Երեմիա Չելեպի Քյոմուրճյան (մայիսի 13, 1637[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 15, 1695[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն), 17-րդ դարի արևմտահայ մշակույթի աչքի ընկնող դեմքերից է, նշանավոր հասարակական-քաղաքական գործիչ, պատմագիտական նշանակություն ունեցող արձակ գրական երկերի ու նամակների հեղինակ, ժամանակի ամենահետաքրքիր բանաստեղծներից մեկը։
Երեմիա Չելեպի Քյոմյուրճյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1637[1] |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հուլիսի 15, 1695[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Գերեզման | Բալըքլի հայկական գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | պատմաբան և գրող |
Կենսագրություն
Ծնվել է 1637 թ. մայիսի 13/22-ին Կոստանդնուպոլսում։ Եղբայրն է Կոմիտաս Քյոմուրճյանի։ Եղել է դպիր ու սարկավագ, բայց, հետզհետե հոգևոր կոչումից ճնշվելով և հակառակվելով հորը, հրաժարվում է սքեմից և իր հետագա ողջ կյանքում մնում աշխարհական։ Քյոմուրճյանը տիրապետել է հունարեն, լատիներեն, պարսկերեն, արաբերեն, թուրքերեն, եբրայերեն, ֆրանսերեն և գերմաներեն լեզուներին։ Վարել է պատասխանատու պաշտոններ թուրքական պետական հաստատություններում։ Ճանապարհորդել է Միջին Արևելքի և Արևելյան Եվրոպայի երկրներում, ծանոթացել հայկական գաղթավայրերին, եղել նաև Արևելյան Հայաստանում։ Մերթ Ղրիմեցու, մերթ Այնթափցու հետ մեկնել է Ադրիանապոլիս, Պրուսա և այլուր։ Եղել է Բեյրութում, Անտիոքում, Արմաշում։ Սերտ կապեր է ունեցել եվրոպական դեսպանների հետ և անգամ գրել է նրանց պատվերով։ 1677 թ. ծննդավայրում հիմնել է տպարան՝ տպագրելով երկու փոքրածաւալ գրքույկներ՝ «Տեղեաց տնօրինականաց»[2] և Ներսես Շնորհալու «Հիսուս որդին» ստեղծագործությունը։ Կատարել է թարգմանություններ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» թարգմանելով թուրքերենի, թուրքերեն է թարգմանել նաև Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը, հատվածներ Աստվածաշնչից և այլն։ Հասարակական գործունեությունը սկսվում է 1660-ական թթ.-ից և տևում է մինչև 1680-ական թվականները։ 1691 թ. Պոլսում դեսպան Լուդովիկո Ֆերնանդո Մարսիլիի (1658—1730) պատվերով պատրաստեց առաջինից տասնյոթերորդ դարերն ընդգրկող «Հայ սրբավայրեր, եկեղեցիներ ու վանքեր» մեծամեծաւալ քարտեզը (358 սմ х 120 սմ), որ հայտնաբերվեց հայագետ Գաբրիելլա Ուլուհոջյանի կողմից Բոլոնիայի համալսարանի դիվանում պահվող Մարսիլիի թողոնում[3] և հրատարակվեց 2000 թվականին[4]։
Գրական ժառանգություն
Երեմիա Քյոմուրճյանի ժառանգությունը բազմաժանր է։ Նա գրել է կրոնական, աշխարհագրական-տոմարական, պատմագիտական երկեր, բազմաթիվ ու բազմապիսի բանաստեղծություններ՝ տաղեր[5], գանձեր և ողբեր[6], ձոներ, ուղերձներ[7], թղթեր եւ նամակներ[8], ինչպես նաև 1648-1662 թթ. ընդգրկող օրագրություն[9], որոնք Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի մատենադարանում պահվող հեղինակային ինքնագրից հրատարակվեցին 1939 թ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Նշանյանի կողմից։
Քյոմուրճյանի ստեղծագործություններն ընդգրկում են գիտության ամենաբազմազան բնագավառները: Նա իր կրոնական և պատմագիտական երկերի մի զգալի մասը շարադրել է չափածո։ Երեմիա Քյոմուրճյանի «Պատմութիւն համառօտ ԴՃ տարւոյ օսմանցոց թագաւորացն» (Երևան, 1982) գիրքը, որ գրել է Հակոբ IV Ջուղայեցի կաթողիկոսի (1655—1680) պատվերով, նույնպես չափածո երկ է: Աշխատությունը վերաբերում է օսմանյան սուլթանության 1299—1678 թվականների պատմությանը: Այստեղ Քյոմուրճյանը ոչ միայն օտագործել է հայ և թուրք հեղինակների գործերը, նաև մեծ չափով օգտագործել է ժողովրդական ավանդությունները, առասպելները, առանձին մարդկանց հիշողություններն ու տեղեկությունները: Քյոմուրճյանն այս գրքում շատ արժեքավոր տեղեկություններ է տալիս թուրքական պետության սոցիալ-տնտեսական ու քաղաքական վիճակի մասին, վերլուծում` երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հարցերը, հարկահավաքության բիրտ ու վայրենի եղանակները, նվաճված ժողովուրդների ծանր վիճակը և բռնակալական լծի դեմ նրանց մղած ազատագրական պայքարի պատմությունը: Նշված հարցերից շատերի ուսումնասիրության համար Քյոմուրճյանի այս երկը կարելի է համարել անմրցակից սկզբնաղբյուր: Քյոմուրճյանի կարևոր ստեղծագործություններից մեկն էլ նրա «Օրագրութիւն»-ն է (Երուսաղեմ, 1939)։ Աշխատությունը հուշագրություններից և ինքնակենսագրական տեղեկություններից բացի, արժեքավոր նյութեր է պարունակում XVII դարի կեսերի` Թուրքական սուլթանության մեջ ծավալված քաղաքական դեպքերի մասին: Գրքում հեղինակը մեծ ուշադրություն է դարձրել Թուրքիայի հայկական գաղթավայրերի հասարակական, եկեղեցական գործերին, այլ ժողովուրդների կենցաղին, ծեսերին, կրոնական հավատալիքներին և այլ հարցերի: Երեմիա Քյոմուրճյանը «Ստամպօլայ պատմութիւն» եռահատոր չափածո երկում, «Աշխարհագրութիւն» (չի պահպանվել), «Համառօտ ստորագրութիւն Կ. Պոլսոյ նեղուցի», «Տօմարական գիտելիքներ», «Պատմութիւն հրկիզման Կ․ Պոլսոյ» և մյուս աշխատություններում լայնորեն քննարկում ու դատապարտում է թուրքական իրականությունը, ցույց տալիս հայ և մյուս ժողովուրդների բռնադատված, անիրավահավասար վիճակը, խոսում Ասիայի, Աֆրիկայի ու Եվրոպայի երկրների և հատկապես Հայաստանի աշխարհագրության մասին, ճշտում հայկական որոշ վանքերի տեղադրությունը, վերլուծում հայկական և այլ տոմարներին վերաբերող խնդիրներ և այլն: Քյոմուրճյանը հորինել է ողբեր, պոեմներ, մշակել ժողովրդական երգեր, գրել է թուրքերեն տաղեր, թուրքերեն է թարգմանել «Նոր Կտակարանը», «Յայսմաւուրքը» և այլ գործեր: Քյոմուրճյանը եռանդուն պայքար է ծավալել կաթոլիկության ու քաղկեդոնականության դեմ և պաշտպանել է հայոց լուսավորչական դավանանքը։
Պատմութին համառօտ
Քյոմուրճյանի ստեղծագործության մեջ որոշակի արժեք ունեն պատմագիտական աշխատությունները, որոնցից ժամանակագրական առումով առաջինը «Պատմութիւն համառօտ…» երկն է[10]։ Սա Օսմանյան թագավորության 400 տարվա պատմությունն է՝ սկզբնավորման օրից մինչև Քյոմուրճյանի ապրած ժամանակը, այսինքն՝ Օսման I-ից (1299—1326) մինչև Մեհմեդ IV-ի գահակալությունը (1678)։ Աշխատության մեջ թվարկված են Օսմանյան թագավորները՝ թվով 19, ծավալով ամենաընդարձակը Մուհամեդ IV-ի հատվածն է, իսկ ամենասեղմը՝ Սելիմ II-ինը։ Նշված են նրանց ժամանակ տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, Թուրքիայի վարած պատերազմները Բյուզանդիայի, Պարսկաստանի, Եգիպտոսի, արաբների, Հունգարիայի, լեհերի, բուլղարների, Ալբանիայի, Գերմանիայի և այլ ժողովուրդների ու պետությունների դեմ։ Աշխատությունը արժեքավոր նյութ է պարունակում XVI—XVII դարերում Թուրքիայում գոյություն ունեցող պետական կարգի, տիրակալների վարած ներքին ու արտաքին քաղաքականության, Թուրքիայում ապրող ժողովուրդների, այդ թվում հատկապես հայ ժողովրդի արևմտյան հատվածի քաղաքական ու սոցիալ-տնտեսական վիճակի և այդ ժողովուրդների ազատագրական ընդվզումների մասին։
Ստամպօլոյ պատմութիւն
Պատմական բովանդակություն ունեցող երկերից է չափածո գրված «Ստամպօլոյ պատմութիւն»-ը, որի գիտական հրատարակությունն ու բնագրի փառահեղ ուսումնասիրությունը իրականացրեց Վահրամ Թորգոմյանը[11]։ Սա XVII դարի ԿՊոլսի գեղարվեստական նկարագրությունն է։ Քյոմուրճյանը նկարագրում է ԿՊոլսի «դարպասները», «դռները» ցամաքի և ծովի կողմից, այդ «դռների» մոտ եղած պալատները, շենքերը, շուկաները, պարտեզները, ինչպես նաև քաղաքի պարիսպներից դուրս տարածվող քաղաքամերձ շրջանները։ Տեղեկություններ է հայտնում արհեստավորների և առևտրականների մասին։ Իրենց արժեքով առանձնանում են արևմտահայերի մասին տրված տեղեկությունները։
Տարեգրական պատմութիւն
«Տարեգրական պատմութիւն»ը պատմական երկ է՝ գրված է 1692—1693 թթ.՝ արձակ[12]։ Այն բաժանված է 3 մասի։ Առաջինը ԿՊոլսում և գավառներում պատահած հրդեհների մանրամասն պատմությունն է, ինչպես նաև երկրաշարժերի, հեղեղների և համաճարակների նկարագրությունները, երկրորդը՝ XVII դարում Հունգարիայի, Ավստրիայի, Վենետիկի և եվրոպական մյուս պետությունների դեմ Թուրքիայի մղած պատերազմների նկարագրությունները և ժամանակի սուլթանների ու վեզիրների նշանավոր գործերի, ինչպես նաև պալատական երկպառակությունների պատմությունը, երրորդը՝ հայոց կաթողիկոսների, ԿՊոլսի, Երուսաղեմի պատրարքների և Էջմիածնի նվիրականների ներքին պայքարի ու կռիվների մանրամասն շարադրանքն է։
Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ
«Պատմութիւն հրկիզման Կոստանդնուպօլսոյ»ը կիսապատմական, կիսագրական բնույթի երկ է[13]։ Նյութը Կոստանդնուպոլսի 1660 թ. հուլիսի 14-ի հրդեհն է։ Երկում շոշափված են Թուրքիայի ներքին կյանքի ստվերոտ կողմերը։ Երկն արժեքավոր է Օսմանյան կայսրության պատմության ուսումնասիրության համար։
Ծանոթագրություններ
Գրականություն
Տես նաև
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.