Մեծ հարթավայրեր
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ հարթավայրեր, նախալեռնային սարավանդ ԱՄՆ-ում և Կանադայում։ Արևմուտքից եզրավորվում է Հյուսիսային Ամերիկայի Կորդիլիերաներով։ Ձգվում է հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք, հյուսիսային լայնության 29° և 62°-ների միջև։ Երկարությունը 3600 կմ է, լայնությունը՝ 500—800 կմ։ Հանդիսանում է Հյուսիս-Ամերիկյան պլատֆորմի ծայրամասը։ Սարավանդի մինչքեմբրյան բյուրեղային հիմքը ծածկված է նստվածքային ապարներով։ Մակերևույթն արևելքից արևմուտք աստիճանաբար բարձրանում է 500—1700 մ։ Շատ տեղերում երկրակեղևի վերին շերտերի ապարները լվացվել և տեղատարվել են գետերով՝ առաջացնելով 200—300 կմ երկարությամբ հովիտների խիտ ցանց և մինչև 300 մ բարձրության ելուստներ։ Վերջիններս Մեծ հարթավայրերը բաժանում են առանձին մասերի՝ Լյանո Էստականդո, Բարձր հարթավայրեր, Էդուարդի և Միսսուրիի սարավանդներ։ Հարավում տիրապետում են կարստային ձևերով սեղանաձև բարձրությունները։ Մեծ հարթավայրերը հարուստ են նավթի, քարածխի, բնական գազի, կերակրի աղի հանքավայրերով և հազվագյուտ հողերի տարրերով։ Կլիման ցամաքային է, հյուսիսում՝ բարեխառն, հարավում՝ մերձարևադարձային։ Գետերը սակավաջուր են, արագահոս, հոսում են խոր հովիտներով։ Խոշոր գետերն են Միսսուրին, Պլաթը, Արկանզասը, Կոլորադոն, Փեքոսը։ Հողերը առավելապես շագանակագույն են, հյուսիսում՝ սևահողային, գորշ անտառային, ծայր հարավում՝ դարչնագույն։ Մեծ հարթավայրերի մեծ մասը ծածկված է չոր տափաստաններով, կանադական մասում գերակշռում է անտառատափաստանը։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բուսաբուծությամբ (մշակում են բամբակ, կարտոֆիլ, շաքարի ճակնդեղ, կերաբույսեր) և անտառային տնտեսությամբ։
Մեծ հարթավայրեր | |
---|---|
![]() | |
Տեսակ | հարթավայր և տարածաշրջան |
Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
Երկիր | ԱՄՆ[1] և Կանադա |
Վարչատարածք | Թոմաս շրջան[1], Նեբրասկա, Հարավային Դակոթա, Հյուսիսային Դակոտա, Կոլորադո, Այովա, Մինեսոտա, Մոնտանա, Օկլահոմա, Նյու Մեքսիկո, Տեխաս, Վայոմինգ, Ալբերտա, Մանիթոբա և Սասկաչևան |
Մասն է | Հյուսիսային Ամերիկա |
Աշխարհագրական տեղադրություն | հարթավայր |
Անվանված է | հարթավայր |
![]() | |
![]() | |
![]() |
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.