1939-1975 թվականներին Իսպանիայի առաջին տիկինը From Wikipedia, the free encyclopedia
Մարիա դել Կարմեն Պոլո և Մարտինես Վալդես (իսպ.՝ María del Carmen Polo y Martínez-Valdés, հունիսի 11, 1900 թվական, Օվիեդո, Իսպանական կայսրություն - փետրվարի 6, 1988 թվական, Մադրիդ, Իսպանիա), Ֆրանկիստական Իսպանիայի ղեկավար Ֆրանցիսկո Ֆրանկոյի կինը, 1939-1975 թվականներին Իսպանիայի առաջին տիկինը։
Մարիա դել Կարմեն Պոլո և Մարտինես Վալդես իսպ.՝ María del Carmen Polo y Martínez-Valdés | |
---|---|
Ծնվել է | 1900 թվական, հունիսի 11 |
Ծննդավայր | Իսպանական կայսրություն, Օվիեդո |
Մահացել է | 1988 թվական, փետրվարի 6 |
Մահվան վայր | Իսպանիա, Մադրիդ |
Գերեզման | Grave of Francisco Franco at Mingorrubio Cemetery[1] |
Քաղաքացիություն | Ֆրանկիստական Իսպանիա Իսպանիա |
Մայրենի լեզու | իսպաներեն |
Կրոն | Կաթոլիկություն (Հռոմի կաթոլիկ եկեղեցի) |
Ազդել է | Ֆրանկիստական Իսպանիայի քաղաքական և հասարակական կայնքին |
Մասնագիտություն | Առաջին տիկին |
Ամուսին | Ֆրանցիսկո Ֆրանկո |
Ծնողներ | հայր՝ Ֆիլիպե Պոլո և Ֆլորես դե Վերտերա մայր՝ Ռամոնա Մարտինես Վալդես և Մարտինես Վալդես |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Կարմեն Ֆրանկո |
Carmen Polo Վիքիպահեստում |
Ֆրանկոյի վարչակարգի ժամանակ Իսպանիայում Կարմեն Պոլոն երկրի հասարակական ու քաղաքական կյանքում կարևոր դերակատարում է ունեցել։ Գեներալ-լեյտենանտ Ֆրանցիսկո Սալգադո Արաուխոյի խոսքերով Կարմեն Պոլոն «եղել է միակ անձը, ով իրական ազդեցություն է ունեցել» կաուդիլիո Ֆրանկոյի վրա։ Պահպանողական, ոսկերչական իրերի նկատմամբ սեր ունեցող[2] և խորապես հավատացյալ կինը՝ դոնյա Կարմենը, եղել է երկրում խիստ գրաքննություն սահմանելու նախաձեռնողը։ Նա տարբերվել է իր հավակնոտ և ծայրահեղ պահպանողական հայացքներով, եղել է իր ամուսնու քաղաքական ուղու հետևողական համակիրը։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ղեկավարման վերջին տարիներին գեներալիսիմուսի կինը էլ ավելի մեծ ազդեցություն է ունեցել ամուսնու վրա՝ իր շուրջը հավաքելով Իսպանիայում ազատականության կյանքի ազատականացման հակառակորդներին։
Կարմեն Պոլոն ծնվել է 1900 թվականի հունիսի 11-ին Օվիեդո քաղաքում։ Նրա ընտանիքը եղել է Աստուրիայի ամենաազդեցիկներից մեկը և դասվել է այսպես կոչված «ինդիանոսների» շարքում. Ֆրանկոյի կնոջ նախնիները իրենց կարողությունը կուտակել են Ամերիկայում։ Կարմենի հայրը՝ Ֆելիպե Պոլոն, եղել է գրականության հայտնի պրոֆեսորի որդի, իսկ մայրը՝ Ռամոնա Մարտինես Վալդեսը, հանդիսացել է աստուրիական ազնվական դինաստիաներից մեկին[3]։ Ֆելիպեի ու նրա կնոջ ընտանիքում եղել է չորս երեխա։ Ռամոնայի վաղաժամ մահվանից հետո երեխաների դաստիարակությանը մասնակցել է հորաքույր Իզաբելը, ով գործնականում երեխաների համար կատարել է մոր գոործառույթները[4][5][6]։ Հատկանշական է, որ Կարմենի փոքր քույրը՝ Ռամոնան, ով հայտնի է եղել նաև «Սիտա» Պոլո անունով, նույնպես ամուսնացել է իսպանական հայտնի քաղաքական գործիչ և Ֆրանկոյի կողմնակից Ռամոն Սուների հետ[7]։ Կարմենին նախնական կրթություն են տվել սելեզիական վանականները[8]։
Ապագա ամուսնու հետ Կարմեն Պոլոյի հանդիպումը տեղի է ունեցել այն բանից կարճ ժամանակ անց, երբ 1917 թվականի գարնանը քսանչորսամյա մայոր Ֆրանկոն իսպանական Մարոկկոյից տեղափոխվում է Օվիեդո և կցվում «Արքայազն Աստուրիացու» գնդին[6]։ Գնդի զինվորական բարձրագույն ղեկավարությունը սառը ընթունեց երիտասարդ սպային. Օվիեդոյի բարձր խավը նրան տվել է ստորացնող «Մայորչիկ» մականունը, իսկ տեղական կապիտաններն ու մայորները, որոնց մի մասը տարիքով երկու անգամ մեծ էին Ֆրանկոյից, հրաժարվում էին նրան ընդունել որպես հավասարի՝ չնայած այն հանգամանքին, որ Ֆրանկոն սերում էր ապահովված ընտանիքից, որը գտնվում էր համեմատաբար առավելություն ունեցող դիրքում[9]։
Կարմենի և Ֆրանկոյի հանդիպումը կայացավ 1917 թվականի ամռան վերջում ժողովրդական տոնակատարության («ռոմերիա») ժամանակ, որը կազմակերպվում է տեղացի ուխտագնացների կողմից[10]։ Ինչպես Ֆրանկոյի առաջին ընկերուհի Սոֆիա Միլեն, այնպես էլ Կարմենը նրան գրավեց մոր հետ ունեցած նմանությամբ, կաթոլիկության նկատմամբ հավատարմությամբ և տեղեկացվածությամբ, ինչը յուրահատուկ էր նաև իրեն։ Երիտասարդ մայորը հետևողական էր Կարմենի հանդեպ հոգատարությամբ։ Ֆրանկոն Կարմենին ուղարկում էր սիրային գրություններ։ Աստիճանաբար Ֆրանկոն կարողացավ հասնել իր ուզածին և աղջկա մոտ հետաքրքրություն առաջացնել, սակայն նրանց հետագա հարաբերություններին խանգարեց լուրջ խոչընդոտ։ Կարմեն Պոլոյի ընտանիքը և հատկապես հորաքույր Իզաբելը կտրականապես հրաժարվում էին ընդունել իրենց աղջկա նոր սիրեցյալին[11]։ Դրա պատճառը Ֆրանկոյի սոցիալական ցածր կարգավիճակն ու ֆինանսական աղետալի վիճակն էր, ինչը, ըստ Կարմենի հոր և հորաքրոջ կարծիքով, նա պատրաստվում էր կարգավորել ազնվական ընտանիքից սերող աղջկա հետամուսնության հաշվին[6]։ Միակ հանգամանքը, որ Ֆիլիպե Պոլոյին հետ էր պահում Ֆրանկոյին չարգելել դստեր հետ հանդիպել այն էր, որ նա հարգում էր երիտասարդի զինվորական արժանիքները[5]։
Գիտակցելով Կարմենի ձեռքը ստանալու իր բոլոր փորձերի անարդյունավետությունը՝ Ֆրանցիսկո Ֆրանկոն դադարեց շփվել նրա հետ։ 1919 թվականին Ֆրանկոն արձակուրդի նպատակով Էլ Ֆեռոլ, որտեղ բուռն սիրավեպ սկսեց մեկ այլ երիտասարդ աղջկա հետ, ում անունն էր Մարիա դե լոս Անխելես և դե Ֆուրունդարենա։ Նա նույնպես սերում էր հարուստ և ազդեցիկ ընտանիքից, և երբ Մարիայի հայրը տեղեկացավ դստեր ու աղքատ մայորի հանդիպման մասին, աղջկա խոսքերով ասած «ինձ հասցրեց ամենաուժեղ ապտակը, որ երբևէ ես ստացել էի»։ Այդպիսով Մարիան ստիպված էէր խզել իր կապերը Ֆրնկոյի հետ։ Մերժված Ֆրանկոն վերադարձավ Օվիեդո և վերականգնեց Կարմեն Պոլոյի ձեռքը ստանալու իր ջանքերը[12]։ Այս անգամ Ֆրանկոյին բախտը ժպտաց. անկախ այն հանգամանքի, որ բարեկամները բողոքում էին նրանց հարաբերություններից, Կարմենը համաձայնվեց դառնալ Ֆրանկոյի կինը, և շուտով Ֆրանցիսկոն պաշտոնապես ճանաչվեց Կարմենի ամուսին[6]։
Կարմենի ու ամուսնու հարսանեկան արարողությունը ստիպված էին անորոշ ժամանակով հետաձգել, քանի որ 1920 թվականի սեպտեմբերին Ֆրանցիսկո Ֆրանկոյին առաջարկվել էր ղեկավարել առաջին արտասահմանյան «Տերսիո» լեգիոնի մարտկոցն ու զուգահեռաբար նշանակվել լեգիոնի հրամանատարի տեղակալ փոխգնդապետի զինվորական կոչումով։ Ստանալով այդքան գրավիչ առաջարկ՝ Ֆրանկոն անմիջապես ուղևորվեց Մարոկկո։ Նա Օվիեդո վերադարձավ արդեն լեգիոնի նոր հրամանատարի պաշտոնում՝ կրելով պալատական սենեկապետի ու փոխգնդապետի կոչումներ, որի նախաձեռնողն էր անձամբ թագավոր Ալֆոնսո XIII-ը։ Բացի այդ, միապետը սպային տվել էր նաև ամուսնության թույլտվություն և 40 օր արձակուրդ[13]։
Ֆրանկոյի կարիերայի արագ աճը և նրա նկատմամբ թագավորի դրական տրամադրվածությունը, ով նույնիսկ համաձայնվել էր նրա հարսանիքին դառնալ կնքահայրը, արմատապես փոխեցին Կարմեն Պոլոյի ընտանիքի վերաբերմունքը աղջկա ամուսնու նկատմամբ։ Ֆրանկոյի զինվորական դիրքը այլևս ամուսնությունը անհավասար համարելու հնարավորություն չէր տալիս[5]։ 1923 թվականի հոկտեմբերի 22-ին Ֆրանցիսկո Ֆրանկոն ժամանում է Օվիեդո, իսկ հաջորդ օրը Սան Խուան եկեղեցում տեղի է ունենում երիտասարդ զույգի հանրային հարսանիքը։ Թագավորն անձամբ չէր կարողացել ներկա գտնվել հարսանիքին, սակայն նրան ներկայացնում էր Օվիեդոյի նահանգապետ գեներալ Լոսադան[13]։ Հարսանեկան տոնակատարությանը հետևում էր քաղաքացիների բազմությունը, որը երիտասարդներին դիմավորում էր բուռն ծափահարություններով։ Իր հարսանիքի արձագանքից ցնցված հետագայում Կարմենը հիել է. - «Ինձ թվում էր, որ ես տեսնում եմ ֆանտաստիկ երազ... կամ կարդում եմ հրաշալի վեպ... ինքս իմ մասին»[14]։
Մեղրամիսից հետո երիտասարդ ամուսիններն այցելեցին Մադրիդ, որտեղ նրանց սպասում էր թագավորի և թագուհու ընդունելություն։ Նորաստեղծ ընտանիքը կարճ ժամանակով հաստատվեց՝ տեղափոխվելով Ֆրանկոյի կողմից Կաստելյանո փողոցի 28 հսցեում գնված տանը[15]։ Դրանից հետո ամուսինները մեկնեցին մշտական բնակության մարոկկոյան Սեուտա[16]։ Կարմեն և Ֆրանկո զույգը իրենից ներկայացնում էր տիպիկ իսպանական կաթոլիկ ընտանիք։ 1926 թվականի սեպտեմբերի 14-ին Օվիեդոյում Կարմեն Պոլոն Ֆրանկոյին պարգևում է նրա միակ դստերը, ում կոչեցին Մարիա դել Կարմեն Ռամոնա Ֆելիպե դե լա Կրուսի պատվին։ Ապագա առաջնորդը իր դստերը մեղմորեն անվանում էր «Նենուկա»։ Հետագայում Ֆրանկոն արտահայտվել էր. - «Ես կարծում էի, որ ուրախությունից կխելագարվեմ»։ Քանի որ Կարմենի մոտ չէր նկատվել հղիության ակնհայտ նշաններ, լուրեր էին պտտվում, որ երեխայի ծնունդը բեմականացում էր, իսկ նորածին երեխան ոչ մի կապ չուներ Կարմեն Պոլոյի հետ և հանդիսանում էր Ֆրանկոյի սիրուհիներից մեկի աղջիկը։ Անկախ ամեն ինչից, հայրը սիրում էր կրտսեր Կարմենին և նրա հետ անցկացնում էր ավելի շատ ժամանակ, քան կնոջ հետ[17]։ Ընդհանուր առմամբ հաջողված, ապահով ամուսնությունն ու ամուր ընտանիքը նպաստեցին ապագա գեներալիսիմուսի պահպանողական հայացքների ամրապնդմանը[18]։
Չնայած այն հանգամանքին, որ Ֆրանկոյի ու նրա կնոջ ամուսնական միությունը եղավ ամուր ու երկարաժամկետ, իսկ իսպանացի կենսագիրը բռնապետին անվանել էր «կատարյալ»[19], վերջինը, ըստ ժամանակակիցների հիշողությունների, ամուսնության հենց ամենասկզբից Կարմեն Պոլոյի նկատմամբ մեծ սեր չէր զգում և բավարար ուշադրություն չէր դարձնում, քանի որ զինվորական կարիերան նրա համար ավելի կարևոր նշանակություն ուներ, քան ընտանիքը[16]:Տարիների ընթացքում նրանց ամուսնական միությունը ստանում էր ավելի ձևական բնույթ, իսկ հարաբերությունները զրկված էին ռոմանտիզմից[20]։ Պակաս կարևոր չէր միմյանց նկատմամբ անհասկացվածությունը, որը առաջանում էր ամուսինների միջև։ «Աֆրիկայի և գիրք կարդալու հանդեպ չափից դուրս մեծ սեր, ինչից ես չէի հասկանում ոչինչ» - այսպես էր բնութագրել Կարմեն Պոլոն ամուսնու «բացասական կողմերը» Ֆրանկոյի հետ համատեղ ասուլիսներից մեկի ժամանակ[21]։
Ինչպես և Ֆրանկոն, այնպես էլ նրա կինը քննադատաբար էին մոտենում Երկրորդ հանրապետության հռչակմանը։ Միապետության անկումից մի քանի ամիս հետո՝ 1931 թվականի հուլիսի 14-ին Ֆրանկոյի ընտանիքը տեղափոխվում է Օվիեդոյում գտնվող Կարմենի ամառանոց։ Ինչպես Ֆրանկոյի կենսագիր Գաբրիել Խոդջեսն է նշել մտահոգված լինելով ամուսնու անհաջողություններով, նա զբաղվում էր միայն Իսպանիայի նոր իշխանությունների նկատմամբ «թույն շնչելով»[22]։ 1933 թվականի ավարտին գեներալը ընտանիքը տեղափոխում է Մադրիդ[23], իսկ 1936 թվականի սկզբին, ստանում է Կանարյան կղզիներում տեղական զինվորական շրջանի հրամանատարի պաշտոն։ Կանարյան կղզիներում դոնյա Կարմենը ամուսնու հետ մասնակցում էր աշխարհիկ բոլոր միջոցառումներին, որը տեղի էր ունենում կղզիներում[24]։
1936 թվականի հուլիսի 17-18-ի խռովության ժամանակ, որը քաղաքացիական պատերազմի սկզիբ դարձավ Ֆրանցիսկո Ֆրանկոն, ով հանդես էր գալիս որպես խռովության ղեկավարներից մեկը, գտնվում էր Կանարյան կղզիներում։ Պատերազմը սկսվելուց որոշ ժամանակ անց նա կնոջն ու դստերը ուղարկում է Լաս Պալմաս,որտեղից նրանք շոգենավով ուղևորվեցին ֆրանսիական Հավր[25]։ Հետագայում ազգայնականների առաջին հաջողություններից հետո դոնյա Կարմենը վերադառնում է Իսպանիա, որտեղ մասնակցում է խռովարարների կողմից վերահսկվող տարածքներում հասարակական և քաղաքական կյանքին, հանդես էր գալիս որպես Ֆրանկոյի ներկայացուցիչ։ Այսպես, 1936 թվականի հոկտեմբերի 12-ին նա մասնակցում էր Սալամանկայի համալսարանում կազմակերպված այսպես կոչված «ռասայի օրվա» տոնակատարությանը, որի ժամանակ ականատեսը եղավ համալսարանի ռեկտոր, հայտնի գիտնական, պրոֆեսոր Միգել դե Ունամունոյի և Միլյան Աստրայի ղեկավարած ազգայնականների խմբի վեճին։ Խառնվելով միջադեպին՝ Ֆրանկոյի կինը կանխում է պրոֆեսորի նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը, այնուամենայնիվ գիտնականը կարճ ժամանակ անց ազատվում է համալսարանի ռեկտորի պաշտոնից[26]։
Կարմեն Պոլոյի՝ ամուսնու գործերին խառնվելու առաջին փորձերը նկատվեցին դեռևս քաղաքացիական պատերազմի նախնական փուլում։ Ամուսնու եղբոր՝ Նիկոլաս Ֆրանկոյի հանդեպ ոչ մի համակրանք չունենալով՝ Կարմեն Պոլոն չափազանց ուրախ էր իր քրոջ ամուսնու՝ Ռամոն Սուների հետ կաուդլիոյի մերձեցման համար, ով գեներալիսիմուսի փոխարինող էր դիտում Նիկոոլասի փոխարեն[27]։ Հետագայում դոնյա Կարմենը հաճախ էր փորձում համոզել Ֆրանկոյին հետևել Սուների խորհրդին կամ վերջինին օրինակ էր տղամարդկանց ներկայությամբ։ Այդ հանգամանքը Ֆրանկոյի և նրա կնոջ ամուսնու միջև շփումների պատճառ դարձավ[28]։
Դոնյա Կարմենը պետության քաղաքական կյանքում նկատելի դեր սկսեց կատարել 1950-ական թվականներից։ Աստիճանաբար նա իր վերահսկողության ներքո վերցրեց ամուսնու անձնական գրաֆիկը, երբեմն ուղեկցում էր Ֆրանկոյին արտասահմանյան հանդիպումների և երկրի տարածքում ճանապարհորդությունների ընթացքում։ Դոնյա Կարմենը ձգտում էր ծերացած ամուսնուն տարբեր միջոցառումների ժամանակ պաշտպանել անցանկալի հարցերից կամ տհաճ թեմաների մասին քննարկումներից։ Նա նախօրոք դիմում էր հյուրերին և ներկայացնում իր մշակած հատուկ ձևաչափի մասին։ Նա անհանգստանում էր, որ նցանկալի թեմաների կանհանգստացնեն իր ամուսնուն և կազդեն նրա հոգեկան վիճակի վրա։ Դոնյա Կարմենը նաև այնպես էր անում, որ երիտասարդ գեղեցիկ աղջիկները չհրավիրվեն միջոցառումներին, որոնց ներկա էր գտնվելու Ֆրանցիսկո Ֆրանկոն, որպեսզի նրանց ներկայությունը չվնասեր ամուսնու «անվտանգությանը»[29]։ Մի շարք պատմաբանների կարծիքով, Ֆրանկոյի կառավարման ժամանակ իսպանական գրականության և արվեստի մեջ առկա խիստ գրաքննությունը, որը արգելում էր սեփառակն հարաբերություններին անդրադառնալ, նախաձեռնվել է կաուդիլիոյի կնոջ կողմից[8]։
1969 թվականին Բարսելոնի կոմս Խուանի որդի և Իսպանիայի վերջին թագավոր Ալֆոնսո XIII-ի թոռ Խուան Կառլոս դե Բուրբոնի իսպանական գահաժառանգ, այսինքն, ըստ էության, Ֆրանկոյի իրավահաջորդ հռչակելը նրա շրջապատի և առաջին հերթին դոնյա Կարմեն Պոլոյի մոտ մեծ վրդովմունք առաջացրեց[30]։ 1972 թվականին, երբ Ֆրանկոյի ավագ թոռնուհին՝ Կարմեն Մարտինես Բորդիուն ամուսնացավ Ալֆոնսո XIII-ի մեկ այլ թոռան՝ դուքս Ալֆոնսո դե Բուրբոնի հետ, դոնյա Կարմենը ամենայն լրջությամբ սկսեց մտածել Խուան Կառլոսին իրավահաջորդ ճանաչելը մերժելու մասին։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի և իսպանական Բուրբոնների միջև ազգակցական կապերի ի հայտ գալով Խուան Կառլոսը կարող էր իր տեղը զիջել հորեղբորորդուն, սակայն, չնայած Ֆրանկոյի կնոջ և անձամբ Ալֆոնսոյի գործադրած ջանքերին, Խուան Կառլոսը չհրաժարվեց գահի նկատմամբ իր իրավունքներից[31]։ Կաուդիլիոն հետաքրքրված չէր գահաժառանգի ընտանիքով և չէր ցանկանում, որ իր թոռնուհու ամուսինը հետագայում ազդի իր վրա և այս անգամ կարողացավ առաջ տանել իր դիրքորոշումը[32]։
Ինչպես հետագայում հիշում է Կարմենիստա Ֆրանկոն, կաուդիլիո «երբեք չի եղել ֆեմինիստ» և միշտ զգուշանում էր, որ իր կինն ու աղջիկը «կխցկվեն քաղաքականության մեջ»[30]։ Այնուամենայնիվ այդպես էլ եղավ. Ֆրանցիսկո Ֆրանկոյի կյանքի վերջին տարիներին դոնյա Կարմենը կանգնած էր ամուսնու բազմաթիվ որոոշումների հետևում, որոնք ընդունվում էին քաղաքական ոոլորտում։ Կնոջ պնդմանը հետևելով 1973 թվականին Ֆրանցիսկոո Ֆրանկոն Կարմենի հովանավորյալին՝ 65-ամյա Կառլոս Արիաս Նավարոյին ընդգրկեց կառավարության կազմում։ Նա հանդիսանում էր Ֆրանկոյի համախոհը։ Այդ քայլից հետո գեներալիսիմուսի կինը էլ ավելի հաճախ սկսեց ազդել ամուսնու՝ երկրի քաղաքական կյանքին առնչվող որոշումների վրա։ Իրեն շրջապատելով իր կողմնակիցներով, օգտվելով ամուսնու խոցելիությունից ու ցրվածությունից, Կարմեն Պոլոն պահանջում էր «դաժան վարչապետ» ի դեմս Նավարոյի «և ուրիշ ոչ մեկի»։ Երկար մտածումունքներից հետո Ֆրանկոն զիջեց, ինչի հետևանքով Նավարոն ստանձնեց Իսպանիայի կառավարության ղեկավարումը[33]։ Իսպանացի շատ քաղաքական գոործիչներ, այդ թվում՝ Արտաքին գործերի ազատական տրամադրված նախարար Գրեգորիո Լոպես Բրավոն և Ներքին գործերի նախարար Տոմաս Գարիկանո Գոնյան հայտնվեցին դոնյա Կարմենի թիրախում և հեռացվեցին իրենց պաշտոններից։ Լոպես Բրավոյին նախարարի պաշտոնում փոխարինած Լաուրեանո Լոպես Ռոդոնայդ պաշտոնում կարողացավ մնալ միայն մահացած Կարերո Բլանկոյի հետ անձնական ընկերության շնորհիվ[34]։ Կաուդիլիոյի կնոջ աջակցությունը նաև վայելում էին աջ ծայրահեղական պահպանողական քաղաքական գործիչները։ Այդ գործիչների շարքում էին դասվում ազգայնական շարժման գլխավոր քարտուղար Ուտրերա Մոլինան և Արդարադատության նախարար Ֆրանսիսկո Ռուիս Խարաբոն, ով ակտիվորեն հանդես էր գալիս պետության ազատականացման դադարեցման և Իսպանական ֆալանգայի դերի ուժեղացման օգտին[35]։
1975 թվականի նոյեմբերի 20-ին մահանում է Ֆրանցիսկո Ֆրանկոն, և նրա կողմից նշանակված իրավահաջորդ արքայազն Խուան Կառլոս դե Բուրբոնը գահին է բարձրանում որպես Խուան Կառլոս I: Միապետը գեներալիսիմուսի կնոջը նշանակեց ցմահ թոշակ և շնորհեց գրանդեսի տիտղոս։ Ամուսնու մահից հետո դոնյա Կարմենը ստեղծում է Ֆրանկոյի կողմնակիցների կազմակերպություն, որի անունը «El Movimiento» էր։ Ֆրանկոյի մահվան յուրաքանչյուր տարելիցի օրը կազմակերպության անդամները հավաքվում և բազմահազարանոց երթով անցնում էին Մադրիդի փողոցներով։ Ֆրանկոյի այրին ամեն տարի մասնակցում էր ամուսնու պատվին կազմակերպվող ժամերգությանը, որը տեղի էր ունենում մայրաքաղաք Մադրիդից ոչ հեռու գտնվող Նահատակների հովիտ հուշահամալիրի մոտ[8]։
Կարմեն Պոլոյի կյանքի վերջին տարիներին ապրում էր մեկուսի կենսակերպով, հանդիպում միայն հարազատներին և հազվադեպ լքում տունը։ Նա չէր շփվում լրատվամիջոցների հետ և չէէր հետաքրքրվում երկրի քաղաքական կյանքով։ 1987 թվականի նա չկարողացավ մասնակցել Ֆրանկոյի կողմնակիցների հերթական երթին, որը տեղի ունեցավ կաուդիլիոյի մահվան տարելիցի օրը։ Դոնա Կարմենը ամուսնու մահվանից հետո ապրեց ևս 20 տարի և կյանքից հեռացավ 1988 թվականի փետրվարի 6-ին մադրիդյան իր բնակարանում։ Ըստ բժիշկ Վիսենտ Պոսուելո Էսկուդերոյի՝ մահվան պատճառը փետրվարի 1-ին սրված բրոնխիկ թոքաբորբն էր։ Բացի նշված հիվանդությունից Կարմեն Պոլոն ուներ նաև քրոնիկ հոդաբորբ[36]։ Հանգուցյալ ընտանիքին թագավորական ընտանիքի անունից ցավակցեց Սոֆիա թագուհին, ով անձամբ այցելեց դոնյա Կարմենի աղջկան և նրա ամուսսնուն[8]։
Ֆրանցիսկո Ֆրանկոյի այրուն թաղեցին Էլ Պարդո դղյակից ոչ հեռու՝ համանուն բնակավայրի գերեզմանատանը։ Վկաների գնահատականի համաձայն դոնյա Կարմենին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էր շուրջ 5 հազար մարդ, ովքեր կանգնել էին դեպի գերեզմանոց տանող փողոցի երկայնքով։ Երբ սգո թափորը անցնում էր հավաքվածների մոտով, նրանք ծածանում էին իսպանական ֆալանգայի արծվով կարմիր և դեղին գույնի դրոշները (դրոշի այդ տարբերակն օգտագործվել է Ֆրանկոյի կառավարման ընթացքում) և բղավում էին. - «Կեցցե՜ Ֆրանկոն»։ Մի քանի տասնյակ ներկաներ սուլեցին թագավոր Խուան Կառլոսի հետևից և կռվի բռնվեցին նրա թիկնապահների հետ[37]։ Գեներալիսիմուսի այրուն սգո պսակ էր ուղարկել Չիլիի նախագահ Աուգուստո Պինոչետ, ով անձամբ մասնակցել էր Ֆրանկոյի թաղման արարողությանը[38]։
Ֆրանկոյի կենսագիր Գաբրիել Խոդջեսը նշել է, որ գեներալիսիմուսի կնոջ «զոհի կերպարի» հետևում թաքնված է եղել «երկաթյա վճռականություն և լուրջ հավակնություններ»[21]։ Հայտնի է, որ դոնյա Կարմենը եղել է ամբարտավան և ինքնահավան կին։ Ժամանակակիցները նշել են, որ նա քննադատությունն ընդունում էր էլ ավելի ցավոտ, քան իր ամուսինը[29]։ Ավագ թոռնուհու՝ Ալֆոնսո դե Բուրբոն Դամպերայի հետ ամուսնության արարողության ժամանակ պահանջեց, որպեսզի Մարտինեսին դիմեն «Ձերդ գերազանցություն» դիմելաձևով և հարսնացուի սենյակ մուտք գործելու ժամանակ ծնկի գան[32]։
Ֆրանկոյի կինը մշտապես արտաքին լավ տեսք է ունեցել հասարակության առջև երևալիս[39]։ Կարմեն Պոլոյի կենսագիրը նշել է, որ նույնիսկ չլինելով գեղեցկուհի, ունեցել է ազնվական կեցվածք, նրբանկատ շարժումներ, աշխույժ կեցվածք[40]։ Դոնյա Կարմենը շատ էր կարևորում իր արտաքին տեսքը։ 1947 թվականին Արգենտինայի նախագահ Խուան Պերոնի կնոջ Էվա ՊերոնԻ՝ Իսպանիա այցից հետո կաուդիլիոյի կինը դժգոհ էր մնացել այն հանգամանքի հետ կապված, որ հյուրի լայնեզր գլխարկը ավելի մեծ էր ու գրավիչ, քան իրենը[41]։ Միևնույն ժամանակ մինչև իր կյանքի վերջ դոնյա Կարմենը, ինչպես նաև անձամբ Ֆրանկոն, մնաց որպես մոլի կաթոլիկ։ Ամուսնու հետ նա ամեն օր երեկոյան աղթոք էր արտասանում[42]։ Ենթադրվում է, որ հենց կնոջ ազդեցության ներքո է Ֆրանկոն ամրապնդվել իր կրոնական հայացքներում[8][18][43]։
Դոնյա Կարմենը թուլություն ուներ հնավոճ և թանկարժեք իրերի նկատմամբ, ինչպես նաև հավաքում էր զարդեր և արվեստի առարկաներ, ինչի համար էլ իսպանացինեերը նրան տվեցին «դոնյա Ապարանաջան»։ Այդ հարցում նա տարբերվում էր Ֆրանկոյից։ Հետագայում նրա թոռ Խուան Կրիստոբալը հիշում է. - «Իմ տատիկը սիրում էր փող, այն դեպքում երբ իմ պապիկը դրա հանդեպ անտարբեր էր»[44]։ Դեռևս 1930-ական թվականների սկզբներին, լինելով Մադրիդում, նա հաճախ էր այցելում օգտագործված իրերի շուկա և փնտրում հնավոճ առարկաներ[45]։ Այդպիսի առարկաների նկատմամբ առաջին տիկնոջ մոլությունը ձևավորել է բազմաթիվ ասեկոսեներ։ Լուրեր էին պտտվում, որ ոսկերչական փոքր խանութների տերերը ստեղծել էին ոչ պաշտոնական ապահովագրական ֆոնդ, որպեսզի Ֆրանկոյի այցից հետո փոխհատուցվեր կորուստների դիմաց։ Մեկ այլ պատմություն էլ ասում էր, որ աղջկա հարսանիքից հետո, տեղեկանալով, որ հարսնացուի ադամանդե զարդը, որը պայմանավորվածության համաձայն պետք է վերադարձվեր ոսկերչական խանութին, դոնյա Կարմենը իր սպասավորին ուղարկում է այնտեղ և վերձնում զարդը[20]։ Երբեմն նշվումէ, որ գեներալիսիմուսի կնոջ հետ կապված ասեկոսեները չափազանցացված են[29]։ Լուրեր էին շրջանառվում նաև Կարմեն Պոլոյի անձնական կյանքի մասին:Ասվում էր, որ Ֆրանկոն ու նրա կինը երբեք սեռական կապ չեն ունեցել, իսկ նրանց աղջիկը չի ծնվել կաուդիլիոյից, այլ նրա կրտսեր եղբոր Ֆրանկո Ռոմանից[46]։ Այդ մասին, մասնավորապես, գրել է հայտնի ամերիկացի գրող Նայջել Քոտորնը[47]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.