հայ լուսանկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Գագիկ Հարությունի Հարությունյան (սեպտեմբերի 22, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 30, 2021, Երևան, Հայաստան), հայ վավերագրող լուսանկարիչ, հայ գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից[1][2]։
Գագիկ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 22, 1946 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 30, 2021 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | լուսանկարիչ |
Գագիկ Հարությունյանը ծնվել է 1946 թվականի սեպտեմբերի 22-ին, Երևանում։ 1965 թվականին ավարտել է Երևանի Հաստոցաշինական տեխնիկումը` մետաղների սառը մշակման տեխնոլոգիայի մասնագիտացմամբ։ 1964-1971 թվականներին աշխատել է Երևանի տարբեր գործարաններում որպես հաստոցագործ և ինժեներ։ 1965 թվականին սկսել է զբաղվել լուսանկարչությամբ։ 1968 թվականին ղեկավարել է Պատանի տեխնիկների կայանի ֆոտոխմբակը[3][4]։
Գագիկ Հարությունյանը ինքնուս է, սկսել է լուսանկարել պատանի հասակում` հորից նվեր ստացած ֆոտոխցիկով, տարված է եղել լուսանկարչության ուսումնասիրությամբ։ Հարությունյանի հիմնական հետաքրքրությունների առարկան ու ոգեշնչման աղբյուրն են եղել լեհական, չեխական, գերմանական, հունգարական ֆոտոամսագրերում տեղ գտած հատկապես չեխ և լեհ լուսանկարիչների ավանգարդիստական աշխատանքները։
Գագիկ Հարությունյանն իր գործունեությունը սկսել է սկզբնապես ուսումնասիրելով նախ արխիվային նյութը, այնուհետև անդրադարձել է այնպիսի թեմաների, որոնցով նա փոխանցել է իր ժամանակաշրջանի նկարագիրը։ Հարությունյանի վավերագրական, ֆոտոռեպորտաժային լուսանկարները բովանդակային առումով բազմաշերտ են և այլաբանական։ Լուսանկարիչն ուղիղ ձևով չի փոխանցել իր ասելիքը, այլ թույլ է տվել, որ դիտողն ինքը մտածի, լրացնի և իր անհատական ընկալմամբ հասկանա[3]։
Գագիկ Հարությունյանն իր գործունեությունն սկսել է 1971 թվականին՝ որպես «Կոմսոմոլեց» թերթի թղթակից և աշխատել է մինչև 1974 թվականը։ 1976-1989 թվականներին Հարությունյանն աշխատել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում», բազմիցս գործուղվել է մի շարք եվրոպական ու աֆրիկյան երկրներ՝ Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հունգարիա, Գվինեա, Սենեգալ, Գերմանիա, Մերձբալթյան հանրապետություններ, Ռուսաստան և այլն։ Հարությունյանը չի հետաքրքրվել ճամփորդական բնույթի թեմաներով. նա ամենուրեք փնտրել է մարդուն, փորձել ծանոթանալ նրա հոգսերին ու խնդիրներին։ Այս փնտրտուքների ընթացքում լուսանկարիչն ակնկալվող տարբերությունների փոխարեն խորը նմանություններ է գտել, ինչպես ինքն է նշել․
Ես տեսա, որ մարդն ամենուր նույնն է …[3] |
Հարությունյանի հետաքրքրությունների շրջանակում են եղել մասնավորապես հետևյալ թեմաներով` բնապատկեր, մարդու փոխհարաբերությունը բնական միջավայրի հետ, քաղաքական կյանք և սիմվոլիկ լուսանկարչությունը։
Հարությունյանի աշխատանքները շարքերով հրապարակվել են հայաստանյան ամսագրերում, մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Գարուն» ամսագրերում, 1970-1980-ականներին ցուցադրվել են «Ժուռնալիստների տանը» և «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» շենքում կազմակերպվող ցուցահանդեսներին[3]։
1981 թվականին Հարությունյանի համագործակցությունը «Գարուն» ամսագրի հետ զգալի ազդեցություն է թողել գեղարվեստական լուսանկարչության ընկալումների փոփոխության վրա։
1989-1991 թվականներին որպես լուսանկարիչ Հարությունյանն աշխատել է արդեն «Հայք», «Անդրադարձ» և «Զինվոր» թերթերում։ Հարությունյանի վավերագրական լուսանկարներն անընդմեջ տպագրվել են հայաստանյան, ինչպես նաև ռուսական և արևելաեվրոպական մամուլում։ 1993-1999 թվականներին դասավանդել է Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում` որպես գեղարվեստական լուսանկարչության ուսուցիչ[3]։
1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրելով՝ Հարությունյանը ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն։ Պահպանված սևապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են վերջերս և վերականգնման համար անհրաժեշտ է եղել շուրջ վեց տարի։
1997-2009 թվականների ընթացքում Հարությունյանը ոչնչացրել է գրեթե երկու հազար ժելատին արծաթե լուսանկար և սևապատկեր` համոզված լինելով, որ դրանք այլևս որևէ մեկին չեն հետաքրքրի։ 1990-ականների վերջերին թողել է լուսանկարչությունը, սակայն, բարեբախտաբար, սևապատկերները պահպանվել են։
2000-2013 թվականներին հիմնականում աշխատել է որպես կահույքագործ[3]։
Հարությունյանն իր աշխատանքներով նորովի է ներկայացնում մարդուն, կյանքը, հայրենիքը, սերը, մարդկային ողբերգությունն ու մշակույթը։ Նրա արվեստի բնորոշ, ընդհանուր գիծը սերն է[3]։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը «Ժամանակի ստվերները. Գագիկ Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995» ցուցահանդեսին ընդառաջ նախաձեռնել և իրականացրել է Հարությունյանի ծավալուն առաջին պատկերագրքի հրատարակումը։ Պատկերագրքի հեղինակն է Վիգեն Գալստյանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.