From Wikipedia, the free encyclopedia
Օլյա (Օլգա) Իվանիցկի (սերբ.՝ Оља (Олга) В. Ивањицки / Olja (Olga) V. Ivanjicki, 10 մայիսի, 1931, Բելգրադ, Հարավսլավիայի Թագավորություն - 24 հունիսի, 2009, Բելգրադ, Սերբիա), ռուսական ծագմամբ սերբ նկարչուհի, քանդակագործ, ճարտարապետ, հագուստի դիզայներ, գրող և բանաստեղծուհի։ Առավել հայտնի է ավանգարդ ոճի իր նկարներով։ Օլյա Իվանիցկին առնվազն 99 անհատական ցուցահանդեսներ է կազմակերպել ինչպես իր հայրենիքում, այնպես էլ արտասահմանում։
Օլյա Իվանիցկի սերբ.՝ Оља Ивањицки | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ О́льга Васи́льевна Ивани́цкая |
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1931[1] |
Ծննդավայր | Պանչևո, Հարավսլավիայի Թագավորություն |
Վախճանվել է | հունիսի 24, 2009[2][3][1] (77 տարեկան) |
Մահվան վայր | Բելգրադ, Սերբիա |
Քաղաքացիություն | Սերբիա, Հարավսլավիայի Թագավորություն և ՀՍՖՀ |
Կրթություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա (Բելգրադ) |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, նկարչուհի, ճարտարապետ, գրող, քանդակագործ, performance artist և ինստալյացիոն արտիստ |
Ոճ | փոփ արտ |
Թեմաներ | պոեզիա և գեղանկարչություն[4] |
Պարգևներ |
Օլյա Իվանիցկին ծնվել է 1931 թվականի մայիսի 10-ին Հարավսլավիայի Թագավորության Պանչևո քաղաքում՝ Ռուսաստանից գաղթած Վասիլի Վասիլևիչ Իվանիցկու և Վերոնիկա Միխայլովնա Պիոտրովսկայայի ընտանիքում, ովքեր ստիպված էին եղել հեռանալ Ռուսաստանից այնտեղ սկսված Հոկտեմբերյան հեղափոխության պատճառով[5]։ Օլյա Իվանիցկին մանկությունն անցկացրել է Կրագուևաց քաղաքում, ապա տեղափոխվել է Բելգրադ։ Ավարտել է Բելգրադի գեղեցիկ արվեստների ակադեմիան, որտեղ կրթություն է ստացել հայտնի քանդակագործ Սրետեն Ստոյանովիչի ղեկավարությամբ։
Օլյա Իվանիցկին ստացել է քանդակագործական կրթություն, սակայն ավելի շատ ստեղծագործել է գեղանկարչության բնագավառում։ 1950-ական թվականներին նա ստեղծել է իր առաջին մի քանի նկարները։ Ճանաչման է արժանացել 1959 թվականին, երբ միացել է նորաստեղծ «Մեդիալա» միությանը։ Վերջինս նկարիչների, գրողների ու ճարտարապետների խումբ էր, ովքեր նշանակալի ավանդ են ունեցել Հարավսլավիայի այդ ժամանակաշրջանի արվեստի զարգացման գործում (Օլյա Իվանիցկին եղել է միակ կին նկարիչը այդ միությունում)։ 1962 թվականին ավարտելով ասպիրանտուրան՝ ստացել է Ֆորդի հիմնադրամի կրթաթոշակ և մեկնել ԱՄՆ՝ շարունակելու կրթությունը։ Այնտեղ նա ծանոթացել է այդ ժամանակ նոր տարածում գտած փոփ արտ ուղղությանը։ Վերադառնալով Սերբիա՝ Ամերիկայում ստացած գիտելիքները կիրառել է սերբական ավանդական արվեստի բնագավառում։
Իր երկարամյա ստեղծագործական կյանքի ընթացքում Օլյա Իվանիցկին կազմակերպել է շուրջ հարյուր անհատական ցուցահանդեսներ, նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են տարբեր ցուցահանդեսներում ու անձնական հավաքածուներում։ Օլյա Իվանիցկին ստեղծել է նաև հուշարձանների, կամուրջների ու նույնիսկ մեքենաների նախագծեր։ Հետաքրքրվել է սերբական ավանդական հագուստի ստեղծման աշխատանքներով, հաճախ համագործակցել է Բելգրադի թատրոնների հետ, ավանդական հագուստ է կարել պատմական թեմատիկայով թատերական ներկայացումների համար։ Հրատարակել է իր բանաստեղծությունների մի քանի գրքեր, ինչպես նաև տպագրել է իր նամակագրությունը հարավսլավացի հայտնի արվեստագետների հետ։ Զբաղվել է ադմինիստրատիվ գործունեությամբ, աջակցել է երիտասարդ նկարիչներին, եղել է Բելգրադի նկարիչների միության անդամ, 2007 թվականին հիմնադրել է իր անունը կրող հիմնադրամ։ Հասարակության շրջանում անցկացված հարցման համաձայն՝ Օլյա Իվանիցկին ճանաչվել Հարավսլավիայի 20-րդ դարի լավագույն նկարչուհին, ընդգրկվել է 200 համաշխարհային մտավորականների ցանկում, որ կազմել է Քեմբրիջի համալսարանի Կենսագրական կենտրոնը[6][7]։
Օլյա Իվանիցկին մահացել է սրտի վիրահատությունից հետո՝ 2009 թվականի հունիսի 24-ին Բելգրադում[8]։ Թաղված է Բելգրադի Նոր գերեզմանատանը[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.