Wannabe
From Wikipedia, the free encyclopedia
«Wannabe», բրիտանական Spice Girls խմբի երգը։ Թողարկվել է 1996 թվականին որպես խմբի նորամուտային սինգլ։ Ներառվել է Spice Girls խմբի Spice (1996) առաջին ալբոմում։
«Wannabe» | ||||
---|---|---|---|---|
Spice Girls-ի սինգլը | ||||
«Spice» ալբոմից | ||||
Թողարկված | 8 հուլիսի, 1996 (Եվրոպա և Օվկիանիա) 7 հունվարի, 1997 (ԱՄՆ)[1] | |||
Ֆորմատ |
| |||
Ձայնագրված | 1995 | |||
Ժանր |
| |||
Տևողություն | 2:52 | |||
Լեյբլ | Virgin | |||
Պրոդյուսեր |
| |||
Spice Girls-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Երգը գրել են խմբի մասնակիցները Մեթ Ռոուվի և Ռիչարդ Ստենարդի հետ համահեղինակությամբ երգեր գրելու ամենաառաջին սեսիայում, որը անցրկացրել է խումբը[2]։ Այդ նպատակով նյութ է նախապատրաստվել առաջին ալբոմի համար, որում էլ ընդգրկվել է այդ երգը։
Երգը գրվել է շատ արագ (երեսուն րոպեում) և ձայնագրվել նույնպես շատ արագ (մեկ ժամից էլ քիչ ժամանակում)[3]։ Virgin Records ձայնագրման ընկերության (որի հետ խումբը պայմանագիր է կնքել նույն 1995 թվականի հուլիսին[4]) ղեկավարությանը արդյունքը թվացել է թույլ[5], և երգն ուղարկվել է վերամիքսավորման Դեյվ Վեյի կողմից։ Այդ անգամ արդյունքը չի հավանել հենց խումբը[6], և երգը ևս մեկ անգամ վերամիքավորել է Մայք Ստենտը (Spike Stent)[5]։
«Wannabe» արագ և ռիթմիկ երգ է, որը կարելի է վերագրել դանս փոփ և փոփ ռեփ ժանրերին։ Դրանում միախառնված են հիփ-հոփն ու ռեփը։ Տեքստում խոսվում է այն մասին, որ կանանց ընկերությունն ավելի մեծ արժեք ունի, քան տղաների հետ հարաբերությունները։ Այս տեքստը դարձել է կանանց իրավունքների ընդլայնման խորհրդանիշ, իսկ երգը՝ Girl Power փիլիսոփայության խորհրդանական երգը, որին հետևում էր խումբը[7]։
Չնայած երաժշտական քննադատների արձագանքները եղել են ոչ միանշանակ, 1997 թվականին այն արժանացել է բրիտանական BRIT Award («Լավագույն սինգլ» անվանակարգում[8]) և Ivor Novello Award («Լավագույն միջազգային հիթ» և «Բրիտանացի հեղինակների լավագույն սինգլ» անվանակարգերում) հեղինակավոր մրցանակների[9])։
Խումբը լայնածավալ աշխատանք է կատարել «Wannabe» երգի գովազդան համար։ Նրա վրա Յուհան Կամիցի նկարահանած տեսահոլովակը մեծ հաջողություն է ունեցել բրիտանական The Box մալուխային ցանցում, ինչը առաջացրել է մամուլի հետաքրքրությունը խմբի նկատմամբ։ Այնուհետև երգն սկսել է շատ ինտենսիվ կերպով հաղորդվել ռադիոյով ամբողջ Մեծ Բրիտանիայում, և խումբն այն ներկայացրել է տարբեր հեռուստատեսային ծրագրերում, սկսել է հարցազրույցներ տալ և մասնակցել լուսանկարչական նկարահանումների դեռահասների ամսագրերի համար։
Այս երգով սինգլը, որը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 1996 թվականի հուլիսին (դարձել է խմբի դեբյուտային սինգլը), գլխավորել է բրիտանական սինգլների հիթ-շքերթ յոթ շաբաթ։ Ֆոնոգրամաների արտադրողների բրիտանական միության (BPI) կողմից այն արժանացել է կրկնակի պլատինե հավաստագրերի։ 1997 թվականի հունվարին սինգլը թողարկվել է նաև ԱՄՆ-ում, որտեղ երգը նույնպես հասել է առաջին հորիզոնականին (Billboard Hot 100 հիթ-շքերթում) և զբաղեցրել այն չորս շաբաթ։ «Wannabe»-ն այդպես էլ մնացել է ԱՄՆ-ի թիվ մեկ հիթը խմբի կարիերայում։ Մինչև 1996 թվականի վերջ երգը հասցրել է գլխավորել 22 երկրների հիթ-շքերթներ[10], իսկ մինչև 1997 թվականի մարտ՝ արդեն 37[11][12]։ Այս սինգլը դարձել է կանանց խմբի ամենավաճառվող սինգլը աշխարհում[13]։ Մեծ Բրիտանիայում վաճառվել է 1 360 000 օրինակ (2015 թվականի տվյալներով)[14], ԱՄՆ-ում՝ 2 910 000 (2014 թվականի տվյալներով)[15]։ Արդեն 1997 թվականի վերջին ամբողջ աշխարհում վաճառվել է 7 միլիոն օրինակ[16][17]։
2014 թվականին «Wannabe» երգը, ըստ հետազոտության արդյունքների, Hooked On Music (Name That Tune-ի անալոգ) օնլայն խաղում ճանաչվել է վերջին 60 տարիների ամենահեշտ ճանաչվող երգը։ Հետազոտությանը մասնակցել է 12 000 մարդ, և միջինը նրանցից պահանջվել է ընդամենը 2,3 վայրկյան, որպեսզի հասկանան, որ դա «Wannabe» երգն է[18]։