բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Եղերդակ, ճարճատուկ, հնդիպե, ճառճռտուկ, կայծխոտ (լատին․՝ Cichorium), աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա, մշակության մեջ՝ միամյա և երկամյա խոտաբույսերի ցեղ։ Եղերդակը հողի նկատմամբ այնքան էլ պահանջկոտ չէ, լավ է տանում երաշտն ու ցուրտը։ Վայրի վիճակում աճում է ճամփեզրերին, աղբուտներում, առուների և արտերի մերձակայքում, տնամերձ հողամասերում և այլուր։
Եղերդակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ցեղ | Եղերդակ (Cichorium) L., 1753 |
Աստղածաղկավորների կամ բարդածաղկավորների ընտանիքին պատկանող, 60-120 սմ բարձրության բազմամյա խոտաբույս է։ Ճյուղերը փռված են, ստորին տերևները՝ փորոքամատնաբաժան, իսկ վերինները՝ նշտարաձև ու լայն։ Արմատը հաստ է, իլիկաձև։ Ցողունը կանգուն է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Ցողունի վերին մասի տերևները նստադիր են, նշտարաձև, ստորին մասինը՝ փետրաբաժան, ատամնաեզր։ Ծաղկազամբյուղները բացվում են առավոտյան, իսկ կեսօրից հետո և վատ եղանակներին փակվում են։ Հողի մեջ մինչև 1,5 մ թափանցող մսալի արմատը անհոտ է, դառը համով։ Բույսը բազմանում է սերմերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ երկնագույն կամ բաց կապույտ։ Ծաղկում է մայիսի սկզբից մինչև ուշ աշուն։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։
Բույսի հայրենիքը համարվում է միջերկրածովյան երկրները։ Այս բույսի տարածումը կախված է կլիմայից։ Հանդիպում է Եվրասիայում, Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Ավստրալիայում, Հարավային Ամերիկայում և Նոր Զելանդիայում։
Տարածված է Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր մարգագետիններում, ճանապարհների և դաշտերի եզրերին, բնակավայրերի շրջակայքում։
Արմատները պարունակում են ինուլին (40-61%[1], այլ տվյալներով՝ մոտ 49%[2]) ճարպ, արգինին, խոլին, գլիկոզիդներ (ցիկորիին, ինտիբին), եթերայուղ, դաբաղանյութեր, խեժ, ֆրուկտոզ, C, B խմբի վիտամիններ, պեկտին։
Տերևներում հայտնաբերված են ինուլին, C, B խմբի վիտամիններ, կարոտին, եղերդակաթթու, ծաղիկներում՝ գլիկոզիդ ցիկորիին, կաթնահյութի մեջ՝ դառը նյութեր (լակտուցին, լակտուկոպիկրին), կաուչուկ (2-3%), սերմերում՝ ինուլին, պրոտոկատեխինային ալդեհիդ և այլն։ Դեղաբույս է. պարունակում է ինուլին, գլիկոզիդներ, աղաղանյութեր, շաքարներ, թթուներ, վիտամիններ C, B, խեժ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես լեղամուղ (լյարդի, լեղապարկի բորբոքումների), միզամուղ (երիկամների հիվանդությունների) միջոց, նաև փորկապության, ստամոքսաբորբի, շաքարախտի և այլ դեպքերում։ Դալար ընձյուղները, ցողուններն ու տերևներն օգտագործում են սննդի մեջ՝ որպես աղցան, արմատները՝ սուրճին փոխարինող միջոց։
Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում՝ արմատը։ Եղերդակի վերգետնյա մասը մթերում են ամռանը՝ ծաղկման ընթացքում, չորացնում արևի տակ, մանր կտրատում և պահում տուփերի մեջ, իսկ արմատը հանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մաքրում հողից, կտրատում և իսկույն չորացնում չորանոցում կամ վառարանում։ Պատրաստի հումքը պահում են չոր տեղում՝ թղթով պաստառված ամանների մեջ։ Եղերդակը հայտնի է եղել Հին Եգիպտոսում և Հռոմում որպես մարսողությունը լավացնող միջոց։ Ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը լայն կիրառում ունի աղեստամոքսային տրակտի, փայծաղի և մաշկային հիվանդությունների, լնդախտի, անեմիայի, ջրգողության, ճիճվակրության, արթրիտների, ընդհանուր թուլության հիստերիայի, սպազմաֆիլիայի ժամանակ և այլն։ Ավիցեննան եղերդակի հյութը առաջարկել է մի շարք հիվանդությունների դեպքում՝ գլխացավերի, միգրենի, երեխաների ընկնավորության, ստամոքսային խանգարումների, իսկ սերմերը՝ թոքերի ուռուցքի, նյարդային բնույթի դողի, զգայնության խանգարումների, սրտի անկանոն աշխատանքի դեպքում։ Մխիթար Հերացին բույսի թարմ հյութն օգտագործել է որպես «արյունը մաքրող» միջոց, ինչպես նաև գերհոգնածության, դեղնուկի ժամանակ։ Հյութը խառնելով եզան լեզվի հետ՝ նա թրջոցի ձևով օգտագործել է ֆլեգմոնայի բուժման նպատակով, առանձին հյութը՝ ծաղկի և փորկապության դեպքում։ Ամիրդովլաթ Ամասյացու տվյալներով եղերդակի հյութը և սերմերը, առանձին կամ այլ դեղաբույսերի հետ խառնած Հիպոկրատը օգտագործել է փայծաղի ցավերի, Գալեն՝ դիսպեպսիաների, իսկ ամբողջ բույսի մոխիրն առաջարկվում է մաշկային թարախաբշտիկների, հնացած խոցերի և լեյշմանիզի բուժման համար։ Մոխրի բուժական հատկությունը գիտականորեն հիմնավորել է Թուրքմենիայում։ Կովկասյան ժողովուրդները բույսից ստացված կուպրը (որն առաջանում է ափսեյի մեջ բույսն այրելիս) օգտագործում են մաշկային մի շարք հիվանդությունների բուժման համար, իսկ Աղստևի հովտի բնակիչները բույսը փոշիացնում են և փոշին խառնելով կարագին՝ 1։2 հարաբերությամբ, քսում են դանդաղ լավացող վերքերին։ Ուկրաինական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի հյութը ըմպելու ձևով օգտագործվում է լյարդի ցերիոզների, փայծաղի ուռուցքների, իսկ արտաքին թրջոցների ձևով՝ էկզեմայի ժամանակ։ Բուլղարիայում բույսի արմատը համարվում է լեղամուղ միջոց և լայնորեն օգտագործվում է լեղուղիների մի շարք հիվանդությունների, ստամոքսի խոցի, անգինայի և վերին շնչուղիների բորբերի ժամանակ, ինչպես նաև որպես միզամուղ և ընդհանուր նյութափոխանակությունը լավացնող միջոց։ Ավստրիայում դեղաբույսի եփուկը, մզվածքը և մամլած դեղահաբերը գործածվում են որպես ախորժակը լավացնող, մարսողությունն ակտիվացնող, միզամուղ միջոց։ Հայկական ժողովրդական բժշկության մեջ բույսի հյութը ըմպում են երակների խցանման, ջրգողության և լյարդի հիվանդությունների ժամանակ։ Հյութը գինու հետ եփված վիճակում օգտագործում են բքնածության և փորկապության համար։ Արմատը ծեծած վիճակում դնում են վերքերի վրա։ Եղերդակի արմատը ներքին ընդունման ձևով օգտագործվում է առատ քրտնարտադրության, լուծի, ստամոքսային ցավերի, լյարդի, փայծաղի, արյան և երիկամների մի շարք հիվանդությունների, ընդհանուր թուլության, հիստերիայի և շաքարախտի ժամանակ։ Ն․ Գ․ Կովալևայի տվյալներով բույսի եփուկը օժտված է չափավոր հիպոտենզիվ հատկությամբ և բարենպաստ է ներգործում հիպերտոնիկ հիվանդության 1–ին և 2–րդ աստիճանների վրա։ Եղերդակի արմատի եփուկը և թուրմը օժտված են նաև չափավոր հիպոգլիկեմիկ հատկությամբ։ Դեղաբույսը, համակցելով այլ հիպոգլիկեմիկ միջոցների հետ, զգալի չափով նպաստում է շաքարախտով հիվանդների մոտ մի շարք երևույթների (բերանի չորության, սրտխփոցներ, քրտնարտադրություն և այլն) մեղմացմանը կամ վերացմանը։ Ջրաթուրմը և եփուկը ունեն լեղամուղ և միզամուղ հատկություններ։ Որոշակի չափերով արմատի տևական կիրառումը կարգավորվել է լյարդի ցերիոզով հիվանդների լյարդի խախտված ֆունկցիաները, նվազեցրել ջրգողության պրոցեսը։ Շնորհիվ արմատի միզամուղ հատկության՝ այն ցուցված է բոլոր այն հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով և ջրգողությամբ[3]։
Հայտնի է 10-12, Հայաստանում՝ 2 տեսակ՝ եղերդակ սովորական (C. intybus) և եղերդակ գեղձավոր (C. glandulosum)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.