From Wikipedia, the free encyclopedia
Յուլիան Ֆալատ (լեհ.՝ Julian Fałat, հուլիսի 30, 1853[1][2][3][…], Tulyholove, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - հուլիսի 9, 1929[2][4][5][…], Բիստրա, Gmina Wilkowice, Bielsko County, Սիլեզիայի վոյեվոդություն[6]), լեհ նշանավոր նկարիչ, ռեալիզմի և բնանկարային իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։
Յուլիան Ֆալատ լեհ.՝ Julian Fałat | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 30, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Tulyholove, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 9, 1929[2][4][5][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բիստրա, Gmina Wilkowice, Bielsko County, Սիլեզիայի վոյեվոդություն[6] |
Ազգություն | լեհեր |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա և Կրակովի արվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, ջրանկարիչ, ուսուցիչ, բնանկարիչ և ճանապարհորդ |
Ժանր | բնանկար, Երիտասարդ Լեհաստան (արվեստ) և ջրաներկ |
Ուշագրավ աշխատանքներ | Ash Wednesday? և View of Cracow?[7] |
Պարգևներ | |
Պաշտոն | ռեկտոր |
Անդամակցություն | Society of Polish Artists "Sztuka"? |
Julian Fałat Վիքիպահեստում |
1864-1869 թվականներին սովորել է Պերեմիշլի (այժմ` Պշեմիսլ) գիմնազիայում, այնուհետև ընդունվել է Կրակովի գեղարվեստի դպրոց (1870-1871)։ Ներկեր գնելու գումար չունենալով` հիմնականում հմտացել է ջրաներկով նկարներ անելու մեջ։
1872-1873 թվականներին Յուլիան Ֆալատը մեկնել է Ուկրաինա, նկարիչ աշխատել հնագիտական պեղումներում, այնուհետև Օդեսայում աշխատել է ճարտարապետի օգնական։
1873 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա, ապա Մյունխեն, որտեղ սովորել է Բավարական թագավորական տեխնիկական բարձրագույն դպրոցում (այժմ` Մյունխենի տեխնիկական համալսարան), որն ավարտելուց հետո 1878 թվականին աշխատանքի է ընդունվել երկաթուղու շինարարությունում։
1878-1880 թվականներին Յուլիան Ֆալատը գեղանկարչական իր հմտությունները կատարելագործել է Շտրաուբերի և Ռաաբեի` Մյունխենի ակադեմիայում։ Այս շրջանում նա հիմնականում ստեղծել է բնանկարներ, ժանրային նկարներ և դիմանկարներ։
1881-1886 թվականներին ապրել է Վարշավայում, մի շարք ուղևորություններ կատարել Իտալիա, Իսպանիա, Մերձավոր Արևելք, Ուկրաինա, Լիտվա։ 1886 թվականին Բեռլինում ներկայացրել է ջրաներկով աշխատանքների շարք, որը պատկերում էր Ռաձիվիլով իշխանների որսորդության տեսարաններ։ Ցուցադրությունից հետո նա նշանակվել է Վիլհելմ II-ի պալատական նկարիչ։ Բեռլինում նկարիչը մնացել է մինչև 1895 թվականը։ Այս շրջանում նա եղել է 1891 թվականի Համաշխարհային ցուցահանդես լեհական բաժնի կազմակերպիչը։
1893 թվականին Յուլիան Ֆալատը դարձել է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ, շքանշաններով պարգևատրվել է Բեռլինի, Մյունխենի, Վիեննայի ցուցահանդեսներում։
1895 թվականի ապրիլին նշանակվել է Կրակովի գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Այս պաշտոնում նա աշխատել է մինչև 1910 թվականը` իրականացնելով ուսման գործընթացի բարեփոխումներ, աշխատանքի ընդունելով նոր պրոֆեսորներ։ Ֆալատի ջանքերի շնորհիվ` դպրոցը դարձել է ակադեմիա (1900)։
1894-1895 թվականներին համագործակցել է նկարիչներ Վոյցեխ Կոսակի, Յան Ստանիսլավսկու, Միխալ Գորստկին-Վիվյուրսկու հետ։ Մասնակցել է «Բերյոզինա» համայնապատկերի ստեղծմանը («Նապոլեոնի զորքերի անցումը Բերյոզինայով 1812 թվականին», 1895)։
Յուլիան Ֆալատը եղել է լեհ նկարիչների` «Արվեստ» (լեհ.՝ «Sztuka») միավորման հիմնադիրներից։ Մասնակցել է միավորման բոլոր ցուցահանդեսներին երկրում և երկրից դուրս։
1910 թվականին հաստատվել է Սիլեզիայում։ 1921 թվականին դարձել է ժողովրդական լուսավորության նախարության` մշակույթի ու արվեստի բաժնի ղեկավար։
1878 թվականից իր աշխատանքները ներկայացրել է Վարշավայում (1890 թվականից համարվել է վարշավյան ցուցահանդեսների կոմիտեի անդամ, 1926 թվականին դարձել է նրա պատվավոր անդամ), նաև արտասահմանում կազմակերպված ցուցահանդեսներին, այդ թվում` Փարիզում (1879), Բեռլինում (1891), Մյունխենում (1892), Դրեզդենում և Վիեննայում (1894), Սենթ Լուիսում (1904)։
Հիմնականում նկարել է ձմեռային բնանկարներ, գյուղական ու որսորդական տեսարաններ։ Մեծ ճանաչում է ձեռք բերել ջրաներկով աշխատանքներով (ժանրային նկարներ, որսորդություն, ձմեռային բնանկարներ, լանդշաֆտային տեսարաններ, պատմական ճարտարապետություն)։ Նկարազարդումներ է արել լեհական ու արտասահմանյան մի շարք հրատարությունների համար։ Նկարիչն ասել է. «Լեհական արվեստը պետք է փոխանցի մեր պատմությունն ու մեր համոզմունքները, մեր որակները, ինչպես նաև մեր թերությունները. այն պետք է լինի մեր հողի, երկնքի ու իդեալների արտացոլումը»[8]։
Յուլիան Ֆալատի երկու նկար Լեհաստանի` ֆաշիստերի կողմից 1944 թվականի օգոստոսին բռնազավթումից հետո դուրս է բերվել Լեհաստանի ազգային թանգարանից և արդյունքում հայտնվել ԱՄՆ-ում։ 2011 թվականին երկու նկարները հանդիսավոր վերադարձվել են Լեհաստանի ներկայացուցիչներին[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.