզապես առանձին տեսարաններ այս կամ այն ֆիլմից առանց որևէ կապի, առանց պատմության թելի կամ շարունակականության և այն պետք է որ խելագարության աստիճանի ձանձրացրած լիներ հանդիսատեսին։ Իհարկե այն ինձ էլ էր ձանձրացնում»[10]։

Ֆլաերթին վճռական էր տրամադրված նկարահանել նոր ֆիլմ՝ պատմելով մի հերթական Ինուիթի և նրա ընտանիքի կյանքի մասին։ 1920 թվականին նա ֆինանսավորում էր ստացել ֆրանսիական Revillon Frères մորթու առևտրային ընկերությունից՝ ֆիլմի նկարահանման համար, որը «Հյուսիսի Նանուկը» ֆիլմն էր[11]։ 1920 թվականի օգոստոսի 15-ին Ֆլաերթին մեկնել էր Պորտ Հարիսոն (Քվեբեկ)՝ իր ֆիլմը նկարահանելու։ Նա իր հետ բերել էր երկու Akeley կինոխցիկ, որոնք Ինուիթները կոչում էին «aggie»[12]։ Նա նաև բերել էր լիարժեք լաբորատոր սարքավորումներ՝ մշակման, տպագրության և պրոյեկցիայի՝ Ինուիթներին իր նկարահանած ֆիլմը ցուցադրելու համար, մինչդեռ նա գտնվում էր նկարահանման ընթացքում։ Ֆլաերթին ապրում էր Revillon Frères առևտրային կառույցին կից տնակում։

«Հյուսիսի Նանուկը» ֆիլմի համար Ֆլաերթին ֆիլմի դերերը բաշխել էր տարբեր տեղացիների միջև, ինչպես գեղարվեստական ստեղծագործության դերասանական կազմի ընտրության դեպքում։ Ինուիթների ավանդական ապրելակերպը ցույց տալու համար նա նաև բեմադրել էր մի քանի տեսարաններ, ներառյալ ավարտը, որտեղ Ալակարիալակը (Նանուկի դերակատարը) և նրա էկրանային ընտանիքը, իբր, վտանգի տակ կդնեն իրենց կյանքը, եթե չկարողանան բավականաչափ արագ ապաստան գտնել կամ կառուցել: Այդ տեսարանի համար կես իգլու նախապես կառուցվել էր, իսկ մի կողմը բաց էր թողնվել, որպեսզի Ֆլաերթիի տեսախցիկը կարողանար լավ կադր նկարել։ Ֆլաերթին պնդում էր, որ Ինուիթները որսորդական հրացաններ չօգտագործեն, թեև այն ժամանակ դրանց օգտագործումը սովորական էր դարձել։ Նա նաև ձևացնում էր, թե չի լսում որսորդների օգնության կանչերը և շարունակելով նկարահանումը՝ վտանգի տակ էր դնում նրանց կյանքը[12]։

Մելանի Մաքգրատը գրում է, որ «Նանուկ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ Ֆլաերթին ապրում էր Հյուսիսային Քվեբեկում, նա սիրավեպ էր ունեցել գլխավոր դերակատարուհու՝ երիտասարդ ինուիթ կնոջ հետ, որը մարմնավորում էր Նանուկի կնոջը։ Նրա հեռանալուց մի քանի ամիս անց նա ծնել էր Ֆլաերթիի որդուն՝ Ջոզեֆիին (դեկտեմբերի 25, 1921-1984), որին հայրը երբեք չէր ճանաչել: Ջոզեֆին այն ինուիթներից էր, ովքեր վերաբնակեցվել էին ամենահեռավոր հյուսիսի ամենադժվար բնակեցվող վայրերում՝ Ռեզոլյուտ և Գրիս Ֆյորդ քաղաքներում[13]։ Մաքգրատի պատմության հիմնավորումները հեշտ հասանելի չէին, և Ֆլաերթին երբեք չէր քննարկել այդ հարցը:

«Նանուկը» սկիզբ էր դրել Ֆլաերթիի ֆիլմաշարին, որոնք ուսումնասիրում էին մարդու պայքարը բնության տարրերի դեմ։ Մյուսների շարքում են՝ «Մոանա. Ոսկե դարի սիրավեպը», որը նկարահանվել էր Սամոայում, և «Արանի մարդը»՝ նկարահանված Իռլանդիայի Արանի կղզիներում։ Այս բոլոր ֆիլմերում օգտագործված են նույն մոտեցումները՝ բնության վտանգները և համայնքների պայքարը գոյատևման համար։

Հոլիվուդ

«Նանուկը հյուսիսից» (1922) հաջողված ֆիլմ էր, և դրանից հետո Ֆլաերթին մեծ պահանջարկ էր ունեցել։ Paramount-ի հետ պայմանագրով «Նանուկի» նման մեկ այլ ֆիլմ նկարահանելու համար նա մեկնել էր Սամոա՝ «Մոանա» (1926) ֆիլմը նկարահանելու։ Նա ֆիլմը նկարահանել էր Սավայի կղզու Սաֆունե բնակավայրում, որտեղ ապրել էր իր կնոջ և ընտանիքի հետ ավելի քան մեկ տարի։ Ստուդիայի ղեկավարները պարբերաբար պահանջում էին օրվա նկարահանված նյութերը, սակայն Ֆլաերթին ոչինչ չէր ունեցել ցույց տալու, քանի որ դեռ ոչինչ չէր նկարահանել. նրա մոտեցումն էր փորձել ապրել հասարակության հետ՝ ծանոթանալով նրանց ապրելակերպին, նախքան դրա մասին պատմություն գրելը։ Նա նաև մտահոգված էր, որ կղզաբնակների կենսակերպում ներհատուկ հակամարտություն չկար, ինչը լրացուցիչ խթան էր ոչինչ չնկարահանելու համար։ Ի վերջո նա որոշել էր ֆիլմը կառուցել տղայի՝ հասուն կյանք մտնելու ընթացքի շուրջ։ Ֆլաերթին Սամոայում էր 1923 թվականի ապրիլից մինչև 1924 թվականի դեկտեմբեր, ֆիլմն ավարտվել էր 1925 թվականի դեկտեմբերին և թողարկվել հաջորդ ամիս։ Թողարկման պահին ֆիլմը տեղական շուկայում այնքան հաջողված չէր, որքան «Նանուկը հյուսիսից» ֆիլմը, սակայն մեծ հաջողություն էր ունեցել Եվրոպայում՝ ոգեշնչելով Ջոն Գրիրսոնին հորինել «վավերագրական» բառը։

«Մոանայի» թողարկումից առաջ, Նյու Յորք քաղաքում, Ֆլաերթին մասնավոր ֆինանսավորմամբ երկու կարճամետրաժ ֆիլմ էր նկարահանել՝ «Խեցեգործը» (1925) և «Քսանչորս դոլարանոց կղզին» (1927)։ Մետրո-Գոլդուին-Մայեր մեդիաընկերության դերասանԻրվինգ Թալբերգը Ֆլաերթիին հրավիրել էր նկարահանել «Սպիտակ ստվերները հարավային ծովերում» (1928) ֆիլմը Վ. Ս. Վան Դայքի հետ համագործակցությամբ, սակայն նրանց աշխատանքային ոճերը չէին համապատասխանում, և Ֆլահերթին հրաժարվել էր նկարահանումներից։ Տեղափոխվելով Fox Film կինոընկերություն, Ֆլաերթին ութ ամիս աշխատել էր ամերիկյան բնիկների մասին «Ակոմա՝ երկնային քաղաքը» (1929) վավերագրական ֆիլմի վրա, սակայն նախագիծը դադարեցվել էր, և հետագայում Ֆլաերթիի նկարահանած նյութերը ոչնչացվել էին ստուդիայի պահոցի հրդեհում։ Այնուհետև Ֆլաերթին համաձայնվել էր Ֆ. Վ. Մուրնաուի հետ նկարահանել ևս մեկ Հարավային ծովերի թեմայով ֆիլմ՝ «Տաբուն» (1931)։ Սակայն այդ համագործակցությունը նույնիսկ ավելի անհաջող էր ստացվել, և թեև Ֆլաերթին զգալի ներդրում էր ունեցել սյուժեի մեջ, Paramount Pictures-ի կողմից թողարկված վերջնական ֆիլմը, ըստ էության, Մուրնաուինն է։

Բրիտանիա

«Տաբու» ֆիլմից հետո Ֆլաերթին համարվել էր ավարտված կինոգործիչ Հոլիվուդում։ Նրա կինը՝ Ֆրենսիս Ֆլաերթին, կապ էր հաստատել Ջոն Գրիրսոնի հետ, ով աշխատում էր Բրիտանական կայսրության մարքեթինգի վարչության կինոբաժնում (Empire Marketing Board Film Unit)։ Գրիերսոնը Ֆլաերթիին հանձնարարել էր նկարահանել «Արդյունաբերական Բրիտանիա» (1931) վավերագրական ֆիլմը։ Սակայն, ի տարբերություն Գրիերսոնի և նրա բաժնի՝ Ֆլաերթին սովորաբար նկարահանել էր մեծ քանակությամբ ֆիլմեր, ինչը հանգեցրել էր ծախսերի գերազանցման։ Արդյունքում Գրիերսոնը հեռացրել էր նրան նախագծից, և ֆիլմը վերամշակվել էր այլ մարդկանց կողմից՝ բաժանվելով երեք ավելի կարճ ֆիլմերի։ Ֆլաերթին գրել էր ծովի մասին վեպ՝ «Կապիտանի աթոռը» վերնագրով, որը հրատարակվել էր 1938 թվականին Սքրիբների հրատարակչության կողմից։ Այդ ֆիլմը BBC հեռուստաընկերությունը նույն թվականի նոյեմբերին ցուցադրել էր «Կապիտան Գրանտի վերջին ճանապարհորդությունը» (The Last Voyage of Captain Grant) վերնագրով՝ հարմարեցված և բեմադրված Դենիս Ջոնսթոնի կողմից[14][15]։

Ֆլաերթիի կարիերան Բրիտանիայում ավարտվել էր, երբ պրոդյուսեր Ալեքսանդր Կորդան հեռացրել էր նրան «Փիղ տղան» (Elephant Boy, 1937) ֆիլմի նկարահանումներից։ Ֆիլմը հետագայում վերամշակվել էր որպես կոմերցիոն կինոժապավեն։

Իռլանդիա

Պրոդյուսեր Մայքլ Բելքոնը հրավիրել էր Ֆլաերթիին նկարահանել «Մարդը՝ Արանից» (1934) ֆիլմը, որը պատկերում էր Իռլանդիայի արևմտյան ափին գտնվող մեկուսացված Արանի կղզիների բնակիչների դաժան ավանդական ապրելակերպը։ Ֆիլմը մեծ քննադատական հաջողություն էր ունեցել և տասնամյակներ շարունակ որոշ շրջանակներում նույնիսկ ավելի մեծ ձեռքբերում էր համարվում, քան «Հյուսիսի Նանուկը»։ «Նանուկի» նման, «Մարդը՝ Արանից» ցույց էր տալիս մարդկանց ջանքերը՝ ծայրահեղ պայմաններում գոյատևելու համար. այս դեպքում՝ մի կղզում, որի հողերն այնքան բարակ էին, որ բնակիչները ծովից ծովային ջրիմուռներ էին բարձրացնում՝ մշակման համար դաշտեր կառուցելու նպատակով։ Ֆլաերթին կրկին տեղացիներին էր ներգրավել տարբեր բեմականացված դերերում և օգտագործել էր անախրոնիստական վարքագծի դրամատիկ վերականգնումը. այս դեպքում՝ փոքր նավակներից նիզակներով շնաձկների որսի տեսարան, որը կղզաբնակները արդեն մի քանի տասնամյակ չէին կիրառում։ Նա նաև բեմադրել էր ֆիլմի գագաթնակետային տեսարանը, որտեղ երեք տղամարդ փոքր նավակով ջանում էին թիավարել դեպի ափ՝ սարսափելի բարձր, ժայռոտ ծովի միջով։

Վերջին տարիներ

Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո, Միացյալ Նահանգների կինոսպասարկման բաժնի ղեկավար Պեր Լորենցը վարձել էր Ֆլաերթիին՝ ԱՄՆ-ի գյուղատնտեսության մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար, որը «Հողը» ֆիլմն էր։ Ֆլաերթին և նրա կինը անցել էին շուրջ 100,000 մղոն՝ նկարահանելով 25,000 ոտնաչափ ժապավեն և արձանագրել էին գյուղական Ամերիկայի տպավորիչ պատկերների շարք։ Ֆլաերթիի նկարահանած նյութերում բարձրացված թեմաների թվում էին գյուղատնտեսական հողերի էրոզիայի և փոշե փոթորիկների մարտահրավերները (ինչպես նաև հողի պահպանման բարելավված մեթոդների միջոցով արդյունավետ արձագանքների սկիզբը), մեքենայացումը, գյուղատնտեսության ոլորտում գործազրկությունը, և Մեծ հարթավայրերից դեպի Կալիֆորնիա զանգվածային արտագաղթը։ Վերջին համատեքստում Ֆլաերթին ընդգծել էր գյուղատնտեսական ոլորտում աշխատատեղերի համար բնիկ ամերիկացիների և Մեքսիկայից ու Ֆիլիպիններից եկած միգրանտների միջև մրցակցությունը։

Ֆիլմը բախվել էր մի շարք խոչընդոտների։ Նկարահանումների սկսվելուց հետո Կոնգրեսը վերացրել էր Միացյալ Նահանգների կինոծառայությունը, և նախագիծը տեղափոխվել էր ԱՄՆ գյուղդեպարտամենտ։ Երբ մոտենում էր Ամերիկայի Երկրորդ համաշխարհային պատերազմը, գյուղդեպարտամենտի ներկայացուցիչները (և ֆիլմը մոնտաժող Հելեն վան Դոնգենը) փորձել էին Ֆլաերթիի նյութերը համապատասխանեցնել արագ փոփոխվող պաշտոնական ուղերձներին (գյուղական գործազրկության մասին խոսակցությունները փոխարինելով պատերազմի համար աշխատուժի պակասի թեմայով)։ Փերլ Հարբորի վրա հարձակումից հետո պաշտոնյաները սկսել էին անհանգստանալ, որ ֆիլմը կարող էր բացասական բիծ թողնել ԱՄՆ-ի վրա միջազգային ասպարեզում, և թեև 1942 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում կայացել էր հեղինակավոր պրեմիերա, ֆիլմը երբեք էլ չստացավ ընդհանուր թողարկման թույլտվություն[16]։

«Լուիզիանայի պատմությունը» (1948) Ֆլաերթիի վավերագրական ֆիլմն էր, որը նկարահանվել էր իր և Ռիչարդ Լիքոքի կողմից՝ Լուիզիանայի ճահճուտում նավթահորի տեղադրման մասին։ Ֆիլմում շեշտվում է հորի խաղաղ և անխնդիր գոյակցությունը շրջակա միջավայրի հետ, և իրականում ֆինանսավորվել էր Standard Oil նավթային ընկերության կողմից։ Ֆիլմի գլխավոր հերոսը կաջուն տղա է։ Որոշ քննադատների կարծիքով, մանկության և բնության պոեզիան օգտագործվում է նավթի հետախուզումը գեղեցիկ ցուցադրելու համար։ Ֆիլմի երաժշտությունը գրել էր Վիրջիլ Թոմսոնը։

Ֆլաերթին «Տիտանը. Միքելանջելոյի պատմությունը» (1950) ֆիլմի ստեղծողներից էր, որը արժանացել էր Լավագույն վավերագրական ֆիլմի «Օսկար» մրցանակին։ Ֆիլմը վերամոնտաժված տարբերակն էր գերմանա-շվեյցարական ֆիլմի, որը սկզբնապես կոչվում էր «Տիտան․ Միքելանջելոյի պատմությունը» (1938), որի ռեժիսորն էր Կուրտ Օերթելին։ Վերամոնտաժված տարբերակում ավելացվել էր նոր անգլերեն պատումը՝ Ֆրեդրիկ Մարչի կատարմամբ, և երաժշտական ձայնագրությունը՝ գոյություն ունեցող ֆիլմի ավելի կարճ մոնտաժի հիման վրա։ Նոր տիտրերում որպես ռեժիսոր նշված է Ռիչարդ Լիֆորդը, իսկ որպես պրոդյուսեր՝ Ռոբերտ Սնայդերը։ Ֆիլմը մոնտաժել էր Ռիչարդ Լիֆորդը[17]։

Նաև 1950-ականների սկզբին Լոուել Թոմասը՝ սիներամայի հիմնադիրը, ձգտում էր ապահովել իր «լավ ընկեր» Ֆլաերթիի հավանությունը կինոյի այս պիոներ տեխնոլոգիայի համար։ Ըստ հաղորդումների, Ֆլաերթին շատ ոգևորված էր սիներամայի հեռանկարով և մոտ մեկ ամիս փորձարկում էր Ֆրեդ Վոլերի հայտնագործած տեսախցիկը։ Սակայն «հենց այն պահին, երբ պատրաստվում էր ճանապարհորդել ամբողջ աշխարհով»՝ Վոլերի տեսախցիկով սիներամայի նյութեր նկարահանելու, նա մահացել էր, ինչը ստիպել էր Թոմասին գտնել և վարձել նոր նկարահանող խումբ և միավորվել Մայքլ Թոդի հետ[18]։

Ժառանգություն

Ֆլաերթին համարվում է վավերագրական ֆիլմի հիմնադիրներից մեկը։ Նա առաջիններից էր, ով համատեղել էր վավերագրական թեմաները գեղարվեստական ֆիլմին բնորոշ պատումային և պոետիկ մոտեցման հետ։

Ինքնահռչակ հետախույզ Ֆլաերթին 1914 թվականին Հուդզոնի ծոցի Բելչերի կղզախմբի գլխավոր կղզու (վերա) հայտնագործման համար ընդգրկվել էր Անգլիայի Թագավորական աշխարհագրական ընկերությունում (RGS)[19]։

Հուդզոնի ծոցի Բելչերի կղզիներից մեկը՝ Ֆլաերթի կղզին, անվանակոչվել է նրա պատվին[19]։

1955 թվականին Ֆլաերթիի այրին նրա պատվին հիմնել էր Flaherty Seminar միջազգային ամենամյա կինոփառատոնը, որը նվիրված էր անկախ կինոռեժիսորներին և կինոյի սիրահարներին։ Այն անցկացվում է Նյու Յորք նահանգի հյուսիսային գյուղական շրջանում՝ Քոլգեյթ համալսարանում, հունիսի կեսերին[20]։

Ֆլաերթիի ներդրումը վավերագրական ֆիլմի ձևավորման գործում մանրակրկիտ ուսումնասիրվել էր 2010 թվականի «Վայրի իռլանդացիների նավաբեռ» վավերագրական ֆիլմում[21], որի սցենարի հեղինակն էր Մեծ Բրիտանիայի Լինքոլնի համալսարանի պրոֆեսոր Բրայան Ուինսթոնը, իսկ ռեժիսորը՝ ՄԱԿ Դարա Օ Կուրայդինը, որը արժանացել է Մեծ Բրիտանիայի համալսարանների կինեմատոգրաֆիայի և տեսագրության Խորհրդի մրցանակին և առաջադրվել է FOCUS միջազգային մրցանակի։ Ֆիլմը ուսումնասիրում է «վերահսկվող իրականության» բնույթը և նոր լույս է սփռում Ֆլաերթիի մասին պատկերացումների վրա։ Ֆիլմում առաջ է քաշվում այն փաստարկը, որ Ֆլաերթիի ֆիլմերի ազդեցությունը՝ պատկերված բնիկ ժողովուրդների վրա, փոխվում է ժամանակի ընթացքում, քանի որ ֆիլմերը դառնում են արժեքավոր վկայություններ հետագա սերունդների համար՝ այժմ կորսված կենսակերպի մասին[22]։ Ֆիլմի վերնագիրը ծագում է Ֆլաերթիի հայտարարությունից, որ իրեն մեղադրել են «Մարդը՝ Արանից» ֆիլմում բեմադրված գագաթնակետային տեսարանում «վայրի իռլանդացիների նավաբեռը խեղդելու փորձի» մեջ։

1994 թվականին Չարլզ Դենսը մարմնավորել է Ֆլաերթիին կանադական «Կաբլունակ» դրամատիկական ֆիլմում, որը ներկայացնում է «Նանուկը հյուսիսից» ֆիլմի ստեղծման պատմությունը Ինուիթների տեսանկյունից[23]։

Ռոբերտ Ջոզեֆ Ֆլաերթիի թոռան կինը՝ Լուիզ Ֆլաերթին[24], Կանադայի առաջին անկախ ինուիթական հրատարակչության՝ Inhabit Media-ի համահիմնադիրն է։ Նա նաև գրող է, մանկավարժ և քաղաքական գործիչ։

Մրցանակներ

  • BAFTA-ն շնորհում է Ռոբերտ Ֆլաերթի մրցանակը լավագույն վավերագրական ֆիլմի համար[25]։
  • Օսկար - 1950 թվականի լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Տիտանը. Միքելանջելոյի պատմությունը»։
  • 1913 թվական, թագավորական աշխարհագրական հասարակության անդամ[26]։

ժապավենագրություն

Thumb
Նայլան, ով խաղում էր Նանուկի կնոջ դերը, և նրա երեխան

Ֆիլմեր

  • «Հյուսիսի Նանուկ» (1922)
  • «Խեցեգործը»(1925)
  • «Մոանա» (1926)
  • «Քսանչորս դոլարանոց կղզին» (1927)
  • «Մարդը՝ Արանից» (1934)
  • «Oidhche Sheanchais» (գիշերային հեքիաթ)»(1935)
  • «Փիղ տղան» (1937; with Zoltan Korda)
  • «Հողը» (1942; նկարահանված ԱՄՆ գյուղդեպարտամենտի համար)[27]
  • «Լուիզիանայի պատմությունը» (1948)

Այլ աշխատություններ

  • «Սպիտակ ստվերները հարավային ծովերում» (1928; անվերագրված կադր)
  • «Ակոմա՝ երկնքի քաղաք» (1929; անավարտ ֆիլմ)
  • «Տաբու» (1931; կինոսցենարը՝ Ֆ. Վ. Մուրնաուի հետ)
  • «Արդյունաբերական Բրիտանիա» (1933; համապրոդյուսեր Ջոն Գրիրսոնի հետ)[28]
  • «Անգլիայի ապակեգործները» (1935; համապրոդյուսեր Ջոն Գրիրսոնի հետ)[29]
  • «Անգլիացի բրուտագործը» (1935; համապրոդյուսեր Ջոն Գրիրսոնի հետ)
  • «Տիտան․ Միքելանջելոյի պատմությունը» (1950; համապրոդյուսեր Ռալֆ Ալսվանգի և Ռոբերտ Սնայդերի հետ)

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.