Remove ads
ռուս-գերմանացի-շվեյցարացի նկարչուհի From Wikipedia, the free encyclopedia
Մարիաննա Վլադիմիրովնա Վերյովկինա (ռուս.՝ Мариа́нна Влади́мировна Верёвкина, սեպտեմբերի 10, 1860[1] կամ սեպտեմբերի 11, 1860[2], Տուլա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն - փետրվարի 6, 1938[3][4][5][…], Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[6]), ռուս նկարիչ, գեղանկարչության էքսպրեսիոնիստական ուղղության ներկայացուցիչ։
Մարիաննա Վերյովկինա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1860[1] կամ սեպտեմբերի 11, 1860[2] |
Ծննդավայր | Տուլա, Տուլայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 6, 1938[3][4][5][…] (77 տարեկան) |
Մահվան վայր | Ասքոնա, Իսոլե, Լոկարնո, Տիչինո, Շվեյցարիա[6] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | նկարչուհի և արվեստագետ |
Ոճ | էքսպրեսիոնիզմ և սիմվոլիզմ[7] |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | Կերպարվեստ[8], գեղանկարչություն[8] և էքսպրեսիոնիզմ[8] |
Ուշագրավ աշխատանքներ | Ինքնապատկեր |
Հայր | Վլադիմիր Վերյովկին |
Մայր | Ելիզավետա Պետրովնա Դարագան |
Համատեղ ապրող | Ալեքսեյ ֆոն Յավլենսկի |
Marianne von Werefkin Վիքիպահեստում |
Մարիաննա Վերյովկինան ծնվել է ականավոր զորավար, պետական գործիչ Վլադիմիր Վերյովկինի և Ելիզավետա Դարագանի (հուլիսի 5, 1834 - մարտի 18, 1885) ընտանիքում։ Զբաղվել է սրբանկարչությամբ և դիմանկարչությամբ։ Մայրական կողմից գրող և մանկավարժ Աննա Դարագանի թոռնուհին է։ Ծնողների հետ 1862 թվականին Տուլայից տեղափոխվել է Վիտեբսկ, որտեղ հայրը նշանակվել է ռազմական նահանգապետ։ 1868-1878 թվականներին ընտանիքն ապրել է Վիլնոյում՝ կապված հոր Վիլնոյի ռազմական օկրուգի ղեկավարի պաշտոնում նշանակվելու հետ։ 1872 թվականին Մարիաննան ընդունվել է Վիլնոյի Մարիինյան կանանց բարձրագույն դպրոց, որտեղ սովորել է մինչև 1876 թվականը։ 1879 թվականին տեղափոխվել է լեհական Լյուբլին քաղաք, որտեղ ծնողների հետ բնակվել է մինչև Մոսկվա տեղափոխվելը։ 1883 թվականից մասնավոր դասեր է ստացել Պրյանիշնիկովից Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության դպրոցում, ինչպես նաև Պոլենովի ղեկավարությամբ նատյուրմորտ է սովորել։ Մոր մահից հետո՝ 1885 թվականին, հոր հետ տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ ծանոթացել է Իլյա Ռեպինի հետ և սկսել նկարչության դասեր ստանալ նրանից։
1888 թվականին, որսի ժամանակ, դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Վերյովկինան կրակել է իր աջ ձեռքի ափին և այդ պահից ի վեր նա սովորել է վրձինը բռնել միջնամատի և մատնեմատի միջև։ Վիսբադենի թանգարանում է գտնվում Ռեպինի մի ստեղծագործություն, որտեղ պատկերված է Վերյովկինան վիրակապված ձեռքով։ 1889 թվականին նա մեկնել է Կովկաս։ 1891 թվականին ծանոթացել է Ալեքսեյ Յավլենսկու հետ, որը նույնպես Ռեպինի աշակերտն է եղել։ 1892 թվականին նա մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության XX ցուցահանդեսին։ Այդ տարիներին Ռեպինը Վերյովկինայի մասին ասել է, որ նա «ռուսական Ռեմբրանդտ է», ինչպես նաև նրան համեմատել է Վելասկեսի և Ֆրանսիսկո Սուրբարանի հետ։ 1896 թվականին հոր մահից հետո, Յավլենսկու հետ տեղափոխվելով Մյունխեն, նա մի քանի տարի դադարել է նկարել[9]։ 1897 թվականին Վերյովկինան Յավլենսկու, Իգոր Գրաբարի, Անտոն Աժբեի և Դմիտրի Կարդովսկու հետ մեկնել է Վենետիկ։ 1905 թվականին շարունակել է նկարել, ծանոթացել է նկարիչներ Ֆրանց ֆոն Լենբախի և Ֆրանց ֆոն Շտուկի հետ (1906)։ 1908 թվականի ամառվա մեծ մասը նա Յավլենսկու և Կանդինսկու հետ անցկացրել է Գաբրիելա Մյունտերի տանը՝ Մուրնաու գյուղում։ Նույն թվականին մասնակցել է Բեռլինյան սեցեսսիոնի ցուցահանդեսին և Սանկտ Պետերբուրգի սալոնին։
1909 թվականի մարտի 22-ին Կանդինսկու, Յավլենսկու, Կանոլդտի և Էրբսլոյի հետ հիմնել է Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը (Neue Künstlervereinigung München, N.K.V.M.): Միավորման առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Մյունխենի Տանհաուզեր պատկերասրահում։ Այդ ժամանակ Վերյովկինան հետաքրքրվել է ճապոնական արվեստով և փայտի փորագրությամբ։ 1910 թվականին Վերյովկինայի աշխատանքները ցուցադրվել են Ռիգայում և Սանկտ Պետերբուրգում։ 1911 թվականին Յավլենսկու հետ նա այցելել է Փարիզ, որտեղ ծանոթացել է Մատիսի հետ։
1912 թվականին «Կապույտ հեծյալ» (Der Blaue Reiter) խմբի հետ նա ցուցադրել է իր աշխատանքները Բեռլինի Der Sturm պատկերասրահում։ 1912 թվականի դեկտեմբերի սկզբին Վերյովկինան և Յավլենսկին լքել են Մյունխենյան նոր գեղարվեստական միավորումը։ 1913 թվականին մասնակցել է Բուդապեշտի ցուցահանդեսին և Բեռլինի առաջին գերմանական աշնանային սալոնին։
1914 թվականին Յավլենսկու հետ տեղափոխվել է Շվեյցարիա, որից հետո մասնակցել է ցուցահանդեսի Դրեզդենում, այնուհետև «Կապույտ հեծյալ» խմբի հետ միասին Հելսինկիում, Թրոնհեյմում, Գյոթեբորգում։ 1917 թվականին նրանք օգնել են Ալեքսանդր Սախարովին Լուգանոյում բալետ բեմադրելիս։ 1919 թվականից Վերյովկինան բնակվել է Ասկոնայում (Տիչինո կանտոն)։ 1921 թվականին նա վերջնականապես բաժանվել է Յավլենսկուց։ 1924 թվականին հիմնադրել է «Մեծ Արջի համաստեղություն» Der Große Bär գեղարվեստական խումբը, որը, ինչպես Մեծ Արջի համաստեղությունը, ներառել է յոթ աստղ, բաղկացած յոթ անդամից՝ Վալտեր Հելբիգ, Օտտո Նայմաեր, Էռնստ Ֆրիկ, Ալբերտ Կոհլեր, Գորդոն Մակ Կուխ, Օտտո վան Ռայս և Ռիչարդ Սիվալդ։ 1928 թվականին Վերյովկինան Բեռլինի Նիրենդորֆ պատկերասրահում Կարլ Շմիդթ-Ռոթլուֆի և Քրիստիան Ռոլֆսի հետ համատեղ մասնակցել է «Մեծ Արջի համաստեղություն» խմբի ցուցահանդեսին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.