From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկի ( ռուս․ Бори́с Бори́сович Пиотро́вский, փետրվարի 1 (14), 1908 կամ 1908[2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[3] - հոկտեմբերի 15, 1990[4][5][6] կամ 1990[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հնագետ, արևելագետ, պատմաբան։
Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկի ռուս.՝ Борис Борисович Пиотровский | |
---|---|
Ծնվել է | 14 փետրվարի,1908 |
Ծննդավայր | Պետերբուրգ |
Մահացել է | 15 հոկտեմբերի, 1990 |
Մահվան վայր | Լենինգրադ |
Գերեզման | Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր |
Երկեր | «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» |
Մասնագիտություն | պատմաբան, հնագետ |
Աշխատավայր | ՌԳԱ հնագիտության ինստիտուտ, ՌԴ ԳԱ նյութական մշակույթի պատմության ինստիտուտ և Պետական Էրմիտաժ |
Ամուսին | Հռիփսիմե Ջանփոլադյան |
Ծնողներ | հայր՝ Q118501152? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Academy of the Kingdom of for Royaume?[1] և Գեղարվեստի ակադեմիա |
Երեխաներ | Միխայիլ Պիոտրովսկի |
Boris Piotrovsky Վիքիպահեստում |
Պիոտրովսկին ծնվել է 1908 թվականին Պետերբուրգում։ Հայրը մաթեմատիկայի ուսուցիչ էր ռազմա- ուսումնական հաստատություններում, մայրը՝ մանկավարժ միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո, 1925 թվականին նա ընդունվել է Լենինգրադի համալսարանի լեզվաբանության և նյութական մշակույթի ֆակուլտետը։ Ակադեմիկոս Վ․ Վ․ Ստրուվեի մոտ Բորիս Պիոտրովսկին պարապել է եգիպտաբանություն և Հին Արևելքի պատմություն, ուսումնասիրել է Եգիպտոսի և Առաջավոր Ասիայի նյութական մշակույթի պատմությունը պրոֆ. Ն. Դ. Ֆլիտների և Կովկասի հնագիտությունը՝ պրոֆ. Ա. Ա. Միլլերի ղեկավարությամբ։ Համալսարանում սովորելու տարիներին նա կատարել է իր առաջին հնագիտական արշավները։
ՀԽՍՀ ԳԱ (1968) և ԽՍՀՄ ԳԱ (1970) ակադեմիկոս[7], ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1964)։ Խորհրդային աշխատանքի հերոս (1983)։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։ 1953-1964 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ հնագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի վարիչ, 1964 թվականից՝ Էրմիտաժի տնօրեն, 1966 թվականից նաև Լենինգրադի համալսարանի Հին Արևելքի պատմության ամբիոնի վարիչ, 1980-1982 թվականներին (զուգահեռ)՝ ԽՍՀՄ ԳԱ Պատմության բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։
Պիոտրովսկին կազմակերպել է ամենամյա բազմաթիվ գիտարշավները դեպի Հայաստան, Վրաստան (1935), Վոլգա֊Դոն (1934), Թաման (1931), Հյուսիսային Կովկաս (1933, 1936), Միջին Ասիա (1936-1937) և Հեռավոր Եգիպտոս (1961—1963)։
Պիոտրովսկին եղել է Եգիպտոսում, որտեղ նա սկզբում մասնակցել է ՅՈԻՆԵՍԿՈ-յի էքսպերտների կոնսուլտատիվ խորհրդի աշխատանքներին (1990), իսկ ավելի ուշ՝ ղեկավարել Արաբական Միացյալ Հանրապետությունում, Աոուտնի ջրամբարտակի գոտում աշխատող սովետական առաջին հնագիտական արշավախումբը (1961-1963)։
1930 թվականից Հայաստանում ուսումնասիրել է կիկլոպյան ամրոցներ և ուրարտական հուշարձաններ։ 1939-1971 թվականներին արդյունավետ պեղումներ է կատարել Թեյշեբաինի բերդաքաղաքում, Ծովինարում, Ռեդկիգ-լագերում, Վանաձորում, Այգավանում (Արարատի շրջան)։ Ուսումնասիրել է նաև Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի վաղ ժամանակաշրջանի մշակույթները։ 1961-1963 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ հնագիտական արշավախումբը Նուբիայում (ԵԱՀ)։
Մոտ 30 տարի Պիոտրովսկու ղեկավարությամբ Կարմիր բլուրում աշխատել է կոմպլեքսային հնագիտական արշավախումբ, որը մեծ դեր է կատարել Հայաստանի գիտական կադրերի ձևավորման գործում։
Պիոտրովսկին ավելի քան 150 գիտական աշխատությունների հեղինակ է։ Նրա աշխատություններից շատերը նվիրված են Կովկասի և Հին Արևելքի մասնավորապես՝ Ուրարտու պետության պատմությանը, մշակույթին ու արվեստին, հայ ժողովրդի ծագման և Հայաստանի հնագույն պատմության հարցերին։ 1939 թվականին լույս է տեսել ուրարտագիտությանը նվիրված նրա առաջին գիրքը՝ «Ուրարտու․ Անդրկովկասի հնագույն պետությունը»։ Այնուհետև լույս է տեսել «Ուրարտուի պատմությունն ու մշակույթը» աշխատությունը (1944), որի համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1946)։ 1969 թվականին այն վերահրատարակվել է «Վանի թագավորությունը» վերնագրով։ Իսկ երեք տարի անց Բ. Պիոտրովսկին հրապարակել է ևս մի աշխատություն՝ նվիրված Վանի թագավորության ինքնատիպ արվեստին՝ «Ուրարտուի արվեստը» (1962)։ Առաջինը 1966 թվականին իտալերեն թարգմանությամբ լույս է տեսել Հռոմում, իսկ երկրորդը՝ 1967 թվականին անգլերեն Լոնդոնում։
Պիոտրովսկին հրատարակել է նաև «Հայ ժողովրդի կազմավորման հարցի շուրջը» (1944, 1945) և «Հայ ժողովրդի կազմավորման մասին» (1949) աշխատությունները։ Պիոտրովսկու հոդվածներից են՝ «Երկրագործության հիմնական փուլերը Հայաստանում» (1961), «Անասնապահության զարգացումը հնագույն Անդրկովկասում» (1955), որտեղ նա առաջ է քաշել և բազմակողմանիորեն հիմնավորել այն թեզը, որ Կովկասի լեռնային ռելիեֆի պայմաններում բրոնզի դարաշրջանում մեծանում էր անասնապահության, որպես ամենաշատ հավելյալ պրոդուկտ տվող ճյուղի դերը։
Պիոտրովսկին գրել է նաև «Սկյութները և Անդրկովկասը» (1940), «Սկյութները Անդրկովկա» (1949), «Սկյութները և Հին Արևելքը» (1954) աշխատությունները։ Եգիպտական հուշարձաններին և նրանց իմաստաբանությանն են նվիրված նրա վաղ շրջանի մի շարք աշխատությունները, որոնցից առաջինը՝ «Հին եգիպտական «երկաթ» տերմինի մասին» գրված է դեռևս ուսանողական տարիներին (1999)։
Արտասահմանյան երկրների ակադեմիաների (Բրիտանական ԳԱ, Բավարական ԳԱ, Ֆրանսիայի արձանագրությունների և գեղեցիկ դպրության ակադեմիայի) թղթակից անդամ է։ Պարգևատրվել է Լենինի 3, Աշխատանքային կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով, մեդալներով։
2016 թվականին Երևանի Զաքյան 2 բ հասցեում բացվել է Պիոտրովսկու բրոնզաձույլ դիմաքանդակը ներկայացնող հուշատախտակ (քանդակագործ՝ Տիգրան Մուրադյան, ճարտարապետը՝ Տիգրան Բարսեղյան)[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.