From Wikipedia, the free encyclopedia
Բարդածաղկավորների կամ աստղածաղկազգիների ընտանիքը (լատին․՝ Compositae կամ Asteráceae) երկշաքիլավորների ամենաընդարձակ ընտանիքներից մեկն է, նրա մեջ հաշվվում են 27 773 տեսակ և 1765 ցեղ[1]։ Նրա ներկայացուցիչները տարածված են երկրագնդով մեկ, աճում են ամենատարբեր վայրերում։ Ընտանիքում գերակշռող մեծամասնությունը կազմում են խոտաբույսերը։
Աստղածաղկազգիներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթաթագավորություն | Viridiplantae |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) Bercht. & J.Presl, 1820 |
Բարդածաղկավորների ընտանիքի բույսերի բնորոշ առանձնահատկությունը զամբյուղ ծաղկաբույլի առկայությունն է։ Առաջին հայացքից ծաղկաբույլը հիշեցնում է մի ծաղիկ. առօրյայում այդպես էլ ասում են՝ տերեփուկի Centaurea, արևածաղկի Helianthus, երիցուկի Matricaria, աստղածաղկի ծաղիկ, չնայած այս բույսերի ծաղիկները երբեք մեկական չեն հանդիպում։ Զամբյուղի «բարդ» ծաղկի ընդհանրությամբ էլ ընտանիքը կոչվում է բարդածաղկավորների։
Ծաղկաբույլում ծաղիկների խմբվածությունը կարևոր հարմարանք է խաչաձև փոշոտման համար։ Շատ բարդածաղկավորների ծաղիկների դերը զամբյուղի ներսում տարբեր է։ Ծայրերին դասավորված ծաղիկները խոշոր են, վառ գունավորված, ծառայում են միջատներին գրավելու համար և հաճախ պտուղներ չեն տալիս։ Ծաղկաբույլի կենտրոնում գտնվող ծաղիկները մանր են, անշուք, հավաքված են մեծ քանակությամբ և ապահովում են բազմաթիվ պտուղների առաջացումը։ Եվ եթե հաշվի չառնենք, որ յուրաքանչյուր բույս ունի մի քանի, իսկ երբեմն էլ բազմաթիվ ծաղկաբույլեր, ապա կարելի է պատկերացնել, թե իրենցից հետո որքան հսկայական սերմնային սերունդ են թողնում այդպիսի բույսերը։ Դա տեսակի համար օգտակար հարմարվածություն է գոյության համար նրա պայքարում։
Բարդածաղկավորների ծաղիկները կառուցվածքով բավականին բազմազան են։ Բաժակը հաճախ թերզարգացած է, մազիկների տեսքով դրա մնացորդները հաճախ պահպանվում են պտուղների վրա և օգնում դրանց տարածմանը։ Ըստ պսակի ձևի ծաղիկները լինում են խողովակաձև, ձագարաձև, լեզվակավոր իսկական և կեղծ լեզվակավոր։
Լինում են նաև կեղծ լեզվակավոր ծաղիկներ։ Ձևով դրանք նման են իսկական լեզվակավոր ծաղիկներին, բայց դրանց պսակը կազմված է ոչ թե հինգ, այլ երեք պսակաթերթից։ Այդ ծաղիկները կարող են ունենալ վարսանդ և պտուղներ տալ, բայց լինում են նաև անպտուղ։ Դրանք առէջներ չունեն։ Կեղծ-լեզվակավոր ծաղիկները դասավորվում են զամբյուղի արևածաղիկ Helianthus, երիցուկ Matricaria եզրերին, որի կենտրոնում գտնվում են խողովակաձև ծաղիկները։
Բարդածաղկավորների պտուղը չոր է, չբացվող, մեկ սերմով, կոչվում է սերմիկ։
Բարդածաղկավորների ընտանիքի առավել արժեքավոր բույս է արևածաղիկը։ Այն երկար ուղղաձիգ, 2-3մ բարձրության հասնող ցողունով և լայն ամբողջական տերևներով միամյա բույս է։ Արևածաղիկի արմատային համակարգը լավ զարգացած է և խորը թափանցում է հողի մեջ։ Զամբյուղ ծաղկաբույլերը խոշոր են, դեղին, կենտրոնում խողովակաձև և եզրերում կեղծ լեզվակավոր ծաղիկներով։ Զամբյուղը արտաքինից ծածկված է կանաչ տերևներից կազմված պատյանով։ Արևածաղկի պտուղներն ունեն յուղի մեծ տոկոսային պարունակություն, այդ պատճառով այժմ այն մշակում են որպես յուղատու մշակաբույս։ Նախկինում, երբ արևածաղիկը դեռ նոր էր բերվել Հյուսիսային Ամերիկայից, այն մշակում էին որպես դեկորատիվ բույս։ Արևածաղկի յուղը օգտագործվում է սննդի մեջ, մարգարին ստանալու համար, օճառի, ներկերի արտադրության մեջ, օլիֆ ստանալու համար։ Քուսպը և սիլոսացված վիճակում վերգետնյա մասը օգտագործում են որպես անասնակեր։ Չորային շրջաններում ձյունապահպանման համար արևածաղկի ցողունները թողնում են դաշտերում։ Անտառազուրկ վայրերում դրանք օգտագործվում են որպես վառելանյութ, մոխրից ստանում են պոտաշ։ Տերևներն ու ծաղիկները կիրառվում են բժշկության մեջ։
Նույն ցեղին պատկանող այլ տեսակ է գետնատանձը։ Բազմացվում է պալարների համար, որոնք սննդի մեջ կարող են օգտագործվել եփված վիճակում, բայց հիմնականում անասնակեր են։ Որպես վաղահաս բանջարաբույս մշակում են կաթնուկ սալաթը Lactuca։ Սալաթներ պատրաստելու համար կարելի է նաև օգտագործել ամենուրեք տարածված դեղաբույսային խատուտիկի Taraxacum երիտասարդ տերևները։ Այս բույսի արմատները պիտանի են որպես սուրճի շինծու օգտագործելու համար։ Հաճախ այդ նպատակով օգտագործում են սովորական ճարճատուկի արմատները, որը լինում է անապատներում, ճանապարհների եզրերին, չոր լանջերին։ Ճարճատուկի Cichorium inthybus զամբյուղները բավականին գրավիչ են, կազմաված են նուրբ երկնագույն լեզվակավոր ծաղիկներից։ Այս բույսի չորացված և աղացված արմատները ավելացնում են բնական սուրճին ավելի մուգ գույն և յուրահատուկ համ տալու համար (ճարճատուկով սուրճ)։
Բարդածաղկավորների ընտանիքի կազմում շատ են դեկորատիվ բույսերը՝ գեորգենիները Dahlia variabilis, աստղածաղիկները Callistephus, ցինածաղիկները Zinnia, ռուդբեկիաները Rudbeckia, մարգարտածաղիկները Bellus perennis, քրիզանթեմները Chrysanthemum, թավշածաղիկները Iagetes, վաղենակները Calendula (նարգիզ), անթառամներ Helichrysum, գայլարդիա Gailardia, մոխրածաղիկներ Cineraria և այլն։
Որոշ բարդածաղկավորներ՝ դառը օշինդրը Artemisia absinthium, դեղատնային երիցուկը Matricaria, կղմուխը Tnula, տարկավանը Tanacetum, կատվալեզուն Bidens tripartitus, վաղենակը, տերեփուկը, տատրակը Tussilago farfara դեղաբույսեր են։
Այս ընտանիքում կան նաև կաուչուկատու բույսեր՝ կոկսագիզը Taraxacum kok- saghyz, կրիմսագիզը T. megalorrhizum, տաուսագիզը Scorzonera tau – saghyz, գվայուլլա Parthenium argentatum։
Որպես վնասակար և դժվար արմատախիլ արվող մոլախոտ հայտնի են հետևյալ բույսերը՝ դաշտային կաթնբեկը Sonchus arvense, դաշտային տատասկը Cirsium arvense . հարավում՝ կաթնուկը Lactuca, գինեղեգը Picris։ Բացի դրանցից մոլախոտեր են կապույտ տերեփուկը Centaurea cyanus, գարնանաթարմը Eriqeron, հազարատերևուկը Achillea, երիցուկը Matricaria, անթեմը Anthemis և այլն։ Այս մեծ ընտանիքի բազմաթիվ ներկայացուցիչներ հանդիպում են մարգագետիններում, անտառներում, թփուտներում, աղբոտ տեղերում, դրանցից են կռատուկը Arctium, տատասկափուշը Carduns, օշինդրը Artemisia, ճուռակախոտը Hieracium, հալևորիկը Senecio, տատասկը Cirsium և այլն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.