From Wikipedia, the free encyclopedia
Ալեքսանդր Կարլովիչ Բեգրով (ռուս.՝ Александр Карлович Беггров, գերմ.՝ Alexander Beggrow, դեկտեմբերի 17 (29), 1841[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14 (27), 1914, Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, ծովանկարիչ, ջրանկարիչ, Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր անդամ, Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության անդամ[2]։
Ալեքսանդր Բեգրով Александр Беггров | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 17 (29), 1841[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 14 (27), 1914 (72 տարեկան) |
Մահվան վայր | Գատչինա, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1873) և Սուրբ Աննայի ուսումնարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար, ծովանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ներշնչվել է | Ալեքսանդր Բոգոլյուբով Լեոն Բոննա |
Անդամակցություն | Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերություն |
Alexander Karlovich Beggrov Վիքիպահեստում |
Ալեքսանդր Բեգրովը ծնվել է 1841 թվականի դեկտեմբերի 17-ին (դեկտեմբերի 29-ին) Սանկտ Պետերբուրգում՝ նկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս Կարլ Բեգրովի ընտանիքում։
1853-1863 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի Նիկոլաևյան ինժեներական և Ծովային ինժեներական-հրետանային ուսումնարաններում[2]։
Ուսումնարանն ավարտելուց հետո՝ 1863 թվականին, որպես ինժեներ-մեխանիկների կորպուսի պրապորշչիկ ծառայության է անցել Կայսերական Բալթիական նավատորմում [3]: Մասնակցել է «Ослябя» և «Ալեքսանդր Նևսկի» ֆրեգատների նավարկություններին։ Մինչ 1870 թվականը ծովակալությունում ունեցել է գծագրատուն-արվեստանոց։
Ալեքսանդր Բեգրովը, որն ականատես էր եղել «Ալեքսանդր Նևսկի» ֆրեգատի խորտակմանը, ծանոթանում է իր ապագա ուսուցիչ, ծովային ուժերի գլխավոր շտաբի նկարիչ Ալեքսեյ Բոգոլյուբովի հետ, ում հանձնարարված էր ստեղծել ֆրեգատի կործանումը պատկերող երկու կտավ։
Լինելով «Սվետլանա» պտուտակավոր ֆրեգատի սպա՝ Ալեքսանդր Բեգրովն ուղեկցել է Մեծ իշխան Ալեքսեյ Ալեքսանդրովիչին 1871-1872 թվականների շուրջերկրյա նավարկության ժամանակ[4]։
1870-1873 թվականներին որպես ազատ ունկնդիր սովորել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիայի բնանկարչության դասարանում՝ աշակերտելով պրոֆեսոր Միխայիլ Կլոդտին[5]։
1873 թվականին «Կանդեայի Կանեա քաղաքը» (ռուս.՝ «Вид города Канеа в Кандии»), «Կայսերական «Դերժավա» զբոսանավը» (ռուս.՝ «Императорская яхта „Держава“») և «Մեծ իշխան Կոնստանտին» շոգենավը (ռուս.՝ «Пароход „Великий князь Константин“») նկարների համար Ալեքսանդր Բեգրովը պարգևատրվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոքր արծաթե մեդալով[6]։
1874 թվականին Բեգրովը թողնում է ծառայությունը[7] և մեկնում Փարիզ, որտեղ շարունակում է կրթությունը ֆրանսիացի նկարիչ Լեոն Բոննայի ու Ալեքսեյ Բոգոլյուբովի մոտ, ով Ֆրանսիա էր տեղափոխվել 1873 թվականին։ Ֆրանսիայում Բեգրովը ծանոթանում է ռուս պերեդվիժնիկների խմբի հետ (այդ թվում՝ Իլյա Ռեպին, Կոնստանտին Սավիցկի և այլք)։
1875 թվականին մահանում է Ալեքսանդր Բեգրովի հայրը, և նա վերադառնում է Ռուսաստան։ 1879 թվականին «Սվետլանա» ֆրեգատով ճանապարհորդել է Եվրոպայի շուրջը՝ Կրոնշտադտից մինչև Հունաստան։ Ճանապարհորդությունից հետո շուրջ երկու տարի ապրել և աշխատել է Ֆրանսիայում։
1874 թվականից Ալեքսանդր Բեգրովը մասնակցել է Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության ցուցահանդեսներին, իսկ 1876 թվականին դարձել է ընկերության լիիրավ անդամ[3]։
Ալեքսանդր Բեգրովը 1878 թվականին նշանակվել է Ծովային նախարարության նկարիչ և այդ պաշտոնում աշխատել մինչև կյանքի վերջ։
Մասնակցել է Վիեննայում (1873) ու Փարիզում (1878, 1900) կայացած համաշխարհային ցուցահանդեսներին, «Вид Невы и Стрелки Васильевского острова с Фондовой биржей» նկարի համար մրցանակի է արժանացել 1878 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում[8]։
1885 թվականին Ալեքսանդր Բեգրովը դառնում է Ռուս ջրանկարիչների միության հիմնադիրներից մեկը։ 1899 թվականին նրան շնորհվում է Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր անդամի կոչում[9]։
1892 թվականին բնակություն է հաստատել Գատչինայում, որտեղ տուն է կառուցել ու այգի տնկել։ 1903 թվականին կնոջ մահից հետո բնակարան է վարձել Գատչինա քաղաքի Սբորնայա փողոցում, 1906 թվականից հետո քաղաքից դուրս չի եկել։ Կյանքի վերջին մեկուկես տարում հիվանդության պատճառով ստիպված է եղել հրաժարվել գեղանկարչությամբ զբաղվելուց։ 1912 թվականին Գեղարվեստի կայսերական ակադեմիային է նվիրաբերել 63900 ռուբլի՝ «աղքատ նկարիչներին, նրանց այրիներին ու որբերին» օգնելու համար[10]։
Տառապելով անբուժելի հիվանդությամբ՝ Ալեքսանդր Բեգրովը 1914 թվականի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերն ինքնասպանություն է գործել՝ կրակելով սրտին[11]։ Թաղվել է 1914 թվականի ապրիլի 17-ին Գատչինայի քաղաքային գերեզմանատանը՝ կնոջ՝ Լյուսիա Բեգրովայի կողքին[12]։
2001 թվականին Կենտրոնական ռազմածովային թանգարանում անցկացվել է նկարչի ծննդյան 160-ամյակին նվիրված ցուցահանդես[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.