Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Խոսե Կարերաս (իսպ.՝ José Carreras, ամբողջական անունը՝ Ժոզեպ Մարիա Կարերաս-ի-Կոլ, կատ.՝ Josep Maria Carreras i Coll, դեկտեմբերի 5, 1946[2][3][4][…], Sants[1]), իսպանացի օպերային երգիչ (տենոր), որը հայտնի է Ջուզեպպե Վերդիի և Ջակոմո Պուչինիի ստեղծագործությունների իր մեկնաբանություններով[8]։
Խոսե Կարերաս | |
---|---|
Բնօրինակ անուն | կատ.՝ Josep Maria Carreras i Coll[1] և իսպ.՝ José Carreras |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1946[2][3][4][…] (78 տարեկան) Sants[1] |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգիչ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր[5][1] |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Sony Classical |
Կրթություն | Conservatori Superior de Música del Liceu |
Անդամակցություն | Երեք տենոր |
Պարգևներ | |
José Carreras Վիքիպահեստում |
Ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 5-ին, Բարսելոնայում։
Նրա երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռևս վաղ մանկությունից։ Այդ ժամանակ նա գտնվում էր Էնրիկո Կարուզոյի ստեղծագործության ազդեցության տակ։ Առաջին անգամ հանրության առջև հանդես է եկել ութ տարեկանում՝ Իսպանիայի պետական ռադիոյով կատարելով La donna è mobile մեներգը (Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից)[9]։ Տասնմեկ տարեկանում հանդես է եկել պատմողի դերում Մանուել դե Ֆալյայի «Վարպետ Պեդրոյի խեղկատականոցը» օպերայում (դիսկանտ ձայն), հետո երկրորդ պլանի ևս մեկ դերով Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայում։
Կարերասը սովորել է Conservatorio Superior de Música del Liceo երաժշտական հաստատությունում։ Նորամուտը նշել է Լիսեուում՝ կատարելով Ֆլավիոյի դերը Պուչինիի «Նորմա» օպերայում, որտեղ գլխավոր դերը կատարում էր Մոնսերատ Կաբալյեն։ Վերջինս նկատում է երիտասարդ տենորի տաղանդը և նպաստում նրան, որ նա ստանա առաջին պլանի դեր Գաետանո Դոնիցետտիի «Լուկրեցիա Բորջիա» օպերայում։
Կարերասը Մոնսերատ Կաբալյեի հետ հաջորդ անգամ երգեց 1971 թվականին, երբ նորամուտն էր նշում Լոնդոնի բեմում՝ «Մարիա Ստյուարտ» օպերայում, իսկ ավելի ուշ նրանք միասին երգել են ևս մոտ տասնհինգ ներկայացումներում։
1972 թվականին «Մադամ Բատերֆլայ» օպերայում Պինկերտոնի դերերգով նորամուտն է նշել ամերիկյան բեմում։ 1974 թվականին Վիեննայում առաջին անգամ հանդես է եկել Մանտովայի հերցոգի դերում Վերդիի «Ռիգոլետտո» օպերայում։
28 տարեկանում Կարերասն արդեն կատարել էր դասական օպերային ռեպերտուարի առաջին պլանի 24 դերերգ։
1987 թվականին, երբ գտնվում էր փառքի գագաթնակետում, բժիշկներն ախտորոշեցին սարսափելի հիվանդություն՝ սուր լեյկեմիա։ Երգչի ողջ մնալու հավանականությունը գնահատվում էր տասը՝ մեկի։ Այդ հիվանդությունը Կարերասի կարիերան ընդհատեց մեկ տարով[10]։ Հաջորդ տարի Կարերասը ստեղծում է լեյկեմիան բուժելու բնագավառում հետազոտությունների համար նվիրատվություններ հավաքող José Carreras International Leukaemia Foundation հիմնադրամը[11]։ Տարեկան իր մոտ 60 համերգից գոյացած եկամուտը Կարերասը փոխանցում է այդ հիմնադրամին։
Հիվանդությունը հաղթահարելուց անմիջապես հետո Կարերասն ուղևորվեց Մոսկվա, որտեղ Մոնսերատ Կաբալյեի հետ անցկացրեց բարեգործական համերգ՝ հօգնություն Սպիտակի երկրաշարժից տուժածների[12]։
1990 թվականին աշխարհի հարյուրհազարավոր հեռուստադիտողներ ականատեսը եղան Հռոմում կայացած «Երեք տենորների» համերգին, որը նվիրված էր ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկին։ Այդ համերգը, որը սկզբնապես մտածված էր որպես Կարերասի հիմնադրամին օգնելու միջոց, դարձավ Կարերասի և նրա գործընկերների՝ Լուչանո Պավարոտտիի և Պլասիդո Դոմինգոյի մշտական հանդիպման առիթ։
1992 թվականին Կարերասը հանդես եկավ իր հայրենիք Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությանը։
1990-ականների սկզբին մասնակցել է «Կարմեն» և «Սամսոն և Դալիլա» ներկայացումներին։ Այնուհետև տենորն ամբողջությամբ կենտրոնացավ մենահամերգային գործունեության վրա։ Օպերաներում նրան կարելի էր տեսնել տարեկան մեկ-երկու անգամից ոչ ավելի, և ամեն անգամ այդ ելույթները դառնում էին համաշխարհային մասշտաբի իրադարձություն։ Վերջին դերերգը երգիչը կատարել է 1998 թվականին Վոլֆ-Ֆեռարիի «Սլայ» օպերայում, 1999 թվականին նույն դերերգը կատարել է ԱՄՆ-ում՝ Վաշինգտոնի օպերայում կայացած այդ ստեղծագործության ամերիկյան պրեմիերային[13]։
1990-ականներին և 2000-ականների սկզբին Կարերասը տալիս էր տարեկան միջինը 50 համերգ։ 2009 թվականին տենորը հայտարարեց օպերային կարիերան ավարտելու մասին, քանի որ այլևս չէր կարողանում դիմանալ ծանրաբեռնվածությանը թատերական բեմում[14]։
2014 թվականի մարտի 16-ին Կարերասը ելույթ ունեցավ Սոչիի Պարալիմպիկ խաղերի փակման արարողությանը՝ Դիանա Գուրցկայայի հետ կատարելով խաղերի օրհներգը։
Կարերասն աշխարհի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։
Նրա պատվին Իսպանիայում անվանակոչվել են կոնսերվատորիա, մի քանի երաժշտական դպրոց և համերգասրահ[15]։
1992 թվականին տենորը բաժանվեց իր առաջին կնոջից՝ Մերսեդես Պերեսից, որի հետ 1971 թվականին կնքված ամուսնությունից ունի երկու երեխա. որդին՝ Ալբերտը ծնվել է 1972 թվականին, և դուստրը՝ Ժուլիան՝ 1977[16]։
2006 թվականին տենորն ամուսնացավ ավստրիացի նախկին ուղեկցորդուհի Յուտա Եգերի հետ[14], սակայն այս ամուսնությունն էլ փլուզվեց 2011 թվականին[17][18]։
Կարերասն ապրում է Բարսելոնից մեկ ժամվա հեռավորության վրա գտնվող ծովափնյա համեստ առանձնատանը[19]։
Երգչին լավ ճանաչող ընկերները նրան բնութագրում են որպես խիստ հակասական կերպարի։ Նշվում է, որ Կարերասի մեջ զարմանալիորեն համադրվում են ինքնամփոփվածությունը, անզուսպ խառնվածքը և ահռելի կենսասիրությունը։
Ընդգրկված է Gramophone ամսագրի Փառքի սրահում[22]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.