From Wikipedia, the free encyclopedia
Մեդիչիներ (իտալ.՝ Medici), տոհմ Ֆլորենցիայում։ Կարևոր դեր է կատարել միջնադարյան Իտալիայի քաղաքների՝ տնտեսական և մշակութային կյանքում։ Տոհմի ներկայացուցիչները 15-րդ դարում հիմնել են Եվրոպայի խոշորագույն առևտրաբանկային ընկերություններից մեկը, եղել են Ֆլորենցիայի կառավարողներ (1434-1737, ընդմիջումներով), Հռոմի պապեր, պայքարել են ֆեոդալական ավագանու դեմ (14-րդ դար)։
Մեդիչիներ Medici | |
---|---|
ազնվական տոհմ և Արքունի տուն | |
Երկիր | Ֆլորենցիա |
Հիմնադրում | 8-րդ դար |
Հիմնադիր | Ավերարդո |
Կազմալուծում | 1743 թ. |
Տիտղեսներ | Ֆլորենցիայի դքսեր, Տոսկանայի դքսեր |
Ազգանուն | Medici? և de' Medici? |
Անդամներ | Լորենցո Մեդիչի, Ֆրանչեսկո I, Ֆերդինանդո I, Կոզիմո II, Ֆերդինանդո II |
Դավանանք | Կաթոլիկություն |
Գույք | Վիլլաներ |
Ենթաճյուղեր | Լևոն XI, Կոզիմո II Մեդիչի, Կոզիմո I, Լորենցո Մեդիչի, Կոզիմո Մեդիչի, Կղեմես VII, Giovanni delle Bande Nere?, Եկատերինա Մեդիչի և Anna Maria Luisa de' Medici? |
Կայք | de-medici.com |
Մեդիչիներից նշանավոր են (հիմնական ճյուղի ներկայացուցիչներից) Ջովաննի դի Բիչչին (1360-1429), Կոզիմո Ավագը (1389-1464), Լորենցո Մեդիչին՝ Ֆլորենցիայի կառավարիչ 1434 թվականից (1449-1492), Ջիովանին Մեդիչին (1475-1521), 1513 թվականից՝ Հռոմի պապ (Լևոն 10-րդ), Եկատերինա Մեդիչին՝ Ֆրանսիայի թագուհի, Հենրի II-ի կինը (1519-1589), Ջուլիո Մեդիչին (1477-1534), 1523 թվականից՝ Հռոմի պապ (Կղեմես VII), Ալեսսանդրո Մեդիչին (1511-1537), Ֆլորենցիայի դուքս՝ 1532 թվականից, նրա սպանությունից հետո Մեդիչիների հիմնական ճյուղը ավարտվել է։ Մեդիչիների կողմնային ճյուղի գլխավոր ներկայացուցիչներն են՝ Կոզիմո I-ը (1519-1574), Ֆլորենցիայի դուքս՝ 1537 թվականից, միավորել է ամբողջ Տոսկանան և 1569 թվականից կոչվել է Տոսկանայի մեծ դուքս, Կոզիմո II-ը (1590-1621), Տոսկանայի մեծ դուքս՝ 1609 թվականից, Ջան Գաստոնեն (1671-1737), Տոսկանայի վերջին մեծ դուքսը Մեդիչիների տոհմից։ Մեդիչիների այս ճյուղին է պատկանել Ֆրանսիայի թագուհի (Հենրի IV-ի կինը) Մարիա Մեդիչին՝ Կոզիմո I-ի թոռնուհին (1573-1642)։
Ընտանիքի անվան ծագումը հստակ հայտնի չէ։ Համաձայն մի վարկածի՝ դինաստիայի հիմնադիրներից մեկը Կառլոս Մեծի արքունիքում դեղագործ էր (medico): Մեկ այլ վարկածի համաձայն՝ ընտանիքն ի սկզբանե զբաղվել է դեղագործական առևտրով։ Երրորդ վարկածն այն է, որ Մեդիչիները ֆրանկների ռազմական ղեկավարների անմիջական ժառանգներն են։ Ըստ ընտանեկան ավանդույթի՝ ընտանիքը սերում է Ավերարդո անունով ասպետից, որը 8-րդ դարի վերջին բնակություն է հաստատել Ֆլորենցիայի մերձակայքում գտնվող Մուջելո հովտում[1]։
12-րդ դարում Մեդիչի ընտանիքը Մուջելո հովտից տեղափոխվում է Ֆլորենցիա՝ բնակություն հաստատելով Սան Լորենցո շրջանում, զբաղվելով վաշխառությամբ՝ արագորեն հարստանում է։ Առաջին Մեդիչին, որը 1201 թվականին հիշատակվել է Ֆլորենցիայի դատական արխիվներում, Կիարիսիմո Մեդիչին է։ Նրա ժառանգ Արդինգո դե Մեդիչին 1296 թվականին ընտրվել է Ֆլորենցիայի արդարության գոնֆալոնյեր (բարձրագույն պետական պաշտոն)։ Հաջորդ 20 տարում այս պաշտոնում ընտրվել են Մեդիչի ընտանիքի ևս երկու ներկայացուցիչ։
Առևտրական գործարքներով մեծ հարստություն ձեռք բերելով և ստեղծելով բավականաչափ հզոր բանկային հաստատություն՝ 14-րդ դարի առաջին կեսից Մեդիչիներն ակտիվ մասնակցություն են ունենում ազնվականության դեմ աղքատ խավերի պայքարում՝ շատ ժամանակ պաշտպանելով ժողովրդական բանակը։ 1360 թվականին Բարտոլոմեո դե Մեդիչին ազնվականության դեմ անհաջող դավադրություն է կազմակերպում, որը ղեկավարում էր Ալբիցի բանկային ընտանիքը։ 1378 թվականին Բարտոլոմեոյի եղբայրը՝ Սալվեստրո Մեդիչին՝ Մեդիչի բանկային տան ղեկավարը, դարձավ արդարության գոնֆալոնյեր և դեմ լինելով ազնվականությանը, հրահրեց չոմպիների (իտալ.՝ Ciompi) ապստամբությունը։ Ապստամբությունը ճնշելուց հետո Սալվեստրոն վտարվեց, և ամբողջ Մեդիչիի ընտանիքը պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվեց տասը տարի։ Սալվեստրոյի զարմիկը՝ Վիերի (Բերի) Մեդիչին, որը ժառանգել էր Մեդիչի բանկային տունը, հեռանալով քաղաքականությունից, ամբողջությամբ կենտրոնացավ բանկային բիզնեսի զարգացման վրա։ Վիերիի ջանքերով Մեդիչի բանկը նախ ստեղծեց մասնաճյուղեր Ֆլորենցիայի սահմաններից դուրս՝ Հռոմում և Վենետիկում։ Նրա օրոք էր, որ Մեդիչին դարձավ Ֆլորենցիայի ֆինանսապես ամենահզոր ընտանիքը[2]։
Մեդիչիների քաղաքական ուժի հիմնադիրը Վիերի Մեդիչի եղբորորդին՝ Ջիովանի դե Բիչին էր (1360-1429), որը 1421 թվականին ընտրվեց արդարության գոնֆալոնյեր։ Ջիովանիի որդիները՝ Կոզիմոն (1389-1464) և Լորենցոն (1394-1440), Ֆլորենցիայի հանրապետության առաջին ակտիվ քաղաքական առաջնորդներն էին[3]։
15-րդ դարի սկզբին Ջիովանի Մեդիչին հասավ ամենաբարձր դիրքերի, իսկ 1434 թվականին նրա որդին՝ Կոզիմոն, օգտվելով ազնվականության դեմ ժողովրդի դժգոհությունից, որոնք հաճախակի էին պատերազմում և անչափ բարձր հարկեր էին սահմանել, զավթեց իշխանությունը։ Այդ ժամանակաշրջանից մինչև դարի վերջը, Մեդիչիների դինաստիան ղեկավարել է հանրապետությունը և հայտնի դարձել Վերածննդի բոլոր ուղղությունների հովանավորությամբ։ Կոզիմոյի որդու՝ Պիեռո դե Կոզիմոյի օրոք, Մեդիչիների ժողովրդականությունը նվազեց. Նրանց դեմ կազմակերպվեց անհաջող դավադրություն, որը Ֆլորենցիան ներգրավեց Վենետիկի դեմ պատերազմում։ Պիեռո դե Կոզիմոյի որդիները՝ Լորենցոն և Ջուլիանոն, վերահաստատեցին Մեդիչիների դինաստիայի հեղինակությունը։ 1478 թվականին Պացիի դավադրությունը և Ջուլիանոյի սպանությունը միայն ուժեղացրին Մեդիչիների ազդեցությունը։
1492 թվականին Լորենցոյի մահից հետո նրա ավագ որդին՝ Պիեռո դե Լորենցոն, Ֆլորենցիայի ունեցվածքի մի քանի կարևոր բնակավայրեր հանձնվեց Կառլոս VIII-ին, որը շարժվում էր դեպի Նեապոլ, որի համար էլ որպես հայրենիքի դավաճան աքսորվեց։ 1494 թվականին վերականգնվեց ժողովրդավարական հանրապետությունը։ Պիեռո դե Լորենցոյի Նախկին դիրքին վերադառնալու բոլոր փորձերը անհաջող էին, և միայն 1512 թվականին Մեդիչիները դարձան հանրապետության ղեկավար[2]։
Երբ 1513 թվականին Պիեռոյի եղբայր Կարդինալ Ջիովանին, բարձրացավ պապական գահը, Լևոն X անվան տակ, Պիեռոյի որդի Լորենցոն և Ջուլիանոյի՝ Նեմուրի դուքսի որդի կարդինալ Իպոլիտոն (1511-1535), ստանձնեցին իրենց նախկին պաշտոնը Ֆլորենցիայում։ Հռոմի պապը Լորենցոին տվեց Ուրբինո դքսությունը և ամուսնացրեց ֆրանսիական թագավորական տան ազգականուհու` Մադլեն դե լա Տուր Դ'Օվերնի հետ։ 1519 թվականին Լորենցոյի մահից հետո, ոնր ուներ միայն մեկ դուստր՝ Եկատարինան՝ Ֆրանսիայի թագավոր Հենրի II-ի ապագա կինը[4], իշխանությունն անցավ Ջուլիո Մեդիչիին՝ Ջուլիանոյի որդուն (Լորենցո Մեդիչիի եղբայր), մինչև 1523 թվականը, երբ նա դարձավ Հռոմի պապ Կղեմես VII–ը։ Ֆլորենցիայի հանրապետության ղեկավարումն անցավ Ալեսանդրո Մեդիչիին՝ Լորենցոյի ապօրինի որդուն և Կարդինալ Իպոլիտոյին՝ Նեմուրի դքսի ապօրինի որդուն։
Կղեմես VII-ի ֆրանսիամետ քաղաքականությունը առիթ հանդիսացավ գերմանացիների կողմից Հռոմի թալանմանը, ինչն էլ հանգեցրեց Մեդիչիների արտաքսմանը Ֆլորենցիայից 1527 թվականին։ Այնուհետև պապը դաշինք կնքեց Կառլոս V-ի հետ և նրա օգնությամբ Ալեսանդրոն վերադարձավ Ֆլորենցիա։ Ամուսնալով Կառլոս V-ի ապօրինի դուստր Մարգարիտայի հետ, Ալեսանդրոն ստացավ դքսի կոչում և ժառանգական միապետական իշխանություն Ֆլորենցիայում։ Դուքս Ալեսանդրո Մեդիչին իր անառակությամբ մեծ դժգոհություն առաջացրեց, որն էլ ավարտվեց դավադրությամբ։ Ալեսանդրոն սպանվեց 1537 թվականին՝ իր ազգական Լորենցինոյի կողմից։ Մարդասպանը ստիպված եղավ փախչել Վենետիկ՝ որտեղ էլ 1548 թվականին սպանվեց։
Ալեսանդրոյի մահով, ընդհատվեց Մեդիչիների ճյուղը, որը գալիս էր Կոզիմո Մեծից։ Ֆլորենտինացիների հանրապետությունը վերականգնելու փորձերը ավարտվեցին անհաջողությամբ՝ Կառլոս V-ը պնդեց իշխանությունը հանձնել դուքս Կոզիմո Մեդիչիին՝ Կոզիմո Մեծի եղբայր Լորենցոյի ժառանգին։ Բնատուր խելացի քաղաքական գործիչ և բռնակալ Կոզիմո I-ը (1537-1574) իր ձեռքում կենտրոնացնելով բացարձակ միապետական իշխանությունը՝ իր առջև խնդիր դրեց Տոսկանական մեկ պետություն ձևավորել։ Ինկվիզիցիայի միջոցով դաժանորեն հետապնդելով իր հակառակորդներին, կիրառելով բռնագրավումներ և մենաշնորհներ, զգալի գումարներ հավաքելով նավատորմի ստեղծման համար, նվաճեց Սիենան և դաշնակիցներ գտավ արտաքին քաղաքականության մեջ։ Հռոմի Պապ Պիոս V-ից նա ստացել էր Մեծ Դուքսի կոչում և հանդիսավոր կերպով թագադրվել Հռոմում[2]։
Տոհմի շահերից ելնելով Կոզիմոն փորձեց ընդլայնել իր ընտանիքը։ Նա հովանավորեց Օտավիանո Մեդիչին և նրա որդիներին (որոնցից մեկը՝ Ալեսանդրոն, հետագայում դարձավ Հռոմի պապ Լևոն XI-ը), չնայած նրանք պատկանում էին ուրիշ տոհմի։ Կոզիմոն որպես ընտանիքի անդամ ճանաչեց Ջան-Ջակոմո Մեդիկինիին, ծագումով Միլանից և նրա եղբորը օգնեց ձեռք բերել պապական գահը (Պյոս IV): Ընտանեկան ավանդույթներին հավատարիմ Կոզիմոն հովանավորեց լուսավորությունը և վերականգնեց Պիզայի համալսարանը։
Կոզիմո I-ի որդին և իրավահաջորդը՝ Ֆրանչեսկոն (1574-1587), շարունակեց իր հոր գործը, բայց տաղանդներով նրան զգալիորեն զիջում էր։ Նա ենթարկվում էր երկրորդ կնոջը՝ Բիանկա Կապելոյին, որի ազդեցությունը հատկապես վնասակար էր ֆինանսների համար։ Ֆրանչեսկոն հովանավորեց բնական գիտությունները։ Նրան հաջորդեց կրտսեր եղբայրը՝ Կարդինալ Ֆերդինանդո I-ը (Ֆերնանդո) (1587-1609)՝ Մեդիչի դուքսերից լավագույնը։ Ընդդիմանալով մրցակից կրտսեր եղբոր՝ Պիետռոյի ինտրիգներին` Ֆերնանդոն զերծ էր նախորդների բռնակալ քաղաքականությունից։ Նա հովանավորում էր արվեստը և գիտությունը և հարստացնում Ուֆֆիցի թանգարանի հավաքածուն։ Ֆերնանդոն հատկապես մտահոգված էր գյուղատնտեսությամբ և առևտրով. թեթևացրեց հարկերի բեռը, նվազեցրեց մենաշնորհները, չորացրեց Մարեման և նավահանգիստ կառուցեց Լիվորնոյում։ Արտաքին քաղաքականության մեջ նա Ֆլորենցիան մերձեցրեց Ֆրանսիային՝ ամուսնացնելով Ֆրանչեսկոյի դուտր Մարիային Հենրի IV-ի հետ[4]։ Թողնելով կարդինալական աստիճանը, Ֆերնանդոն ամուսնացավ Քրիստինա Լոթարինգացու հետ։ Այս ամուսնությունից նրա որդին՝ Կոզիմո II-ը նրա իրավահաջորդն էր (1609-1621)։
Կոզիմո II-ի կառավարումը՝ Արևելքը նվաճելու իր ֆանտաստիկ պլաններով և Իսպանիային լիովին հնազանդվելով, սկիզբ դրեց Ֆլորենցիայի անկմանը։ Միայն լուսավորության հովանավորությունը (Կոզիմո II-ը հովանավորեց Գալիլեյին, ով հայտնաբերեց Յուպիտերի չորս ամենամեծ արբանյակները և նրա պատվին անվանեց Մեդիչիների աստղեր) մնաց անփոփոխ ինչպես նրա, այնպես էլ նրա որդու՝ իրավահաջորդի՝ Ֆերդինանդո II-ի (1610-1670) օրոք[5]։ Ֆերդինանդո II-ը գահ է բարձրացել հոր մահից հետո` 1621 թվականի փետրվարի 28-ին։ Ֆերդինանդոյի անչափահաս լինելու պատճառով մինչև 1628 թվականը դքսության ժամանակավոր կառավարչի պարտականությունները կատարել են մայրը՝ Մարիա Մագդալենան և տատը` Տոսկանայի Մեծ դքսուհի Քրիստինա Լոթարինգացին։ Այդ ժամանակ Տոսկանան գրեթե բարձիթողի վիճակում էր։ Հետագայում Ֆերդինանդոն ջանասիրաբար աշխատեց երկրի վիճակի բարելավման համար, բայց անօգուտ։ Ֆերդինանդոյի բազմաթիվ եղբայրներից հայտնի են հատկապես Մատեոն, որը մասնակցել է Երեսնամյա պատերազմին (1618-1648) և վերջինը՝ Կարդինալ Լեոպոլդոն, ով նույնպես պաշտպանում էր Գալիլեյին։
Ֆերդինանդոյի որդին և իրավահաջորդը՝ Կոզիմո III-ը (1670-1723), որը առանձնանում էր կեղծ բարեպաշտությամբ և մանրախնդրությամբ, չկարողացավ կանգնեցնել Ֆլորենցիայի անկումը։ Նրա որդիները սերունդ չունեին։ Կոսիմո III-ը ստիպեց եղբորը՝ Կարդինալ Ֆրանչեսկոյին, թողնել հոգևոր աստիճանը և ամուսնանալ։ Սակայն այս ամուսնությունը նույնպես անպտուղ մնաց։ Կոզիմոյի որդին՝ Ջան Գաստոնեն (1723-1737) հիվանդ էր և գրեթե ոչ մի մասնակցություն չունեցավ կառավարման գործում։ Նրա իրավահաջորդ՝ քրոջ՝ Աննա Մարիայի մահով, 1743 թվականին ավարտվեց կառավարող Մեդիչիների ճյուղը։ Դինաստիայի կողմնային ճյուղերից Ֆլորենցիայում պահպանվել են Մեդիչի Տորնակվինչիները (Tornaquinci), Կաստելինա մարկիզները, իսկ Նեապոլում՝ Օտտիանոյի իշխանները (Ottaiano) և Սարլոյի դքսերը[2]։
Դիմանկար | Անուն | Սկիզբ | Ավարտ | Հարաբերությունները նախորդի հետ |
---|---|---|---|---|
Կոզիմո I | 6 հունվար 1569 | 21 ապրիլ 1574 | Ալեսանդրո դե Մեդիչիի հեռավոր զարմիկը | |
Ֆրանչեսկո I | 21 ապրիլ 1574 | 17 հոկտեմբեր 1587 | Կոզիմո I դե Մեդիչիի ավագ որդին | |
Ֆերդինանդո I | 17 հոկտեմբեր 1587 | 17 փետրվար 1609 | Ֆրանչեսկո I դե Մեդիչի եղբայրը, Կոսիմո I դե Մեդիչիի որդին | |
Կոզիմո II | 17 փետրվար 1609 | 28 փետրվար 1621 | Ֆերդինանդո I դե Մեդիչիի ավագ որդին | |
Ֆերդինանդո II | 28 փետրվար 1621 | 23 մայիս 1670 | Կոսիմո II դե Մեդիչիի ավագ որդին | |
Կոզիմո III | 23 մայիս 1670 | 31 հոկտեմբեր 1723 | Ֆերդինանդո II դե Մեդիչիի ավագ որդին | |
Ջան Գաստոնե | 31 հոկտեմբեր1723 | 9 հուլիս 1737 | Կոզիմո III դե Մեդիչիի երկրորդ որդին |
Մեդիչիները, որոնք ղեկավարում էին Ֆլորենցիան (Վերածննդի մշակութային կենտրոններից մեկը), մեծ ազդեցություն են ունեցել բազմաթիվ արվեստի գործերի ստեղծման գործում։ Նրանք արվեստի առատաձեռն հովանավորներ էին (հովանավորում էին նկարիչներին, ճարտարապետներին), և պարզապես շռայ պատվիրատուներ[7]։
Ուֆֆիցի պատկերասրահը, որը լցված էր հսկայական քանակությամբ արվեստի գլուխգործոցներով, դինաստիայի անձնական տիրապետության տակ էր, մինչև 18-րդ դարում իշխող կլանի վերջին ներկայացուցիչ Աննա Մարիա Լուիզա Մեդիչին այն նվիրեց քաղաքին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.