Արևայրուք
From Wikipedia, the free encyclopedia
Արևայրուք, ճառագայթման ազդեցությամբ մաշկի այրվածք, որն առաջանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների գերազդեցության հետևանքով։ Ընդհանուր ախտանշաններն են՝ մաշկի կարմրածությունը, որը նաև բավականին տաք է և ցավոտ, ընդհանուր թուլությունը, թեթև արտահայտված գլխապտույտը և սրտխառնոցը։ Այլ ախտանշաններից են նաև մաշկի այտուցվածությունը, բշտերի առաջացումը և մաշկի թեփոտումը։ Չափից դուրս ՈՒՄ ճառագայթումը կարող է առաջացնել առաջնային, չմալիգնիզացվող մաշկի ուռուցք[1][2], իսկ ծայրահեղ դեպքերում կարող է նաև սպառնալ կյանքին։ Արևայրուքը հյուսվածքի բորբոքային պատասխանն է, որն առաջանում է ՈՒՄ ճառագայթմամբ ԴՆԹ-ի վնասման արդյունքում։ Երբ ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ ամբողջությամբ վնասվում են թիրախավորված բջիջները, նրանք մեռուկանում են և վերափոխվում նորերի՝ բերելով մաշկի ռեգեներացիայի[3]։
Արևայրուք Sunburn | |
---|---|
![]() | |
Ռիսկի գործոններ | մաշկի տիպը, տարիքը, արևապաշտպանների չօգտագործումը |
Բարդություններ | մաշկի քաղցկեղ |
Կանխարգելում | օգտագործել արևապաշտպաններ և արևապաշտպան հագուստ |
Sunbathing Վիքիպահեստում |
Արևապաշտպան միջոցառումները ընդգրկում են արևապաշտպան քսուկներ և արևապաշտպան հագուստ, որոնք կանխարգելում են մաշկի այրվածքները կամ նույնիսկ անգամ մաշկի քաղցկեղը։ Երեխաները ավելի շատ են հակված ճառագայթմամբ մաշկի վնասմանը, այդ իսկ պատճառով նրանց մոտ ավելի հետևողականորեն պետք է լինել արևապաշտպան միջոցառումների նկատմամբ։
Ախտանշաններ

Ախտանշանները արտահայտվում են մաշկի կարմրությամբ և ցավով։ Այլ ախտանշաններն են՝ այտուցը, բշտերի առաջացումը, քորը, թեփոտումը, սրտխառնոցը, տենդը, դողը և ուշագնացությունը։ Վնասված մակերեսում նկատվում է նաև տեղային ջերմության բարձրացում՝ պայմանավորված արյան կենտրոնացմամբ բորբոքային օջախում։ Արևայրուքները լինում են մակերեսային և ավելի խորանիստ տեղակայմամբ։ Բշտիկների առաջացումը խոսում է երկրորդ կարգի այրվածքի մասին[4]։
Տարատեսակներ
Թեթև աստիճանի արևայրուքները առաջացնում են կարմրություն թիրախավորված օջախում։ Ավելի լուրջ այրվածքների դեպքում առաջանում են բշտիկներ և նույնիսկ անգամ հնարավոր է պահանջվի հիվանդանոցային օգնություն։
Տևողություն
Արևայրուքը կարող է առաջանալ մինչև 15 րոպեում, կամ նույնիսկ վայրկյանների ընթացքում, եթե կա ինտենսիվ ճառագայթում։ Այնուամենայնիվ մաշկի վնասումը հաճախ անմիջապես ակներև չի լինում։
Արևայրուքից հետո մաշկը կարող կարմրել 30 րոպեում, բայց ավելի հաճախ կարմրությունը ի հայտ է գալիս 2-6 ժամ հետո։ Ցավը ուժգին արտահայտվում է ճառագայթումից հետո 6-48 ժամվա ընթացքում։ Մաշկի վնասումը շարունակում է զարգանալ մինչև 1-3 օր, որին հաջորդում է մաշկի թեփոտումը 3-8 օրվա ընթացքում։ Իսկ մաշկի թեփոտումը և քորը կարող է դեռ շարունակվել մի քանի շաբաթ։
Մաշկի քաղցկեղ
ՈՒՄ ճառագայթումը պատճառում է արևայրուք և կարող է բարձրացնել մաշկի քաղցկեղի ռիսկը՝ մելանոմա, բազալ-բջջային կարցինոմա և տափակաբջջային կարցինոմա[1]։ Մտահոգությունն այն է, որ մելանոմայի առաջացումը ունի ճառագայթման դոզա կախյալ էֆեկտ և կախված է ամբողջ կյանքի ընթացքում ճառագայթման գումարային ազդեցությունից[5]։ Ենթադրվում է, որ ԱՄՆ-ում և Ավստրալիայում մելանոմաների ավելի քան 1/3-ը կարելի է կանխել արևապաշտպան քսուքների կանոնավոր օգտագործմամբ[6]։
Պատճառները

Արևայրուքը առաջանում է արևի ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ, բայց պատճառ կարող են հանդիսանալ նաև ճառագայթման արհեստական աղբյուրները։ Այն օրգանիզմի պատասխան ռեակցիան է, որի ժամանակ դիտվում է ճառագայթման ազդեցությամբ ԴՆԹ-ի վնասում։ Այս վնասումը գլխա
վորապես առաջանում է թիամինի դիմերով։ Վնասման օջախը ճանաչվում է օրգանիզմի կողմից, որին ի պատասխան ակտիվանում են պաշտպանության մեխանիզմները՝ ներառելով բջիջների ապոպտոզը, ԴՆԹ-ի վերականգնումը և վնասված վերնամաշկի հեռացումը, որի արդյունքում վերականգնվում են մաշկի վնասված բջիջները և բարձրանում է մելանինի արտադրությունը՝ կանխելով մաշկի հետագա վնասումը։
Մելանինը կլանում է ՈՒՄ ճառագայթները՝ հանդիսանալով որպես լուսապաշտպան (ֆոտոպրոտեկտոր)։ Կանխելով ՈՒՄ ճառագայթների ֆոտոններով քիմիական կապերի խզումը՝ մելանինը արգելակում է ԴՆԹ-ի ուղղակի վնասումը և ազատ ռադիկալների առաջացումը (ԴՆԹ-ի անուղղակի վնասում)։ Այնուամենայնիվ, մելանոցիտները պարունակում են ավելի քան 2000 գենոմային տեղամասեր, որոնք շատ զգայուն են ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, և այդպիսի տեղամասերը կարող են մոտ 170 անգամ ավելի զգայուն լինել վնասման հետևանքով առաջացած ցիկլոբութան պիրիմիդին դիմերի նկատմամբ[7]։
Արևայրուքի հիմքում ընկած է մաշկի բորբոքայի ռեակցիան, որի մեջ ընգրկված են պրոստանոիդները և բրադիկինինը։ Այս միացությունները բարձրացնում են ջերմության նկատմամբ զգայունությունը՝ նվազեցնելով ջերմային ռեցեպտորների շեմը 109 °F (43 °C)-ից մինչև 85 °F (29 °C)[8]։ Ցավը կարող է առաջանալ CXCL5 սպիտակուցի գերարտադրությունից, որը դրդում է նյարդային վերջավորությունները[9]։
Մաշկի տիպով է որոշվում արևայրուքի աստիճանը։ Հիմնականում բաց մաշկով մարդիկ, թեկուզ և սահմանափակ ճառագայթումից, կարող են ստանալ մաշկի այրվածք։ Ֆիցպատրիկի մաշկի ֆոտոտիպերի դասակարգումը նկարագրում է ՈՒՄ ճառագայթներին ի պատասխան մաշկի նորմալ փոփոխությունները։ Տիպ 1 մաշկով մարդիկ ավելի են հակված արևայրուքներ ստանալուն քան տիպ 4 մաշկով անձինք։ Այնուամենայնիվ,մաշկի բոլոր տիպերում էլ առաջացնում են արևայրուքներ[10]։
Ֆիզպատրիկի մաշկի ֆոտոտիպերն են՝
- Տիպ 0՝ ալբինոս
- Տիպ I` գունատ, սպիտակ մաշկ, հեշտությամբ այրվածքների ստացում, մաշկի գունային փոփոխություն չի լինում
- Տիպ II` սպիտակ մաշկ, հեշտությամբ այրվածքների ստացում, գունային փոփոխոխությունը լինում է դժվարությամբ
- Տիպ III` սպիտակ մաշկ, կարող է վնասվել և գունափոխվել հեշտությամբ
- Տիպ IV` բաց շագանակագույն մաշկ, դժվարությամբ է վնասվում, բայց հեշտությամբ է գունափոխվում
- Տիպ V` շագանակագույն մաշկ, սովորաբար չի վնասվում, բայց գունափոխվում է հեշտությամբ
- Տիպ VI` սև մաշկ, չի վնասվում և ավելի է մգանում ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ[11]
Տարիքը նույնպես ազդում է արևի նկատմամբ մաշկի դրսևորած ռեակցիայի վրա։ Մինչւ 6 տարեկան երեխաները և 60 տարեկանից բարձր անձինք ավելի զգայուն են արևի ճառագայթների նկատմամբ[12]։
Կան որոշ գենետիկ հիվանդություններ, օրինակ՝ պիգմենտային քսերոդերմա, որը բարձրացնում է մաշկի զգայունությունը և մեծացնում մաշկի քաղցկեղ ստանալու ռիսկը։ Նրա հիմքում ընկած է վնասված ԴՆԹ-ի վերականգման խանգարումը[13]։
Դեղորայք
ՈՒՄ ճառագայթումից առաջացող մաշկի այրվածքների ստացման ռիսկը բարձրանում է նաև որոշ դեղորայքների օգտագործման արդյունքում, որոնք ավելի զգայուն են դարձնում մաշկը։ Օրինակ՝ անտիբիոտիկներ, ներքին ընդունման հակաբեղմնավորիչներ, անտիդեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ, ակնեի բուժման ժամանակ օգտագործվող որոշ պրեպարատներ և այլն[14]։
ՈՒՄ ճառագայթման ինտենսիվություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը ցույց է տալիս տվյալ պահին և վայրում արևայրուք ստանալու ռիսկը[12]։ Նպաստող գործոններն են՝
- Օրվա ժամը՝ շատ վայրերում արևի ճառագայթներն ամենաուժեղն են լինում 10-ից մինչև 16-ը ընկած ժամանակահատվածում[15]։
- Ամպածածկ՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը մասամբ արգելափակվում է ամպերով, բայց նույնիսկ ամպամած օրերին արևի վնասակար ՈՒՄ ճառագայթման զգալի տոկոսը կարող է անցնել ամպերի միջով։
- Անդրադարձնող մակերեսներ՝ ջուր, ավազ, ձյուն, սառույց։ Նրանք անդրադարձնելով արևի ճառագայթները կարող են առաջացնել արևայրուք[16][17]։
- Տարվա եղանակը՝ գարնան վերջում և ամռան սկզբին՝ արևի դիրքով պայմանավորված, կարող է պատճառվել ավելի ծանր արևայրուքներ
- Բարձրությունը՝ ավելի բարձր տեղանքներում մաշկի այրվածքներ ստանալու ռիսկը բարձրանում է՝ պայմանավորված մթնոլորտային շերտերի պակաս լինելով, որոնք արգելափակում են արևի ճառագայթների որոշ մասը։ Ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունն ավելանում է մոտ 4%-ով՝ յուրաքանչյուր 305 մ բարձրության համար։
- Հասարակածին ավելի մոտ լինելը, որտեղ արևի ճառագայթները ուղիղ անցնում են մթնոլորտային շերտերի միջով և ունեն բավականին բարձր անբարենպաստ ազդեցությում մաշկի վրա։
Օզոնի քայքայում
Վերջին տասնամյակների ընթացքում ամբողջ աշխարհում աճել են արևայրուքների հաճախականությունն ու ծանրությունը՝ մթնոլորտի օզոնային շերտի քիմիական նյութերով վնասումների պատճառով։ 1970-ականների և 2000-ականների միջև միջինում ստրատոսֆերային օզոնը նվազել է մոտավորապես 4%-ով, ինչը նպաստում է 4%-ով երկրագնդի մակերեսին ուլտրամանուշակագույն ճառագայթման միջին ինտենսիվության աճին։ Օզոնային շերտի քայքայումը և «օզոնային անցքերը» հանգեցրել են շատ մեծ փոփոխությունների որոշ վայրերում, հատկապես՝ հարավային կիսագնդում[18]։
Մաշկի թխեցում
Արևայրուքը, որը զարգանում է որպես պաշտպանական մեխանիզմ արևի ճառագայթման նկատմամբ, հանդիսանում է ցանկալի արդյունք մարդկանց մեծամասնության համար[19]։ Այն էլ հանգեցրել է ՈՒՄ ճառագայթման մեծացմանը թե՛ բնական աղբյուրներից՝ արևից, և թե՛ արհեստական լամպերից։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, մաշկաբանության ամերիկյան ասոցիացիան և մաշկի քաղցկեղի ասոցիացիան խորհուրդ են տալիս խուսափել արհեստական ուլտրամանուշակագույն ճառագայթների աղբյուրներից, ինչպիսիք են սոլյարիները[20][21][22]։
Ախտորոշում

Տարբերակիչ ախտորոշում
Արևայրուքների տարբերակիչ ախտորոշումը պետք է տարբերակել այլ մաշկային ախտաբանություններից, որոնք ևս դրդվում են ՈՒՄ ճառա գայթներից՝ ֆոտոալերգիկ ռեակցիաներ, տեղային կամ համակարգային դեղամիջոցներից առաջացած ֆոտոտոքսիկ ռեակցիաներ կամ այլ մաշկային ախտաբանություններ, որոք սրանում են արևի ճառագայթումից։ Ախտորոշման հաստատման համար պետք է ուշադրություն դարձնել ՈՒՄ ճառագայթների ինտենսիվությանը և տևողությանը, դեղորայքների օգտագործմանը և մաշկաբանական անամնեզին։
- Ֆոտոտոքսիկ ռեակցիաներ՝ դեղերով և քիմիական միացություններով դրդված մաշկի վնասումն է արևի ճառագայթների ներքո, որի արդյունքում ընկած են ոչ իմունոլոգիական ռեակցաիները ի տարբերություն մնացած արևայրուքների պատճառագիտության։ Ֆոտոտոքսիկ ռեակցիաներ առաջացնող դեղերից են՝ ամիոդարոն, դակարբազին, ֆտորքինոլոններ, 5-ֆլյուրոուրացիլ, ֆուրոսեմիդ, նալիդիքսաթթու, ֆենոթիազիններ, ռետինոիդներ, սուլֆոնամիդներ, տետրացիկլիններ, թիազիդներ և վինբլաստին[23]։
- ֆոտոալերգիկ ռեակցիաներ՝ իմունոլոգիական ռեակցիաներ են, որոնք դրդվում են միաժամանակ որոշ դեղորայքների օգտագործմամբ և արևի ճառագայթներով։ Որոշ դեղեր և քիմիական միացություններ առաջացնում են ազատ ռադիկալներ, դրանք էլ դրդում են հակածինների առաջացումը, որոնք հարուցում են չորրորդ տիպի գերզգայունության ռեակցիա։ Այս դեղորայքներն են՝ 6-մեթիլկումարին, ամինոբենզոյաթթու և էսթերներ, քլորպրոմազին, պրոմեթազին, դիկլոֆենակ, սուլֆոնամիդներ և սուլֆոնիլուրեազ։ Ֆոտոտոքսիկ ռեակցիաների ժամանակ դիտվում է մաշկի ինտենսիվ քոր և դիտվում է մաշկի հաստացում[23]։
- Ֆիտոֆոտոդերմատիտներ՝ մաշկի բորբոքային ռեակցիաների զարգացումն է որոշ բույսերի (նեխուր,խոտ և այլն) հետ կոնտակտից հետո, ՈՒՄ ճառագայթման ազդեցությամբ։ Առաջացնում են մաշկի կարմրություն, ցավ և բշտիկավորում[10]։
- Եղնջացան՝ առաջանում է ՈՒՄ ճառագայթմամբ մի քանի րոպեների ընթացքում, իսկ անհետանում է ժամերի ընթացքում[10]։
- Որոշ մաշկային հիվանդություններ սրվում են արևի ճառագայթներից՝ համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտներ, ատոպիկ դերմատիտներ, ակնե և ռոզացեա[10]։
Բացի այդ, քանի որ արևայրուքը ճառագայթային այրվածքի տեսակ է[24][25], այն կարող է ի սկզբանե թաքցնել ռադիոակտիվության ուժեղ ազդեցությունը, ինչը հանգեցնում է սուր ճառագայթային համախտանիշի կամ ճառագայթման հետևանքով առաջացած այլ հիվանդությունների։ Օրինակ, արևայրուքից առաջացած էրիթեմայի և ճառագայթային այլ այրվածքների միջև տարբերությունն անմիջապես ակնհայտ չէ։ Ջերմային հիվանդությանը և սուր ճառագայթային համախտանիշի սկզբնական փուլին բնորոշ ախտանշաններն են՝ սրտխառնոցը, փսխումը, ջերմությունը, թուլությունը/հոգնածությունը, գլխապտույտը կամ նոպաները, որոնք կարող են լրացուցիչ ախտորոշիչ շփոթություն առաջացնել[26]։
Բուժում
Բուժման հիմնական տարբերակը արևի հետագա ազդեցությունից խուսափելն է, ինչպես նաև մասի լավագույն բուժումը ժամանակն է։ Արևայրուքների մեծ մասն ամբողջությամբ բուժվում է մի քանի շաբաթվա ընթացքում։
Ամերիկյան մաշկաբանության ասոցիացիան արևայրուքի բուժման համար խորհուրդ է տալիս հետևյալը[27]՝
- ցավը մեղմացնելու համար հաճախակի սառը թրջոցներ և սառը լոգանք ընդունել
- օգտագործել հանգստացնող, խոնավեցնող քսուկներ, որոնք պարունակում են ալոե վերա և սոյա
- կիրառել հակաբորբոքային պրեպարատներ (իբուպրոֆեն, ասպիրին և այլ ՈՍՀԲԴ-ներ), որոնք կարող են մեղմացնել ցավը
- պահպանել օրգանզիմի հիդրատացումը՝ օգտագործելով մեծ քանակով հեղուկներ
- չդիպչել արևայրուքից առաջացած բշտիկներին, փոխարենը թողնել ինքնուրույն վերականգնվեն
- Պաշտպանել արևից արդեն իսկ վնասված մաշկը ազատ հագուստով և օգտագործել արևապաշտպան քսուկներ, որպեսզի կանխարգելեք մաշկի հետագա վնասումը՝ չգրգռելով արևայրուքը։
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.