Պեկինյան օպերա

From Wikipedia, the free encyclopedia

Պեկինյան օպերա

Պեկինյան օպերա (չինարեն՝ 京剧, փինյին՝ Jīngjù - Ծին Ծիու) նաև հայտնի է Ծին Սի և Փին Ծիու անուններով , չինական օպերային ժանրերից է։ Այն տարածված է ողջ Չինաստանում և հատկապես մայրաքաղաք Պեկինում: Այն համարվում է Չինաստանի «ազգային էություն» և հայտնի է որպես Չինաստանի «ազգային օպերա»:

Արագ փաստեր Ենթակատեգորիա, Ստեղծում ...
Peking opera
Thumb
օպերայի ժանր 
ԵնթակատեգորիաChinese classical music
 Chinese opera 
Ստեղծում1790 
Ծագման երկիրՉինաստան 
Ստեղծման վայրՊեկին 
Ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակBeijing Municipal Intangible Cultural Heritage, Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակ 
Ով է կիրառումPeking opera actor 
Փակել
Thumb
Պեկինյան օպերա, «Ցիփան լեռ»
Thumb
Տղամարդ դերասանը կատարում է Պեկինյան օպերան

19-րդ դարի կեսերին Պեկինյան օպերան, միավորելով Վան Ծիու(Anhui Opera)[1] և Հան Ծիու (Han opera)[2], Ցին Ցիան (Qin opera)[3], Քուն Ցիո(Kun Opera)[1][4], Պան Ծը(Bang zi), Յի Յանցիան(Yiyang opera)[1] և մի շարք այլ դիտարժան օպերաների տարրեր, ձևավորվեց և ավելի ուշ՝ Ցին դինաստիայի կառավարման ժամանակաշրջանում, աննախադեպ վերելք ապրեց: Պեկինյան օպերայի հիմնական մեղեդիները սիփին և արհուանն են, որոնք հիմնականում հնչում են լարային և հարվածային գործիքների ուղեկցությամբ։ 2010 թվականին Պեկինյան օպերան ընդգրկվել է համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում:

Պեկինյան օպերայի զարգացում

Thumb
Թիենծինի թատրոնը

Ցին դինաստիայի կայսր Ցիեն Լոնի կառավարման 55-րդ տարում (1790 թվական) հարավից Վան Ծիու-ի (Anhui Opera) 4 խոշոր խմբեր՝ Սան Ցին (sān qìng), Սը Սին (sì xǐ), Հը Չունը (hé chūn) և Չուն Թայը (chūn tái) մեկը մյուսի հետևից ժամանեցին Պեկին։ Այս շրջանը պատմության մեջ հայտնի է որպես «Հուեյ թատերախումբը մտնում է Պեկին»[5]։ Պեկին մուտք գործած առաջին խումբը՝ Սան Ցինը, որը հիմնականում ներկայանում էր արհուան ոճով, իր հարուստ երգացանկի և խմբի անդամների ձայնային տվյալների շնորհիվ առաջ անցավ Պեկինում այդ ժամանակաշրջանում մեծ տարածում ունեցող Ցին Ցիան օպերայից։ Ավելի ուշ, Անհուեյ օպերայի երեք մյուս խմբերը՝ Սը Սին, Հը Չուն և Չուն Թայը նույնպես ժամանեցին Պեկին, ինչի հետևանքով էլ երկար տարիներ մեծ հռչակ վայելող Քուն Ցիո օպերան աստիճանաբար անկում ապրեց։

Ցին դինաստիայի Տաո Կուան կայսեր կառավարման ժամանակաշրջանում (մոտավորապես 1828 թվական) Տալիեն քաղաքի Հու Կուան շրջանից մեծ թվով արտիստներ յուրախաղերով եկան Պեկին՝ իրենց հետ բերելով Հան օպերայի մեղեդին։ Սա մեծապես նպաստեց բոլոր թատերախմբերի ինտեգրմանը, և նրանք, միանալով Անհուեյ օպերայի խմբին, սկսեցին ներկայացնել այսպես կոչված «Փի Հուան» օպերայի սիփի և արհուան մեղեդիները։ Օպերան, ձևավորվելով մայրաքաղաք Պեկինում, կրել է պեկինյան արտասանության և խոսվածքի ազդեցությունը՝ արտացոլելով «պեկինյան առոգանության» առանձնահատկությունները։

Հետագայում շանհայցիները, տեսնելով Շանհայում տեղի ունեցող հաճախակի ելույթները, Պեկինյան այս օպերան կոչեցին «Ծին Սի» կամ «Ծին Ծիու»: «Ծին Ծիու» ( բառացի՝ պեկինյան օպերա) անվանումը առաջին անգամ հիշատակվել է 1876 թվականի փետրվարի 7-ին Շընպաո թերթում հրապարակված «Պատկերազարդ Լինլուն» հոդվածում[6]։ Հետագայում Գոմինդան կուսակցության Հյուսիսային արշավախմբի հաջողությունից հետո Պեկինը (Běijīng) վերանվանվեց Պեիփին (Běipíng), «Ծին Ծիու»-ն էլ դարձավ «Փին Ծիու»։ Փին Ծիուն՝ Պեկինյան օպերան, իր զարգացման արագ տեմպերի շնորհիվ դասվեց գեղարվեստական ամենաբարձր մակարդակ ունեցող օպերաների շարքին։

Հետագայում այն հայտնի դարձավ ողջ Չինաստանում, և ինչպես նշում է ժամանակակից գիտնական Ցի Ռուշանը, Պեկինյան օպերան ավանդական չինական դրամայի էությունն է․ ուստի այն համարվում է Չինաստանի «ազգային օպերա»:

1950-ականներին մեծ թվով փախստականներ մայրցամաքային Չինաստանից գաղթեցին Հոնկոնգ՝ իրենց հետ տանելով Պեկինյան օպերայի մշակույթը։ 1960-ական թվականներին նա Հոնկոնգում բացեց Պեկինյան օպերայի դասավանդման խմբակ։ Խմբակի աշակերտների թվում էին նաև Չինաստանի 7 «հարստությունները»(Ջեքի Չանը, Սամո Հունը, Յուեն Վահը, Յուեն Հըփինը և այլք)։ 1970 թվականից հետո Պեկինյան օպերայի թատերախումբը (Յոթ փոքրիկ հարստություններ) լուծարվեց, և անդամներից յուրաքանչյուրը շարունակեց զարգանալ իր սեփական ուղով։

2006 թվականին գործարկվեց «Պեկինի ազգային կարևորագույն օպերային թատերախմբերի պաշտպանության և աջակցության պլանավորման հատուկ հիմնադրամների կառավարման միջոցառումները»՝ աջակցելու Պեկինյան օպերայի ազգային խմբերին (այդ թվում ՝ Չինաստանում Պեկինյան օպերայի ընկերությունը, Պեկինում Պեկինյան օպերային ընկերությունը, Թիենծինում Պեկինյան օպերային ընկերությունը, Շանհայում Պեկինյան օպերային ընկերությունը, Հուպեյում Պեկինյան օպերայի ընկերությունը, Թիենծինում Պեկինյան օպերայի երիտասարդների միությունը, Շանտոն նահանգում Պեկինյան օպերայի ընկերությունը, Յուննան նահանգում Պեկինյան օպերայի ընկերությունը, Շընյան քաղաքում Պեկինյան օպերայի ընկերությունը, Հեի Լոնծիան նահանգում Պեկինյան օպերայի ընկերությունը, Ծիանսու նահանգում Պեկինյան օպերայի ընկերությունը) [[7]։ Պեկինյան օպերայի նահանգային թատերախմբերը ևս աջակցություն են ստանում այս ընկերությունների կողմից[8]։

Թայվան

Դեռևս 20-րդ դարի սկզբին Թայվանում ճապոնական գաղութատիրության ժամանակաշրջանում Շանհայի՝ Պեկինյան օպերայի թատերախմբերը եկան Թայվան՝ հյուրախաղերի՝ բերելով Պեկինյան օպերայի՝ Շանհային հատուկ ոճը։ Շանհայի՝ Պեկինյան օպերային թատերախումբը օգտագործում էր մեխանիկական դեկորացիաներ՝ շքեղ էֆեկտներ ստեղծելու համար, իսկ բեմադրությունները կոմպակտ էին և արտացոլում էին պիեսների ընթացիկ իրադարձությունները: Արդյունքում այն մեծ հայտնիություն ձեռք բերեց թայվանցիների շրջանում։ Պեկինյան օպերայի թատերախմբերը բազում դրական արձագանքներ ստացան Ծիլոն քաղաքում[9], Թայպեի Յոնլը թատրոնում [10], Սին Վութայ արվեստի սրահում[11], Սինչու[12], Թայճոն [13], Ցաոթուն [14], Ծյայի [15], Թայնան [16]、Ֆընշան[17] և Փինտոն քաղաքներում[17]։ 1932 թվականի՝ Թայպեյի կյանքը նկարագրող հայտնի երգը(«Թայպեյի մարտը») ունի հետևյալ բառերը․ «Քայլելով Փընլայ տաղավարի մոտով, նրանք երգում էին «Ցինֆընի տաղավարը», «Պաոլիենլի լապտերը», «Երկրորդ պալատը»[18] երգերը»: (Այս բոլորը երգերը Պեկինյան օպերայի երգացանկից են)։ 1934 թվականին, երբ Կու Սիենրոնը ճապոնիայի կայսր Շոուայի կողմից ընտրվեց որպես Լորդերի պալատի անդամ, Պեկինի թատերախումբը հրավիրվեց Լուկան՝ երեք օր տևող տոնակատարության ժամանակ ելույթ ունենալու[19]։ Այնուամենայնիվ, Պեկինյան օպերայի բուռն զարգացումը Թայվանում նվազեց թայվանական օպերայի վերելքից հետո, իսկ հակաճապոնական պատերազմի ժամանակ Թայվանի գլխավոր նահանգապետի գրասենյակը նույնիսկ արգելեց չինական բոլոր թատերախմբերին ելույթ ունենալ Թայվանում[20]:

Ավելի ուշ՝ Գոմինդան կուսակցության՝ քաղաքացիական պատերազմում պարտություն կրելուց հետո, սկսվեց Ծիան Քայշը-ի կառավարումը Թայվանում։ Միևնույն ժամանակ, շատ մարդիկ այլ նահանգներից տեղափոխվեցին Թայվան՝ իրենց հետ բերելով Չինաստանի տարբեր գավառների տեղական մշակույթը: Արդյունքում Պեկինյան օպերան նորից տարածվեց Թայվանում: Կառավարման սզբնական շրջանում Ծիան Քայշըի կառավարությունը, ցանկանալով տարածել Պեկինյան օպերան Թայվանում, ընդունեց Ցի Ռուշանի դիրքորոշումը՝ այն անվանելու «ազգային օպերա»: 1990-ականները երեք հեռուստատեսային ալիքներ ամեն շաբաթ հեռարձակում էին օպերային նվիրված հաղորդումներ[Ն 1],հիմնականում՝ Պեկինյան օպերան[21]: Այնուամենայնիվ, Թայվանի զարգացման, թայվանական մշակույթի վերածննդի, ինչպես նաև ավագ սերնդի ներկայացուցիչների աստիճանական նվազման և հավատարիմ հանդիսատեսի պակասի պառճառով Պեկինյան օպերան սկսեց անկում ապրել Թայվանում։ Ներկայումս Ավանդական արվեստի ազգային կենտրոնը և Թայվանի դրամատիկական ազգային ակադեմիան Թայվանի հիմնական հաստատություններն են, որոնք պահպանում և ժառանգում են Պեկինյան օպերան՝ նպաստելով դրա զարգացմանը։ Հանրային հեռուստատեսության ծառայությունը հեռարձակում է «Ներկայացումների սրահ» կոչվող հաղորդումը, որը երբեմն ձայնագրում և ցուցադրում է Պեկինյան օպերայի ներկայացումները[22]: Իսկ մշակույթի և կրթության մասնավոր հիմնադրամն ստեղծել է Պեկինյան օպերային նվիրված առցանց ալիք, որը կոչվում է "酷雲劇場" (Koo Cloud Theater)[23][24]։

Ներկայումս Թայվանում գործում են Պեկինյան օպերայի չորս հիմնական թատերախմբեր՝ Ազգահին «Կուո Կուան» թատերախումբը,Թայվանի թատերական արվեստի ազգային ակադեմիայի «Վերածնունդ» թատերախումբը (նախկինում՝ «Ազգային վերածնունդ թատերախումբ»)[23], Թայպեյի «Նոր թատրոն» խումբը(ղեկավար՝Լի Պաոչուն ), «Ժամանակակից լեգենդի թատրոն» խումբը (ղեկավար՝ Վու Սինկուո)։ Պեկինյան օպերային ներկայացումների հիմնական վայրերն են՝ Թայվանի օպերային կենտրոնը,

Թայպեյ քաղաքի արվեստի և մշակույթի զարգացման կենտրոնի Տա Տաոչըն թատրոնը[24], Թայվանի թատերական արվեստի ազգային ակադեմիան [25], Թայպեյի թատրոնը [26]։ Պեկինյան օպերայի խմբերը ժամանակ առ ժամանակ ելույթ են ունենում նաև Ազգային թատրոնում, Թայպեյի Ճոնշան սրահում, Թայպեյ քաղաքի արվեստի և մշակույթի զարգացման կենտրոնի քաղաքային բեմում[27], Թայվանի ազգային արվեստի կենտրոնի «Նանհայ »թատրոնում[28] և այլ վայրերում։

Տարաձայնություններ «Ազգային էություն» հասկացության շուրջ

Պեկինյան օպերայի սահմանումը՝ որպես Չինաստանի «ազգային էություն», որոշակի հակասությունների տեղիք է տվել: Պեկինյան օպերան ստեղծվել է Ցին դինաստիայի կայսր Ցիան Լոնի հավանությամբ։ Այդ շրջանում Անհուեյի 4 ամենահայտնի խմբերը եկան Պեկին՝ ելույթ ունենալու, և արժանացան Ցիան Լոն կայսեր մեծ գնահատանքին։ Իրար հաջորդող մի քանի մանջուր ռեժիսորների օգնությամբ ստեղծվեց դրամայի մի նոր տեսակ՝ միավորելով Ծիանան օպերային և մանջուրական ժողովրդական երգերին հատուկ տարրերը[29]։ Ցին դինաստիայում մանջուրները, որպես իշխող էթնիկ խումբ, ունեին Հան ժողովրդից տարբերվող գաղափարախոսություններ, գեղագիտական հասկացություններ և արժեքային կողմնորոշումներ: Պեկինյան օպերան բավարարում էր մանջուների, հատկապես մանջուրական բարձր դասի նախասիրությունները: Օպերայում մինչ օրս պահպանվել են մեծ թվով մանջուրական երգեր։ Ցին դինաստիայի թագավորական ընտանիքի աջակցությամբ և Պեկինում որոշ պարապ մարդկանց քմահաճույքով, Պեկինյան օպերան աստիճանաբար սկսեց տարածվել Պեկինի և Թիենծինի միջև ընկած փոքրիկ տարածքում, իսկ նրա լսարանը հիմնականում սահմանափակվում էր արքայազներով, գեներալներով և բարձրաստիճան պաշտոնյաներով:[30] Նույնիսկ գրող Լու Սյունը մի անգամ խստորեն քննադատել է Պեկինյան օպերան՝ արտահայտելով իր հակակրանքը։[31] Ֆիլմերի և ժամանակակից երգերի ի հայտ գալուց հետո զվարճանքի ձևերի շատացման հետ մեկտեղ հետաքրքրությունը Պեկինյան օպերայի հանդեպ աստիճանաբար նվազեց Պեկին-Թիենծին շրջանում։[32]

Հիմնադիր

Լաո Լանշընը (մյուս անունը՝ Թան Մինխուա) Պեկինիյան օպերայի հիմնադիրն է (նախահայրը)։ Մշակութային հեղափոխության ժամանակաշրջանում, երբ իշխանությունը «վերացնում էր սնահավատությունը», Չինաստանում գտնվող Պեկինյան օպերայի խմբերին արգելված էր երկրպագել աստվածներին և Բուդդաներին, բայց Թայվանի՝ Պեկինյան օպերայի թատերախմբերում դեռևս կար Լաո Լանշընին երկրպագելու ավանդույթը: Չինաստանի «սահմանների բացումից և բարեփոխումներից» հետո վերացվեցին արգելքները՝ ըստ որոնց Պեկինյան օպերայի թատերախմբերն իրավունք չունեին պաշտելու նախնիներին։

Ելույթի ձև

Պեկինյան օպերայի ներկայացման ձևը կարելի է ամփոփել որպես «չորս հմտությունների և հինգ մեթոդների միաձուլում»․ այդ չորս հմտություններն են երգեցողությունը, ասմունքը, դերասանական խաղը և մարտարվեստը։

  • «Երգեցողություն» հմտությունը իրենից ներկայացնում է երգել՝ հետևելով բառերին, շնչառությանը և ճիշտ ներկայացնել հուզական երանգավորումները։
  • «Ասմունք» ասելով՝ հասկանում ենք «երաժշտական ասմունք», որը Պեկինյան օպերայում բաժանված է «հանգավոր ասմունքի», «պեկինյան ասմունքի» և «բարբառային ասմունքի»։«Յունպայը» հատուկ թատերական լեզու է, որը ստեղծվել է հուկուան բարբառի և ճոնճոու բարբառների հանգերի հիման վրա․ այն ներկայացնում է «սուր »և «կլոր» հնչյունների տարբերությունը․։ Որոշ հնչյուններ ունեն արտասանական հատուկ ձևեր, որոնք ստեղծում են այսպես կոչված «գրավիչ բառեր»: «Ծինպայը» Պեկինի բարբառն է, որով խոսում են հիմնականում կոմիկական կերպարները։ «Բարբառային խոսքը» ներառում է տարբեր տեղական բարբառներից վերցված բառեր, ինչպիսիք են Շանսիի, Շաոսինի, Սըչուանի, Շանտոնի, Սուճոուի բարբառը, Նանկինի, Թիենծինի բարբառները և շատ այլ բարբառներ, որոնք հիմնականում օգտագործվում են «ծաղրածու» կամ «խեղկատակ» մարմնավորող կերպարների կողմից։
  • «Մարմնի շարժումները» կամ «դերասանական խաղը» ներառում է մարմնի տարբեր ստատիկ և դինամիկ շարժումներ, ինչպիսիք են՝ կանգնած, նստած խաղը, արտաքին տեսքը, բեմական քայլքը, շրջանաձև քայլերը, «լեռան թևեր» կոչվող շարժումները (կատարողը ձեռքերը ձգում է աջ և ձախ ուղղություններով, ձեռքերը պահում է ուսերից բարձր, ափերը մի փոքր վերև՝ նմանվելով չինական «山» (լեռ) հիերոգլիֆին), «ամպի ձեռքերը» և այլն։
  • «Մարտարվեստը »շարժումների ձև է, որը ներկայացնում է ժողովրդական մարտարվեստը պարային եղանակով։

Երաժշտություն

Պեկինյան օպերայի երգեցողության ոճերը հիմնականում արհուանն ու սիփինն են։ Երկու երաժշտական ոճերը հանդես են գալիս վեց տարբեր տեմպերով, այդ թվում՝ մանպան (դանդաղ տեմպ), յուենպան (ստանդարտ, միջին արագության տեմպ), քուայ սանյեն («առաջատար հարված»), տաոպան («առաջատար հարված»), սանպան («ռուբատո տեմպ») և յաոպան («ցնցող հարված»): Սիփի ոճում օգտագործվում են նաև մի քանի եզակի տեմպեր (ար-լիո («երկու-վեց») և քուայպան (արագ տեմպ)):

Ուղեկցող գործիքներ

Պեկինյան օպերայի նվագակցային գործիքները բաժանված են երկու խմբի (wenchang և wuchang)։ Wenchang-ը ներառում է տարբեր նվագախմբային գործիքներ, այդ թվում՝ լարային գործիքներ, ֆլեյտա և այլն։ Wuchang-ը այսպես կոչված «ռազմական» բաժինն է, որը ներառում է տարբեր տեսակի հարվածային գործիքներ։ Ժամանակակից Պեկինյան օպերան ուղեկցվում է նաև արևմտյան սիմֆոնիկ նվագակցությամբ, ինչպես օրինակ՝ 《智取威虎山》(բառացի՝ «Ռազմավարությամբ վերցնել վագրի լեռը»):

Դիմահարդարում, հանդերձանք և պարագաներ

Դիմահարդարում

Thumb
Ավանդական Պեկինյան օպերայի ժամանակ կիրառվող դիմահարդարում

Դիմահարդարումը կատարվում է՝ օգտագործելով հատուկ գույներ և տարբեր տեսակի գծեր․ ստացված նախշերը արտահայտում են կերպարի բնավորությունն ու անձնային որակները։

Շատ գիտնականներ ամփոփել են դիմահարդարման ծագումը հետևյալ երկու աղբյուրներում.

  1. Տեսություն՝ զոհաբերության պարի դիմակների մասին․ այն առաջացել է հին ծեսերում օգտագործվող դիմակներից, որոնցից է երաշտի դևին քշելու «Նուո» կոչվող պարը, որի ժամանակ օգտագործվում էր Սյոննինի դիմակը՝ ընդգծելու սատանայի սարսափելի կերպարը:
  2. Տեսություն՝ երաժշտության և պարի դիմակների մասին. ըստ պատմական լեգենդների՝ Հյուսիսային Ցի դինաստիայի թագավոր Լանլինը շատ գեղեցիկ դեմք ուներ, բայց մարտերի ժամանակ կրում էր տգեղ դիմակ՝ թշնամուն վախեցնելու համար:

Հետագայում, քանի որ դերասանների շարժումները բեմում անբնական էին դիմակների պատճառով, հերոսները չէին կարողանում կառավարել դեմքի մկաններն ու աչքերի արտահայտությունը, ցույց տալ իրենց իրական էմոցիաները, նրանք աստիճանաբար հրաժարվեցին դիմակներից և փոխարենը ընտրեցին դիմահարդարման տեխնիկան՝ դրանով իսկ բարելավելով դեմքի արտահայտության դրամատիկ գործառույթը։

Դիմահարդարման դերը կարելի է ամփոփել հետևյալ չորս կետերում.

  1. Կերպարի անհատականություն
  2. Առանձնահատկություններ
  3. Չարի և բարու գովաբանում և քննադատություն
  4. Գեղեցիկի և տգեղի տարբերակում

Սրանք հիմնականում կարելի է բաժանել տասը կատեգորիաների՝ կարմիր, սպիտակ, սև, դեղին, կապույտ (փիրուզագույն), կանաչ, մանուշակագույն, վարդագույն, ոսկեգույն և արծաթագույն։

Կարմիր․ ներկայացնում է կերպարի հավատարմությունը, քաջությունը, արդարության զգացումը, նվիրվածությունը երկրին։ Այսպիսիք էին, օրինակ՝ Կուան Յուն, Յուե Ֆեյը, Ծիաճան Վեյը, Չան Յուչունը, Յին Քաոշուն, Ճաո Քուանյին, Ու Հանը և Կուան Շենը և այլք։

Սպիտակ. ցույց է տալիս կերպարի դավաճան, արատավոր, ժպտադեմ, բայց և դավադիր բնույթը, ինչպիսիք էին Ցաո Ցաոն, Ցին Կուեյը, Ճաո Կաոն, Տոն Ճուոն, Վեյ Ճոուսիենը, Յենսոնը, Սի Մային և այլք։

Սև․ ներկայացնում է կերպարի ուղղամտությունն ու անխոհեմությունը, քաջությունը, կոպտությունը և միաժամանակ նրբանկատությունը, ինչպիսիք էին Պաո Ճընը, Ճան Ֆեյը, Սիան Յուն, Լի Քուեյը։

Դեղին․ ցույց է տալիս կերպարի դաժան, խիզախ, անխոհեմ և խարդախ էությունը, ինչպիսիք էին Դիեն Վեյը, Յուվընը և Չընտուն:

Կապույտ (փիրուզագույն)․ այս գույնով ներկայանում են չեզոք դիրք գրավող, դաժան ու անկարգապահ կերպարները, օրինակ՝ Սիա Հոուտունը, Չըն Յաոծինը, Տոու Արտունը, Մաուն և այլք։

Կանաչ․ այս գույնով ներկայանում են դևերը և հրեշներիը, օրինակ՝ «Կարիճի ոգին»:

Մանուշակագույն․ ներկայացնում է հանդիսավորություն, կայունություն և արդարության ուժեղ զգացում, այս հատկություններով օժտված էին Ճուան Ճուն, Ճանխըն և Ծինքըն։

Վարդագույն․ այս գույնով ներկայանում են ծեր և տկար կերպարները, ինչպիսիք են Հուան Ճոնգը, Յեն Յենը և Լիեն Փոն:

Ոսկեգույն և արծաթագույն․ ներկայացնում են կերպարների առեղծվածային, ազնվական և հանդիսավոր բնույթը․ այս գույներով ներկայանում են« դևերը, աստվածները և Բուդդաները», օրինակ՝ Բուդդան և Սուն Վուքոնը:

Հանդերձանք

Ավանդական դրամայում բոլոր զգեստները միասին կոչվում են «սինթոու»(դերասանական հանդերձանք): Հիմնական հանդերձանքը հետևյալն է․ զգեստ՝ վրան ասեղնագործ վիշապ (այսպիսի զգեստ կրում էր նաև կայսրը), թիկնոց, լայնաթև բաճկոն, սաղավարտ, երկարաճիտ կոշիկներ և այլն: Հանդերձանքն ընտրվում է՝ ըստ դերի և մասնագիտության, իսկ ժամանակը, տարածաշրջանը կամ եղանակային պայմանները հաշվի չեն առնվում։ Զգեսների հավաքածուն սովորաբար կարելի է կրել տարբեր իրավիճակներում: Այլ կերպ ասած, զգեստների նույն հավաքածուն օգտագործվում է տարբեր բեմադրություններում ՝ տարբեր ներկայացումների ժամանակ:

Բեմական պարագաներ

Պեկինյան օպերայի ցուցադրման ժամանակ օգտագործվող պարագաները բավականին ունիվերսալ են: Օրինակ՝ ձիու մտրակը կարող է օգտագործվել ձիու փոխարեն, իսկ ասեղնագործված անիվներով երկու կտորներն օգտագործվում են՝ ներկայացնելու որևէ փոխադրամիջոց (մինչդեռ մեքենայում գտնվող մարդիկ այդ պահին իրականում քայլում են բեմի վրա)։

Thumb
Անիվներով ասեղնագործված երկու կտերները՝ որպես փոխադրամիջոց (Լուսանկարը՝ «Գեղեցկուհու գլխատումը» ներկայացումից)
Thumb
Արտիստը օգտագործում է ձիու մտրակ՝ ներկայացնելու ձիու խրխինջը (Յան Վընկուան, «Թշնամու ջախջախում» պիես)

Դերեր և ոճեր

Պեկինյան օպերայում հիմնական դերերը հինգն են՝ Շըն, Տան, Ծին, Մո և Չոու։

  • Շըն - Կերպարների մեծ մասը դրական, ազնիվ ու բարի տղամարդիկ են։ Շընի կերպարն իր հերթին բաժանվում է Ծեր Շընի (կամ Մորուքավոր Շընի), Երիտասարդ Շընի և Զինվորական Շընի (lǎoshēng, xiǎoshēng, wǔshēng)։
  • Տան- Ներկայացնում են բարձրաշխարհիկ կանանց, հավատարիմ և ազնիվ մայրերի։ Կերպարն իր հերթին ունի հետևյալ տեսակները․«Ցինյի տան» կամ «Ճընտան» (հիմնականում կերտում է դրական հատկություններով օժտված, ուղղամիտ, երիտասարդ կանանց դերը), «Խուատան» (Բառացի՝«ծաղկային տան»։ Կերպարը աշխույժ է և կենսուրախ, իսկ շարժումները՝ ճկուն և արագ), «Խուաշան», «Ուտան»(ներկայանում է մարտի տեսարաններում), «Տաոմատան»(կին զինվորականներ, գեներալներ), «Լաոտան»(Բառացի՝ ծեր տան․ կատարում է կա՛մ աղքատ, ծեր կնոջ, կա՛մ թագուհու, կա՛մ մարտերի հերոսուհու դեր), «ցաիտան»(Հայտնի են նրա չոուտան(տգեղ տան), հանչոու յաթոու(տգեղ աղջիկ), չոու փոծը (տգեղ կին) կերպարները, որոնք կերտվում են «ծաղրածուի »կամ «խեղկատակի» կերպարի կողմից)։
  • Ծին - Նաև հայտնի է՝ որպես խուալիեն, ներկայանում է՝ որպես կոպիտ և հերոսական գծերով օժտված տղամարդու կերպար։ Իր հերթին ունի հետևյալ տեսակները․ Վընծին (երգող կերպար, պղնձե մուրճով կերպար և սև գլխով կերպար) և Վուծին (այս տեսակը կենտրոնանում է միայն մարտարվեստը ներկայացնելու վրա, չի երգում և չի ասմունքում:)
  • Չոու - նաև կոչվում է «սյաո հուա լիեն» (小花脸, բառացի՝ փոքրիկ ծաղկային երես) կամ «սան հուա լիեն» (三花脸, բառացի՝ երեք ծաղկային երես), կերտում է «ծաղրածու-խեղկատակի»դերը՝ խաղալով հումորային տեսարաններում, ունի «վընչոու», «վուչոու» և «ցաիտան» տեսակները։

Բացի այս ամենից, Յուեն դինաստիայի դրամայում և Մին դինաստիայի լեգենդներում կար նաև Մո-ի դերը, որը անկախ մասնագիտություն էր՝ ավելի տարիքով տղամարդու երկրորդական դեր, որը հետագայում միաձուլվեց շըն դերի հետ` դառնալով մոտավորապես նույնը, ինչ լաոշըն-ի դերը։։

Պեկինյան օպերայի տարբեր դպրոցներ (ուղղություններ) հիմնականում առանձնանում են դերասանների կատարողական ոճերով և գեղարվեստական առանձնահատկություններով, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ զարգանալով վարպետ-աշակերտ հարաբերությունների միջոցով։ Տարբեր դպրոցներ ունեն բեմադրությունների ներկայացման իրենց տարբերակները։

Ցինյի, Խուատան

Վանի ոճ

Վան Յաոցինը, միավորելով «Ցինյի», «Խուատան» և «Տաոմատան» դերերը, ստեղծեց «Խուաշան» կերպարը, որի առանցքային ունակություններն էին երգը և պարը, ասմունքը, դերասանական խաղը և մարտարվեստը։ Այս ամենը ամուր հիմքեր ստեղծեց «Տանծյուե» դպրոցի զարգացման համար: Երիտասարդ հասակում Վան Յաոցինն առանձնանում էր վառ և արտահայտիչ ձայնով: Հարկ է նշել, որ նա բազում նորամուծություններ է մտցրել կանացի դերերի կերտման մեջ: Մի շարք ներկայացումներում («Հարավային երկնային դարպաս»,«Ֆընխը գետը», «Բազմագույն շենքեր») Վանը հանդես էր գալիս «Ցինյի» կանացի դերով՝ վայելելով հանդիսատեսի համակրանքը, իսկ «Ծիածան» և մի շարք այլ ներկայացումներում փայլուն կերպով կատարում էր ռազմիկ և ձիավոր կանանց դերերը։ Ավելի ուշ՝ ձայնային տվյալների վատացման հետ մեկտեղ, նա սկսեց իրեն փորձել «Խուատան» և «Տաոմատան» դերերում։ Նրա մասնակցությամբ հայտնի են հետևյալ ներկայացումները՝ «Տասներեք քույրերը», «Ցիփան լեռը»,«Ֆանծիան լեռնանցքը», «Մուքը գյուղը և Մութիեն թագավորը»։ Հետագայում բազմիցս ելույթ ունենալով կայսերական պալատներում՝ նրանք որպես օրինակ վերցրին Ցին դինաստիայի արիստոկրատ կանանց ձայները, արտաքին տեսքը, բարքերն ու սովորությունները և սկսեցին կատարել «Ցիտան» ներկայացումները ավելի հանդարտ և վեհ ոճով։ Դրանցից հայտնի են՝ «Յանմըն լեռնանցքը»,«Սըլիանը այցելում է մայրիկին», «Նեֆրիտ և սալոր», «Մեծ դահլիճ», «Վարագույրներով փակված տնակը» ներկայացումները։

Մեյի ոճ

Մեյ Լանֆանի ներկայացման ոճը առանձնանում է իր նրբագեղությամբ և պարզությամբ։ Այն կարող ենք սահմանել՝ որպես «չափավոր և հանդարտ» խաղ։ Մեյ Լանֆանն իր գեղարվեստական ստեղծագործման գործընթացը ամփոփում է՝ որպես «պարզ, բարդ, հետո նորից՝ պարզ»։ Որպես հիմք վերցնելով պարզությունը՝ նա շարժվում է դեպի հարուստ և բարդ տարրեր, իսկ հետո աստիճանաբար նոսրացնելով այդ բարդ տարրերը՝ ամբողջը դարձնում է կատարյալ և միևնույն ժամանակ բնական: Նրա ոճը հաճախ ներկայացվում է «առանց ոճի» ձևակերպմամբ՝ հիմք ընդունելով այն փաստը, որ նրա ոճը «հստակ բնութագիր չունի»․ սա ապացուցում է Լանֆանի արվեստի ընդգրկուն լինելու փաստը։ Լանֆանը հանդես է եկել «խուաշան» կերպարով, որը ստեղծվել է Վան Յաոցինի կողմից։ Հայտնի ավանդական ներկայացումներից են՝ «Հարբած հարճը»,«Տիեզերական շեղբը», «Տարօրինակ հանդիպումը»։ Ժամանակակից ներկայացումներից հայտնի են՝ «Հաջողություն իմ հարճին», «Աստվածուհին ծաղիկներ է սփռում», «Թայճընի լեգենդը», «Փյունիկը վերադառնում է իր բույնը», «Ատելություն կյանքի և մահի», «Լիեն Ծինֆըն», «Ռազմիկներն ընդդեմ Ծինի», «Սի Շը», «Լուո գետի թագուհին», «Մո Կուեյինը կատարում է հրամանը»։ «Քունցիու» օպերայում հանդես է եկել հետևյալ ներկայացումներում՝ «Քաջվարդի տաղավար. երազը այգում», «Լեյֆըն տաճարը. ջրային մենամարտը կոտրված կամրջի մոտ», «Սին ծովի պատմությունը. մարդկային աշխարհի կարոտը» և «Երկաթե թագ. վագրի սպանություն»։

Հայտնի հետնորդներից են Յան Խուեյճուն, Տու Ծինֆանը, Մեի Պաոծյուն, Վեի Լիենֆանը, Լի Շըֆանը, Տին Ճըյունը, Լի Յուրուն, Լի Յուֆուն, Յան Ցիուլինը և այլք։

Չենի ոճ

Չենի ոճը տեղծվել է Չըն Յուենցիուի կողմից։ Հայտնի ներկայացումներն են՝ «Կողպված քսակը», «Երազ գարնան պալատում», «Արցունքներ ամայի լեռան գագաթին»,«Նեֆրիտե մազակալը», «Ձյուն հունիս ամսին», «Ընկած Շուի հայելին», «Օրիորդ Մա Ճաոյին», «Դստեր գերեզմանը», «Կանաչ, սառցեպատ թուրը» և այլն։

Հայտնի հետնորդներից են Վան Յինցյուն, Ճաո Րոնչըն, Լի Շըծին, Սին Յանղիուն, Լիու Յաոյաոն, Յին Չանծյուենը, Յաո Յիյաոն և այլք։

Շանի ոճ

Շանի ոճը ստեղծվել է Շան Սյաոյունի կողմից, որը հայտնի է իր թրամարտերով և կանացի դերերի փայլուն կատարմամբ։ Հիշարժան ներկայացումներից են՝ «Արքայադուստր Շուանյանը», «Երկնքի և երկրի հայելին. օրհնություն և երկարակեցություն», «Ճաո Ծյունը անցնում է սահմանը», «Ծիսակատարություն աշտարակում», «Երկրորդ այցելությունը պալատ» և այլն։

Հայտնի հետնորդներից են Շան Ճանլինը, Վու Սիուցիուն, Յան Րոնհուանը, Լի Սիհոնը, Շան Հուեյմինը, Սուն Մինծուն։ Հայտնի աշակերտներից են Ծյու Սիաոսուն, Ճան Յենլինը, Ճոու Լին, Ճան Րուեյլին, Մոու Յուենտին և այլք։

Սյունի ոճ

Սյունի ոճը ստեղծվել է Սյուն Խուեյշընի կողմից։ Հայտնի ներկայացումներն են՝ «Կարմիր օրիորդը», «Երկու սխալմունք Կարմիր պալատում», «Նեֆրիտե ապարանջանի հետաքննությունը», «Սյուն Կուանլին» (պատմական հերոսներից մեկի ՝ Սյուն Կուանլիանի պատմությունը), «Ասեղնագործ զգեստի պատմությունը», «Տու Շընիան» (չինական գրականության մեջ հայտնի կերպար Տու Շընյանի պատմությունը), «Ճուո Վենծյուն» (սիրո պատմություն հայտնի գիտնականի կնոջ մասին), «Խուո Սյաոյու»(պատմություն ողբերգական սիրո մասին), «Ծաղիկների պարտեզի մեղավորը», «Ոսկե ապարանջանի թագուհին»։

Հայտնի հետնորդներից են Թոն Ճըլիանը, Ճաո Յենսյան, Սյուն Յումինը, Սոն Ճանրոն, Լիու Ճանյուն։ Հայտնի աշակերտներից են Կոն Սյուփինը, Կըն Ցիաոյունը, Լիու Խուեյմինը, Գուան Պոն, Չըն Ցիույուեն, Թան Խըսիանը, Սյոն Մինսյան, Ճան Յուն, Սյու Ցուեյը, Ճան Ծիաճուն,Ճու Ծյունհաոն, Յին Ծյուն և այլք։

Ճանի ոճ

Ճանի ոճը ստեղծվել է Ճան Ծյունցիուի կողմից։ Հայտնի ներկայացումներն են՝ «Գետին նայող տաղավարը», «Պոեզիայի և գրականության հավաք», «Չու պալատի վիշտը», «Ցին Սյանլյան» (Ցին Սյանլյանի (չինական դրամայի կերպար) պատմությունը) և այլն։

Հայտնի հետնորդներից են Վու Յինցիուն, Յան Շուրուեյը, Սյուե Յափինը, Տոն Ցուեյնան, Վան Րոնրոնը, Ճաո Սյուծյունը, Սոն Յուճընը, Ծիան Յիշանը և այլք։

Սյաոյի ոճ

Սյաոյի ոճը ստեղծվել է Սյաո Ցուեյխուայի կողմից, հայտնի է իր «խուատան »և «փոլատան »դերերով։ Հայտնի ներկայացումներից են՝ «Ցուեյփին լեռը», «Աշտարակում նստած՝ սպանել Սիին» (Սին այս օպերայի կերպարն է, որը հաճախ ասոցիացվում է ողբերգական սիրո թեմայի հետ), «Սանլիանի գերեվարումը», «Կարմիր սալորի պարտեզ»,«Ինյանի գետը», «Ճակատամարտ Վան քաղաքում», «Մեծ դագաղի մասին պատմությունը»,«Լոտոսի և մարգարտի համապատասխանությունը» (հաճախ պատկերում է ռոմանտիկ կամ ճակատագրով կապված զույգերի), «Զգեստի մի կտոր», «Մա Սիյուենը բացում է թեյարանը»(նկատի ունի մի կերպարի՝ Մա Սիյուենին, որը ներգրավված է թեյարանում տեղի ունեցող պատմության մեջ)։

Հայտնի հետնորդներից են Մաո Շըլայը, Չըն Յոնլինը, Ցուեյ Սիյունը, Լի Տանլինը, Տայ Ցիսյան և այլք։

Խուանի ոճ

Խուանի ոճը ստեղծվել է Խուան Կուեյցիուի կողմից։ Հայտնի են հետևյալ ներկայացումները՝ «Գարնան և աշնան հանդիպումը», «Թիթեռնիկ և խնկավաճառ», «Աշնանային բուրմունք և երեք ծիծաղ»։

Հայտնի հետնորդներից են Վան Սիչունը, Գու Ճընցիուն, Ճան Մինճըն, Ճու Յոնքանը և այլք։

Սյուի ոճ

Սյուի ոճը տեղծվել է Սյու Պիյունի կողմից։ Հայտնի ներկայացումներից են՝ «Կանաչ մարգարիտն ընկնում է շենքից», «Յյու Սյաոցուեյ» և այլն։

Հայնի հետնորդներից են Մաո Շըլայը, Պի Կույունը և այլք։

«Լաոտան» դերը

Կոնի ոճ

Կոնի ոճը ստեղծվել է Կոն Յունֆուի կողմից։ Հայտնի ներկայացումներից են՝ «Ոսկե կրիայի որսը», «Հանդիպում կայսրուհու հետ», «Հարվածել վիշապին», «Ճանապարհորդություն վեց պաատներում» և այլն։

Լիի ոճ

Լիի ոճը ստեղծվել է Լի Տուոքուեյի կողմից։

Լաո Շընի (Ծեր Շընի) ոճ

Թանի ոճ

Թանի ոճը ստեղծվել է Թան Սինփեյի կողմից։ Հայտնի հետներդներից են Թան Սիափեյը, Թան Յուենշոուն, Թան Սիաոծընը, Թան Ճընյենը և այլք։

Հայտնի ներկայացումներից է՝ «Տինծյուն լեռը»։

Յուի ոճ

Յուի ոճը ստեղծվել է Յու Շույենի կողմից, որը մեծ ներդրում է ունեցել Պեկինյան օպերայում տղամարդու դերերի կատարման, ինչպես նաև վոկալային արվեստի ներկայացման գործում: Հայտնի հետնորդներից են Մըն Սյաոտոնը, Լի Շաոչունը, Չըն Շաոլինը, Յան Պաոճոնը, Վան Շաոլոուն,։ Հայտնի աշակերներից է Վան Փեյյուն։

Հայնի ներկայացումներից են՝ «Որբի որոնումները», «Տինծյուն լեռը», «Ճակատամարտ Թայփինգի համար» և այլն։

Յանի ոճ

Յանի ոճը ստեղծվել է Յան Պաոսընի կողմից։ Հայտնի հետնորդներից են՝ Վան Ճընխուան, Չըն Ճընթայը և այլք։

Հայնի ներկայացումներից են՝ «Դատարկ քաղաքի ռազմավարություն», «Հուշարձանը», «Սև ավազանի պատմությունը», «Ճաո լեռնանցքի հերոսը», «Ցաոյի գերեվարումը և ազատումը», «Ցաոյի անեծքը» և այլն։

Մաի ոճ

Մաի ոճը ստեղծվել է Մա Լիենլիանի կողմից, որի խաղը, երգելու և ասմունքելու արվեստը համարվում է ամենանրբագեղներից մեկը։ Հայտնի հետնորդներից են Յեն Շաոփընը, Ֆըն Ճըսյաոն, Ճան Սյուեծինը և այլք։

Հայտնի ներկայացումներից են՝ «Գրկելով արևելյան քամին», «Խուայ գետի ափին», «Չորս գիտնականները» և այլն։

Յենի ոճ

Յենի ոճը ստեղծվել է Յեն Ծիուփընի կողմից։ Հայտնի ներկայացումներից են՝«Հարվածել ոսկե ճյուղին», «Թագուհի Խըն անիծում է պալատը», «Վան Լանի անեծքը», «Ճակատամարտ Թայփինի համար» և այլն։

Կաոյի ոճ

Կաոյի ոճը ստեղծվել է Կաո Ցինքուեյի կողմից։ Հայտնի հետնորդներից են Կաո Շըշոուն, Լի Շընծաոն, Լի Խըցընը, Լի Ծոնյին, Սոն Պաոլուոն, Շըն Ծինպոն, Պայ Ծիալին, Յու Ճոնխըն։ Հայտնի աշակերտներից են Սին Պաոտան, Լի Վընլինը, Նի Մաոցայը, Վու Փինը, Ճան Յուեֆուն և այլք։

Հայտնի ներկայացումներից են՝ «Սյաո Յաո գետը», «Սոնի գլխատումը կայսերական դարպասի մոտ», «Խուան Փաոյի գլխատումը»,«Մա Սուի գլխատումը», «Լաց լինել Ցին կայսրության դատարանում», «Սյուն Յան աշտարակը», «Միացված ճամբարները», «Յան Ֆընի պլանը», «Յոթաստղանի լամպը», «Փառավոր գարունը և աշունը», «Երեք հարձակում Ճու գյուղի վրա»,«Երեք հերոսների քարտեզը», «Սուն Անը շարժում է արմատները»,«Շը Քըֆայի՝ ազգը փրկելու պատմությունը», «Փորել՝ տեսնելու համար մայրիկին»,«Սոն դինաստիայի մասին տասը հատորները», «Մեյ լեռան ատելությունը», «Յուրան կամուրջը», «Մալիան արահետը», «Սուցինը և Ճանյին», «Կնիքի կեղծում՝ Ճաոյին փրկելու համար», «Թիթեռնիկի երազը», «Ութ որոնումներ Ծոու Յինգլոնի համար», «Ճու Սիեն աշտարակը», «Կյանքի և մահու աղյուսակ», «Աստղերին հասնող աշտարակը», «Լու Ճաիլանի գլխատումը», «Չուան թագավորի դրոշը»։ Իսկ ժամանակակից ներկայացումներից հայտնի են՝ «Սպիտակ ամպեր և կարմիր դրոշներ», «Ծիե Ճըն երկիրը» և այլն։

Սիի ոճ

Սիի ոճը ստեղծվել է Սի Սյապոյի կողմից։ Հայտնի է «Սպիտակ կայսերական քաղաքը» ներկայացումը։

Ցիի ոճը

Ցիի ոճը ստեղծվել է Ճոու Սին Ֆանի կողմից; Հետնորդներից հայտնի են Չըն Յուճանը, Կաո Պայսուեյը, Չըն Խըֆընը, Ճոու Շաոլինը, Սիաո ՎաՆ Գուեյցինը և այլք։

Հայտնի ներկայացումներից են՝ «Գլխատում Սուրբ Գրությունների սրահում», «Հան Սինի հետապնդումը»,«Յան Սոնի ծեծը», «Չորս գիտնականներ», «Սյու Ցըն ղեկավարում է քաղաքը», «Խուարոն լեռնանցքը», «Օրիորդ Ճաո Վուն», «Աստվածների ներդրումը», «Իններորդ կեսգիշեր» և այլն։

Թանի ոճ

Թանի ոճը ստեղծվել է Թան Յունշընի կողմից։ Հայտնի հհետնորդներից են Ճան Հայթաոն, Թան Տըննիենը, Շաո Լինթոնը, Վան Յուլինը, Վան Ցինյուենը և այլք։

Հայտնի ներկայացումներն են՝ «Հավաք հինավուրց քաղաքում», «Սուրը բաժանում է երեք լեռնանցքները», «Խոու Յին սպանում է արևներին» և այլն։

Վու Շընի դերը

Յանի ոճ

Յանի ոճը ստեղծվել է Յան Սիաոլոուի կողմից։

Շանի ոճ

Շանի ոճը ստեղծվել է Շան Հըյուի կողմից։ Հայտնի հետնորդներից են Հան Ճանպաոն, Լի Պայծիունը և այլք։ 1949 թվականին Թայվան գալուց հետո՝ 1984 թվականին Լի Պայծիունը սկսեց դասավանդել Արվեստի ազգային ակադեմիայում (այժմ՝ Թայպեյի Արվեստի Համալսարան)։ Նա դասավանդում էր օպերային հիմնական հմտություններ և Պեկինյան օպերային հատուկ մարտարվեստ։ Լիու Լիենծուոն, Թան Ցոնշընը, Խուան Ծիենվեյը, Ճուան Քայսյունը և մի շարք այլ տաղանդներ ուսանել են վարպետ Լիի մոտ։[33]

Կայի ոճ

Կայի ոճը ստեղծվել է Կայ Ծիաոթիենի կողմից։

Լիի ոճ

Լիի ոճը ստեղծվել է Լին Վանչունի կողմից։

Լիի ոճ

Thumb
Սուն Վուքոն, «Ճանապարհորդություն դեպի արևմուտք»

Լիի ոճը ստեղծվել է Լին Շաոչունի կողմից։

Սիաո Շընի (Երիտասարդ Շընի կերպարը)

Ծիանի ոճ

Ծիանի ոճը ստեղծվել է Ծիան Միաոսիանի կողմից։ Հայտնի հետնորդներից են Լիու Սյուեթաոն, Լին Մաորոնը և այլք։

Յեի ոճ

Յեի ոճը ստեղծվել է Յե Շընլանի կողմից։ Հայտնի հետնորդներից են Յե Շաոլանը, Մա Յուցին և այլք։

Հայտնի ներկայացումներ՝ «Լուո Չընը անցնում է արահետով», «Նիզակի հարվածը կայսերական դարպասի մոտ», «Հերոսների հավաքը» և այլն։

Յուի ոճ

Յուի ոճը ստեղծվել է Յու Ճընֆեյի կողմից։

Վընծին

Ծինի ոճ

Ծինի ոճը ստեղծվել է Ծին Շաոշընի կողմից։ Հայտնի հետնորդներից է Վան Ցյուենքուեյը։

Հայտնի ներկայացումներից է «Կայսերական այգին»։

Ցիուի ոճ

Ցիուի ոճը ստեղծվել է Ցիու Շընրոնի կոմղից, հայտնի հետնորդներից են Ցիու Ծիրոնը, Ֆան Րոնսիանը, Լի Ճանչունը, Քան Վանշընը և այլք։

Ներկայացումներից հայտնի են «Չըսան քաղաքը», «Դեպք՝ գեղեցկության մահապատժի մասին», «Յին լեռան ուսումնասիրությունը», «Հինգ վիշապների բանտարկումը» և այլն։

Վուծին

Հաոյի ոճ

Հաոյի ոճը տեղծվել է Հաո Շոուչընի կողմից, որը գերազանց կատարում է Ցաո Ցաոյի դերը։ Հայտնի հետնորդներից է Յուեն Շըհայը, իսկ ներկայացումներից հայտնի է «Եղեգները ճահճում»-ը։

Հոուի ոճ

Հոուի ոճը ստեղծվել է Հոու Սիրուեյի կողմից։ Հայտնի ներկայացումներն են՝ «Ձին քայլում է կանաչ դաշտերով», «Քամու ամրոցը» և այլն։

Չոու

Չոուի ոճը ստեղծվել է Սիաո Ճանխուայի կողմից։

Ուսուցում

Thumb
1934 թվականին Պեկինի դրամատիկական դպրոցի աշակերտները սովորում են «ցիաոկոն» պարը

Պեկինյան օպերայի դերասանների հմտությունները սովորաբար փոխանցվում են վարպետից աշակերտին: Պեկինյան օպերայի ուսուցման ավանդական կենտրոններում սովորելը չափազանց կարևոր է՝ որակյալ դերասան դառնալու համար։ 1930 թվականին հիմնվեց Պեկինի օպերայի դասավանդման դպրոց, որը օպերայի հմտությունները սովորելու նոր միջոց էր։

Ներկայումս Չինաստանում Պեկինյան օպերայի դերասանական հմտություններին տիրապետելու կարգը հետևյալն է․ սկզբում աշակերտն անցնում է վեցամյա ուսուցման ծրագիր Արվեստագիտության միջնակարգ դպրոցում, որից հետո հանձնելով քոլեջի ընդունելության և արվեստի իմացության քննությունները՝ անցնում է քառամյա ուսուցման բակալավրիատում:

Հայտնի արտիստներ

Տաոկուան դարաշրջանի երեք աստղերը

Չըն Չանկըն, Ճան Արքուեյ, Յու Սանշըն

Հայտնի երեք աստղեր

Թան Սինփեի, Վան Կուեյֆըն, Սյուն Ծիուսիեն

Թոնկուան ժամանակաշրջանի տասներեք աստղերը

Հաո Լանթիեն, Ճան Ծընքուեյ, Մեյ Ցիաոլին, Լիու Կանսան, Յու Ծըյուն, Չըն Չանկըն, Սիու Սիաոսիան, Շը Սիաոֆու, Յան Մինյու, Լիու Շընքուեյ, Ճու Լիենֆըն, Թան Սինփեյ, Յան Յուելոու

Չորս հայտնի դերասաններ

Մեի Լանֆան, Չըն Յենցիու, Շան Սիաոյուն, Սյուն Խուեյշըն

Չորս հայտնի տղամարդիկ

19-րդ դարի 20-ական թվականների չորս մեծ դերասաններ՝ Յու Շույեն, Կաո Ցինուեյ, Յեն Ծիուփըն, Մա Լիենլիան

19-րդ դարի 30-ական թվականների չորս մեծ դերասաններ՝ Յու Շույեն, Յեն Ծիուփըն, Մա Լյենլիան, Թան Ֆույին

19-րդ դարի 40-ական թվականների չորս մեծ դերասաններ՝ Մա Լիենլիան, Թան Ֆույին, Յան Պաոսըն, Սի Սյաոպո

Ներկայացմանը վերաբերող հատուկ տերմիններ

  • Ծիծաղի տեսարան․ վերաբերում է այն իրավիճակին, երբ դերասանները բարձրաձայն ծիծաղում են ներկայացման ժամանակ, որը համարվում է սցենարից դուրս հատված՝ միտված ոչնչացնելու բեմական արվեստի լրջությունն ու ռեալիզմը։
  • Բաց թողնված ներկայացում կամ ուշացած մուտք․ վերաբերում է այն իրավիճակին, երբ դերասանը ժամանակին չի հասնում թատրոն՝ իր դերը կատարելու համար՝ պատճառ դառնալով ամբողջ ներկայացման հետաձգման համար։
  • Դերասանի՝ բեմում չափազանց շուտ հայտնվելը․ նախորդի հակառակն է, նկարագրում է մի իրավիճակ, երբ դերասանը հայտնվում է բեմում ավելի շուտ, քան նախատեսված էր սցենարի շրջանակներում։
  • Բեմական վախ․ վերաբերում է դերասանի նյարդային և լարված հոգեվիճակին, առաջանում է փորձերի բացակայության կամ պիեսին անծանոթ լինելու պատճառով, ինչն էլ ազդում է ներկայացման որակի վրա։
  • Խառնաշփոթ բեմում․ առաջանում է դերասանի՝ ներկայացման սցենարին ծանոթ չլինելու պատճառով, ինչի հետևանքով դերասանը կարող է մոռանալ իր խոսքերը, երգի բառերը կամ սխալներ թույլ թալ՝ խառնաշփոթ առաջացնելով բեմում։
  • Դադար ներկայացման ժամանակ, խոսքը վերաբերում է բեմական ներկայացման հանկարծակի դադարին դերասանների՝ իրենց տողերը մոռանալու, ներկայացումը բաց թողնելու և այլ պատճառներով։ Բեմական ներկայացումների ժամանակ հանդիպող ամենատարածված երևույթներից է։ Ինչ էլ որ կատարվի ներկայացման ժամանակ, այն չպետք է ընդհատվի։
  • Ուսուցում, սա վերաբերում է հետևյալին․ եթե ներկայացման ընթացքում հանկարծակի սխալներ են տեղի ունենում, ապա նույն բեմի համապատասխան անձնակազմը պետք է ժամանակին միջոցներ ձեռնարկի դրանք վերացնելու համար, որպեսզի ներկայացումը շարունակվի բնականոն կերպով:
  • Ներկայացման ընդհատում․ սա վերաբերում է մի իրավիճակի, երբ դերասանը, դժգոհ լինելով գործընկերների կամ նվագախմբի կատարումից, ներկայացման ընթացքում հրապարակավ հանդիմանում կամ նախատում է նրանց: Սա հանգեցնում է ներկայացման ընդհատմանը։
  • Տեսարանի վերահսկում․ վերաբերում է այն պրակտիկային, երբ ավագ կամ փորձառու դերասանը (հաճախ վարպետ կամ ուսուցիչ) վերահսկում է ներկայացումը, հատկապես երբ դերասանն անփորձ է: Ուսուցիչը բեմի կողային վարագույների հետևից ուղղորդում և հոգեկան աջակցություն է ցուցաբերում՝ հետևելով, որ ներկայացումը սահուն կերպով ընթանա։ Որոշ դեպքերում ներկայացումները հատուկ գովազդվում են որպես հայտնի գործչի կողմից «վերահսկվող», ինչը ոչ միայն բարձրացնում է դերասանների հեղինակությունը, այլև գրավում է ավելի մեծ թվով հանդիսատեսի:
  • Թեյի ընդմիջում բեմում․ սա Պեկինյան օպերայի ժամանակ տեղի ունեցող հին սովորություններից է․ բեմադրության ժամանակ վարպետը կամ ուսուցիչը թեյ էր բերում դերասաններին, որպեսզի նրանք խմեն և հանգստացնեն իրենց կոկորդը: Սակայն 1950-ական թվականներին առաջ քաշվեց «բեմի մաքրման» գաղափարը, և այդ սովորույթը վերացավ։
  • Տեսարան՝ հանդիսատեսի առաջ․ տեսարան, որը ներկայացվում է բեմում՝ հանդիսատեսի առաջ։
  • Տեսարան ետնաբեմում․ սա վերաբերում է ներկայացման այն հատվածներին, որոնք չեն ընթանում անմիջապես բեմում, փոխարենը տեղի են ունենում բեմից դուրս կամ ետնաբեմում։ Այս տեսարանները կարող են փոխանցվել երկխոսության, ձայնային էֆեկտների կամ այլ միջոցներով, որոնք հուշում են, թե ինչ է կատարվում բեմից դուրս: Օրինակ՝ «Ձկնորսի և իր ընտանիքի սպանությունը» (《打渔杀家》) օպերայում, որտեղ Սյաո Ընկոնին պատժում են դատարանի դահլիճում, դիտվում է որպես բեմից դուրս, իսկ ետնաբեմից տախտակներին հարվածելու ձայնն օգտագործվում է՝ գործողությունը հանդիսատեսին փոխանցելու համար։
  • Շնորհակալություն հանդիսատեսին․ այս տերմինը վերաբերում է Պեկինյան օպերայի մի հին սովորույթի, երբ ներկայացման վերջում գլխավոր տղամարդ դերասանը (հաճախ վառ կարմիր պաշտոնական խալաթով և որսորդական գլխարկով) և գլխավոր կին դերասանը քայլում են դեպի բեմի առջևի հատված՝ խոնարհվելու և հանդիսատեսին շնորհակալություն հայտնելու համար: Երբեմն նրանք նույնիսկ իջնում են բեմից և ուղեկցում հանդիսատեսին մինչև թատրոնի ելքը՝ որպես երախտագիտության նշան։
  • Հետևել ներկայացման ընթացքին․ սա վերաբերում է այն պրակտիկային, երբ դերասանները ետնաբեմում իրենց ուշադրությունը կենտրոնացնում են բեմում ընթացող ներկայացման վրա, որպեսզի պատրաստ լինեն իրենց հերթին բեմ մուտք գործելու՝ ապահովելով ներկայացման սահուն ընթացքը։
  • Սպասում ետնաբեմում․ դերասանները ետնաբեմում սպասում են իրենց հերթին՝ լավագույնս նախապատրաստվելով իրենց տեսարանի ներկայացմանը։
  • Բեմի լրացում․ այս տերմինը վերաբերում է երկու հիմնական գործողությունների կամ ներկայացումների միջև ժամանակավոր կամ կարճ տեսարան կատարելու պրակտիկային, որը միտված է ժամանակ շահել հաջորդ խմբի դերասանների նախապատրաստման կամ տեխնիկական ճշգրտումների համար: Այն երբեմն ծառայում է որպես «ներկայացումը փրկելու» հատուկ ձև։
  • Սառած տեսարան․ այս տերմինը վերաբերում է մի իրավիճակի, երբ դերասանը անսպասելի սխալի հետևանքով հայտնվում է անհարմար իրավիճակում ՝չկարողանալով արագ արձագանքել կամ իմպրովիզներ անել:
  • Շտապել հաջորդ ներկայացմանը․ այս տերմինը երկու իմաստ ունի.
  1. Կոստյումների կամ դերերի արագ փոփոխություն. վերաբերում է զգեստների արագ փոփոխմանը կամ կարճ ժամանակում այլ դերի նախապատրաստմանը՝ ապահովելով ճիշտ ժամանակին բեմ վերադարձը։ Օրինակ, «Երկաթե աղեղի ճակատագիրը» ֆիլմում դերասանուհի Չըն Սյուինը մարմնավորում է տղամարդու կերպար՝ Վան Ֆուկանի կերպարը, որը պահանջում է նրանից արագ նախապրաստվել։ Կամ «Չորս գիտնականները» ներկայացման մեջ, որտեղ մեկ դերասան խաղում է մի քանի դերեր (օրինակ՝ ամուրի, դռնապան և գիտնական), պահանջվում է դերերի և զգեստների արագ փոփոխություն։ Սա երբեմն կոչվում է «մեկ դերասան․երեք դեր» (一赶三):
  2. Ներկայացումներ մի քանի վայրերում. մի ներկայացման ավարտից հետո դերասանը շտապում է հաջորդ ներկայացման վայր՝ ճշգրիտ հաշվարկելով ժամանակը։

Կնիք

Պեկինյան օպերայի թատերախմբերը, սովորույթի համաձայն, տարեվերջին ունենում են ընդմիջում, որն ուղեկցվում է հատուկ արարողությամբ։ Ամեն տարի լուսնային օրացույցի տասներկուերորդ ամսվա կեսերից հետո տեղի է ունենում «փակման արարողություն», որտեղ ներկայացման համար օգտագործվող բոլոր սարքավորումները կրկին փաթեթավորվում են, դրվում տուփերի մեջ և կնքվում «հաջողություն» կնիքով: Արկղերը կարող են բացվել միայն հաջորդ տարվա «բացման արարողությունից» հետո:

Հյուրերի ելույթներ

Պեկինյան օպերայի թատերախմբից դուրս մարդիկ երբեմն ևս մասնակցում են ներկայացումներին: Նրանք, ովքեր ընդհանրապես վարձատրություն չեն ստանում, կոչվում են «մաքուր հյուր»: Երեխաները, որոնք մասնակցում են ներկայացմանը, կոչվում են «հրավիրյալ աստղեր»: Բացի դրանից ներկայացմանը ժամանակ առ ժամանակ մասնակցում են նաև թատերախմբի անդամ չհանդիսացող դերասաններ։

Մեծ եզրափակիչ

Հին ժամանակներում թատրոնները հիմնականում հանդես էին գալիս ցերեկային ներկայացումներով, որոնք սովորաբար սկսվում էին կեսօրից հետո և ավարտվում երեկոյան ժամը վեցին։ Խաղացանկում ներառվում էին վեց, յոթ, ութ կամ ինը ներկայացումներ, որոնք հիմնականում բաժանված էին երեք մասի, սովորաբար խաղում էին նոր, անփորձ դերասաններ կամ ուսանողներ։ Այս երեք մասերից յուրաքանչյուրի վերջին մասը կոչվում էր «առանցք»՝ առջևի առանցք, միջին առանցք և մեծ առանցք: Սա Պեկինյան մի քանի թատրոններում իրականացվող ներկայացման ձևն էր Ցին դինաստիայի ավարտի և Չինաստանի Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանում:

Ավանդական Պեկինյան օպերայի թատերախմբերի մոտ ընդունված ավանդույթի համաձայն՝ լավագույն երաժշտական հատվածներ ներառող պիեսը (որը սովորաբար կատարում էր թատերախմբի լավագույն արտիստներից մեկը) լինում էր նախավերջին ներկայացումը: Իսկ վերջինը մարտարվեստի տեսարանն էր, որին մասնակցում էին թատերախմբի՝ մարտարվեստը ներկայացնող բոլոր արտիստները: Այս տեսակի ներկայացումները սովորաբար տևում էին մեկ քառորդ ժամ: Հերոսները մասնակցում էին կարճատև մարտի, և ներկայացումն ավարտվում էր այն ժամանակ, երբ որոշվում էր՝ ով է հաղթողը, որից հետո հանդիսատեսի մեծ մասը՝ հիմնականում պաշտոնյաներեր և ազնվականներ, վեր էր կենում և հեռանում թատրոնից։

Ներկայացումը դիտելու եկած պաշտոնյաներն ու ազնվականները սովորաբար ժամանում էին կառքերով, և մինչ նրանք վայելում էին ներկայացումը, կառապանները կերակրում և հետևում էին ձիերին, երբեմն էլ մտնում այգի՝ կողքից ներկայացումը լսելու։ Երբ սկսվում էր մարտարվեստի վերջին տեսարանը, նրանք արագորեն պատրաստում էին ձիերին՝ սպասելով տիրոջ ժամանմանը:

Այս ներկայացումը կոչվում էր «մեծ եզրափակիչ», և լինելով նախավերջինը ներկայացումների շարքում, համարվում էր լավագույնը։

Այս ավանդույթի պատճառով որոշ մարդիկ, որոնք այնքան էլ ծանոթ չեն Պեկինյան օպերայի բնույթին, հաճախ սխալվում են՝ կարծելով, որ «փակման ներկայացումը» կամ «մեծ եզրափակիչը» (壓軸) միշտ ներկայացման վերջին տեսարանն է:

Չնայած «մեծ եզրափակիչը» նախավերջին տեսարանն է, դա սովորաբար այն պիեսն է, որտեղ խաղում է գլխավոր դերակատարը: Հետևաբար սա կարող ենք համարել ամենատպավորիչ ներկայացումը, որտեղ իր մասնակցությունն է ցուցաբերում թատերախմբի ամենահայտնի արտիստը [34]:

Նշումներ

  1. TTV «TTV չինական օպերա», CTV «Չինական օպերայի ցուցահանդես», CTS «Չինական օպերայի էությունը»

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.