Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օզոնային շերտ, օզոնից կազմված շերտ, որ գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում և որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը։
Հայտնաբերվել է ֆրանսիացի գիտնականներ Շարլ Ֆաբրիի և Անրի Բուիսսոնի կողմից 1913 թվականին։
Գտնվում է վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում։
Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ։ Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա։
Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով։ Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն։
1985 թվականին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է։ Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին։ Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից։
Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է։ Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է։ Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները։ Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից։ Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ։ Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ։ Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ։ Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը։
Հայաստանում օզոնային շերտի ուսումնասիրությունները կատարվել են 2000 թ-ին Արագածի հարավային լանջին՝ 2070 մ բարձրության վրա գտնվող «Ամբերդ» օդերևութաբանական կայանում, որի դիտարկումների արդյունքները հաղորդվել են Օզոնային և անդրամանուշակագույն ճառագայթման տվյալների համաշխարհային կենտրոն։
1999 թվականից Հայաստանը անդամակցում է «Օզոնային շերտի պահպանման մասին» Վիեննայի համաձայնագրին (1985), «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանը (1997) և ստանձնել է համապատասխան պարտավորություններ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.