From Wikipedia, the free encyclopedia
Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում (ռուսերեն՝ Невероятные приключения итальянцев в России, իտալ.` Una matta, matta, matta corsa in Russia - Մի խելակորույս, խելակորույս, խելակորույս մրցավազք Ռուսաստանով մեկ), խորհրդա-իտալական համատեղ արտադրության կատակերգական և արկածային կինոնկար, որը նկարահանվել է 1973 թվականին, ռեժիսորներ Էլդար Ռյազանովի և Ֆրանկո Պրոսպերիի կողմից։ Կինովարձույթի առաջին իսկ տարվա ընթացքում, ֆիլմը դիտել է մոտ 50 միլիոն հանդիսատես[2]։
Երկիր | ԽՍՀՄ Իտալիա |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն, գանձերի փնտրման ֆիլմ և արկածային ֆիլմ |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն և իտալերեն |
Ռեժիսոր | Ֆրանկո Պրոսպերի և Էլդար Ռյազանով |
Պրոդյուսեր | Դինո դե Լաուրենտիս և Լուիջի դե Լաուրենտիս |
Սցենարի հեղինակ | Ֆրանկո Կաստելանո, Ջուզեպպե Մոչչա, Էլդար Ռյազանով, Էմիլ Բրագինսկի և Castellano and Pipolo? |
Դերակատարներ | Անդրեյ Միրոնով, Նինետո Դավոլի, Անտոնիա Սանտիլլի, Ալիգիերո Նոսկեզե, Տանո Չիմարոզա, Ջիջի Բալիստա, Ֆրանկա Շուիտո, Եվգենի Եվստիգնեև[1] և Օլգա Արոսևա |
Օպերատոր | Գաբոր Պոգանի և Միխայիլ Բից |
Երաժշտություն | Կառլո Ռուստիկելլի |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Նկարահանման վայր | Լենինգրադ |
Կինոընկերություն | Մոսֆիլմ և Dino de Laurentiis Cinematografica |
Տևողություն | 102 րոպե |
Հռոմի հիվանդանոցներից մեկում, 93 տարեկանում մահանում է ազգությամբ ռուս մի կին։ Մահվանից առաջ նա հասցնում է իր թոռնուհուն` Օլգային հայտնել, որ բոլշեւիկյան Կարմիր ահաբեկչության տարիներին, իր ահռելի հարստությունը, որը հավասարազոր է 9 միլիարդ իտալական լիրի, նա թաքցրել է Լենինգրադում գտնվող առյուծի տակ։ Բացի Օլգայից, այդ գաղտնիքը լսում են բուժաշխատողներ Անտոնիոն և Ջուզեպպեն, բժիշկը, կոտրված ոտքով մի հիվանդ և մաֆիոզ Ռոզարիո Ագրոն, ով եկել էր իր հղի կնոջը տեսակցության։
Մոսկվա թռչող ինքնաթիռի մեջ, նրանք` բոլորը անսպասելիորեն հանդիպում են միմյանց։ Որոնվող գանձերը հավասարաչափ բաժանելու շուրջ` նրանց բանակցությունները արդյունք չեն տալիս։ Օլգան որևէ պատճառ չի գտնում ինչ-որ մեկի հետ գանձը կիսելու, իսկ Ռոզարիոն ընդհանրապես այն բաժանելու մտադրություն չուներ։ Թռիչքի ընթացքում նա աննկատելիորեն գողանում է բժշկի անձնագիրը և այն նետում զուգարանակոնքի մեջ։ Սակայն անձնագիրը դրսի կողմից կպչում է ինքնաթիռի պատուհանին։ Փորձելով պատուհանին հարվածելով այն վայր գցել, Ռոզարիոն կոտրում է ապակին և վայրկյաններ անց նրա մարմինը կիսով չափ դուրս է ելնում պատուհանից դուրս։ Ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարում Մոսկվա-Մինսկ ավտոմայրուղու վրա։
Վայրէջքից հետո բժշկին թույլ չեն տալիս ինքնաթիռից իջնել` անձնագրի բացակայության պատճառով։ Մյուսներին ծաղիկներով դիմավորում է ոմն Անդրեյը։ Պարզվում է, որ Անտոնիոն միլիոներորդ իտալացի զբոսաշրջիկն է, ով ժամանել է ԽՍՀՄ և Անդրեյը պետք է լինի անձամբ նրան ուղեկցողը։ Քանի որ ուղեկցողից անհնար էր ազատվել և բացի այդ նա միակն էր, ով տիրապետում էր ռուսերենին և ծանոթ էր տեղանքին, Անտոնիոն և Ջուզեպպեն նրան հայտնում են իրենց գալու նպատակի մասին և առաջարկում բաժին տալ նրան, եթե նա օգնի գանձերը որոնելու գործում։
Որպեսզի հասնի Լենինգրադ, Օլգան ավտովարձույթի կետից վարձում է ՎԱԶ-2103 ավտոմեքենա, իսկ Անտոնիոն, Ջուզեպպեն և Անդրեյը` Լենինգրադ են ուղևորվում գնացքով, որով մեկնում էր նաև Ռոզարիոն։ Ճանապարհին Ռոզարիոն անջատում է գնացքի վագոնը, որպեսզի ձերբազատվի մրցակիցներից։ Հասնելով ավտոմայրուղուն, Անտոնիոն, Ջուզեպպեն և Անդրեյը կանգնեցնում են ԶԻԼ-130 բեռնատարը, այնուհետև նրա վրայից անցնում ավտոմեքենաներ փոխադրող բեռնատարի վրա և առևանգում Մոսկվիչ-412 ավտոմեքենան և սկսում հետապնդել Օլգային, քանի որ նա միակն էր, ով գիտեր այն նշանը, որով կարող էին գտնել անհրաժեշտ առյուծին։
Սակայն շուտով նրանց ավտոմեքենայի բենզինը վերջանում է։ Երբ նրանք հասնում են բենզալցակայանին, մոտակայքով անցնող գնացքի միջից Ռոզարիոն նկատում է նրանց և հատուկ սիգարի միջոցով պայթեցնում է բենզալցակայանը` ավտոմեքենայի հետ միասին։ Մինչ հրշեջները հանգցնում էին կրակը, իտալացիներն ու Անդրեյը առևանգում են հրշեջների ԳԱԶ-51 ավտոմեքենան և հասնում Օլգային։
Հասնելով Լենինգրադ, Անդրեյը, Անտոնիոն, Ջուզեպպեն և Օլգան սկսում են առյուծի որոնումները։ Պալատական հրապարակի մոտ նկատելով առյուծի արձան, նրանք բանվորների տեսքով սկսում են հողը փորել և անսպասելիորեն, հեռախոսախցիկի մեջ նկատում են Ռոզարիոյին։ Անտոնիոն վերամբարձ կռունկով բարձրացնում է հեռախոսախցիկը և գցում Մոյկա գետը։ Չգտնելով գանձերը, նրանք շարունակում են որոնումները։ Հուսահատվելով, Օլգան բացում է գաղտնիքն այն մասին, որ առյուծից հարյուր քայլ հեռավորության վրա պետք է շատրվան լինի։
Իր հերթին Ռոզարիոն, որ չէր զոհվել, նույնպես շարունակում է որոնումները։ Այդ ընթացքում նրանք անխնա կերպով ոչնչացնում են Լենինգրադի բոլոր առյուծների արձանները։ Արդյունքում պարզվում է, որ գանձերը գտնվում են կենդանաբանական այգում` կենդանի առյուծի վանդակի տակ։ Այդ մասին կռահում են իտալացիները, երբ գտնվում էին Անդրեյի տանը։ Այդ ժամանակ Անդրեյի մայրը Օլգային պատմում է, որ որդին խորհրդային միլիցիայի կապիտան է։ Օլգան իտալացիներին հայտնում է, որ Անդրեյը ոչ թե ուղեկցող է, այլ հետևում է իրենց։
Անդրեյին գայթակղելով, Օլգան «Աստորիա» հյուրանոցի սենյակում փակում է նրան և գնում Անտոնիոյի և Ջուզեպպեի մոտ, ովքեր արդեն փորում էին առյուծի վանդակի տակ։ Անդրեյը այնտեղ է հասնում այն պահին, երբ իտալացիները գտնում են գանձերը, սակայն փլուզման պատճառով, վանդակի միջից ցած է ընկնում նաև առյուծը։ Օլգան, Անդրեյը, Ռոզարիոն, Անտոնիոն և Ջուզեպպեն, վերցնելով գանձերը, փորձում են առյուծից փախչել, որը ինչպես պարզվում է, նպատակաուղղված հետապնդում է նրան, ում մոտ որ գտնվում է գանձերի արկղիկը։
Ճանապարհին արկղիկը փորձում է գողանալ կաղ իտալացին։ Փախչելով առյուծից, ընկերները հասնում են Նևա գետի ափ։ Անդրեյը շեղում է առյուծի ուշադրությունը, իսկ Օլգան և ընկերները, նստելով մակույկը, հեռանում են։ Սակայն առյուծը կամրջից ցած է նետվում նրանց մակույկի վրա, որի պատճառով բոլորը ջուրն են ընկնում։ Անդրեյը շարժիչանավակով հասնում է խեղդվողներին, օգնում նրանց և գետի հատակից հանում գանձերի արկղիկը, այդ ընթացքում կանչելով նաև միլիցիոներներին։
Դուրս գալով գետից, նա դեմ առ դեմ հանդիպում է իտալացիներին։ Երբ միլիցիոներները մոտենում են, իտալացիներն ու Օլգան փախչում են, բայց Անդրեյը հասնելով նրանց, բացատրում է, որ գանձեր գտնող մարդկանց, օրենքով տրամադրվում է գանձերի արժողության 25 տոկոսը։
Օդանավակայանում իտալացիներին ճանապարհելուց հետո, Օլգան, ով հասցրել էր սիրահարվել Անդրեյին, վերջին պահին դուրս է գալիս ինքնաթիռից և փարվում Անդրեյին` մնալով ԽՍՀՄ-ում։
Դերակատար | Կերպար |
---|---|
Անդրեյ Միրոնով | կապիտան Անդրեյ Վասիլև |
Անտոնիա Սանտիլլի | Օլգա |
Նինետո Դավոլի | Ջուզեպպե |
Ալիգերո Նոսկեզե | Անտոնիո Լոմացո |
Տանո Չիմարոզա | Ռոզարիո Ագրո |
Լուիջի Բալլիստա | բժիշկ |
Եվգենի Եվստիգնեև | կաղ իտալացի |
Օլգա Արոսևա | Անդրեյի մայրը |
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Էմիլ Բրագինսկի, Էլդար Ռյազանով, Ֆրանկո Կաստելլանո, Ջուզեպպե Պիպոլո | սցենարիստ |
Էլդար Ռյազանով, Ֆրանկո Պրոսպերի | ռեժիսոր |
Դինո Դե Լաուրենտիս, Լուիջի Դե Լաուրենտիս | պրոդյուսեր |
Գաբոր Պոգանի, Միխայիլ Բից | օպերատոր |
Կառլո Ռուստիկելլի | կոմպոզիտոր |
Ֆիլմում նկարահանվել է ճարտարապետ Լև Բերբերովի Քինգ անունով առյուծը։ Բացի առյուծից, Բաքվում բնակվող Բերբերովների ընտանիքում ապրում էր նաև պումա։ Նկարահանումներից անմիջապես հետո, Քինգ առյուծը գնդակահարվել է միլիցիոներ Ալեքսանդր Գուրովի կողմից։ 1973 թվականի հուլիսի 25-ին, առյուծը գտնվում էր Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցում գտնվող փակ դպրոցի տարածքում։ Այդ ժամանակ մոտակայքով անցնելիս է եղել ուսանող Վալենտին Մարկովը` ընկերուհու և շան հետ։ Շունը վազել է դեպի դպրոցի տարածք, իսկ ուսանողը, ցատկելով ցանկապատի վրայով, ցանկացել է հասնել շանը։ Անսպասելիորեն, թփերի ետևից դուրս է եկել առյուծը և վայր գցելով ուսանողին, երախով բռնել է նրա գլուխը։ Վերջինիս ընկերուհին վախից ճչացել է։ Լսելով նրա ձայնը, Ալեքսանդր Գուրովը մոտենալով, իր մոտ եղած հաշվեցուցակային զենքի պահեստատուփի ողջ պարունակությունը դատարկել է առյուծի վրա։ Գնդակներից մեկը դիպել էր առյուծի սրտին, որից առյուծ-դերասանը տեղում զոհվել էր։ Ուսանողը ստացած վնասվածքներից բավականաչափ արյուն էր կորցրել[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.