աստվածուհի, որը բնության, մայրության, պտղաբերության, ստեղծագործության ներկայացնողը կամ անձնավորողն է From Wikipedia, the free encyclopedia
Մայր աստվածուհի, աշխարհի տարբեր կրոններում, առասպելներում և դիցաբանություններում համարվում է գլխավոր աստվածուհին[1].
Մայր աստվածուհի | |
---|---|
աշխարհի տարբեր կրոններում, առասպելներում և դիցաբանություններում համարվում է գլխավոր աստվածուհին | |
Տեսակ | աստվածուհի |
Ենթատեսակ | աստվածուհի |
Դիցաբանություն | հունական, հռոմեական, հայկական, սլավոնական, կելտական, արաբական, շումերաաքադական, ինկերի, մայաների, Օվկիանիա |
Սեռ | իգական |
Կյանքի ժամանակաշրջան | Վերին քարի դաիրց մինչ օրս |
Հունական գրաձև | Μητέρα θεά |
Լատինական գրաձև | deam Mater |
Անունը այլ լեզուներով | Մայր աստվածուհի(հայերեն), Богиня-мать(ռուսերեն), Madre de Dios(իսպաներեն), إلهة الأم(արաբերեն), الهه مادر(պարսկերեն) |
Mother goddesses Վիքիպահեստում |
Մոր-կնոջ կերպարի երկրպագությունը համարվում է շատ հին և վերագրվում է դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանին։ Դա բացատրվում է նրանով, որ կնոջ կերպարը նույնացնում էին կենսատու ուժի, բնության արարողի, կյանքի շարունակականությունն ապահովողի և ցեղի գոյության գաղափարի հետ։ Հետագայում՝ նեոլիթյան դարաշրջանում, հողագործության զարգացմանը զուգահեռ ձևավորվեց ընտանիքին սնուցող-կերակրող կնոջ կերպարը։ Ժամանակի ընթացքում այդ դերն ավելի ամրապնդվեց, քանի որ հիմնականում կանայք էին զբաղվում հողագործությամբ։ Չնայած ժամանակի ընթացքում կնոջ ազդեցությունը որոշակիորեն նվազել է, սակայն կնոջ՝ որպես մոր կերպարը, մինչ օրս ունի մշակութային, կրոնական և բարոյական մեծ ազդեցություն[2]։
Հաճախ Մայր աստվածուհին նույնացվում է Երկրի հետ, նա կանացի ստեղծագործական կերպարի ամբողջական մարմնացումն է, գոյի սկիզբը։ Այն ծագել է դեռևս կրոնների զարգացման նախապատմական փուլում և տարբեր ազգերի մոտ ներկայացվել է տարբեր մարմնավորմամբ[3]։
Մոր պաշտամունքը առավել համատարած բնույթ էր կրում քարի դարում, ինչի ապացույցն են Պիրենեյան թերակղզուց մինչև Սիբիր ընկած գոտու հնագիտական պեղումների գտածոները։ Հին Պաղեստինի, Հին Հնդկաստանի, Փյունիկիայի և Շումերական տարածքներում հայտնաբերված արձանիկները քանդակել են ոսկորից կամ քարից։ Նման արձանիկները կոչվում են «պալեոլիթյան վեներաներ»։ Դրանց բոլորին բնորոշ են մեծ կուրծքը, լայն կոնքերը, ազդրերը և մեծ փորը։ Ձեռքերը և ոտքերը կամ պատկերված չեն կամ բացակայում են։
Պալեոլիթում աստվածությունների դերի և երբեմն նույնիսկ սեռի հստակ դասակարգում չի կարող կատարվել, քանի որ դրանք ներկայացվել են նախնական, ընդհանուր, սինկրետիկ պատկերացումներով ստեղծված արձանիկներով, իսկ Նեոլիթում արդեն «Մեծ մոր» կերպարը ներկայացնող արձանիկների առանձնացման հարցում մասնագիտական գրականության մեջ տարակարծություններ գրեթե չեն հանդիպում։ Փոքր Ասիայում տարածված նեոլիթյան «Նախամայր-մեծ մոր» կերպարը հանդես էր գալիս որպես անտառների, որսի, բուսականության, կենդանիների հովանավոր աստվածուհի, պտղաբերության և ծննդաբերության խորհրդանիշ[4]։ Հիմնվելով Է. Նոյմանի, Է. Ֆրոմի, Կ. Յունգի աշխատությունների վրա, նեոլիթյան քանդակների մեջ հստակ կարելի է առանձնացնել «Մայր աստվածուհուն» խորհրդանշող արձանիկների մի ստվար խումբ, որոնք դիտարկում են որպես «Մեծ մոր նախատիպ»՝ իր բազմակի դրսևորումներով։ Նեոլիթի վաղ փուլերից սկսած՝ «Մեծ մոր» կերպավորումներով հանդես եկող բազմաթիվ մանրաքանդակների ու հարթաքանդակների պատկերագրական և ոճական առանձնահատկությունները ցույց են տալիս, որ Մայր աստվածուհու կերպարը և նրա հետագա պատկերագրումը զարգացման երկար ճանապարհ են անցել մինչև նեոլիթյան «Մեծ մոր» կերպարի առանձնացումը։
Դեռևս նեոլիթյան հուշարձաններից հայտնաբերված մարդու պատկերաքանդակները և արձանիկները գերազանցապես ներկայացնում են կանանց կերպարներ՝ հաճախ ընդգծված պտղաբերության հատկանիշներով։ Այս հանգամանքն ինքնին թույլ է տալիս ենթադրել, որ կնոջ կերպարն առանցքային տեղ էր զբաղեցնում հնագույն հասարակությունների կրոնական հավատալիքներում, ծեսերում և առասպելներում։ Առաջավոր Ասիայում հայտնաբերված նեոլիթյան շրջանի կանացի արձանիկները շատ արժեքավոր են ավելի ուշ շրջանի արձանիկների պատկերագրական տիպերի և նշանակության վերլուծության համար։ Հատկանշական է, որ նրանք բոլորն էլ բերրիության, պտղաբերության և բարեկեցության խորհրդանիշներ են, հայտնաբերվել են ամբարներից, օջախներից և պաշտամունքային հատուկ խորշերից։
Տարբեր մշակույթներում Մայր աստվածուհու պաշտամունքը կապված է եղել քարանձավների հետ, որոնք ներկայացվում էին որպես աստվածուհու խորշ։ Նաև կապում էին ջրային տարերքի, բուսականության, տիեզերական մարմինների հետ, ինչը ցույց էր տալիս պաշտամունքի տարածվածությունն ու կարևորությունը։ Չնայած, որ բոլոր կրոններում Մայր աստվածուհու կերպարի ամենակարևոր հատկանիշը պտղաբերությունն է, այնուամենայնիվ հին դիցաբանության մեջ մայր աստվածուհին ոչ միայն կյանք է տվել, այլև՝ խլել։ Հետևաբար, նա հաճախ նաև ներկայացվում է որպես անդրաշխարհի աստվածուհի։ Նեոլիթի դարաշրջանում Մայր աստվածուհին հանդես է եկել որպես բնության տարրերի ու էակների հովանավոր, որպես տիրակալ։ Բնապաշտական պատկերացումների ձևավորման ընթացքում ստեղծվել են գաղափարական կանոններ, որոնցով էլ սկսել են պատկերվել գերբնական, հետագայում արդեն աստվածային հատկանիշներով օժտված կանանց կերպարները։
Մայր աստվածուհու կերպարը հասուն կնոջ կյանքի «պրոյեկցիան» է, ի տարբերություն մյուս երկուսի՝ երիտասարդ Սուրբ Կույսի և ծեր Նախամոր կերպարների։ Այդ պատճառով նեոլիթյան արվեստում Մայր աստվածուհին երբեմն պատկերվել է երեխային գրկած կամ ծննդաբերող կնոջ տեսքով, իսկ, օրինակ, Անատոլական Չաթալ-Հույուքում գտնված արձանիկը նրան պատկերում է ցուլերի և խոյերի գլուխներ ծնելիս։ «Պտղաբերության աստվածուհու ժեստը», «Մոր և մանկան», «Մերկ դիցուհու», «Ադորանտի» պատկերագրական տիպերում բերրիության խորհրդանիշների գերակայությունը և հենց դրանց կատարման պայմանական հարթաքանդակային ոճը գաղափարապաշտամունքային կանոնի համապատասխան հատկանիշներ էին։ Սրա հետ միասին հնագույն քանդակագործները իրենց արձանիկներում միաժամանակ պատկերել են իրական բնորդներին՝ նրանց կերպարներում ներկայացնելով բազմազան ոգիների և աստվածությունների մասին պատկերացումները։
Առաջին աստվածությունները հանդես են գալիս կին աստվածուհիների կերպարներով, որպես ծննդաբերողների, արգասավորության, հողի և բուսականության խորհրդանիշ։ Մեզ հայտնի առաջին աստվածուհիներն ունեն հնագույն արմատներ, որոնք Ռ. Բրիֆֆոյի կարծիքով կարելի է բաժանել աստվածուհիների չորս հիմնական նախատիպերի՝
Չնայած այն հանգամանքին, որ նախապատմական և վաղ պատմական ժամանակներից հայտնի են տարբեր անուններով ու գործառույթներով բազմաթիվ «աստվածուհիներ», կարելի է ասել, որ վերը թվարկված հատկանիշները աստվածուհիների միջև հստակորեն բաժանված չէին։
Մայր աստվածուհու պաշտամունքը գոյատևել է մինչև նոր ժամանակներ՝ Մերձավոր Արևելքի և Հունահռոմեական դիցաբանության մեջ ներկայանալով Մեծ մոր հավաքական կերպարով։ Պաշտամունքի կրոնական շարունակականությունը հստակ արտահայտվում է այնպիսի հայտնի աստվածուհիների պատկերներում, ինչպիսիք են Իսիսը, Նութը և Մաաթը Եգիպտոսում, Իշտարը, Աստրարան և Լիլիթը Միջագետքում, Դեմետրան, Պերսեփոնեն և Հերան Հունաստանում, Ատարգատիսը, Ցերերան և Կիբելան Հռոմում[5]։
Դիցաբանություններում Մայր աստվածուհու կերպարի երկակի բնույթի ներկայացման արդյունքում ձևավորվեցին նրա երկու հակադիր՝ բարի և չար, դրական և բացասական կերպարները և պատկերատիպերը։ Օրինակ՝ Մայր աստվածուհին չունի իրեն համազոր ամուսին, սակայն ինքը կարող է ծնել ամուսնուն, ամուսնանալ, ապա՝ կործանել, ինչպես Գեան՝ Ուրանին (Հունական դիցաբանություն)։ Կամ, ըստ Եգիպական դիցաբանության, Նուտը՝ Մայր աստվածուհին, կուլ է տալիս իր երեխային և հղիանում նրանից։
Պետական կազմավորումների կայացմանը զուգահեռ, երբ կարևորվում է պատերազմի միջոցով հարուստ ավար ձեռք բերելը և սահմանների համար պայքարը, պետք է ձևավորվեր նաև կին աստվածության՝ որպես ռազմի և պատերազմի հովանավորի դերը։ Հաճախ պատկերագրության մեջ այս կանացի արձանիկները կրում են նույն ռազմական հանդերձանքը, ինչ արական աստվածությունները։ Մյուս կողմից, առևտրի և քաղաքների զարգացմանը զուգահեռ, ձևավորվեց նոր կին աստվածություն՝ առևտրի հովանավորի գործառույթով։ Սիրո, գեղեցկության և տարփանքի դիցուհու ծագումը, նույնպես կապված էր դասակարգային հասարակարգի ձևավորման հետ՝ բնորոշելով մարդկային բարքերը և թուլությունները։ Սակայն այս ամենի արդյունքում աստվածուհիները կորցրեցին իրենց վաղեմի գերակա դերը՝ տեղը զիջելով աստվածներին։
Ըստ որոշ մասնագետների, Մայր աստվածուհու կերպարն արտացոլվել է Երկնային տիրուհու, կաբալիստական Շեհինայի և քրիստոնեական Աստվածամոր կերպարներում ևս[6]։
Մայր Աստվածուհուն անվանել են Սնուցող, բայց դեռ վաղուց էր պարզ, որ նա ունեցել է այլ անուններ։ Նրա անունը պատկերագրել են մի շարք նշաններով՝ լուսնի մահիկ, աստղ, գալար, շրջան, շեղանկյուն, լեռ, ծառ, տուն, եղջյուր, դուռ, աղավնի, կարապ, ծիծեռն, շուշան, օձ, ցուլ,կով, եղջերու, այծ, սրանք ծառայել են որպես Աստվածուհու բազմաթիվ անունների գաղափարագրեր։ Տարածված էր Առաջավոր Ասիայում[7]։
Սանրվածքի ձևով Մայր Աստվածուհու պատկերումն ավելի տարածված էր Եգիպտոսում և Քանանում։ Եգիպտոսում այս խորհրդանշան-սանրվածքի մեծ տարածվածության պատճառով գիտնականներն այն կոչել են «Հաթհորիսանրվածք», իսկ նշանագիրն ավելի հայտնի է «Օմեգա նշան», քանի որ այն նման է հունական մեծատառ օմեգային[8]։
Մայր Աստվածուհու և «օմեգա» նշանի միջև կապը հայտնի դարձավ Միջագետքում կասիտական իշխանության ժամանակաշրջանին պատկանող և «kudurru» կոչվող սահմանաքարերի տվյալներով։ Կասիտական սահմանաքարերից մեկի վրա Ան, Էնլիլ, Հայ աստվածների պատկերագիր անվանա ձևերից հետո դրված է ինչ որ Աստծո անվան պատկերագիրը, որը կազմված է օմեգանշանից և ծակող, կտրող զենքի (դանակ, դաշյուն, տեգ) պատկերից։ Նույն սահմանաքարի հակառակ երեսին սեպագիր արձանագրության մեջ Ան, Էնլիլ, Հայ անուններից հետո նշվում է Նինհուրսագ ( d Nin-hur-sag-ga 2 ) Մայր Աստվածուհու անունը[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.