Արևելյան Անտարկտիդա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Արևելյան Անտարկտիդա, աշխարհագրական տարածաշրջան, Անտարկտիդայի երկու հնմնական տարածաշրջաններից մեկը։ Ափերը ողողում են Խաղաղ, Հնդկական, Ատլանտյան օվկիանոսները, ըստ որոշ տեսակետների նաև՝ Հարավային օվկիանոսը։ Արևելյան Անտարկտիդան իր մեջ ներառում է Ուիլկսի երկիրը, Մոդ թագուհու երկիրը, Վիկտորիայի երկիրը և Խորհրդային սարահարթը, իսկ Արևմտյան Անտարկտիդայից բաժանվում է Տրանսանտարկտիկական լեռներով։
Արևելյան Անտարկտիդա | |
---|---|
Արևելյան Անտարկտիկայի ափերից սառույցի մի շարք տեսակների պատկեր տիեզերքից[Ն 1] | |
Տեսակ | տարածաշրջան |
Մայրցամաք | Անտարկտիդա |
Վարչատարածք | Անտարկտիկայի համաձայնագրի տարածք |
Մասն է | Անտարկտիդա |
Ջրլիցի ափին | Ուեդդելի ծով և Ռոսսի ծով |
«Արևելյան Անտարկտիդա» անունը գոյություն ուներ ավելի քան 90 տարի, բայց համընդհանուր գործածության մեջ է մտել Միջազգային երկրաֆիզիկական տարվանից (1957-1958) և հետազոտություններից հետո, որոնց ընթացքում հաստատվել է, որ Տրանսանտարկտիկական լեռները հանդիսանում են բնական բաժանարար Արևելյան և Արևմտյան Անտարկտիդաների միջև։
1957 թվականի դեկտեմբերի 16-ին, Խորհրդային անտարկտիկական արշավախմբի երկրորդ՝ սահնակատրակտորային արշավի ժամանակ Արևելյան Անտարկտիդայի կենտրոնական մասում բացվել է «Վոստոկ» խորհրդային գիտական կայանը, որը տեղակայվել է երկրի Հարավային մագնիսական բևեռի շրջանում[2]։ Այն ներկայումս հանդիսանում է Ռուսաստանի միակ գիտական մայրցամաքային կայանը Անտարկտիդայում, որը տարածվում է 78°28′ հարավային լայնության, 106°50′ արևմտյան երկարության աշխարհագրական կոորդինատներով և գտնվում է սառցե սարահարթի կենտրոնում՝ ծովի մակարդակից 3488 մետր բարձրության վրա (կայանի շրջակայքում սառցե վահանի մոտավոր հաստությունը 3500 մետր է)[3]։
1983 թվականի հուլիսի 21-ին կայանում գրանցվել է երկրագնդի ամենացածր ջերմաստիճանը՝ −89,2 °C[4]։
Անտարկտիդայի Արևելյան Վահանի ամենաբարձր կետում՝ Արգոսի գմբեթ (Dome Argus կամ Dome A) բարձրադիր սարահարթակի վրա չինացի, ավստրալիացի և ամերիկացի գիտնականները կառուցել են PLATO (PLATeau Observatory) ինքնավար աստղագիտական աստղադիտարանը[5]։ Երկնքի ֆոնային պայծառությունը առաջին շերտում այստեղ կազմում է I=20,50 աստղային մեծություն, որն զգալիորեն ավելի լավ է, քան մյուս աստղագիտական աստղադիտարաններում․ չիլիական Պարանալում այն կազմում է՝ I=19,93; Սերրո Տոլոլոյում I=20,07; Լա–Պալմայում՝ I=20,10 (Իսպանիա, Կանարյան կղզիներ, Ռոկե դե լոս Մուչաչոս լեռան վրա); Կալար Ալտոյում՝ I=19,57[6]։
Արևելյան Անտարկտիդայի սառցե ծածկույթի տակ ընկած է արևելաանտարկտիկական Վահանը (անգլ.՝ East Antarctic Shield)[7]։ Նրա մեծ մասը համապատասխանել է արևելաանտարկտիկական կրատոնին, որը ձևավորվել է արխեյան դարաշրջանում[8]։ Ըստ այլ կարծիքի Արևելյան Անտարկտիդան ձևավորվել է մեզոպրոտերոզոյան ժամանակաշրջանում արխեյան դարաշրջանի երեք առանձին հատվածների (անգլ.՝ Geologic province) միավորումով, որոնք համապատասխանել են Ուիլկսի երկրի, Մոդ թագուհու երկրի և Ռեյների սառցադաշտի (անգլ.՝ Rayner Glacier) տարածքներին[9]։ Էնդերբի երկրի շրջանում գտնվել է Երկրագնդի այն քիչ վայրերից մեկը, որտեղ մակերևույթ են դուրս գալիս վաղ արխեյան դարաշրջանի ցեղատեսակներ․ դրանք մոտավորապես չորս միլիարդ տարեկան են[10]։
Մոտավորապես 1100 միլիոն տարի առաջ Արևելյան Անտարկտիդան եղել է Ռոդինյա սուպերմայրցամաքի կազմում, իսկ նրա փլզումից հետո, որը տեղի է ունեցել մոտավորապես 750 միլիոն տարի առաջ, գտնվել է Հյուսիսային Ռոդինյա մայրցամաքի կազմում։ Հին մայրցամաքների նոր միավորումը մոտավորապես 650 միլիոն տարի առաջ հանգեցրել է Պաննոտիայի սուպերմայրցամաքի ձևավորմանը, հենց այդ ժամանակին է վերագրվում Տրանսանտարկտիկական լեռների առաջացումը[11]։
Արևելյան Անտարկտիդան, վերջին փլզումից հետո՝ էդիակարիի դարաշրջանի վերջում, մոտավորապես 560 միլիոն տարի առաջ, դարձել է Գոնդվանա մայրցամաքի մի մասը[11]։
Գոնդվանայի կազմավորումը ամրապնդել է Արևելյան Անտարկտիդայի հիմնական զանգվածի միավորումը, որը նախկինում կապ չի ունեցել արևելաանտարկտիկական տերրեյնյան դարաշրջանի խառնարանի հետ։ Այն ընկած էր ապագա Աֆրիկայի, Հնդկաստանի և Ավստրալիայի սահմանների երկայնքով[12]։
Արևելյան Անտարկտիդան Գոնդվանայի հարևան մասերի հետ միասին Կարբոնայի դարաշրջանում սկսել է սառցակալել, որը նահանջել է պերմի ժամանակաշրջանի սկզբին։
Արևելյան Անտարկտիդայի մի շարք շրջաններում պերմի ժամանակաշրջանում սկսել են քարածխի կուտակումներ առաջանալ[13]։ Այդ ժամանակ կարբոնայի և պերմի դարաշրջանների սահմանագծում Գոնդվանան միավորվել է Լավրուսիա (Եվրամերիկա) մայրցամաքի հետ՝ կազմելով Պանգեա սուպերմայրցամաքը, սակայն միջին յուրայի դարաշրջանում Պանգեան բաժանվել է Լավրասիայի և Գոնդվանայի, իսկ կավճի ժամանակաշրջանում սկսվել է Գոնդվանայի փլզումը, որն ավարտվել է վաղ պալեոգենում՝ Ավստրալիայի և Անտարկտիդայի անհամապատասխանությամբ[14]։
Միոցենյան դարաշրջանում սկսվել է Անտարկտիդայի նոր սառցաշերտի առաջացումը, որը ուշ պլիոցենում նույնիսկ գերազանցել է իր ժամանակակից չափերը․ Արևելյան Անտարկտիդան սառցակալմանը զուգընթաց միավորվել է Արևմտյան Անտարկտիդայի հետ՝ մի միասնական զագվածում, որոնք մինչ այդ իրենցից ներկայացրել են մասնատված տերրեյն կղզիների խումբ[15]։
Արևելյան Անտարկտիդայի ներկայիս գրեթե ողջ տարածքը, բացառությամբ ափերի մի քանի հատվածների և անտարկտիկական օազիսների, ամբողջ տարին ծածկված է սառույցով։ Սառցաշերտից ազատ տարածքներում գերակշռում է տունդրայի բուսականությունը՝ տարբեր տեսակների մամուռների և քարաքոսերի տեսքով։ Ցամաքային կաթնասունները լիովին բացակայում են։ Ցամաքային կենդանիներից բնակվում են Ուեդդելի փոկեր, խեցգետնակեր փոկեր, ծովային ընձառյուծներ, ծովափղեր և թռչուններ՝ մրրկահավերի մի քանի տեսակ (անտրակտիկական, ձյունե), երկու տեսակի ծովահենաորորներ, բևեռային ջրածիծառներ, Ադելի պինգվիններ և կայսերական պինգվիններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.