Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Մաշկաբանություն (դերմատոլոգիա (հուն․՝ δέρμα, (սեռ. δερματός), «մաշկ» և λόγος - «գիտություն»)), գիտություն, բժշկության ճյուղ՝ մաշկային հիվանդությունների մասին, ուսումնասիրում է մաշկի, նրա հավելումների (մազեր, եղունգներ) և տեսանելի լորձաթաղանթների կառուցվածքն ու ֆունկցիաները նորմայում և ախտաբանության ժամանակ, պարզում է տարբեր մաշկային հիվանդությունների պատճառներն ու ախտաբանությունը, մշակում դրանց ախտորոշման, բուժման և կանխարգելման եղանակները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մաշկաբանությունը բժշկության հնագույն ճյուղերից է, որն ինքնուրույն, պրակտիկ փորձերի արդյունքում առաջացել և ձևավորվել է տարբեր ժողովուրդների մոտ (առաջին հերթին՝ Չինաստանում, Հնդկաստանում, Հին Հունաստանում)։ Ենթադրվում է, որ մաշկային հիվանդությունների մասին առաջին տվյալները զետեղված են եղել հին եգիպտական մագաղաթներում (մ.թ.ա. 1552 թ.), իսկ որոշ տվյալներով՝ 3 հազար տարի առաջ, շումերական փաստաթղթերում։ Հիպոկրատը նկարագրել է մեծ թվով մաշկային հիվանդություններ, բաժանելով դրանք երկու խմբի՝ արտաքին գործոններից և ներքին գործոններից կախված։ Նա օգտագործում էր այնպիսի տերմիններ, որոնք պահպանվել են մինչև հիմա. հերպես, ալոպեցիա, կարցինոմա, էկթիմա, պետեխիա և այլն։ Հռոմեացի Ցելսը (մ.թ.ա. 25 թ.) իր 8-հատորանի "De medicina libri octo" տրակտատի մի շարք բաժիններ նվիրել է մաշկային հիվանդությունների նկարագրությանը. մասնավորապես՝ սիկոզ, պսորիազ, խորանիստ տրիխոֆիտիա, մազաթափություն և այլն։ Բուժման նպատակով առաջարկել է արևային ճառագայթների, ջերմության, ֆիզիկական վարժությունների կիրառումը։
Հայտնի գիտնական Ավիցենան նկարագրել է բշտախտը, քորպտիկը, տարբերել է բորը փղախտից։ Իր "Բժշկագիտության կանոն"-ում նկարագրել է նաև չինական, հնդկական, հունական բժշկությունը, այդ թվում՝ մաշկաբանությունը։
1571 թ.-ին իտալացի բժիշկ Մերկուրիալիսը հրատարակել է մաշկային հիվանդությունների մասին առաջին դասագիրքը՝ "De morbus cutaneus"։
Որպես գիտություն ձևավորվել է XVIII դարում, մաշկային ցանավորումների միասնական կառուցվածքային դասակարգում մտցնելուց հետո։ XIX դարում գոյություն ունեցող գերմանական, անգլիական, ռուսական և ամերիկյան դպրոցները խիստ տարբերվում էին մաշկային հիվանդությունների էության ընկալման հարցերում։ Սակայն XX դարի սկզբում այդ տարբերությունները հարթվեցին, և այժմ կարելի է խոսել միայն տարբեր դպրոցների գիտական հետազոտությունների ուղղվածությունների որոշ առանձնահատկությունների մասին։ Այդ գործում հսկայական դեր խաղացին միջազգային դերմատոլոգիական կոնգրեսները, դերմատոլոգիական պարբերականները, գիտնականների անձնական կապերը և այլն։
Մաշկաբանության անգլիական դպրոցի հիմնադիրը Ռ. Ուիլանն էր, ով առաջինն էր ժամանակակից մակարդակով նկարագրել էկզեման։ Ու. Ուիլսոնը նկարագրել է կարմիր տափակ որքին և այլ հիվանդություններ, 1867 թ.-ին Անգլիայում հրատարակվել է առաջին դերմատոլոգիական պարբերականը։ Ֆրանսիական մաշկաբանական դպրոցի հիմնադիրն էր Զ. Ալիբերտը, ով կազմել է մաշկային հիվանդությունների մասին ձեռնարկ և ատլաս։ Ֆրանսիացի մաշկաբան Է. Բազինը նկարագրել է քոսի տիզը՝ որպես քոսի հարուցիչ, և մակաբույծ սնկերը որպես դերմատոմիկոզների հարուցիչներ։ Գերմանական դպրոցի հիմնադիրն է համարվում Ֆ. Հեբրան, ով կազմել է մաշկային հիվանդությունների յուրահատուկ ձեռնարկ և ատլաս, նկարագրել պոլիֆորմ էքսուդատիվ էրիթեման և այլն։ Նրա աշակերտ Կապոսին նկարագրել է իդիոպաթիկ հեմոռագիկ սարկոման, որը ստացել է Կապոշիի սարկոմա անվանումը։ Ամերիկացի նշանավոր դերմատոլոգներից են եղել Լ. Ա. Դուրինգը, Ուայթը, Հայդը և այլք։
Ռուսական դերմատոլոգիական դպրոցը ձևավորվել է XVIII-XIX դարերում։ Հիմնադիրներն են եղել Զիբելինը, Մուդրովը, Բոտկինը, Ի․ Սեչենովը, Ի․ Մեչնիկովը և այլք։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաշկաբանություն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.