Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Եվրոպայի խորհուրդ, ստեղծվել է 1949 թվականի մայիս 5-ին և եվրոպական ամենահին և ամենամեծ կազմակերպություններից մեկն է, որին անդամակցում են 46 պետություններ, և որը նպաստում է մարդու իրավունքների հիմնական սկզբունքների առաջխաղացմանը։ Կազմակերպությունը ձգտում է խթանել այդ ոլորտում անդամ-երկրների օրենսդրությունների նույնականացումը։ Իրավասու է մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի փորձաքննություն անցկացնել կոնկրետ երկրում, ինչպես օրենսդրության, այնպես էլ գործնականում, օրենքների կիրառման առումով։
Եվրոպայի խորհուրդ | |
---|---|
Տեսակ | միջկառավարական կազմակերպություն |
Երկիր | Ֆրանսիա |
Հապավում | CdE և CoE |
Հիմնադրված | մայիսի 5, 1949[1] |
Գլխադասային գրասենյակ | Palace of Europe, Ստրասբուրգ |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն և ֆրանսերեն |
Կամավորներ | 46 երկիր |
Կայք | coe.int(անգլ.)(ֆր.)(գերմ.)(իտալ.)(ռուս.) |
Եվրախորհուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1949 թվականին, ստեղծված առաջին միջազգային տարածաշրջանային կազմակերպությունն է։ Այժմ այն միավորում է 46 երկիր, ակտիվորեն համագործակցում է Եվրամիության, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ։
ԵԽ-ի նպատակը համակարգված քաղաքականության մշակումը և անդամ երկրներում ընդունված օրենքների ու չափանիշների կիրառումն է։ Կազմակերպության գործունեությունն ընթանում է խորհրդարանականների, նախարարների, կառավարական պաշտոնյաների, փորձագետների, տեղական և տարածաշրջանային միությունների, երիտասարդական, միջազգային կառավարական և ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների նիստերի, հանդիպումների, քննարկումների տեսքով։ Հիմնադրումից ի վեր Եվրոպայի խորհուրդը մշակել և ընդունել է ավելի քան 160 կոնվենցիա, պետություններին և կառավարություններին ուղղված գործունեության տարբեր ոլորտների բազմաթիվ հանձնարարականներ։
Եվրոպական միասնության գաղափարը ծնվել է երկրորդ աշխարհամարտի հետևանքով ջախջախված ու ծխացող քաղաքների փլատակներից։ Այն առաջինը ձևակերպել է Ուինսթոն Չերչիլը Ցյուրիխում՝ 1946 թվականի սեպտեմբերի 19-ի ելույթի ժամանակ. «Անհրաժեշտ է միջոց, որն ինչպես հրաշք, տարիների ընթացքում ողջ Եվրոպան կդարձնի նույնքան ազատ ու երջանիկ, որքան այսօրվա Շվեյցարիան է։ Պետք է կառուցենք Եվրոպայի Միացյալ Նահանգների նման մի բան։»
1948 թվականին Հաագայում «Հանուն եվրոպական միասնության» միջազգային կոմիտեների շարժման հրավերով հավաքվում է Եվրոպական համաժողովը՝ 20 երկրների ներկայացուցիչներից։ Համաժողովի պատվիրակները համակարծիք էին, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները ճշմարիտ արժեքներ են, հանուն որոնց պաշտպանության արժե միավորվել։ Սակայն վիճաբանության առիթ են դառնում միավորման ուղիները։ Ֆրանսիան և Բելգիան առաջարկում են ստեղծել համադաշնություն, մինչդեռ Մեծ Բրիտանիայի և Սկանդինավյան երկրների ներկայացուցիչների կարծիքով անհրաժեշտ էր պարզապես միջկառավարական համաձայնագրեր ստորագրել։ Արդյունքում որոշվում է հիմնել կազմակերպություն՝ կազմված Նախարարների խորհրդից (եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարներից) և ազգային կառավարություններից անկախ, միաժամանակ, իշխանական լիազորություններից զուրկ Խորհրդարանական վեհաժողովից։ 1949 թ մայիսի 5-ին Արևմտյան Եվրոպայի 10 երկրներ՝ Բելգիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Իտալիան, Դանիան, Նորվեգիան և Շվեդիան Լոնդոնում ստորագրում են Եվրոպայի խորհրդի Կանոնադրությունը, որի առաջին գլուխը հռչակում է. «Եվրոպայի խորհրդի խնդիրը անդամ-երկրների ընդհանուր ժառանգությունը հանդիսացող գաղափարներն ու սկզբունքները պաշտպանելու և իրագործելու, ինչպես և նրանց սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու նպատակով երկրների միջև առավել մեծ համերաշխության ձեռքբերումն է»։
ԵԽ ներկայացուցիչների առաջին նստաշրջանը տեղի է ունեցել Ստրասբուրգում, որն այնուհետև վերածվել է կազմակերպության պաշտոնական նստավայրի։ 1949 թ ԵԽ-ն դեռևս չուներ իրեն հատկացված շինություն, ուստի նիստը հրավիրվում է տեղի համալսարանում։ ԵԽ-ն համաեվրոպական առաջին կազմակերպությունն է, մինչև որը Հին աշխարհի երկրները միավորվում էին միայն ռազմական կամ քաղաքական դաշինքներում։ Կազմակերպության ընդունած առաջին փաստաթուղթը «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության» եվրոպական կոնվենցիան է, որը ստորագրվել է 1950 թ նոյեմբերի 4-ին Հռոմում և ուժի մեջ մտել 1953 թ սեպտեմբերի 3-ին։ ԵԽ անդամների միջև մինչև այդ բոլորին խորթ հավասարության սկզբունքը, անկախ պետությունների տնտեսական հզորությունից և տարածքից, նոր Եվրոպայի հիմք է դառնում։
Եվրոպայի խորհուրդն ունի աշխատանքային 3 հիմնական մարմին։
Բացի նշված 3 գլխավոր մարմիններից՝ ԵԽ-ի կազմում են նաև Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը և Գլխավոր քարտուղարություն։
Հիմնադրումը - 1994 թ Եվրոպայի խորհուրդը հիմնեց Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը, որը գործում է Նախարարների կոմիտեի կողմից օրենքով սահմանված վճռի հիման վրա։ Կոնգրեսը, որ հավաքվում է տարին մեկ անգամ Ստրասբուրգում, կազմված է երկու պալատից՝ Տեղական իշխանությունների պալատ և Տարածքային պալատ, որոնց ընդհանուր կազմում ընդգրկված են 313 անդամներ՝ իրենց 313 տեղակալներով։ Կոնգրեսն իր աշխատանքը կազմակերպում է չորս կանոնադրական հանձնաժողովների շրջանակներում՝ ինստիտուցիոնալ հանձնաժողով, մշակույթի և կրթության հանձնաժողով, կայուն զարգացման հանձնաժողով, սոցիալական համախմբվածության հանձնաժողով։
Եվրոպական տարածքային և տեղական իշխանության մարմինների շահերի արտահայտողն է, ներկայացուցչական համահավաք, որի շրջանակներում տեղական և տարածքային իշխանությունների կողմից ընտրված ներկայացուցիչները կարող են քննարկել ընդհանուր խնդիրներ, կատարել փորձի փոխանակություն և կառավարություններին ներկայացնել իրենց տեսակետները։ Նախարարների կոմիտեին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին տալիս է խորհրդատվություններ տեղական և տարածքային քաղաքականության բոլոր հարցերի վերաբերյալ, սերտորեն համագործակցում է տեղական և տարածքային իշխանության մարմինները ներկայացնող ազգային և միջազգային կազմակերպությունների հետ, կազմակերպում է տեղական և տարածքային մակարդակով լսումներ և համաժողովներ հասարակության լայն ներգրավմամբ, որը ծայրահեղ կարևոր է իրական ժողովրդավարության ստեղծման համար, կանոնավոր կերպով զեկույցներ է նախապատրաստում Խորհրդի անդամ, ինչպես նաև անդամության թեկնածու բոլոր պետություններում ընթացող տեղական և տարածքային ժողովրդավարական գործընթացի վերաբերյալ և, մասնավորապես, հետևում է, թե ինչպես են իրականացվում Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի սկզբունքները, գործնական օժանդակություն է ցուցաբերում նոր անդամագրված պետություններին արդյունավետ գործող տեղական և տարածքային ինքնակառավարման մարմինների ստեղծման գործում։
Այս մարմինը բաղկացած է Գլխավոր քարտուղարից (ԳՔ), Գլխավոր քարտուղարի տեղակալից և համապատասխան աշխատակազմից։ Գլխավոր քարտուղարին ընտրում է Խորհրդարանական վեհաժողովը՝ Նախարարների կոմիտեի առաջարկությամբ, հինգ տարի ժամկետով։ 2004 թ սեպտեմբերից Կազմակերպության Գլխավոր քարտուղարն է բրիտանացի Թերրի Դեյվիսը, իսկ նրա տեղակալն է Մոուդ Ֆրոկ դե Բյոր-Բուքիքիոն։ Գլխավոր քարտուղարը պատասխանատու է Խորհրդի աշխատանքային ծրագրի և բյուջեի ռազմավարական ուղղվածության համար և վերահսկում է Կազմակերպության և Քարտուղարության ամենօրյա կառավարումը։
ԵԽ-ի կազմում այժմ ընդգրկված է 47 պետություն։
Պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումների արդյունքում Եվրոպայի խորհրդի գործունեությունը ձեռք է բերել նոր քաղաքական ազդակ՝ ուղղված Եվրոպայում կայունության ամրապնդմանը։
Վիեննայի գագաթաժողով, 1993 թ Առաջին գագաթաժողովի ընթացքում Եվրոպայի խորհրդի անդամ 32 պետությունների քաղաքական առաջնորդները հաստատեցին և ամրագրեցին Եվրոպայի խորհրդի ընդլայնման և ընդարձակման քաղաքականությունը։
Գագաթաժողովը հաստատեց երեք առաջնահերթություններ՝ բարեփոխումներ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մեխանիզմում՝ այն առավել արագընթաց և արդյունավետ դարձնելու նպատակով։ (ընդունվեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Թիվ 11 արձանագրությունը), ազգային փոքրամասնությունների պաշտպանություն, այդ առումով Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի ընդունում, պայքար անհանդուրժողականության դեմ։
Ստրասբուրգի գագաթաժողով, 1997 թ անդամ 40 պետությունների առաջնորդներն ընդունեցին Գործողությունների ծրագիր հետևյալ չորս խնդիրների շուրջ՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, սոցիալական համախմբվածություն, քաղաքացիների անվտանգություն, ինչպես նաև ժողովրդավարական սկզբունքների և մշակութային բազմազանության ուսուցում։ Ռասիզմի, քսենոֆոբիայի, հրեատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարը նույնպես նոր ուժ է ստացել Երկրորդ գագաթաժողովի արդյունքում։
Վարշավա, մայիսի 16-17-ը, 2005 թ․ Պետությունների և կառավարությունների ղեկավարների այս գագաթաժողովի նպատակը Եվրոպայի 800 միլիոն քաղաքացիների ակնկալիքներին կառույցի համապատասխանությունն ապահովելն էր և երաշխավորել, որ կազմակերպության խնդիրները և գործառույթներն ուղղված են նոր հազարամյակում նրանց առջև ծառացող խնդիրների լուծմանը։
Գագաթաժողովի մասնակիցները վերահաստատում են ԵԽ տարածքում մարդու իրավունքների, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը պաշտպանելու ու զարգացնելու պատրաստակամությունը։ Ամուր հիմքերով քաղաքացիական հասարակության ձևավոևման և ժողովրդավարական ինստիտուտների հաստատման նպատակով որոշվում է ապագա ժողովրդավարության ձևաչափ մշակել։ Մարդու իրավունքների պաշտպանության պայմաններում ԵԽ երկրների քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով կազմակերպությունը որոշում է ակտիվորեն պայքարել ահաբեկչության դեմ, որը «ժողովրդավարական հասարակությունների սպառնացող հիմնական վտանգ է և չի կարող արդարացվել որևէ հանգամանքով կամ մշակույթով»։
Եվրոպայի խորհրդին անդամակցելու համար Հայաստանը դիմել է 1996 թ մարտին[2]։ Դեռևս հունվարին Հայաստանի Ազգային ժողովը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հատուկ հյուրի կարգավիճակ էր ստացել։ Իսկ 2000 թ նոյեմբերին ԵԽ Նախարարների կոմիտեի որոշմամբ Հայաստանը կազմակերպությանն անդամակցելու հրավեր է ստանում, 2001 թ հունվարի 25-ին այն արդեն Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ էր և ստանձնել էր հետևյալ պարտավորությունները.
• հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում
• ներպետական օրենսդրություն
• մարդու իրավունքներ՝
դատաիրավական համակարգի լիակատար անկախությունը, քրեական դատավարություններում դատապաշտպանի լրիվ և անմիջական մատչելիությունը երաշխավորելուհամար, (պարտադիր անչափահասների համար). անհրաժեշտության դեպքում ծախսերը պետք է հոգա պետությունը
• պարտավորությունների մոնիտորինգը
1. սերտ համագործակցել Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարման՝ Վեհաժողովի հանձնաժողովի (Մոնիտորինգային հանձնաժողով) ստեղծման մասին Վեհաժողովի Թիվ 1115 (1997) որոշման կիրառման համատեքստում.
2. սերտ համագործակցել մոնիտորինգային գործընթացին, որը սկսվել է համաձայն 1994 թ նոյեմբերի 10-ին (95-րդ նստաշրջանին) Նախարարների կոմիտեի ընդունած հայտարարագրի։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.