From Wikipedia, the free encyclopedia
Լուի Պաստյոր (ֆր.՝ Louis Pasteur, դեկտեմբերի 27, 1822[1][2][3][…], Դոլ, Բուրբոնների վերականգնում[4][5] - սեպտեմբերի 28, 1895[1][3][6][…], Castle of Villeneuve-l'Étang, Մարն-լա-Կոկետ[7][5]), ֆրանսիացի միկրոկենսաբան և քիմիկոս, Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1881)։ Ուսումնասիրելով մարդու բազմաթիվ ախտածին մանրէներ և հիվանդություններ՝ Պաստյորը հիմնադրեց իմունաբանությունը և միկրոկենսաբանությունը։ Նրա անունն է կրում իր կողմից հայտնաբերված պաստերիզացում երևույթը։ Նա շատ տաղանդավոր մարդ էր, հրապուրվել էր քիմիայով և 27 տարեկան հասակում արդեն պրոֆեսոր էր։ Նրա ուսումնասիրություններն ու հայտնագործությունները հիացնում էին գիտնականներին։ Եվ ոչ ոք չէր էլ կռահում, որ շուտով նա թողնելու է քիմիան և հետազոտություններ է կատարելու միանգամայն այլ բնագավառում։
Լուի Պաստյորը ծնվել է Ֆրանսիայի արևելքում՝ Դոլ քաղաքում[25], կաշեգործի ընտանիքում։ Հայրը՝ Ժան-Ժոզեֆ Պաստյորը, ժամանակին մասնակցել էր Նապոլեոն Բոնապարտի ռազմական արշավանքներին, ճակատամարտերին[26]։
Լուին մանկությունն անց է կացրել Շվեյցարիայի հետ սահմանին մերձ Արբուա քաղաքում։ Այստեղ էլ հաճախել է դպրոց, այնուհետև՝ քոլեջ, որտեղ, չնայած տարիքով ամենփոքրը լինելուն, ջանասիրության, ընթերցասիրության, խելքի, ուշիմության շնորհիվ դարձել է դասախոսի օգնական։ Ի դեպ, դեռ վաղ հասակում դրսևորել է նաև նկարչի ու գրողի անուրանալի ձիրքեր, սակայն հետագայում չի զարգացրել դրանք՝ իրեն լիովին նվիրելով գիտությանը։
Ուսումը շարունակել է Բզանսոնում, այնուհետև՝ Փարիզում՝ լավագույն ուսումնական հաստատության համարում ունեցող Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցում (եղել է համբավավոր բնագետներ, պրոֆեսորներ Դյումայի և Բալարդի ուսանողը)։ Ուսումնառությունն ավարտելով՝ որոշ ժամանակ ֆիզիկա է դասավանդել Դիժոնի ավագ դպրոցում։ 1849 թվականին մեկնել է Ստրասբուրգ, որտեղ հաջողությամբ պաշտպանել է դոկտորական իր ատենախոսությունը։ Այդ նույն տարում ամուսնացել է Ստրասբուրգի համալսարանի ռեկտորի դստեր՝ Մարի Լորանի հետ, ունեցել են հինգ երեխա, որոնցից երեքը վաղ հասակում մահացել են որովայնային տիֆից (ի դեպ, անձնական այդ ողբերգությունն է դրդել, որ նա խորամուխ լինի մանրէաբանության մեջ)։
1854 թվականին Ստրասբուրգից ընտանիքով մեկնել է Լիլ՝ վերաբացելու տեղի համալսարանը։ Երեք տարի անց էլ նշանակվել է Փարիզի Էկոլ նորմալ բարձրագույն դպրոցի ուսումնական աշխատանքների գծով ղեկավար։ 1857 թվականը Լուի Պաստերի կյանքում նշանավորվել է նաև նրանով, որ վերջապես հրապարակել է ֆերմենտացիայի (խմորման) և նյութերի քայքայման բնագավառներում իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները։ Նա հետազոտել է հետվակցինային իմունիտետի երևույթը, հայտնաբերել մի շարք վակցիններ, այդ թվում՝ կատաղության, սիբիրախտի, խոլերայի դեմ։ Հայտնագործել է նաև բակտերիաների աճեցման մեթոդներ, առաջինը կիրառել հեղուկ միջոցներ։ Իր մեծարժեք հայտնագործությունների, անձնվեր աշխատանքի համար Լուի Պաստյորը արժանացել է Պատվո լեգեոնի ասպետի բարձր կոչման, դարձել աշխարհի մի շարք երկրների գիտական հաստատությունների, կազմակերպությունների պատվավոր անդամ[27]։
Նշանավոր գիտնականը մահացել է 1895 թվականին, Փարիզի Սեն Կլու արվարձանում։ Թաղվել է Փարիզի Աստվածամոր տաճարում։ Հետագայում նրա աճյունը տեղափոխվել և վերահուղարկավորվել է Ֆրանսիայի մայրաքաղաքի Լուի Պաստյորի անվան ինստիտուտի մոտ հատուկ այդ նպատակով կառուցված մատուռում։
Պաստյորը հռչակվել է առաջին հերթին գինեթթվի երկու էնանտոմորֆ բյուրեղային ձևերի հայտնագործման շնորհիվ (1848 թ.)[28]: Նա առաջինն է առաջ քաշել այն վարկածը, որ գոյություն ունեն էնանտիոմերներ՝ իզոմերներ, որոնք միմյանցից տարբերվում են այնպես, ինչպես առարկան և դրա հայելային արտացոլանքը:Այս հայտնագործությամբ հիմք է դրվել գիտության մի նոր ճյուղի՝ ստերեոքիմիայի[29]։ 1857-1868 թվականներին նա նվիրվել է խմորման գործընթացների ուսումնասիրությանը, բացահայտել ու ցույց տվել, որ խմորումը՝ ֆերմենտացիան, միկրոբների ազդեցության հետևանք է։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում զարգացրել է սննդամթերքը ջերմային մշակման ենթարկելու միջոցով դրա տևական պահպանությունն ապահովելու մեթոդը, որը հայտնագործողի իսկ անունով ստացել է պաստերիզացիա անվանումը, ինչպես նաև ժխտել է միկրոբների ինքնավերականգնման տեսությունը։
Սակայն առավել մեծարժեք են համարվում Լուի Պաստյորի հայտնագործությունները բակտերիոլոգիայի և վիրուսոլոգիայի բնագավառներում, հայտնագործություններ, որոնց գագաթնակետը հանդիսացավ մարդապաշտպան առաջին վակցինի ստեղծումը։ Այդ ուսումնասիրությունները նա իրականացրել է 1881-1885 թվականներին։ Արդեն իսկ 1885 թվականին վակցինը առաջին անգամ հաջողությամբ կիրառվել է կենդանի մարդուն կատաղությունից բուժելու նպատակով։
Պաստյորի իրականացրած աշխատանքները միաժամանակ լավագույն նմուշօրինակ են ծառայում քիմիայի, անատոմիայի, ֆիզիկայի բնագավառներում հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները համակցելու առումով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.