From Wikipedia, the free encyclopedia
Անյոլո Բրոնձինո (Bronzino, իսկական անունը՝ Անյոլո դի Կոզիմո դի Մարիանո — Agnolo di Cosimo di Mariano) (նոյեմբերի 17, 1503[1][2][3][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] - նոյեմբերի 23, 1572[1][3][4][…], Ֆլորենցիա, Իտալիա[1][4][2][8] , ուշ Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, մաներիզմի ականավոր ներկայացուցիչ։ Ենթադրվում է, որ Բրոնձինո մականունն ստացել է մազերի կամ մաշկի բրոնզագույնի պատճառով[9][10][11]։
Անյոլո Բրոնձինո իտալ.՝ Agnolo Bronzino | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Agnolo di Cosimo di Mariano |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1503[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[1][4] |
Վախճանվել է | նոյեմբերի 23, 1572[1][3][4][…] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ֆլորենցիա, Իտալիա[1][4][2] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ, բանաստեղծ և գծագրող |
Ոճ | մաներիզմ[1] |
Ժանր | դիմանկար, նյու[5], դիցաբանական գեղանկարչություն[5], կրոնական նկարչություն[6][5] և պատմական գեղանկարչություն[6][5] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Deposition of Christ?, Portrait of Eleanor of Toledo and her son Giovanni de' Medici?, Portrait of Andrea Doria as Neptune?, Cappella di Eleonora? և Eleonora of Toledo? |
Մեկենասներ | Կոզիմո I |
Ուսուցիչ | Պոնտորմո[7] և Ջիրոլամո Ջենգա |
Աշակերտներ | Ալեսանդրո Ալորի |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գեղարվեստի ակադեմիա |
Agnolo Bronzino Վիքիպահեստում |
Բրոնձինոն եղել է լավ կրթություն ստացած, շատ կարդացած արվեստագետ, քաջածանոթ էր իր ժամանակակից մեծ գրողների՝ Վերածննդի մարդասիրական գաղափարները իրենց երկերում հոյակապ կերպով մարմնավորված գրական հսկաներ Դանթեի, Պետրարկայի ստեղծագործություններին և ոչ միայն նկարներ է հեղինակել, այլև գրել է բանաստեղծություններ[12], եղել է Ֆլորենցիայի ակադեմիայի անդամ։ Նա ստեղծել է որմնանկարներ, խորանների նկարազարդումներ, առասպելաբանական թեմաներով և այլաբանական նկարներ, սակայն փառքի է արժանացել առաջին հերթին իր հեղինակած դիմանկարների շնորհիվ։ Բրոնձինոն կատարելության է հասցրել վեհաշուք արիստոկրատական դիմանկարի տեսակը, որտեղ կերպարի վերացածություն-փակվածությունը համատեղված է կոմպոզիցիայի հանդիսավոր հանդարտության, պատկերագրի սրության, սառը երփնագրի (կոլորիտի), մանրամասների սառնասիրտ ճշգրտության հետ։ Իսկ կրոնական և առասպելաբանական թեմաներով նկարներն աչքի են ընկնում կոմպոզիցիայի բարդությամբ, դիմախաղերի ու մարմնադիրքերի մտացածին ձևերով, կերպարների տարփահարույց (էրոտիկ) ցուցադրումներով։
Անյոլո Բրոնձինոն, որ ժամանակին աշակերտել էր Ռաֆայելինո դել Գարբոյին և մաներիզմի ֆլորենտական դպրոցի առաջին ներկայացուցիչներից մեկը համարվող Ջակոպո Պանտորմոյին, վերջինիս հետ որմնանկարներով զարդարել է Գալուցցոյի չերտոզան՝ կարտեզիանական վանքը, Մեդիչիների վիլլաները Ֆլորենցիային մերձակա Կարեջիում ու Կաստելլոյում։ 1525-1535 թվականներին Բրոնձինոն մաներիզմի ոճով մի շարք աշխատանքներ է հեղինակել կրոնական ու առասպելաբանական թեմաներով։ Ընդ որում՝ որոշ կտավների վրա նա և Պանտորմոն համատեղ են աշխատել, և դժվար է ասել, թե նրանցից կոնկրետ ո՛վ է այդ ստեղծագործությունների հեղինակը[13]։
1530 թվականին Բրոնձինոն դարձել է Ուրբինոյի հերցոգ Ֆրանչեսկո Մարիա դելլա Ռովերեի պալատական նկարիչը, մասնակցել Պեզարոյում գտնվող Իմպերիալե վիլլան կրոնական ու առասպելաբանական թեմաներով որմնանկարներով զարդարելու աշխատանքներին։ Գվիդոբալդո Երկրորդ դելլա Ռովերեի համար նա ստեղծել է «Ապոլլոնի ու Մարսիայի մրցամարտը» կտավը, իսկ 1532 թվականին՝ հերցոգի դիմանկարը, որը մեկնակետ է դարձել նրա՝ որպես վարպետ դիմանկարչի համբավի համար։
1533 թվականին Բրոնձինոն Ուրբինոյից տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել Տոսկանայի հերցոգ Կոզիմո Մեդիչիի պալատական նկարիչն ու վերջինիս շուրջը ձևավորված մտավորականների, արվեստագետների խմբակի ակտիվ անդամը։ 1537 թվականին նա անդամագրվել է նկարիչների՝ Սուրբ Ղուկասի անունը կրող գիլդիային և Ֆլորենցիայի ակադեմիային։ Հետագայում այցելել է Հռոմ և իր այդ այցի ընթացքում ծանոթացել է Միքելանջելոյի արվեստին, խորությամբ ուսումնասիրել է և շատ օգտակար դասեր է քաղել։ Եթե բացառենք Հռոմ կատարած այդ այցը և Ուրբինոյում (1530-1533 թթ.) ու Պիզայում (1564-1565 թթ.) աշխատած ոչ երկար տարիները, կարելի է ասել, որ իր կյանքը Բրոնձինոն հիմնականում անց է կացրել Ֆլորենցիայում։ Որպես պալատական նկարիչ՝ նա տոնական շքեղ դեկորացիաներ է ձևավորել, որպեսզի պատշաճ տեսք հաղորդվի Էլեոնորա Տոլեդացու մուտքին Ֆլորենցիա քաղաք և Կոզիմո Առաջինի հետ նրա պսակադրության արարողությանը։ Ցավոք, ինչպես այդ, այնպես էլ համանման իրադարձությունների ու արարողությունների համար ֆլորենտացի մեծահարուստների պատվերով նրա պատրաստած տոնական, հանդիսանքային ու թատերական դեկորացիաները չեն պահպանվել։
Էլեոնորա Տոլեդացու հանձնարարությամբ Բրոնձինոն նկարազարդել է Պալացցո Վեկկիոյի մատուռը՝ պատկերելով Ահեղ դատաստանի տեսարաններ և սրբերի դիմանկարներ։
1540—1555 թթ. էսքիզներ է արել Ֆլորենցիայի գոբելենագործական արհեստանոցների համար, ընդ որում՝ ստեղծել է Հին կտակարանի սյուժեներով 16 տեսարան՝ համագործակցելով Ֆրանչեսկո Սալվիատիի հետ։ Հետագայում նրա այդ էսքիզների հիման վրա իրենց գործերն են ստեղծել Ջովանի Ռոստն ու Նիկոլաս Կարխերը։
Քանքարավոր նկարիչը միաժամանակ պատկերազարդել է Ֆլորենցիայի եկեղեցիների խորաններ, այլաբանական նկարներ ստեղծել հերցոգի համար։ Ուշագրավ է, որ այդ, ինչպես նաև առասպելաբանական թեմաներով նկարներում որոշ հերոսների ներկայացրել է իր ժամանակի ճանաչված մարդկանց դեմքերով։ Բրոնձինոյի այլաբանական նկարներից լայն ճանաչում է գտել «Սիրո ալեգորիան», որը հերցոգի կողմից, դիվանագիտական նկատառումներով, ընծայվել է Ֆրանսիայի արքա Ֆրանցիսկոս Երկրորդին։
1563 թվականին Բրոնձինոն դարձել է Ֆլորենցիայի նկարչական արվեստի ակադեմիայի ( Accademia delle Arti del Disegno) հիմնադիր անդամներից մեկը։
Անյոլո Բրոնձինոն վախճանվել է 1572 թվականին, Ֆլորենցիայում՝ իր սիրելի աշակերտ, նկարիչ Ալեսանդրո Ալորիի տանը, որտեղ ապրում էր կյանքի վերջին տարիներին (ըստ որոշ վկայությունների՝ Ալեսանդրոյի հայրը՝ նույնպես նկարիչ Քրիստոֆանո Ալորին, Բրոնձինոյի քեռին էր։ Ի դեպ՝ քեռորդին իր մի շարք նկարներ ստորագրել է «Ալեսանդրո Բրոնձինո»)։
Տաղանդավոր արվեստագետին հուղարկավորել են չափազանց համեստ ձևով; Նրա տապանաքարին փորագրված է հետևյալ նախադասությունը. «Մահ չունի նա, ով այնպես է ապրում, ինչպես Բրոնձինոն է ապրել»[14]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.