From Wikipedia, the free encyclopedia
Ներեիդա (հին հունարեն՝ Νηρεΐς), նույնպես հայտնի է որպես Նեպտուն II, Նեպտուն մոլորակի մեծությամբ երրորդ բնական արբանյակն է։ Արբանյակը ունի չափազանց էքսցենտրիկ ուղեծիր։ Հայտնաբերվել է Ջերարդ Կոյպերի կողմից 1949 թվականին, և հայտնաբերված արբանյակներից երկրորդն էր այդ պահին։
Ներեիդա (Նեպտուն II) հին հունարեն՝ Νηρεΐς | |
---|---|
Ներեիդայի լուսանկարը Վոյաջեր-2 կայանից | |
Հիմնական տվյալներ | |
Հայտնաբերվել է | 1 մայիսի 1949 թ. թ. (Ջերարդ Կոյպեր[1]ի կողմից) |
Հեռավորությունը Նեպտուն | 5 513 787 կմ (0,03685 ա. մ.)[2][3] |
Ուղեծրային տվյալներ | |
Պերիհելին | 1 372 000 km (0,00917 ա. մ.)[2][3] |
Ապոհելին | 9 655 000 km (0,06454 ա. մ.)[2][3] |
Մեծ կիսաառանցք | 5 513 787 կմ (0,03685 ա. մ.)[2][3] |
Էքսցենտրիսիտետ | 0,7507[2][3] |
Սիդերիկ պարբերություն | 360,1362 օր |
Ուղեծրային արագություն | 934 մ/վ |
Թեքվածություն | 32,55°[2][3] (Նեպտունի հասարակածի նկատմամբ) 7,090° (տեղի Լապլասի հարթության նկատմամբ) |
Ֆիզիկական հատկանիշներ | |
Շառավիղ | 170 ± 25 կմ[4] |
Զանգված | 3,1×1019 կգ[4] |
Միջին խտություն | 1,5 գ/սմ³ ենթադրված[4] |
Հասարակածային մակերևութային ձգողություն | ~0,072 մ/վ² |
2-րդ տիեզերական արագություն | ~0,156 կմ/վ |
Պտույտի պարբերություն | 0,48 օր (11 ժ 31 ր)[5] |
Ալբեդո | 0,155[4] |
Մթնոլորտային տվյալներ | |
Մթնոլորտի ջերմաստիճան | ~50 Կ միջին ենթադրված |
Ներեիդան հայտնաբերվել է 1949 թվականի մայիսի 1-ին Ջերարդ Կոյպերի կողմից, ֆոտո-թիթեղների վրա, որոնք ստացվել էին 82 դյույմանոց աստղադիտակով ՄաքԴոնալդի աստղադիտարանում։ Կոյպերը առաջարկեց արբանյակի անվանումը իր հայտնաբերման հաշվետվության մեջ։ Արբանյակը անվանվել է Հունական դիցաբանության ծովային նիմֆերի ներեուհիների անունով[1]։ Սա Նեպտունի երկրորդ և վերջին արբանյակն էր, որ հայտնաբերվեց մինչև Վոյաջեր-2 կայանի մոլորակին հասնելը (հաշվի չառնելով Լարիսսայի միակ դիտարկումը 1981 թվականին)[6]։
Ներեիդայի պտտվում է Նեպտունի շուրջ ուղիղ ուղղությամբ 5 513 400 կմ միջին հեռավորության վրա, սակայն այն ունի մեծ էքսցենտրիսիտետ, մոտ 0,7507, որի պատճառով արբանյակը մոտենում է մոլորակին 1 372 000 կմ հեռավորության վրա իր պերիկենտրոնում և հեռանում է մինչև 9 655 000 կմ իր ապոկենտրոնում[2][3]։
Այս արտասովոր ուղեծիրը խոսում է այն մասին, որ Ներեիդան կարող է լինել կամ որսված աստերոիդ կամ Կոյպերի գոտու մարմին։ Ենթադրություն կա նաև, որ այն կարող էր լինել մոլորակի ներքին արբանյակ, որը դուրս է մղվել ավելի բարձր ուղեծիր Նեպտունի կողմից Տրիտոնի որսալու ընթացքում[7]։
1991 թվականին հաշվարկվեց Ներեիդայի պտույտի պարբերությունը, որը կազմում է 13,6 ժամ, վերլուծելով արբանյակի պայծառության կորը[8]։ Ավելի ուշ, 2003 թվականին, այս տվյալները ճշտվեցին, կազմելով 11,52 ± 0,14 ժամ[5]։ Այնուամենայնիվ այս չափումները վիճարկվեցին։ Այլ հետազոտությունների ընթացքում հնարավոր չի եղել ստանալ Ներեիդայի պայծառության որևէ տատանումներ[9]։
Ներեիդան Նեպտունի չափերով երրորդ արբանյակն է և ունի մոտ 170 կմ միջին տրամագիծ[4]։ Սա բավականին մեծ է անկանոն արբանյակի համար[5]։ Ներեիդայի ձևի մասին տեղեկություններ չկան[9]։
Սկսած 1987 թվականից որոշ ֆոտոմետրիկ դիտարկումներ ցույց են տալիս Ներեիդի պայծառության մեծ տատանումներ (~1 մեծության սահմաններում), ինչը կարող է տեղի ունենալ տարիների և ամիսների ընթացքում, սակայն երբեմն նույնիսկ պատահում է մի քանի օրվա ընթացքում։ Այս տատանումները մնում են հեռավորության և փուլի հետ կապված ճշտումներից հետո։ Սա նշանակում է, որ այս փոփոխությունները քաոտիկ են։ 2010 թվականի դրությամբ այս տատանումների արժանահավատ բացատրություն գոյություն չունի, սակայն նրանք հավանական է, որ կապված են Ներեիդայի պտույտի հետ։ Իր չափազանց մեծ էքսցենտրիսիտետի հետ կապված արբանյակը հավանական է, որ կամ գտնվում է ստիպողական պերցեսիայի մեջ, կամ էլ քաոտիկ տույտում, ինչպես Սատուրնի Հիպերիոնը արբանյակը։ Ամեն դեպքում այս արբանյակի պտույտը պետք է լինի անկանոն[9]։
Ներեիդայի սպեկտրը չեզոք է երևում[10], նրա մակերևույթին հայտնաբերվել է ջրային սառույց[7]։ Արբանյակի սպեկտրը զբաղեցնում է միջանկյալ տեղ Ուրանի Տիտանիա և Ումբրիել արբանյակների միջև, ինչից հետևում է, որ Ներեիդայի մակերևույթը կազմված է ջրային սառցի և սպեկտրայինորեն չեզոք նյութերի խառնուրդից[7]։ Արբանյակի սպեկտրը տարբերվում է արտաքին Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից և կենտավրոսներից՝ (5145) Ֆոլուսից, (2060) Քիրոնից և (10199) Չարիկլոյից, ապացուցելով, որ Ներեիդան ձևավորվել է Նեպտունի ուղեծրում, այլ ոչ թե որսացվել է նրա կողմից[7]։
Հալիմեդե արբանյակը ունի նման գույն, և կարող է լինել բախման արդյունքում Ներեիդայից պոկված բեկոր[10]։
Մինչ Վոյաջերի թռիչքը Ներեիդայի դիտարկումները սահմանափակված էին միայն Երկրի վրա գտնվող աստղադիտակներով կատարված պայծառության և ուղեծրի էլեմենտների հետազոտություններով[11]։
Միակ տիեզերական սարքը, որը մոտեցել է Ներեիդային եղել է Վոյաջեր-2-ը, որը անցել է արբանյակի մոտով 4 700 000 կմ հեռավորության վրա[12] 1989 թվականի ապրիլի 20-ից օգոստոսի 19 ժամանակահատվածում[13]։ Վոյաջեր-2 կայանը կատարել է արբանյակի 83 լուսանկարներ, դիտարկման ճշգրտությունը 70-ից մինչև 800 կմ[13]։ Կայանի կողմից ստացված լուսանկարների մանրամասնության աստիճանը բավարար չէր, որպեսզի հնարավոր լիներ տարբերել արբանյակի մակերևույթի առանձնահատկությունները, Վոյաջեր-2-ը կարողացավ միայն չափել արբանյակի չափերը և պարզել նրա գույնը, ինչպես նաև ցույց տվեց որ այս արբանյակը ունի ավելի բարձր ալբեդո քան Նեպտունի այլ փոքր արբանյակներ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.