From Wikipedia, the free encyclopedia
Էլլա Ջեյն Ֆիցջերալդ (անգլ.՝ Ella Jane Fitzgerald; ապրիլի 25, 1917[4][5][6][…], Նյուփորտ Նյուս, Վիրջինիա, ԱՄՆ[7][7][8] - հունիսի 15, 1996[9][4][5][…], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ամերիկացի ջազային երգչուհի, ջազային երաժշտության պատմության մեջ ամենահզոր վոկալ ունեցողներից մեկը («Ջազի առաջին լեդի», «Երգի առաջին լեդի»[10]), հայտնի է նաև «Լեդի Էլլա» անունով, ունեցել է 3 օկտավա հզորությամբ ձայն, եղել է սկետի և ձայնային իմպրոզիվացիաների վարպետ։ 13 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի[11] ի, 1987 թվականին ԱՄՆ-ի Ազգային արվեստի[12], իսկ 1992 թվականին Անկախության նախագահական մեդալակիր է[13], Արվեստի և մշակույթի կավալերի շքանշանակիր (Ֆրանսիա 1992)[14][15]։ Իր 50-ամյա գործունեության ընթացքում թողարկել է ավելի քան 90 ալբոմ և ժողովածու՝ ինչպես սոլո, այնպես էլ այլ հայտնի ջազային երաժիշտների մասնակցությամբ, այդ թվում՝ Դյուկ Էլինգտոնի, Լուի Արմսթրոնգի, Քուիսնի Ջոնսոնի, Կաունտ Բեյսի, Ջո Պասի, Օսկար Պիտերսոնի։ Ֆիցջերալդի տաղանդին մեծ գնահատական են տվել անվանի կոմպոզիտորներ Կոուլ Պորտերը, Իրվինգ Բերլինը, Անտոնիու կարլոս Ժոբինը, պոետ-երաժիշտներ Այրա Գերշվինը, Ջոն Մերսորը։ Ողջ կյանքի ընթացքում վաճառվել է երգչուհու ձայնագրությունների ավելի քան 40 միլիոն ձայնասկավառակ[16]։
Էլլա Ֆիցջերալդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Ella Fitzgerald |
Ի ծնե անուն | անգլ.՝ Ella Jane Fitzgerald |
Նաև հայտնի է որպես | «Լեդի Էլլա», «Ջազի առաջին լեդի» |
Ծնվել է | 1917 ապրիլի 25 Նյուփորթ Նյուս, Վիրջինիա |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 15, 1996 79) Բևերլի Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ | (տարիքը
Գերեզման | Ինգլվուդ Պարկ |
Ժանրեր | ջազ, սվինգ, փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ[1] |
Գործունեություն | 1934-1993 |
Լեյբլ | Decca Records, Verve Records |
Կապված | Դյուկ Էլինգթոն Լուի Արմսթրոնգ Քոուլ Փորթեր Քուինսի Ջոնս Քաունթ Բեյսի Իրվինգ Բեռլին |
Ամուսին | Ռեյ Բրաուն |
Պարգևներ | |
Կայք | ellafitzgerald.com |
Ella Fitzgerald Վիքիպահեստում |
Էլլա Ջեյն Ֆիցջերալդը ծնվել է 1917 թվականի ապրիլի 25-ին Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուս քաղաքում, ունեցել է աֆրոամերիկյան և իռլանդական արմատներ[17][18]։ Նրա հայրը՝ Ուիլիամ Ֆիցջերալդը և մայրը՝ Տեմպերանս «Տեմպի» Ֆիցջերալդը պաշտոնապես ամուսնացած չեն եղել։ Հայրը 35 տարեկան էր, բեռնակիր վարորդ էր, իսկ մայրը 23 տարեկան էր, աշխատում էր լվացքատանը։
Զույգը բաժանվել է աղջկա ծնվելուց շատ չանցած և Էլլան ստիպված էր մոր հետ տեղափոխվել Յոնկերս՝ Նյու Յորքի հարավ-արևելք։ Այնտեղ Էլլայի մայրը ծանոթացել է պորտուգալացի ներգաղթյալ Ժոզեֆ դա Սիլվայի հետ։ Շուտով նրանք սկսել են միասին ապրել, և 1923 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Ֆրանսիս դա Սիլվան։ Ընտանիքը առաջնորդվում էր մեթոդիզմի սկզբունքներով, հաճախ էր այցելում եկեղեցի և կիրակնօրյա ժամերգությունների, Էլլան մանկուց սովորել է Աստվածաշունչ և սիրել եկեղեցական պատարագներ[19][20]։ Ինչպես այդ ժամանակվա շատ սևամորթ երգչուհիներ, Էլլան նույնպես իր երաժշտական տաղանդը զարգացրել է սպիրիչուելս և գոսպել երգեցողության շնորհիվ։
Ընտանիքն աղքատացել է, մայրը և խորթ հայրը ստիպված էին վարձել բազմահարկ տան մեկսենյականոց բնակարան, սակայն չնայած դրան՝ Էլլան չվհատվող և բարեսիրտ երեխա էր։ Ինչպես այդ թաղամասի շատ սևամորթ երեխաներ, Էլլան հետաքրքրվում էր պարով, կինոյով, երաժշտությամբ և նույնիսկ սպորտով. նրա սիրելի բեյսբոլի թիմը «Լոս Անջելես Դոջերս»-ն էր[21]։ Երեկոյան, երբ տանը մնում էր միայնակ, նա սիրում էր տարբեր սկավառակներից երգեր սովորել։ Էլլայի կուռքը դարձել է Քոնի Բոսեուլը, որից նա ընդօրինակել է երգելու մաներան և ֆրազավորման որոշ հմտություններ։ Իր հարցազրույցներից մեկում Ֆիցջերալդը ասել է. «Մայրս տանն էր թողնում Քոնիի ձայնագրությունները և ես ուղղակի սիրահարվեցի նրա ձայնին։ Ես փորձում էի երգել հնարավորինս նման Բոսուելին»[22]։
1932 թվականին սրտի նոպայից մահացել է Էլլայի մայրը։ 15-ամյա աղջկա համար դա շատ մեծ հարված էր։ Նա սկսել է վատ սովորել և ընդհանրապես թողել է դպրոցը։ Խորթ հոր հետ տարաձայնությունների պատճառով Էլլան գնացել է մորաքրոջ՝ Վիրջինյա Հենրիի հետ ապրելու[23] և դարձել է հասարակաց տան վարիչ, որտեղ հաղորդակից է եղել քրեական և ազարտային խաղերի սիրահարների աշխարհի հետ[24]։ Ոստիկանությունը և խնամակալության ծառայությունը անչափահաս աղջկան տարել է մանկատուն, որը գտնվում էր Բրոնքսում[23]։ Ավելի ուշ նա տեղափոխվել է Հուդզոնում գտնվող աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոց, սակայն շուտով փախել է այդտեղից և որոշ ժամանակ մնացել առանց տան[23]։
Դժվար կացությունից դուրս գալու համար Էլլային օգնել է հարլեմյան «Ապոլլո» թատրոնում կայացող Amateur Nights մրցույթին մասնակցությունը։ 1934 թվականի նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել նրա առաջին բեմելը։ Սկզբում Էլլան որոշել էր պարել տեղի պարային դուետի՝ Edwards Sisters-ի ոճով, սակայն վերջին պահին նա որոշել է երգել Քոնի Բոսուելի նման։ Սկզբում ամեն ինչ այդքան էլ հարթ չի ընթացել, քանի որ Էլլան մինչ այդ երբեք բեմ չէր բարձրացել, նա նույնիսկ համապատասխան բեմական հագուստ չուներ։ Ֆիցջերալդի առաջին երգը՝ «The Object of My Affection»-ը ստիպված էին ընդհատել և նորից միացնել, քանի որ անհանգստությունից աղջկա ձայնը կորել էր։ Սակայն, երգելով մինչև վերջ, նա որպես պատասխան բազմաթիվ ծափահարություններ և բացականչություններ է ստացել։ Հետո Էլլան ավելի վստահ կատարել է «Judy» ստեղծագործությունը և գնացել կուլիսների հետև։ Մրցույթի հաղթողը որոշվելու էր հանդիսատեսի ծափահարություններով, և երբ հաղորդավարը տվել է Ֆիցջերալդի անունը, դահլիճը պայթել է ծափահարություններից։ Էլլան հաղթել է մրցույթում և ստացել է 25 դոլար մրցանակ, ինչպես նաև «Ապոլլո» թատրոնում մեկ շաբաթ երգելու հրավեր[25]։
1935 թվականի հունվարին Հարլեմի Օպերայի թատրոնում Էլլա Ֆիցջերալդը հնարավորություն է ստացել հանդես գալ Թայնի Բրեդշոու բիգ բենդի հետ։ Սաքսոֆոնիստ Բեննի Քարթերը, որը 1934 թվականի նոյեմբերի 21-ին հանդես էր եկել «Ապոլլո» թատրոնում, նկատել է երիտասարդ երգչուհուն և նրան ծանոթացրել ջազային թմբկահար և նվագախմբի ղեկավար Չիկ Ուեբի հետ։ Ուեբն արդեն համագործակցում էր Չարլի Լինթոնիի հետ, և ինչպես հաղորդում էր The New York Times-ը, «դժկամությամբ է կնքել պայմանագիր Ֆիցջերալդի հետ… նա ծանրաշարժ էր, անփույթ, ինչպես չհղկված ալմաստը»[22]։ Ուեբն ամեն դեպքում նրան հրավիրել է միասին մասնակցելու Եյլի համալսարանի կազմակերպած պարային երեկոյին։
Ֆիցջերալդը Ուեբի նվագախմբի հետ սկսել է հանդես գալ հարլեմյան «Սավոյ» պարային սրահում, այնտեղ նրանք միասին ձայնագրել են մի քանի հիթ, այդ թվում՝ «Love and Kisses»-ը և «(If You Can’t Sing It) You’ll Have to Swing It (Mr. Paganini)»-ը։ Նրան ճանաչում բերած առաջին երգը դարձել է «A-Tisket, A-Tasket»-ը, որը մանկական շուտասելուկի հիման վրա էր և գրվել էր 1938 թվականին Էլ Ֆելդմանի հետ համատեղ։ Այդ տարի դուրս է եկել նաև երգի սյուժեի շարունակությունը՝ «I Found My Yellow Basket»-ը[26]։
Չիկ Ուեբը մահացել է 1939 թվականի հունիսի 26-ին, և նրա խումբը վերանվանվել է «Էլլան և նրա հայտնի նվագախումբը»։ Ֆիցջերալդը դարձել է խմբի ղեկավարը։ Էլլան երաժիշտների հետ գրել է ավելի քան 150 ստեղծագրոծություն։ New York Times-ի լրագրողի կարծիքով՝ «դրանց մեծ մասն իրենցից ինչ-որ բան չէին նշանակում, դրանք միջին որակի փոփ գործեր էին»[22]։ Նվագախումբը դադարել է գոյություն ունենալ 1942 թվականին։
1942 թվականին Էլլա Ֆիցջերալդը որոշել է սկսել անհատական գործունեություն ծավալել և պայմանագիր է կնքել Decca Records ձայնագրման ստուդիայի հետ։ Դրանից հետո նա համագործակցել է Բիլ Քենի, Լուի Ջորդանի և The Delta Rhythm Boys խմբի հետ։ Ֆիցջերալդի մենեջերն է դարձել Միլթ Հեբլերը, իսկ ելույթների մասնավոր կազմակերպիչը Նորման Գրանցն էր, որի շնորհիվ Էլլան ավելի հաճախ է հրավիրվել Jazz at the Philharmonic-ի շրջանակներում կազմակերպած ջազային համերգներին։ Գրանցի հետ համագործակցությունն ավելի է ամրացել, երբ նա սկսել է կատարել Ֆիցջերալդի մենեջերի պարտականությունները, չնայած Էլլան իր լեյբլը թողարկել է միայն 10 տարի անց։
Սվինգ ժանրի գալուստը և բիգ բենդերի մարումը մեծ փոփոխություններ է բերել ջազային երաժշտություն։ Նոր զարգացող բիբոպ ոճը Ֆիցջերալդին թույլ է տվել Ֆիցջերալդին բազմազան դարձնել իր վոկալային կարողությունները՝ հատկապես Դիզի Գիլեսպիի հետ հատատեղ աշխատելուց առաջ։ Հենց այդ ընթացքում է Էլլան երգելու ժամանակ սկսել օգտագործել սկետի տարրեր, որոնք ավելի ուշ դարձել են նրա ոճի այցեքարտային մասնիկներից մեկը։ Ինչպես ավելի ուշ ասել է ինքը, Գիլեպսի հետ հանդես գալու ընթացքում ինքը «միայն ընդօրինակում էր նվագախմբի գործիքների հնչողությունը»[25]։
1945 թվականին Էլլա Ֆիցջերալդи «Flying Home» երգը գործիքավորել է Վիկ Շոենը, որից հետո այն անվանել են «տասնամյակի ջազային հիմնահաստատուն ձայնագրություններից մեկը …այդտեղ երաժիշտները, ինչպես Լուի Արմսթրոնգը, կատարում էին արդեն հայտնի իմպրովիզացիաները[22], Էլլա Ֆիցջերալդը չէր վախենում փորձարարել և ստեղծել նորերը»[22]։ Եվս մեկ ստեղծագործություն՝ 1947 թվականին ստեղծված «Oh, Lady Be Good!»-ը, Ֆիցջերալդի հեղինակությունն էլ ավելի է բարձրացրել ջազային երգիչուհիների շարքում[27]։
Ֆիցջերալդը համերգներում հանդես է եկել մինչև 1955 թվականը, այնուհետև լքել է Decca ստուդիան։ Նորման Գրանցը՝ արդեն լինելով մենեջերը, հատուկ նրա համար ստեղծել է Verve Records լեյբլը։ Ինքը Ֆիցջերալդը այդ շրջանը համարել է իր գործունեության ամենակարևոր պահերից մեկը։
Ես հասկացա, որ երգում եմ միայն բիբոպ։ Ես մտածում էի, որ միայն դա բավարար էր, որ ինձ հրավիրեին ինչ-որ համերգի և կատարեի միայն բոպ։ Ի վերջո ես ոչ մի տեղ ելույթ ունենալ չէի կարող։ Ես հասկացա, որ բոպից բացի կա նաև ուրիշ երաժշտություն... Նորմանն առաջարկեց փորձել ինչ-որ նոր բան, և արդյունքում մենք թողարկեցինք The Cole Porter Songbook-ը։ Դա իմ կյանքի վճռորոշ պահն էր[28]։ |
Ella Fitzgerald Sings the Cole Porter Songbook ալբոմը լույս է տեսել 1956 թվականին, դա առաջինն էր այն 8 ալբոմներից, որոնք Էլլան ձայնագրել է 1956-1964 թվականների ընթացքում[29]։ Ամեն այդպիսի երգը իրենից ներկայացնում էր այս կամ այն կոմպոզիտորի կամ բանաստեղծի երգերի հավաքածուն, որոնց ստեղծագործությունները ներկայացված էին Great American Songbook-ում։ Այդ ձայնագրություններում Ֆիցջերալդը ներկայացրել էր ոչ միայն դասական ջազային կատարումներ, ինչպես նաև քիչ հայտնի հազվագյուտ ստեղծագործություններ։ Ella Fitzgerald Sings the Duke Ellington Songbook ալբոմը միակն էր, որի ստեղծման մեջ Ֆիցջերալդից բացի անմիջականորեն ընդգրկված էին հեղինակը և գրողը[30]։ Դյուկ Էլինգթոնը և Բիլի Սթրեյհորնը հատուկ Ֆիցջերալդի համար գրել են երկու նոր երգ՝ «The E and D Blues»-ը և «Portrait of Ella Fitzgerald»-ը
Songbook շարքը դարձել է Ֆիցջերալդի ամենահաջողված նախագծերից մեկը և նրան մեծ ճանաչում է բերել։ The New York Times-ը գրել է, որ «երգերի այդ հավաքածուն այդ տեսակի նախագծերից առաջինն էր, որը նվիրված էր որևէ հեղինակի արվեստին. փոփ ալբոմը դարձել էր լուրջ երաժշտություն ստեղծելու եղանակ»[22]։
1972 և 1983 թվականներին Ֆիցջերալդը թողարկել է «Nice Work If You Can Get It» և «Ella Loves Cole» ձայնասկավառակները՝ համապատասխանաբար նվիրված Ջորջ Գերշվինին և Քոուլ Պորտերի արվեստին։ Հաջորդ՝ Pablo Records ստուդիայում ձայնագրված «Ella Abraça Jobim» ժողովածուն ներառել է Անտոնիո Կարլոս Ժոբինի աշխատանքները։
Երգերի ձայնագրման 40-45 շաբաթների ընթացքում Էլլլա Ֆիցջերալդն անընդհատ հյուրախաղեր էր ունեցել և համերգներ էր տվել ամբողջ Ամերիկայում։ Համերգների կազմակերպման հովանավոր Նորման Գրանցը, համոզված էր, որ Էլլան դարձել է ամենահաջողակ համերգներ տվող երգչուհիներից մեկը[22]։ Ամենահայտնի համերգային ծրագրերից էին՝ At the Opera House, Ella in Rome, Twelve Nights in Hollywood և Ella in Berlin: Վերջին ալբոմում ներառված «Մեկի Նոժի մասին բալլադ» երգը Էլլային Գրեմմի մրցանակ է բերել։ Ձայնագրություններում լսելի է, որ համարի կատարման ժամանակ Էլլան մոռացել է բառերը, սակայն սկետ երգելով դուրս է եկել իրավիճակից՝ ի ցույց դնելով իր վարպետությունը[31]։
1961 թվականին MGM կազմակերպությունը 3 միլիոն դոլարով գնել է Verve Records ստուդիան[32], իսկ 1967 թվականին նրանք Ֆիցջերալդի հետ դադարել են պայմանագիր կնքել։ Հաջորդ 5 տարիներին նա սկսել է աշխատել Atlantic, Capitol և Reprise ստուդիաների հետ, իսկ հաջորդ հաստվածում Էլլան սկսել է երաժշտական ժանրերում փորձարարություններ անել և դուրս գալ դասական ջազի ոճից։ Capitol լեյբլում թողարկվել է նրա «Brighten the Corner» ալբոմը, որը տարբեր տոնական երգերի հավաքածու էր, «Ella Fitzgerald’s Christmas»՝ ավանդական սուրբծննդյան հիմներ, «Misty Blue»՝ քանթրի ոճի ալբոմ էր, իսկ «30 by Ella»՝ վեց երգերի պոպուրի։ Ֆիցջերալդի «Get Ready» երգը, որը Սմոքի Ռոբինսոնի երգի քավրն էր, դարձել է նրա ստեղծագործական ուղու վերջին երգը, որը հայտնվեց ամերիկյան հիթ շքերթներում[33]։
1972 թվականին Jazz at Santa Monica Civic '72 ալբոմի անսպասելի հաջողությունը դրդել է Նորման Գրանցին հիմնել Pablo Records-ը՝ նրա առաջին լեյբլը Verve-ի վաճառքից հետո։ Ֆիցջերալդը հատուկ այդ լեյբլի համար ձայնագրել է 20 ձայնասկավառակ[34]։ 1974 թվականին կիթառահար Թոմի Ֆլենագանի, կիթառահար Ջո Պասի, կոնտրաբասիստ Քեթթեր Բետսի և թմբկահար Բոբի Դերեմի հետ կենդանի ձայնով ելույթների «Ella in London» ձայնագրությունը շատ ջերմ ընդունելություն է գտե,լ և շատերն այն համարել են Ֆիցջերալդի լավագույն աշխատանքներից մեկը։ Հաջորդ տարի նա Համբուրգում գերմանական հեռուստատեսությամբ կրկին հանդես է եկել Պասի հետ։ 1970-ականների կեսերին քննադատները նկատել են երգչուհու վոկալային տվյալների վատթարացումը. նա սկսել էր օգտագործել ավելի կարճ, սուր ֆրազավորումներ, իսկ ձայնը դարձել էր ավելի կոպիտ[35]։ 1991 թվականին առողջական խնդիրների պատճառով Ֆիցջերալդը ստիպված է եղել ավարտել գործունեությունը, նրա վերջին ելույթը տեղի է ունեցել 1993 թվականին Սան Ֆրանցիսկոյում[36]։
1989 թվականին Ֆիցջերալդը հրավիրվել է մասնակցելու Քուինսի Ջոնսի Back on the Block ալբոմի ձայնագրություններին, որը նրանց հետագայում բերել է մի քանի Գրեմմի մրցանակ[37]։ Առողջական սուր խնդիրները խանգարել են Էլլայի ստեղծագործական գործունեությանը. 1986 թվականին երգչուհին սրտի վիրահատության է ենթարկվել[38], տեսողությունը վատթարացել է, դեռևս 1972 թվականին նրա մոտ կատարակտ է գոյություն ունեցել[39]։ 1990 թվականին Էլլան Հոլանդիայում հյուրախաղերի ժամանակ նորից հայտնվել է հիվանդանոցում[40]։
«Ջազի առաջին լեդին» շարունակել է իր ելույթները մինչև 1980-ական թվականների վերջ։ 1993 թվականին շաքարախտի հետևանքով ծնկից վերև անդամահատվել են Էլլայի երկու ոտքերը[35][41]։ 1996 թվականի վերջին հոսպիտալացումից հետո նա իր կյանքի վերջին օրերն անցկացրել է Բևերլի Հիլզի իր տանը, այնտեղ նա անվասալյակով էր շարժվում։ Երգչուհուն շրջապատում էին իր հարազատները, այդ թվում որդին՝ Ռեյը և 12-ամյա թոռնիկը՝ Էլիսը։ Այդ օրերին նա ասել էր. «Ցանկանում եմ միայն մաքուր օդ շնչել, լսել թռչունների երգը և Էլիսի ծիծաղի ձայնը»[42]
1996 թվականի հունիսի 15-ին Կալիֆորնիայում 79 տարեկան հասակում մահացել է Էլլա Ֆիցջերալդը[43][44]։ Երգչուհուն հուղարկավորել են Ինգլվուդ Պարկ գերեզմանատանը[45]։ Էլլա Ֆիցջերալդի կենսագրությունը և արխիվային նյութերը պահվում են Ամերիկայի պատմության թանգարանի Սմիթսոնովյան ինստիտուտում։ Երգչուհու նոտային արխիվը, որը ներառում է բազմաթիվ երգերի գործիքավորումներ, պահվում է Կոնգրեսի գրադարանում[46]։ Խոհանոցային գիրքը, Էլլայի հավաքած բոլոր բաղադրատոմսերը պահվում են Հարվարդի համալսարանի Շլեզինգեր (Schlesinger) գրադարանում[47]։
Էլլայի մահից երեք տարի հետո ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ. «Այսպիսի տաղանդի, նրբագեղության և մակարդակի մարդու մահը մեծ կորուստ է ջազի աշխարհի և ամբողջ երկրի համար»։
«Ջազի ժամ»-ի վերջին թողարկումներից մեկի ժամանակ, որը նվիրված էր Էլլա Ֆիցջերալդի 100-ամյա հոբելյանին։ Նշանավոր հայ ջազմեն, ջազի տեսաբան Արմեն Թութունջյանը (Չիկո) այսպես է բնութագրել «Ջազի առաջին տիկնոջը».
«Գրեթե անհնար է գտնել որևէ մի ջազային երգչուհու, լինի դա արդեն կայացած աստղ, թե սկսնակ երգչուհի, ով իր վրա չի զգացել Էլլա Ֆիցջերալդի արվեստի հզոր ազդեցությունը։ Այո, Էլլա Ֆիզջերալդի արվեստը շատ հզոր է, այն բազմերանգ է, և նրա երաժշտական ժառանգությունն ուղղակի հսկայական է։ Էլլա Ֆիզջերալդի արվեստը հուզում է ոչ միայն ջազի սիրահարներին։ Նրան սիրելու համար պետք է պարզապես սիրել երաժշտությունը։ Եվ բավական է ունկնդրել գոնե մեկ նրա կատարում, և դուք անմիջապես կմիանաք Էլլա Ֆիցջերալդի բազմամիլիոնանոց երկրպագուների բանակին»:
Ֆիցջերալդն ամենաարդյունավետն աշխատել է այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Բիլ Քենը և նրա վոկալային The Ink Spots խումբը, շեփորահար Լուի Արմսթրոնգը, կիթառահար Ջո Պասը, Քաունթ Բեյսը և Դյուկ Էլինգթոնը։
Էլլա Ֆիցջերալդի կարիերայի չիրականացրած ամենամեծ նախագծերից էր Ֆրենկ Սինատրայի հետ համագործակցությունը, իրենց ամբողջ կարիերայի ընթացքում նրանք չեն ձայնագրել ոչ մի համատեղ ստուդիական կամ համերգային ալբոմ։ Սինատրան և Ֆիցջերալդը միասին հայտնվել են տարբեր հեռուսաշոուներում, մասնավորապես A Man and His Music + Ella + Jobim (1967) հաղորդմանը և միասին հանդես են եկել համերգներում։
Էլլա Ֆիցջերալդը երաժշտական կրթություն չի ստացել, նա կյանքում ոչ մի անգամ երգեցողության դասի չի հաճախել, իսկ ելույթներից առաջ սովորություն չուներ «ձայնը բացելու»[51]։ Նրա ձայնը մեցցո-սոպրանո էր, նա կարողանում էր երգել ինչպես բարձր, այնպես էլ ցածր տոնայնությամբ։ Նրա ձայնածավալը երեք օկտավա էր կազմում՝ փոքր օկտավայի ռե բեմոլից մինչև երրորդ օկտավայի ռե բեմոլը։
Ամերիկացի գրող, լրագրող ու երաժշտական քննադատ Ուիլ Ֆրիդուոլդը գրել է, որ ի տարբերություն բազում այլ երգիչների, Էլլան տիրապետում էր իրոք բացառիկ ու արժեքավոր ձայնի, որը «կարելի է անվանել ամենակատարյալն ու գեղեցիկը երբևէ մարդու լսած ձայների մեջ»։
Երաժշտագետ Հենրի Փլեզենթսը ասել է, որ Ֆիցջերալդն ավելի լայն ձայնային դիապազոն ուներ, քան օպերային շատ երգիչներ։ Նրանցից շատերը, ներառյալ Դիտրիխ Ֆիշեր Դիսկաուն, նրա գործունեության երկրպագուն էին։ Էլլայի երգչային ինտոնացիաները Ֆրիդուոլդի խոսքերով «ուղղակի աստվածային էին»։
Հենրի Փլեզենթսի իր The Great American Popular Singers գրքում գրում էր Ֆիցջերալդի աներևակայելի ձայնի մասին, նրա մասին, որ նրա թռչնային դիապազոնը մեկն է այն ջերմ ձայներից, որը նա երբևէ լսել է։ Ֆիզջերալդն ուներ ռիթմի բացառիկ զգացողություն և մաքուր ինտոնացիա։ Հարմոնիայի նկատմամբ նրա զգայնությունն ուղղակի ցնցող էր։ Փլեզենթսի խոսքերով, «նա ոչ մի սխալ բան չի արել։ Նրա ելույթի մեջ ոչինչ կասկած չի հարուցում… Նա ամեն ինչ բացարձակ ճիշտ է անում, և ոչ այլ կերպ»[52]:
Կինոյում Ֆիցջերալդի ամենահայտնի դերը 1955 թվականի Ջեք Ուեբի «Փիթ Քելի բլյուզ» երաժշտական ֆիլմում էր, որտեղ խաղում էին նաև Փեգի Լին և Ջանեթ Լին։ Չնայած նրան, որ Էլլան արդեն խաղում էր Էբոտի և Կոստելլոյի «Քշի՛ր նրան, կովբո՛յ» կոմեդիայում, Նորման Գրանցը նրան հրավիրել է խաղալու Warner Bros.-ի ֆիլմում, որը դարձել է նրա գործունեության գագաթնակետը[35]։ The New York Times-ի գրախոսները սառն են ընդունել ֆիլմը, բայց նշել են, որ «ֆիլմի 95 րոպեից 5 րոպեն էր միայն արժանի նայելու, այն էլ այն րոպեները, երբ Էլլա Ֆիցջերալդն էր իր ողջ հմայքով հայտնվում էկրանին»[53]։ «Փիթ Քելի բլյուզ»-ը ֆիլմից հետո 1958 թվականին Ֆիցջերալդը կամեոյով հանդես է եկել «Սենտ Լուիս բլյուզ» ֆիլմում, իսկ 1960 թվականին՝ «Ոչ ոք ինձ համար դամբանագիր չի գրի» ֆիմում։ Ավելի ուշ՝ 1980-ականներին, նա սկսել է խաղալ «Սպիտակ ստվեր» սերիալում։
Ֆիցջերալդը հաճախ է հանդես եկել հայտնի հեռուստաշոուներում, այդ թվում Էնդի Ուիլյամսի, Ֆրենկ Սինատրայի, Նետա Քինգ Քոուլի, Դինա Մարտինի և շատ ուրիշների[54]։ Նա եղել է «Էդ Սալիվանի շոու»-ի մշտական հյուրերից մեկը։ Երգչուհուն շատ են հրավիրել նկարահանվելու բազմաթիվ գովազդային հոլովակներում. նա գովազդել է Memorex մագնիսական ժապավենները[55] և KFC-ն[56]։ Էլլայի մասնակցությամբ վերջին գովազդը 1988 թվականին նկարահանված American Express ֆինանսական գործակալության գովազդն էր, երգչուհուն լուսանկարահանել է Էնի Լեյբովիցը[57]։
Էլլա Ֆիցջերալդն ակտիվ օգնել է այնպիսի բարեգործական կազմակերպությունների, ինչպիսիք են Ամերիկյան սրտային ասոցիացիան և «Հույսի քաղաք» ազգային բժշկական կենտրոնը։ 1993 թվականին նա հիմնադրել է Էլլա Ֆիցջերալդի անվան բարեգործական ֆոնդը, որն զբաղվում էր երիտասարդ երաժիշտների կրթությամբ, հումանիտար օգնությամբ, ինչպես նաև օգնում էր դիաբետով հիվանդ մարդկանց։ Սրան զուգահեռ Էլլան մասնակցել է շատ ակցիաների, որոնցից մեկն էլ կոչվում էր «A Book Just for Me!»։ Այն ներառում էր ավելի քան 100.000 նոր գրքեր, որոնք տրամադրվում էին ունեզուրկ ընտանիքների երեխաներին[58]։
«Ինչ-որ մանչուկներ ինձ Իտալիայում «Մամա ջազ» էին անվանում, դա այնքա՜ն հուզիչ է։ Միայն թե «Տատիկ ջազ» չանվանեն»:
Ֆիցջերալդի խոսքերով՝ նա դժվարությամբ էր ելույթ ունենում մարդկանց մեծ բազմության առաջ[59][60]։ Նա շատ համեստ էր և ամաչկոտ, մտերիմ հարաբերություններ չուներ անգամ այն երաժիշտների հետ, որոնց հետ աշխատել էր, և նրանց հետ հանդիպում էր միայն ձայնագրման կամ համերգների ժամանակ։ Շեփորահար Մարիո Բաուզան, որը նվագակցել է Էլլային Չիկ Ուեբբի հետ նրա համագործակցության տարիներին, հիշում էր, որ «Էլլան խնջույքներ շատ չէր սիրում, նա միայն երաժշտությանն էր նվիրված, նա ներփակված ողջ Նյու Յորքում»[35]։
Երգչուհի Ջենիս Սիգելը հիշում է 1983 թվականի իրենց համատեղ փորձը[25]։
«Մենք բոլորս հավաքվեցինք դաշնամուրի շուրջ, ձայնագրում էինք մեր քառաձայն պարտիան, ինչից հետո Էլլան իր կողմից մի փոքր սքեթ ավելացրեց։ Այնուհետև նա շրջվեց դեպի մեզ և հարցրեց. «Դե, ինչպե՞ս էր, լավ ստացվե՞ց»։ Ես ուղղակի ապշած էի։ Նույնն է, թե Աստված, աշխարհն արարելով, հարցներ իրեն շրջապատող հրեշտակներին[61]. «Դե, ոնց եք կարծում, Մեծ Կանյոնը լա՞վ է ստացվել»»: |
Էլլա Ֆիցջերալդը պաշտոնապես ամուսնացել է երկու անգամ, գոյություն են ունեցել նաև երրորդ ամուսնության մասին չհաստատված տեղեկություններ[62]։ 1941 թվականին նա ամուսնացել է Բեննի Քորնեգեյի հետ, որը թմրավաճառ էր և աշխատում էր տեղի նավաշինարանում։ Երկու տարի անց ամուսնությունն անվավեր է ճանաչվել։
1947 թվականի դեկտեմբերին երգչուհին ամուսնացել է հայտնի կոնտրաբասահար Ռեյ Բրաունի հետ, որին նա հանդիպել էր Դիզզի Գիլեսփիի նվագախմբի հետ հյուրախաղերի ժամանակ։ Զույգը որդեգրել է Էլլայի զարմիկին՝ Ֆրանսիս դա Սիլվայի որդուն, որին նրանք տվել են Ռեյ Բրաուն Կրտսեր անունը։ Հետագայում նա ևս հայտնի ջազմեն է դարձել։ Ֆիցջերալդն ու Բրաունը բաժանվել են 1953 թվականին, քանի որ գործունեությունը խանգարում էր նրանց անձնական կյանքին։ Չնայած ամուսնական կյանքի ընդհատմանը՝ նրանք շարունակում էին հաջողությամբ համագործակցել երաժշտության ոլորտում[22]։
1957 թվականի հուլիսին Reuters գործակալությունը հայտնել է Էլլայի և նորվեգացի Թոր Էյնար Լարսենի գաղտնի ամուսնության մասին։ Սակայն այդ բոլոր խոսակցությունները դադարել են այն ժամանակ, երբ Լարսենը դատապարտվել է մի կնոջից փող կորզելու համար, որի հետ մինչ այդ նշանված էր[35]։
1998 թվականին Նյուպորտ Նյուսում Քրիստոֆեր Նյուպորտի համալսարանի աջակցությամբ անցկացվել է Էլլա Ֆիցջերալդի անվան առաջին երաժշտական փառատոն, որը կոչված էր ջազի և Ֆիցջերալդի երաժշտական ժառանգության ժողովրդականացմանը[63]։ Տարբեր տարիներին փառատոնին մասնակցել են Պատտի Օսթինը, Ջեյն Մոնհայտը, Դի Դի Բրիջուոթերը, Դայանա Կրոլը, Արթուրո Սանդովալը, Արետա Ֆրանկլինը, Ֆիլ Վուդսը, Կասանդրա Ուիլսոնը, Էն Հեմփթոնը և ուրիշներ։
Կելոուեյը, Բրիջուոթերը և Օսթինը առանձին որպես երախտիք ստեղծել են մի քանի թրիբյուտ ալբոմ[64]։ Կելոուեյի ալբոմը՝ «To Ella with Love» (1996), ներառում էր Ֆիցջերալդի կատարմամբ 14 ջազային ստանդարտներ։ Ձայնագրման ժամանակ Կելոուեյին ձայնակցել է փողահար Ուինտոն Մարսալիսը։ Բրիջուոթերի «Dear Ella» (1997) ձայնասկավառակի ձայնագրման ժամանակ ևս ներառված էին երաժիշտներ, որոնք աշխատել էին Էլլայի հետ, նրանցից էին դաշնակահար Լոու Լևին, փողահար Բենի Փաուելը, Էլլայի նախկին ամուսին կոնտրաբասահար Ռեյ Բրաունը[65]։ Բրիջուոթերի հաջորդ՝ «Live at Yoshi’s» ալբոմը ձայնագրվել է 1998 թվականի ապրիլի 25-ին՝ Ֆիցջերալդի ծննդյան 81-ամյակին[66]։
Պատի Օսթինի «For Ella» ձայնասկավառակը առաջադրվել է 2002 թվականի Գրեմմի մրցանակաբաշխությանը, այն ներառում էր 12 երգ, որոնք հիմնականում հնչել էին Էլլա Ֆիցջերալդի կատարմամբ[67]։
2007 թվականին՝ Ֆիցջերալդի 90-ամյակին, մի շարք երաժիշտներ և խմբեր, այդ թվում Սթիվի Ուանդերը, Մայքլ Բուբլեն, Նատալի Քոուլը, Չակա հանը, Քուին Լաթիֆան, Լինդա Ռոստանդը և այլք ձայնագրել են «We All Love Ella« թրիբյուտը[68]։ Թոմի Ֆլենագանը և Օդետա Հոլմսը նույնպես ձայնագրել են Էլլա Ֆիցջերալդին նվիրված թրիբյուտներ, որոնց անվանումներն էին «Lady Be Good… For Ella» (1994)[69] և «To Ella» (1998)[70]:
Մի քանի երաժիշտներ ևս Էլլային նվիրել են տարբեր ստեղծագործություններ, օրինակ Ֆրանս Գալի «Ella, elle l’a», Սթիվի Ուանդերի «Sir Duke», Փեգի Լիի «I Love Being Here With You», պորտուգալացի երգիչ Նիկի Յանովսկու «First Lady», Ֆրենկ Սինատրայի «Mack the Knife»-ը և այլն։
2008 թվականին Նյուպորտ Նյուս քաղաքի Դաունինգ Գրոս մշակութային կենտրոնում բացվել է Էլլա Ֆիցջերալդի անվան 276 տեղանոց թատրոն. այն Էլլայի ծննդավայր Մարշալ Ավենյուից գտնվում էր ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա[71]։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին և 12-ին՝ Ռոբերտա Ֆլեքի և Քուին Էսթեր Մերրուի մասնակցությամբ[72][73]։
Յոնկերս քաղաքում բացվել է Էլլա Ֆիցջերալդի բրոնզե ցուցատախտակը, որի հեղինակը ամերիկացի քանդակագործ Վինի Բենգվելն էր[74]։ Երգչուհու գիպսե կիսանդրին գտնվում է Կալիֆորնիա նահանգի Օրինջ քաղաքի Չեփմենի համալսարանում։
2007 թվականի հունվարի 10-ին Ֆիցջերալդի հիշատակին ԱՄՆ-ի փոստային ծառայությունը լույս է ընծայել 39 ցենտանոց նամականիշ, որը ներառված էին «Սև ժառանգություն» (անգլ. Black Heritage) շարքում[75][76]։
Էլլա Ֆիցջերալդի սկավառակագրությունը ներառում է 54 ստուդիական ալբոմ, 23 համերգային ալբոմ, 6 ժողովածու, 7 միասնական աշխատանք և 72 սինգլ։
Իր 50-ամյա գործունեության ընթացքում Էլլա Ֆիցջերալդն ստացել է 13 «Գրեմմի»[11], և անձնական նվաճումների համար հատուկ մրցանակ, նրա կատարմամբ 2 երգ և 4 ալբոմ ներառվել են «Գրեմմի» մրցանակաբաշխության փառքի սրահում[77]։ 1960 թվականին Հոլիվուդյան փառքի սրահում բացվեց Ֆիցջերալդի աստղը[77]։ Տարբեր տարիների նա պարգևատրվել է Անկախության նախագահական մեդալով, Արվեստի ազգային մեդալով, Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանով և այլ մեդալներով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.