Աբբասյան խալիֆայություն (արաբ․՝ اَلْخِلَافَةُ ٱلْعَبَّاسِيَّةُ, al-Khilāfah al-ʿAbbāsīyah), իսլամական երրորդ խալիֆայություն։ Այն հիմնադրվել է Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբաս իբն Աբդուլ-Մուտալիբի (566-653 թվականներ) ժառանգորդների կողմից, որտեղից էլ խալիֆայության անունը[1]։ 750 թվականին Աբբասյան հեղափոխության ժամանակ տապալելով Օմայյան խալիֆայությունը՝ Աբբասյան դինաստիայի ներկայացուցիչները ղեկավարել են իրենց մայրաքաղաք Բաղդադից (ներկայիս Իրաքի մայրաքաղաք)՝ իբրև խալիֆներ։
| ||||
Քարտեզ | ||||
| ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | ||||
Մակերես | 10000000 | |||
Բնակչություն | 50000000 | |||
Լեզու | Արաբերեն | |||
Կրոն | Քրիստոնեություն Իսլամ | |||
Արժույթ | Աբբասյան դինար | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն | |||
Դինաստիա | Աբբասյաններ | |||
Պետության գլուխ | Խալիֆա | |||
Պատմություն |
Աբբասյան խալիֆայությունը նախ իր նստավայրն է դարձրել Քուֆան, որը գտնվում է ներկայիս Իրաքում, սակայն 762 թվականին Ալ-Մանսուր խալիֆը հնագույն սասանյան մայրաքաղաք Տիզբոնի մոտակայքում հիմնադրել է Բաղդադ քաղաքը։ Աբբասյան ժամանակաշրջանն աչքի է ընկել նրանով, որ խալիֆները վստահել են պարսիկ բյուրոկարտներին (հիմնականում Բարմակիների ընտանիքին)՝ կառավարելու տարբեր տիրույթներ, ինչպես նաև աստիճանաբար ումմայի (համայնք) մեջ են ներգրավել ոչ արաբ մուսուլմանների։ Կառավարող էլիտան յուրացրել է պարսկական ավանդույթները և սկսել է հովանավորել արվեստագետների և գիտնականների[2]։ Բաղդադը դարձել է գիտության, մշակույթի, փիլիսոփայության և գյուտարարության կենտրոն։ Այս շրջանը հայտնի է դարձել Իսլամական ոսկեդար անունով։
Չնայած այս սկզբնական համագործակցությանը, Աբբասյանները 8-րդ դարի վերջին սկսել են հեռանալ թե՛ ոչ արաբ մուսուլմաններից[3] և թե՛ իրանցի բյուրոկրատներից[4]։ 756 թվականին նրանք կորցրել են իշխանությունը ալ-Անդալուսի (Իսպանիա) նկատմամբ՝ զիջելով այն Օմայյաններին, 788 թվականին Մարոկկոն անցել է Իդրիսիներին, 800 թվականին կորցրել են Իֆրիքիան և հարավային Իտալիան, որոնք անցել են Աղլաբիներին, 870-ական թվականներին Սամանիներն իրենց իշխանությունն են հաստատել Խորասանի և Տրանսոխանիայի նկատմամբ, իսկ Սաֆարիները՝ Պարսկաստանի, 969 թվականին Եգիպտոսը անցել է Ֆաթիմյանների շիա իսմայիլական խալիֆայությանը։
Խալիֆների քաղաքական իշխանությունը սահմանափակվել է իրանյան Բուիների և սելջուկ թյուրքերի վերելքին զուգընթաց, որոնք գրավել են Բաղդադը համապատասխանաբար 945 և 1055 թվականին։ Չնայած Աբբասյանների իշխանությունը սկսել է նվազել հսկայածավալ Իսլամական կայսրությունում՝ ձեռք բերելով արարողակարգային կրոնական գործառույթ խալֆայության մեծ մասում, այնուամենայնիվ, դինաստիան պահպանել է իր վերահսկողությունը Միջագետքի տիրույթների նկատմամբ։ 1258 թվականին Աբբասյանների մշակութային զարգացումը և տարածքային վերահսկողությունը հասել է իր ավարտին. երբ մոնղոլները Հուլաղու խանի գլխավորությամբ գրավել են Բաղդադը և սպանել Ալ-Մուսթասիմին։ 1261 թվականին Աբբասյանների իշխանական ժառանգորդները և ընդհանրապես մուսուլմանական մշակույթը կենտրոնացել են մամլուքների մայրաքաղաք Կահիրեում։ Չնայած դինաստիան որևէ քաղաքական իշխանություն չի ունեցել (բացառությամբ Կահիրեի Ալ-Մուսթաին խալիֆի), այն շարունակել է պահպանել իր կրոնական իշխանությունը մինչև 1517 թվականը, երբ Օսմանյան կայսրությունը գրավել է Եգիպտոսը[5]։
Օմայյանների տապալում
Օմայանների և Աբբասյանների պայքարը ավարտվեց 750 թվականին Միջագետքում, Մեծ Զաբ գետի ափին տեղի ունեցած վճռական ճակատամարտում, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Օմայան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։ Իշխանությունը անցավ Աբբասյաններին։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր և նրանք կառավարեցին ավելի քան 500 (749-1258 թվականներ) տարի։ Սակայն Աբու-լ Աբբասը խալիֆա էր հռչակվել դեռևս 749 թվականին, երբ ապստամբները մտան Իրաքի Քուֆա քաղաք։ Աբու -լ Աբբասը, խալիֆա դառնալով, իրեն կոչեց «աս-Սաֆահ», որը նշանակում էր «առատաձեռն», սակայն այն թարգմանվում է նաև որպես «արյունահեղ»` նկատի ունենալով այն բազում սպանությունները, որ նա կատարեց իր դիրքերը ամրապնդելու համար` առաջին հերթին բնաջնջելով Օմայյանների ավելի քան 80 երևելի անդամների։ Օմայաններից միայն մեկը՝ Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան փախավ Իսպանիա, որտեղ 756 թվականին հիմնադրեց Կորդովայի Օմայան խալիֆայությունը։ Օմայանների տոհմի բնաջնջումը սակայն անդորրություն չբերեց Աբբասյաններին։ Նրանց դեմ ընդվզեց Սիրիան։ Պատճառն այն էր, որ Սիրիան Օմայաններիի օրոք խալիֆայության քաղաքական կենտրոնն էր հանդիսանում, իսկ այժմ կենտրոնը տեղափոխվեց Իրաք և Սիրիան վերածվեց մի սովորական նահանգի։ Նրանք մի քանի ապստամբեցին, սակայն դրանք դաժանորեն ճնշվեցին ալ-Սաֆահի կողմից։
Լարվեցին հարաբերությունները նաև շիաների հետ։ Շիաները, ովքեր օգնել էին Աբբասյաններին Օմայանների դեմ պայքարում, հավատացած էին, որ նրանց տապալման դեպքում իշխանությունը կամցներ իրենց, բայց Աբբասյանները ամբողջ իշխանությունը կենտրոնացրեցին իրենց ձեռքում։ Այս հողի վրա 750 թվականին վտանգավոր հակաաբբասյան ելույթներ տեղի ունեցան Մավարաննահրում։ Այս ապստամբության ճնշման մեջ մեծ դեր խաղաց Աբու Մուսլիմը, ով մեծ դեր էր խաղացել Օմայանների տապալման գործում։ Այնուհետև ոտքի կանգնեցին նաև Քուֆայի շիաները, որոնց գլխավորում էր Քուֆայի կառավարիչ Աբու Սալամ ալ-Խալալը, ում Աբու ալ-Աբբասը համարում էր իր ամենավտանգավոր մրցակիցներից մեկը։ Դրա համար նա որոշեց իր ճանապարհից հեռացնել Աբու Սալամին և դրա համար նա կրկին դիմեց Աբու Մուսլիմին, որ համաձայնվեց օգնել նրանց։ Նրա հրամանով իր հավատարիմ մարդիկ սպանեցին Աբու Սալամին, սակայն լուրեր տարածեցին, որ նրան սպանել են խարիջիները։ Այդուհանդերձ, Աբու ալ-Աբբասին հաջողվեց դիմակայել Աբբասյանների դեմ ուղղված ելույթներին և զգալիորեն ամրապնդել նոր դինաստիայի դիրքերը։
Պետության բարգավաճում
Աբու ալ-Աբբասի մահից հետո գահն անցավ նրա եղբորը՝ Աբու Ջաֆֆարին (754-775)։ Նա հանդիսացավ այն խալիֆան, որի ժամանակ իրոք հաստատվեց և ամրապնդվեց Աբբասյան դինաստիայի իշխանությունը։ Նա իրեն կոչեց «Ալ-Մանսուր»` «Հաղթանակ»։ Գահին անցնելուց հետո, նրա դեմ դուրս եկավ խալիֆայի գահի հավակնորդ, իր հորեղբայր՝ Սիրիայի կառավարիչ Աբդալլահը, սակայն 754 թվականին Խորասանի կառավարիչ Աբու Մուսլիմի օգնությամբ նրանք պարտության մատնեցին Աբդալլահին։ Այս ժամանակ ալ-Մանսուրը սկսեց մտածել Աբու Մուսլիմից ձերբազատվելու մասին, քանի որ նրա ազդեցիկ անձնավորություն էր, նրան կասկածանքով էին վերաբերվում, քանի որ նրա մեջ վտանգավոր մրցակից էին տեսնում։ Դրա համար ալ-Մանսուրը Աբու Մուսլիմին հրավիրեց իր պալատ և հրամայեց ձերբակալել նրան և սպանել՝ 755 թվականին։ Նրա սպանությունից հետո Պարսկաստանի շիաները ապստամբություն բարձրացրեցին Նիշապուրում։ Նրանց դեմ խալիֆը 10000-անոց զորք ուղարկեց և խեղդեց ապստամբությունը, ինչպես այստեղ այնպես էլ Մավարաննահրում։
Անհանգիստ էր նաև Արաբիան։ Արաբիայի վերնախավը պատրաստ էր օգնության ձեռք մեկնել Աբբասյանների դեմ հանդես եկող ցանկացած ուժի, ինչպիսիք էին շիաները, որոնք կենտրոնացել էին Արաբիայում։ Նրանք 762 թվականին ապստամբություն բարձրացրեցին խալիֆայի դեմ Ալիի որդի Հասանի ծոռների՝ Մուհամմադի, ով կրում էր «Մաքուր հոգի» տիտղոսը, և Իբրահիմի գլխավորությամբ։ Նրանց միացան նաև Իրաքի ու Հիջազի շիաները, որոնք Մուհամմադին խալիֆ հռչակեցին։ Նրանց դեմ ճակատամարտում Աբբասյանները կրկին հաղթանակ տարան։ Ճակատամարտոմ Մուհամմադը սպանվեց։ Այնուհետև կարողացան պարտության մատնել նաև Իբրահիմին։ Այսպիսով ալ-Մանսուրին հաջողվեց իր սրի ներքո համախմբել Արաբական կայսրությունը, բացի Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի։ Նրա անվան հետ է նաև կապված Աաբբասյան խալիֆայության նոր մայրաքաղաքի՝ Բաղդադի կառուցումը 762 թվականին։
Աբու ալ-Աբբասը օրոք մայրաքաղաքը տեղափոխվել էր Քուֆա, բայց քանի որ այն Ալիի հետևորդների՝ շիաների կենտրոնն էր, Աբու ալ-Աբբասը Անբարում կառուցեց իր նստոցը, կոչելով այն ալ-Հաշիմիյա։ Իսկ ալ-Մանսուրը 762 թվականին Տիգրիս գետի արևմտյան ափին փոքրիկ Բաղդադ գյուղի վրա կառուցեց նոր մայրաքաղաք, որը կոչվեց «Մադինա ալ-Սալամ»` Խաղաղության քաղաք, սակայն ավելի գործածական էր Բաղդադ անվանումը։ Ալ-Մանսուրին հաջորդեց նրա որդին` ալ-Մահդին(775-785)։ Նա շարունակեց դինաստիայի, իշխանության, պետության ամրապնդումը։ Նրա օրոք շարունակվում էին շիաների հետ վեճերը կապված Աբբասյանների իշխանության օրինակության հետ։ Ուստի նոր ելույթներից խուսափելու և լարվածությունը մեղմացնելու համար ալ-Մահդին մի շարք քայլերի դիմեց։ Նա ներում շնորհեց 762-763 թվականներին Ալ-Մանսուրի դեմ բարձրացրած ապստամբության մասնակիցներին, ինչը ունեցավ դրական արձագանք։ Դրան հակառակ խիստ անհանգիստ էր խալիֆայության արևելյան շրջաններն անհանգիստ էին։ Այստեղ Մերվում 776 բռնկվեց ապստամբություն, որը գլխավորում էր Հաշիմ իբն Հաքիմը, ով իրեն համարում էր Աբու Մուսլիմի փոխանորդ։ Նրա ապստամբությունը տևեց մի քանի տարի, որը ճնշվեց 783 թվականին։ Ալ-Մահդին մահացավ 785 թվականին, նա ուներ 2 որդի՝ Մուսա ալ-Հադին և Հարուն առ-Ռաշիդը, ով Հայաստանի և Աղվանքի կառավարիչն էր։ Հոր մահից հետո գահին է նստում ալ-Հադին 785-786 թվականներին և եղբայրների մեջ պայքար է սկսվում գահի համար։ Նրանց պայքարին միջամտում է նրանց մայրը։ Նա 786 թվականին թունավորում է ալ-Հադիին և գահին է նստում Հարուն առ-Ռաշիդը (Հարուն իբն ալ-Մահդի Աբու Ջաֆար ալ-Ռաշիդ, 786-809)։
Խալիֆայությունը Հարուն ալ-Ռաշիդի օրոք
Նրա օրոք խալիֆայությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա շարունակեց Աբբասյան դինաստիայի դիրքերի պահպանման և ուժեղացման քաղաքականությունը։ Իրականում նա եղել է մի դաժան կառավարող, որի ժամանակ ավելացան հարկերը և խստացավ դրանց գանձումը կայսրության ժողովուրդներից։ Հարստությունը կենտրոնցված էր նրա և նրա մերձավոր խորհրդականների ձեռքում։ Շռայլությունները, անիմաստ նվիրատվությունները սովորական երևույթ էին դարձել։
Դրա հետ մեկտեղ նա աչքաթող չէր անում իշխանությունն ամրապնդելու և պաշտպանելու հարցերը։ Նա առաջին խալիֆան էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն՝ տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Դրա դիմաց նրանք ամեն կերպ աջակցում էին Հարուն ալ-Ռաշիդին ամրապնդելու իր իշխանությունը։ Վերջինս շատ զգույշ քաղաքականություն էր վայելում շիաների նկատմամբ, որպեսզի չգրգռի նրանց։ Բայց այնուամենայնիվ նա չկարողացավ կանխել ժողովրդական հուզումները, որոնք հիմնական պատճառը հարկեր աճն ու դրանց գանձման դաժան մեթոդներն էին։ Եվ այդ դժգոհությունների հողի վրա 798 թվականին ապստամբեցին Սիստանի գյուղացիությունը։ Նրանց ճնշելու համար ուղարկված զորքերը պարտություն կրեցին և խալիֆան դադարեցրեց հարկերի գանձումը Սիստանի մուսուլման բնակչությունից։ Նրան ավելի շատ անհանգստացնում էր 806 թվականին Խորասանի ապստամբությունը։ Ապստամբների թիվը հասնում էր 100 000-ի։ Հարուն առ-Ռաշիդը նրանց դեմ ուղարկում է 20 000-անոց բանակ, որը պարտություն է կրում և ապստամբնրը գրավում էն Սամարղանդը, որը մեծ հաջողություն էր նրանց համար։ Սա մեծ կորուստ էր խալիֆայության համար, ուստի Հարուն առ-Ռաշիդը ինքն է անցնում մեծ բանակի գլուխ և շարժվում է ապստամբների դեմ, սակայն ճանապարհին նա հիվանդացավ Թուսում և այստեղ էլ մահացավ 809 թ.։
Թուլացում և մասնատում
Հարուն առ-Ռաշիդը ուներ 2 որդի՝ Մամունն ու Ամինը։ Նա իր ժառանգորդ է նշանակում փոքրին՝ Ամինին։ Սակայն 799 թվականին նա փոփոխություն է մտցնում իր որոշման մեջ և Մամունին նշանակում 2-րդ ժառանգորդ։ Այս տարօրինակ որոշմանը հաջորդում է ևս մեկը՝ նա Ամինին նաև նշանակում է Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Հյ. Աֆրիկայի կառավարող, իսկ Մամունին նշանակում է Խորասանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը՝ Բաղդադը և Մերվը։ Այս անհեռատես քայլով Հարունը անկախ իր կամքից հիմքեր նախապատրաստեց խալիֆայության բաժանման համար։ Այսպիսով նրա մահից հետո Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Թվում էր ամեն ինչ հարթ է, բայց ոչ։ Եղբայրների միջև հակամարտություն սկսվեց, քանի որ Ամինը 810 թվականին գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար՝ այդպիսով խախտելով իր հոր սահմանած 2 կարևոր նախապայման։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Այս իրավիճակում Ամինը պատերազմ սկսեց եղբոր դեմ 811 թվականին, սակայն պարտություն կրեց։ Մամունի զորքերը տանում էին հաղթանակ հաղթանակի հետևից և 812 թվականին մոտեցան և շրջապատեցին Բաղդադը։ Չկարողանալով ոչինչ անել՝ Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունին։ Սակայն Մամունը այդ լուրը բերող բանբերին սպիտակ շապիկ տվեց, որը գլխի վրա եկուստ չուներ։ Դա նշանակում էր մահ՝ նրան պետք էր Ամինի գլուխը։ 813 թվականին Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին, որը կառավարեց մինչև 833 թվականին։
Խալիֆայության թուլացման ու քայքայման հիմքերը դրեցին Ամինն ու Մամունը, որից հետո եղբայրասպան հակամարտություններն ու բախումները սովորական երևույթ դարձան։ Դա հանգեցրեց կենտրոնական իշխանության և խալիֆայի դիրքերի թուլացմանը, ինչի հետևանքով թուլացավ հսկողությունը ծայրամասերի վրա, որը գործունեության լայն ասպարեզ բացեց կենտրոնախույս ուժերի համար։ Այս բանգավառում իր ներդրումն ունեցավ արաբական և պարսկական վերնախավերի հակամարտությունը, որը ծագել էր դեռևս դինաստիայի կառավարման առաջին տարիներին։ Սկզբնական շրջանում խալիֆաները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Այդ պայքարը ջլատեց խալիֆայության ուժերը և իր դերակատարումն ունեցավ նրա տկարացման մեջ։ Խալիֆայության տրոհումը նախապատրաստող գործոն եղավ կրոնա-դավանական հակամարտությունը առաջին հերթին իսլամի մեջ, որը այդպես էլ միասնական կրոն չդարձավ և սունիների և շիաների միջև պայքարը վերածվեց բախումների և արյունալի պատերազմների։ Տրոհման գործոն էր նաև խալիֆայության ռազմական ուժերը։ Տարիների ընթացքում բանակը սկսեց կոտորակվել։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դրությունը սրվեց սկսած Հարուն առ-Ռաշիդից, երբ նա թուրքերից կազմավորեց իրենց պահապան բանակը, որը դարձավ կարևոր ռազմական ուժ։ Թուրքական գվարդիան այնքան ուժեղացավ, որ 847 թվականին խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆա «դարձրեցին» նրա եղբորը՝ Մութավաքիլին, սակայն նա սպանվեց 861 թվականին իր թուրք հրամանատարների ձեռքով իր ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ, ով դարձավ խալիֆ և կառավարեց կես տարի 861-862 թվականներին, հետո թունավորվեց։ Թուրքական գվարդիան բացեիբաց արհամարհում էր խալիֆներին։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ երկրի ներսում քաղաքական, սոցիալական, տնտեսական նախադրյալներ ստեղծվեցին Բաղդադից տեղական կառավարողների կախվածության թուլացման և խալիֆայության տրոհման, ինչի արդյունքում ստեղծվեցին մեծ ու փոքր, անկախ ու կիսանկախ պետություններ, որոնք այլևս հաշվի չէին նստում Բաղդադի հետ (էմիրություններ)։ Այս ընթացքում խալիֆայությունը ընկավ Բուիների, այնուհետև սելջուկների տիրապետության տակ, որոնց փոխարինելու եկան մոնղոլները։
Խալիֆայության կործանում
Մոնղոլները քաղաքական ասպարեզ իջան դեռևս 11-րդ դարի վերջին։ 13-րդ դարում մոնղոլական ցեղերը միավորվեցին մեկ միության մեջ, որը գլխավորեց Թեմուչինը։ 1206 թվականին նա ընտրվում է թագավոր և կոչվում Չինգիզ խան։ Նա կարողանում է մոնղոլական միությունը վերածել մի հզոր ռազմական պետության, որը դառնում է ամբողջ աշխարհի ահ ու սարսափը։ Իր կառավարման տարիներին (1206-1227) նա գրավում է Հյուսիսային Չինաստանը, Խորեզմշահերի տարածքները, Միջին Ասիան և այլն։ Նրան հաջորդած Մեծ խաները՝ Ուգեդեյը, Գույքը և մյուսները գրավում են նորանոր տարածքներ՝ աստիճանաբար մոտենալով Բաղդադին։
1251 թվականին գահն անցնում է Չինգիզ խանի թոռանը՝ Մունգքեին, ով նպատակ էր դրել գրավել Բաղդադը և վերացնել խալիֆայությունը։ Այդ գործը նա հանձնարարում է իր եղբորը՝ Հուլաղու խանին, ով 1253 թվականին Մոնղոլիայից շարժվեց դեպի Բաղդադ։ Հուլաղուն 1256 թվականին գրավում է ասսասիների գլխավոր կենտրոնները և վերացնում է նրանց։ Լուծելով այս հարցը նա 1257 թվականին վերջնագիր ուղարկեց խալիֆա Մուսթասիմին՝ պահանջելով անձնատուր լինել։ Վերջինիս պատասխանը խուսափողական էր, որը սակայն ընկալվեց որպես մերժում և 1258 թվականին Հուլաղուի զորքերն արդեն Բաղդադի դարպասների մոտ էին։ Գիտակցելով կախված վտանգը նրանք բանակցություններ առաջարկեցին, բայց արդեն ուշ էր։ 1258 թվականին փետրվարի 10-ին մոնղոլները ներխուժեցին Բաղդադ։ Քաղաքն ավերվեց և հրկիզվեց։ 5 օր շարունակ քաղաքը ավերվեց և թալանվեց։ Խալիֆա Մուսթասիմը մահապաժի ենթարկվեց։ Նրա հետ սպանվեցին Աբբասյան ընտանիքի բոլոր արու անդամները, պաշտոնյաները։ Եվ այսպես 558 տարի գոյատևած Աբբասյան խալիֆայությունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա կործանումը դարձավ պատմական իրողություն։
Աբբասյան խալիֆաների ցանկը (749-1258)
- Աբու-լ Աբբաս ալ-Սաֆֆահ (749-754)
- Աբու Ջաֆար ալ-Մանսուր (754-775)
- Աբու Աբդալլահ ալ-Մահդի (775-785)
- Աբու Մուհամմադ ալ-Հադի (785-786)
- Հարուն իբն ալ-Մահդի (786-809)
- Աբու Մուսա ալ-Ամին (809-813)
- Աբու Ջաֆար ալ-Մամուն (813-817, 819-833)
- Իբրահիմն իբն ալ-Մահդի (817-819)
- Աբու Իսհակ ալ-Մութասիմ (833-842)
- Աբու Ջաֆար ալ-Վասիկ (842-847)
- Աբու-լ Ֆադլ ալ-Մութավաքիլ (847-861)
- Աբու Ջաֆար ալ-Մունթասիր (681-862)
- Աբու-լ Աբբաս ալ-Մուսթաին (862-866)
- Աբու Աբդալլահ ալ-Մութազ (866-869)
- Աբու Իսհակ ալ-Մուհթադի (869-870)
- Աբու-լ Աբբաս ալ-Մութամիդ (870-892)
- Աբու-լ Աբբաս ալ-Մութադիդ (892-902)
- Աբու Մուհամմադ ալ-Մուկթաֆի (902-908)
- Աբու-լ Ֆադլ ալ-Մուկթադիր (908-929)
- Աբու Մանսուր ալ-Կահիր (929-934)
- Աբու-լ Աբբաս ալ-Ռադի (934-940)
- Աբու Իսհակ ալ-Մութթակի (940-944)
- Աբու-լ Կասիմ ալ-Մուսթակֆի (944-946)
- Աբու-լ Կասիմ ալ-Մուտի (946-974)
- Աբուլ- Ֆադլ ալ-Տաի (974-991)
- Աբու-լ Աբբաս ալ-Կադիր (991-1031)
- Աբու Ջաֆար ալ-Կաիմ (1031-1075)
- Աբու-լ Կասիմ ալ-Մուկթադի (1075-1094)
- Աբու-լ Աբբաս ալ-Մուսթազհիր (1094-1118)
- Աբու Մանսուր ալ-Մուսթառշիդ (1118-1135)
- Աբու Ջաֆար ալ-Ռաշիդ (1135-1136)
- Աբու Աբդալլահ ալ-Մուքթաֆի (1136-1160)
- Աբու-լ Մուզաֆար ալ-Մուսթանջիդ (1160-1170)
- Աբու Մուհամմադ ալ-Մուսթադի (1170-1180)
- Աբու-լ Աբբաս ալ-Նասիր (1180-1225)
- Աբու Նասր ալ-Զահիր (1225-1226)
- Աբու Ջաֆար ալ-Մուսթանսիր (1226-1242)
- Աբու Ահմադ ալ-Մուսթասիմ (1242-1258)
Ծանոթագրություններ
Աղբյուրներ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.