From Wikipedia, the free encyclopedia
1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամբ[4] և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա)։ Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը[5]։
Տիպ 1 շաքարային դիաբետ Diabetes mellitus type 1 | |
---|---|
Շաքարային դիաբետի նշան[1] | |
Տեսակ | ախտանիշ կամ նշան և հիվանդություն |
Հիվանդության ախտանշաններ | շատամիզություն[2], պոլիֆագիա[3] և պոլիդիպսիա |
Վնասում է | H. sapiens? |
Բուժաքննություն | Արյան ընդհանուր հետազոտություն, արյան բիոքիմիական հետազոտություն, urinalysis?, Գլյուկոզի տոլերանտության թեստ, glycated hemoglobin?, blood glucose monitoring?, Գլյուկոզայի ստուգման թեստեր և noninvasive glucose monitor? |
Բժշկական մասնագիտություն | դիաբետոլոգիա |
ՀՄԴ-9 | 250.01 |
ՀՄԴ-10 | E10 |
Diabetes mellitus type 1 Վիքիպահեստում |
1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են[6]։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը։
Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ։ Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ[6]։ Սուր բարդացումներից են՝ կետոացիդոզը (արյան մեջ ացետոնային և կետոնային մարմինների շատացում), գերօսմոլյար կոման (հիպերգլիկեմիկ կոմա, ոչ կետոնեմիկ կոմա)։ Գերշաքարարյունության երկարատև բարդացումները ներառում են սիրտ-անոթային հիվանդություններ, ինֆարկտ, երիկամների անբավարարություն, խոցեր՝ վերջույթների վրա, աչքերի վնասում (դիաբետային ռետինապաթիա)[6]։ Բացի այդ, որոշ բարդացումներ կարող են զարգանալ ինսուլինաթերապիայի պատճառով զարգացող թերշաքարարյունության հետևանքով։
1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը[7][8]։ Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է[9], սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ[9]։ ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տառապում է 1֊ից 3 միլիոն մարդ[9][10]։ Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է. ամենից քիչ այն հանդիպում է Ճապոնիայում և Չինաստանում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 1 նոր հիվանդ/տարի), իսկ ամենաշատն այն հանդիպում է Սկանդինավիայում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 35 նոր հիվանդ/տարի)[11]։ ԱՄՆ-ում և հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում հիվանդության առաջացման հավանականությունը յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով որոշ դեպքերում տատանվում է 8-17 նոր դեպք/տարի սահմանում[11]։
1-ին տիպի շաքարային դիաբետի հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը, շատախմությունը, բերանի խոռոչում առաջացող չորությունը, ախորժակի բարձրացումը, բարձր հոգնելիությունը, քաշի նվազումը[5]։
1-ին տիպի շաքարային դիաբետը շատ հաճախ ախտորոշվում է դիաբետային կետոացիդոզի առաջացման ժամանակ։ Վերջինիս դեպքում նկատվում է մաշկի չորություն, շնչառության հաճախության մեծացում, քնկոտություն, որովայնային ցավեր և փսխում[12]։
Հիվանդների մոտ 12 %-ի մոտ արձանագրվում է ընկճախտ (դեպրեսիա)[13]։
Հիվանդության առաջացման հստակ պատճառներն անհայտ են[6]։ Այս առումով կան տարբեր տեսություններ, որոնք հիվանդության առաջացումը կապում են գեների, հակածինների և այլ պատճառների հետ[14]։
1-ին տեսակի շաքարային դիաբետի առաջացումը կարող է կապված լինել տարբեր գեների հետ։ Ավելի քան 50 գեներ առնչվում են այս հիվանդության առաջացման հետ[15]։ Այս գեները կարող են լինել թե դոմինանտ, թե ռեցեսիվ։ Ամենահայտնի գեներից է IDDM1-ը, որը տեղակայված է 6-րդ քրոմոսոմի ՀԳՀ 2-րդ դասի շրջանում (6p21)։ Այս գենի որոշ տեսակներ կարող են մեծացնել 1-ին տիպի շաքարային դիաբետին բնորոշ նվազած հիստոհամատեղելիության ռիսկը։ Այս տարատեսակներն են՝ DRB1 0401-ը, DRB1 0402-ը, DRB1 0405-ը, DQA 0301-ը, DQB1 0302-ը և DQB1 0201-ը, որոնք ավելի հաճախ հանդիպում են եվրոպական ծագմամբ հյուսիսային ամերիկացիների և եվրոպացիների մոտ[16]։ Գեների որոշ տեսակներ ունեն պաշտպանական նշանակություն[16]։
Եթե հայրը հիվանդ է 1-ին տիպի շաքարային դիաբետով, ապա նրանից ծնված երեխաների մոտ այս հիվանդության առաջացման հավանականությունը մոտ 10 % է։ Մոր հիվանդ լինելու դեպքում այն մոտ 4 % է՝ եթե մայրը մինչև 25 տարեկան է, իսկ եթե մայրը մեծ է 25 տարեկանից, ապա երեխաների հիվանդացման հավանականությունը մոտ 1 % է[17]։
Արտաքին միջավայրի գործոնները նույնպես կարող են ազդել այս հիվանդության առաջացման վրա։ Եթե միաձվային երկվորյակներից մեկը հիվանդ է 1-ին տիպի դիաբետով, ապա մյուսի մոտ հիվանդության առաջացման հավանականությունը 30%–50% է։ Այսպիսով, միաձվային երկվորյակների դեպքում եթե նրանցից մեկը հիվանդ է, 50%-70% դեպքերում մյուսը հիվանդ չի լինի, չնայած նրան ունեն նույն գեները։ Սա խոսում է այն մասին, որ 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացումը կարող է կախված լինել նաև արտաքին գործոններից[18]։ Արտաքին միջավայրի գործոնների ազդեցության մասին է վկայում նաև այն, որ Եվրոպայի տարբեր տարածքներում ապրող կովկասցիների մոտ հիվանդության առաջացման հավանականությունը մեծանում է մոտ 10 անգամ, ինչպես նաև այն, որ հիվանդությունը կարող է զարգանալ կոնկրետ որևէ երկրում[14]։
Կա տեսություն, ըստ որի 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառը վիրուսներով հարուցված աուտոիմունային պատասխանն է, որի դեպքում իմունային համակարգը վնասազերծում է վիրուսներով ախտահարված բջիջները՝ ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների հետ միասին[19]։ Coxsackie վիրուսների ընտանիքը և կարմրախտի վիրուսը ներգրավված են այս հիվանդության առաջացման պատճառների խմբում։ Սակայն սա չի նշանակում, որ այս վիրուսներով ախտահարման դեպքում անպայման առաջանալու է 1-ին տիպի դիաբետ[20]։
Որոշ դեղանյութեր և քիմիական այլ նյութեր քայքայում են ենթաստամոքսային գեղձի բջիջները։ Պիրինուրոն (Pyrinuron, Vacor) ռոդենտիցիդը, որն առաջին անգամ ներկայացվեց ԱՄՆ-ում 1976 թվականին, ընտրողականորեն քայքայում է ենթաստամոքսային գեղձի բետա բջիջները։ Այս դեղամիջոցը նույնիսկ հիմա օգտագործվում է որոշ երկրներում։ Ստրեպտոզոտոցինը (Streptozotocin, Zanosar) հակաբիոտիկ է և հականեոպլաստիկ գործոն, որն օգտագործվում է ենթաստամոքսային գեղձի չարորակ ուռուցքների քիմիոթերապիայի ժամանակ և ընտրողաբար քայքայում է բետա բջիջներն ու հարուցում ինսուլինի քանակի նվազում։
Ենթաստամոքսային գեղձի տարբեր ախտահարումներ (բորբոքում՝ Պանկրեատիտ, ուռուցքներ և այլն) նույնպես կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ։
1-ին տիպի դիաբետը պայմանավորված է ենթաստամոսքային գեղձի բետա բջիջների քայքայմամբ, որոնք արտադրում են ինսուլին։
Անհատական ռիսկի գործոններն օրգանիզմում կարող են առաջացնել տարբեր բնույթի ախտաբանական երևույթներ, որոնք էլ, իրենց հերթին առաջ են բերում ինսուլին արտադրող բջիջների քայքայում։ Այս տեսանկյունից աուտոիմունային պատասխանը համարվում է ամենատարածված ռիսկային գործոնը, որն ընթանում է աուտոռեակտիվ CD4+ T օգնական բջիջների և CD8+ T բջիջների շատացմամբ, հակամարմիններ արտադրող B բջիջների և բնածին իմունային համակարգի ակտիվացմամբ[16][21]։
Ինսուլինոթերապիայի ընթացքում հիվանդի օրգանիզմի կողմից արտադրվող ինսուլինի քանակը կարող է ժամանակավորապես բարելավվել[22]։ Ենթադրվում է, որ սա կապված է իմունիտետի փոփոխման հետ և կոչվում է «մեղրամսի փուլ»[22]։
////== Ախտորոշում==\\\ Շաքարային դիաբետը բնորոշվում է կայուն կամ փոփոխական գերշաքարարյունությամբ և ախտորոշվում է հետևյալ նշաններից ցանկացածով.[23]
1-ին տիպի դիաբետով հիվանդների 1/4-ի մոտ զարգանում է կետոացիդոզ (նյութափոխանակային ացիդոզի տեսակ, որը բնորոշվում է ճարպաթթուների տրոհման և ամինաթթուների ապաամինացման արդյունքում առաջացող և արյան մեջ կուտակվող կետոնային մարմինների բարձր պարունակությամբ)։ Դիաբետի մյուս տեսակների ախտորոշումը կատարվում է այլ ձևերով։ Այն ներառում է՝ առողջության պարբերական ստուգում (սկրինինգ), տարբեր բուժական հետազոտությունների ընթացքում գերշաքարարյունության հայտնաբերում, երկրորդային ախտանշանների (տեսողության խանգարում, հոգնածություն և այլն) հայտնաբերում։ Դիաբետը շատ հաճախ ախտորոշվում է, երբ հիվանդի մոտ նկատվում են այնպիսի պրոբլեմներ, որոնք կարող են առաջանալ դիաբետի հետևանքով (սրտամկանի ինֆարկտ, կաթված, բազմանյարդաբորբ (նեյրոպաթիա), աչքերի խնդիրներ, սնկային ինֆեկցիաներ և այլն)։
Վիճակ | Գլյուկոզ, 2 ժամ | Նախադիաբետ (գլյուկոզի վատ մակադրակ) | HbA1c | HbA1c |
---|---|---|---|---|
Միավոր | մմոլ/լ(մգ/դլ) | մմոլ/լ(մգ/դլ) | մմոլ/մոլ | DCCT % |
Նորմա | <7.8 (<140) | <6.1 (<110) | <42 | <6.0 |
Քաղցած ժամանակ արյան գլյուկոզի քանակ | <7.8 (<140) | ≥6.1(≥110) & <7.0(<126) | 42-46 | 6.0–6.4 |
Գլյուկոզի տոլերանտության թեստ | ≥7.8 (≥140) | <7.0 (<126) | 42-46 | 6.0–6.4 |
Շաքարային դիաբետ | ≥11.1 (≥200) | ≥7.0 (≥126) | ≥48 | ≥6.5 |
Հստակ գերշաքարարյունության բացակայության դեպքում ուսումնասիրման վերընշված մեթոդները պետք է կրկնվեն։ Շատ բժիշկներ գերադասում են կատարել քաղցած ժամանակ գլյուկոզի որոշման թեստը՝ եղանակի հեշտության և ժամանակի կարճատևության պատճառով, քանի որ գլյուկոզի տոլերանտության թեստը պահանջում է ավելի երկար ժամանակ[25]։ Ժամանակակից սահմանման համաձայն, քաղցած ժամանակ գլյուկոզի քանակի կրկնակի հետազոտության դեպքում եթե վերջինիս քանակը գերազանցում է 126 մգ/դլ-ն (7.0 մմոլ/լ), ախտորոշվում է շաքարային դիաբետ։
1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ վնասվում են ենթաստամոքսային գեղձի Լանգերհանսի կղզյակների բետա բջիջները, որոնք պատասխանատու են ինսուլինի արտադրման համար։ Սա այն հիմնական նշանն է, որով տարբերակում են 1-ին և 2-րդ տիպի դիաբետներն իրարից։ 2-րդ տիպի շաքարային դիաբետը բնորոշվում է ինսուլինային ռեզիստենտությամբ (կայունությամբ)։ Այս դեպքում ինսուլինի նորմալ կամ նույնիսկ բարձր քանակի դեպքում նկատվում է գերշաքարարյունություն, քանի որ հյուսվածքների զգայնությունն ինսուլինի նկատմամբ նվազած է լինում։ 1-ին տիպի դիաբետի տարբերիչ նշաններից է նաև կղզյակների աուտոռեակտիվությունը, որը հիմնականում որոշվում է բետա բջիջներ ուղղված աուտոհակամարմինների (ինքնահակամարմիններ) հայտնաբերմամբ։
Դիաբետի հետ կապված հակամարմինների (գլուտամինաթթվի դեկարբոքսիլազայի աուտոհակամարմիններ՝ GAD, ինսուլինի աուտոհակամարմիններ՝ IAA, Լանգերգանսի կղզյակների բջիջների աուտոհակամարմիններ՝ ICA, ցինկ տեղափոխող աուտոհակամարմիններ՝ ZnT8 և այլն) առկայությունը համարվում է 1-ին տիպի դիաբետի առկայությունը կանխագուշակող գործոն՝ նույնիսկ մինչ գերշաքարարյունության առաջացումը[14]։ 1-ին տիպի դիաբետի ախտորոշումը կարող է կատարվել կլինիկական նշանների հիման վրա, սակայն աուտոհակամարմինների հայտնվելն ինքնին համարվում է թաքնված աուտոիմունային շաքարային դիաբետ։ Աուտոհակամարմիններ ունեցող ոչ բոլոր մարդկանց մոտ կարող է զարգանալ 1-ին տիպի շաքարային դիաբետ, սակայն այս հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է հակամարմինների քանակի ավելացմանը զուգընթաց, իսկ 3 կամ 4 տեսակի հակամարմինների առկայությունը մեծացնում է 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման ռիսկը 60-ից մինչև 100 %[14]։ Երեխաների և երիտասարդների մոտ աուտոհակամարմինների հայտնաբերումից մինչև կլինիկական նշանների առաջացումը կարող է անցնել մի քանի ամիս, սակայն որոշ մարդկանց մոտ այն կարող է տևել տարիներ, անգամ՝ մինչև 10 տարի[14]։|||||||||||||♥️
1-ին տիպի շաքարային դիաբետի կանխարգելման հստակ եղանակները բացակայում են[26]։ Որոշ հետազոտողներ գտնում են, որ կարելի է կանխել այս հիվանդության առաջացումը թաքնված աուտոիմունային փուլում, մինչև բետա բջիջների քայքայման սկսվելը[16]։
Ցիկլոսպորին A-ն իմունոճնշող (իմունոսուպրեսոր) գործոն է, որը, ըստ գործող տեսակետի, կանխում է բետա բջիջների քայքայումը, սակայն այն միաժամանակ վնասում է երիկամներն ու ունի այլ կողմնակի ազդեցություններ ևս, այդ պատճառով խորհուրդ չի տրվում երկարատև օգտագործման համար[16]։
Տեսակետ կա, որ հակա-CD3 հակամարմինները, ներառյալ տեպլիզումադը (teplizumad) և օտելիքսիզումաբը (otelixizumab), պահպանում են ինսուլինի արտադրությունը 1-ին տիպի շաքարային դիաբետի վաղ փուլերում[16]։ Այս ազդեցության հնարավոր մեխանիզմը կարգավորող T բջիջների պահպանումն է, որոնք ճնշում են իմունային համակարգի ակտիվությունը և կարգավորում իմունային համակարգի հոմեոստազն ու տոլերանտությունը սեփական հակածինների նկատմամբ[16]։ 2011 թվականին օտելիքսիզումբի և տեպլիզումաբի ուսումնասիրությունները չտվեցին բավարար արդյունքներ, հավանաբար՝ կիրառման անբավարար չափաքանակների պատճառով[27][28]։
Հակա-CD20 հակամարմինը (ռիտուքսիմաբ) ճնշում է B բջիջների գործունեությունը և դրդում C-պեպտիդի պատասխանը 1-ին տիպի դիաբետի ախտորոշումից 3 ամիս անց, սակայն սրա երկարատև ազդեցության մասին տվյալներ դեռևս չկան[16]։
Որոշ հետազոտողներ, նորածինների կրծքով կերակրումը համարում են շաքարային դիաբետի առաջացման ռիսկի նվազման գործոններից մեկը[29][30]։ Ուսումնասիրվել են նաև սննդային տարբեր գործոններ, սակայն էական որևէ ազդեցություն դեռևս չի հայտնաբերվել[31]։ Կյանքի առաջին տարում վիտամին D-ով երեխաների սնումը կապում են 1-ին տիպի դիաբետի առաջացման ռիսկի նվազման հետ[32]։
Հոգեբանական սթրեսը կարող է բացասաբար ազդել օրգանիզմի վրա և առաջացնել շաքարային դիաբետ, ինչից խուսափելու համար խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիկական աշխատանքով, ունենալ հետաքրքիր հոբիներ և հետաքրքրություններ[33]։ Շաքարային դիաբետի առաջացման գործոններից է համարվում նաև նստակյաց կենսակերպն ու ճարպակալումը։
Կան ինսուլինի չորս հիմնական տեսակներ. արագ ազդող, կարճատև ազդող, միջանկյալ ազդող և երկարատև ազդող ինսուլիններ։ Արագ ազդող ինսուլինի ազդեցությունը սկսվում է 15 րոպեից և առավելագույնի է հասնում 30-90-րդ րոպեներում։ Կարճատև ազդող ինսուլինն ազդում է 30 րոպե անց և առավելագույն ազդեցությունը դրսևորվում է 2-ից 4 ժամվա ընթացքում։ Միջանկյալ ազդող ինսուլինի ազդեցությունը սկսվում է 1-2 ժամ անց և առավելագույնի է հասնում 4-ից 10 ժամվա ընթացքում։ Երկարատև ազդեղ ինսուլինի ազդեցությունը սկսվում է 1-2 ժամ անց և տևում է մինչև 24 ժամ։
Քանի որ 1-ին տիպի դիաբետը պայմանավորված է ինսուլինի անբավարարությամբ, ինսուլինի ներարկումը հանդիսանում է կենսական կարևոր նախապայման այս հիվանդությամբ տառապողների կյանքի համար։ Ինսուլինային թերապիան անպայման զուգակցվում է հատուկ սննդակարգով (դիետա)։ Հատուկ հսկողություն է սահմանվում նաև սննդում ածխաջրերի քանակի և արյան մեջ գլյուկոզի մակարդակի նկատմամբ՝ վերջինիս պարբերական չափումերի միջոցով։
Այսօր ամենաշատը կիրառվում է գենային ինժեներիայով ստացվող կենսասինթետիկ ինսուլինը, իսկ նախկինում առավել շատ օգտագործվում էր խոշոր եղջերավորներից, խոզերից, ձկներից ստացվող ինսուլինը[34]։ Ինսուլինի գլխավոր մատակարարներն են՝ Eli Lilly and Company-ն[35], Novo Nordisk-ն ու Sanofi-Aventis-ը։
1-ին տիպի դիաբետի բուժման բացակայության դեպքում անպայման առաջանում է կոմա և մահ, հիմնականում՝ դիաբետային կետոացիդոզի հետևանքով։ Վերջինս կարող է առաջացնել ուղեղային այտուց։ Այն առավել հաճախ առաջանում է հիվանդ երեխաների մոտ, ինչ էլ հանդիսանում է մահվան հիմնական պատճառը[36]։
Դիաբետի բուժման հիմնական նպատակը արյան գլյուկոզի քանակի նվազեցումն է մինչև բնականոն մակարդակի (80–140 մգ/դլ կամ 4.4–7.8 մմոլ/լ)[37]։ Արյան գլյուկոզի քանակի կարգավորման նպատակն է կանխել այն բարդացումները, որոնք կարող են առաջանալ նյարդային համակարգում (օրինակ՝ ծայրամասային բազմանյարդաբորբ, որը կարող է առաջացնել ցավ և/կամ վերջավորությունների զգացողության կորուստ), սիրտ-անոթային համակարգում (ինֆարկտ, տեսողության կորուստ և այլն)։
1-ին տիպով հիվանդ մարդիկ ինսուլինի մշտական պահանջ ունեն, սակայն բուժումը կարող է հանգեցնել թերշաքարարյունության (գլյուկոզի քանակը նվազում է 70 մգ/դլ/ից կամ 3.9 մմոլ/լ-ից)։ Վերջինս դիաբետից բուժվողների մոտ հաճախակի հանդիպող դեպք է, որի հիմնական պատճառն ինսուլինի չափաքանակի, սննդի և ֆիզիկական ակտիվության միջև փոխհարաբերության խախտումն է։ Թերշաքարարյունության թեթև դեպքերում ուտում կամ խմում են շատ քաղցր որևէ բան։ Թերշաքարարյունության ծանր դեպքերում կարող է առաջանալ գիտակցության կորուստ, ինչը փորձում են վերացնել ներերակային եղանակով գլյուկոզի կամ գլյուկագոնի ներարկմամբ։
Որոշ դեպքերում ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստումը կարող է կարգավորել գլյուկոզի մակարդակն արյան մեջ։ Սակայն, վիրահատությունն ու դրան հաջորդող իմունիտեի ճնշման գործընթացները (իմունոսուպրեսիա) կարող են վտանգավոր լինել օրգանիզմի համար, քան ինսուլինի շարունակական ներարկումները։ Այն հիմնականում կատարվում է երիկամների փոխպատվաստման հետ կամ դրանից որոշ ժամանակ անց։ Ենթաստամոքսային գեղձի և երիկամների միաժամանակյա փոխպատվաստման նպատակն այն է, որ կանխեն զարգացող նեֆրոպաթիան, ռետինոպաթիան, նեյրոպաթիան։ Սրա շնորհիվ փոխպատվաստված ենթաստամոքսային գեղձը հարմարվում է դիաբետով հիվանդի օրգանիզմին՝ առանց լրացուցիչ իմունաճնշիչ միջոցառումների։ Ենթաստամոքսային գեղձի միայնակ փոխպատվաստումը կարող է արդյունավետ լինել 1-ին տիպի շաքարային դիաբետի շարժունակ (լաբիլ) տիպի դեպքում[38]։
Կղզյակների բջիջների փոխպատվաստումը կարող է արդյունավետ լինել այն դեպքում, երբ ինսուլինով կարգավորումն արդյունավետ չէ[39]։ Այս տեսակետից դժվարություն է ներկայացնում համապատասխան դոնորների հայտնաբերումը, կղզյակների բջիջների կենսունակության պահպանումը, օրգանիզմի կողմից կղզյակների մերժման բացառման նպատակող օգտագործվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները[39]։ Դիտարկումները վկայում են, որ 2010 թվականից սկսած 44% դեպքերում 3 տարի շարունակ ինսուլինի ներարկման կարիք չի եղել[39]։
1-ին տիպի շաքարային դիաբետի ժամանակ նկատվող բարդություններն են՝ սիրտ-անոթային հիվանդությունները, դիաբետային բազմանյարդաբորբը, դիաբետային ռետինոպաթիան (ցանցաթաղանթում զարգացող անոթային բարդություններ) և այլն։ Սակայն, սիրտ-անոթային հիվանդություններն ու բազմանյարդաբորբը կարող են ունենալ նաև աուտոիմունային էթոլոգիա[40][41]։ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդ կանանց մոտ մահվան ռիսկը 40%-ով ավելին է, քան հիվանդ տղամարդկանց մոտ[42]։
Շաքարային դիաբետով հիվանդների մոտ հաճախ նկատվում են միզուղիների ինֆեկցիաներ[43]։ Նեֆրոպաթիայի հետևանքով զարգանում է միզապարկի թերֆունկցիա, որը հաճախակի նկատվող երևույթ է շաքարախտով հիվանդների մոտ։ Նեֆրոպաթիան կարող է նվազեցնել միզապարկի զգայնությունը, որն իր հերթին մեծացնում է մնացորդային մեզի քանակը, ինչը ռիսկային գործոն է համարվում միզուղիների բորբոքման տեսակետից[44]։
Սեքսուալ խանգարումները հիմնականում զարգանում են տարբեր բնույթի պատճառների հետևանքով. նյարդերի վնասում, արյան վատ շրջանառություն, հոգեբանական խնդիրներ՝ սթրես, ընկճախտ և այլն[45][46]։
Տղամարդկանց մոտ ամենահաճակի հանդիպող խանգարումները կապված են էրեկցիայի և սերմնաժայթքման հետ։ Շաքարախտի ժամանակ առնանդամին արյուն մատակարարող արյունատար անոթները կարող են պնդանալ և նեղանալ, որի պատճառով խանգարվում է էրեկցիայի համար անհրաժեշտ արյան մատակարարումը։ Նյարդերի վնասման հետևանքով սերմնաժայթքման ընթացքում սերմնահեղուկը՝ առնանդամ անցնելու փոխարեն կարող է անցնել միզապարկ (ռետրոգրադ սերմնաժայթքում)։ Այս դեպքում սերմնահեղումն օրգանիզմից հեռանում է մեզի հետ[45]։ Էրեկցիայի խանգարումները կարող են զարգանալ նաևհիվանդության հետևանքով առաջացող թթվածնի ռեակտիվ ձևերի ազդեցությամբ։ Այս դեպքում, որպես բուժման միջոցներ, օգտագործում են հակաօքսիդանտներ[47]։
Կան բազմաթիվ տվյալներ, որոնք վկայում են, որ կանանց մոտ նույնպես կարող են առաջանալ տարբեր սեռական խանգարումներ՝ կապված շաքարախտի հետ[46]։ Սեռական օրգանների շրջանում կարող է առաջանալ զգայնության նվազում, չորություն, օրգազմի դժվարություն կամ բացակայություն, ցավ՝ սեքսի ժամանակ, լիբիդոյի նվազում[45]։ Շաքարախտի որոշ դեպքերում նկատվում է էստրոգենների քանակի նվազում, ինչն ազդում է հեշտոցային հյութազատության վրա[46]։
Հիվանդ կանայք կարող են օգտագործել հակաբեղմնավորիչներ, որոնք որոշ դեպքերում կարող են առաջացնել գլյուկոզի մակարդակի խանգարումներ[46]։
1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է շաքարախտի տարբեր տիպերի մոտավորապես 5–10%-ը[48] (11–22 միլիոն ամբողջ աշխարհում)[26]։ 2006 թվականին մինչև 14 տարեկան շուրջ 440,000 երեխա հիվանդ է եղել 1-ին տիպի դիաբետով, իսկ մինչև 10 տարեկանների մոտ հանդիսացել է շաքարախտի ամենատարածված տիպը[49]։ Այս հիվանդության դեպքերն ամեն տարի ավելանում են մոտ 3%-ով[49]։
Տարբեր երկրներում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների թվաքանակը տարբեր է։ Ֆինլանդիայում յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով տարեկան կազմում է 57 և ավել, Ճապոնիայում և Չինաստաում՝ 1-3, Հյուսիսային Եվրոպայում և ԱՄՆ-ում՝ 8-17[11][50]։
2015 թվականին ԱՄՆ-ում 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդացել է մինչև 20 տարեկան մոտավորապես 208000 երիտասարդ։ Յուրաքանչյուր տարի մոտ 18000 երիտասարդների մոտ ախտորոշվում է այս հիվանդությունը։ Ասիական, իսպանական և իսպանական-սևամորթ ծագմամբ ամերիկացիներն ավելի հակված են շաքարախտով հիվանդանալուն։ Յուրաքանչյուր տարի շուրջ 234,051 ամերիկացիներ մահանում են շաքարախտի կան դրա հետ կապված բարդությունների պատճառով, որից 69071-ի մոտ այն հանդիսանում է մահվան առաջնային պատճառ[51]։
1970-ական թվականներին 1-ին տիպ շաքարային դիաբետը բնութագրվեց որպես աուտոիմունային հիվանդություն, քանի որ հայտնաբերվեցին աուտոհակամարմիններ Լանգերհանսի կղզյակների բջիջների նկատմամբ[52]։ 1980-ական թվականներին ապացուցվեց, որ իմունաճնշիչ թերապիան կարող է դանդաղեցնել հիվանդության զարգացումը, դրանով հիմնավորելով այն տեսակետը, որ 1-ին տիպի շաքարային դեիաբետը աուտոիմունային հիվանդություն է[53]։ Կա նաև դեռահասային շաքարախտ անվանումը, որը կապված է երեխաների և դեռահասների մոտ ախտորոշվող հիվանդության հետ։
ԱՄՆ-ում 1-ին տիպի շաքարային դիաբետի բուժական ծախսերը տարեկան կազմում են շուրջ 10.5 միլիարդ ԱՄՆ դոլար (յուրաքանչյուր հիվանդի հաշվով՝ 875 դոլար/ամիս), իսկ անուղղակի ծախսերը՝ մոտավորապես 4.4 միլիարդ ԱՄՆ դոլար (յուրաքանչյուր հիվանդի հաշվով՝ 366 ԱՄՆ դոլար/ամիս)[54]։ Շաքարախտով հիվանդները մոտ 2.3 անգամ ավելի շատ գումար են ծախսում բուժումների համար, քան այն մարդիկ, որոնք հիվանդ չեն այս հիվանդությամբ[51]։
1-ին տիպի շաքարային դիաբետի ուղղությամբ կատարվող հետազոտությունների ֆինանսական աղբյուրներն են պետական, արտադրական (օրինակ՝ դեղագիտական ընկերություններ) և բարեգործական կազմակերպությունները։ ԱՄՆ-ում պետական ֆինանսավորումը ստացվում է Առողջության ազգային ինստիտուտի (National Institute of Health), Միացյալ Թագավորությունում՝ Առողջության հետազոտման ազգային ինստիտուտի (National Institute for Health Research) կամ Բժշկական հետազոտության խորհիդի կողմից (Medical Research Council)։ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդ երեխաների ծնողների կողմից հիմնված JDRF-ն հետազոտությունների համար ֆինանսական օժանդակություն տրամադրող ամենամեծ բարեգործական կազմակերպությունն է[55]։ Նմանատիպ բարեգործական կազմակերպություններից են Դիաբետի ամերիկյան ասոցիացիան (American Diabetes Association), Միացյալ թագավորության դիաբետներ (Diabetes UK),Դիաբետի հետազոտման և առողջացման հիմնադրամը (Diabetes Research and Wellness Foundation)[56], Ավստրալիայի դիաբետներ (Diabetes Australia), Դիաբետների կանադական ասոցիացիան (Canadian Diabetes Association)։
Ցողունային բջիջները կարող են կիռատվել ենթաստամոքսային գեղձի բետա բջիջների վերականգնման համար, սակայն դեռևս դրանք չեն կարող այնպես գործել, ինչպես բետա բջիջները[57]։ 2014 թվականին մկների օրգանիզմում փոխպատվաստված ցողունային բջիջներից բավականաչափ հասուն բետա բջիջներ առաջացան, որոնք ունակ էին ինսուլին արտադրել[58][59]։ Մինչև այս տեխնիկան կօգտագործվի մարդկանց բուժման համար, կարիք կա դեռ ուսումնասիրել դրա արդյունավետությունն ու անվտանգությունը[57]։
1-ին տիպի շաքարային դիաբետի բուժման և կանխարգելման նպատակով մշակվել են վակցինաներ՝ ինսուլինի կամ բետա բջիջների նկատմամբ իմունային անտարբերության (տոլերանտության) հարուցման համար[60]։
Ինսուլին-կախյալ շաքարային դիաբետը բնութագրվում է արյան գլյուկոզի մակարդակի պարբերական, կրկնվող, հաճախ առանց որևէ ակնհայտ պատճառի առաջացող տատանումներով և հաճախ անվանվում է փխրուն, անկայուն, շարժուն դիաբետ։ Չնայած շատ հետազոտողներ խուսափում են այս եզրույթի կիրառումից[61]։ Այսպիսի տատանումներից կարող է լինել որոշ դեպքերում կետոացիդոզով ընթացող գերշաքարարյունությունը, որոշ դեպքերում՝ թերշաքարարյունությունը։ Շարժուն դիաբետը հանդիպում է հիվանդների 1-2%-ի մոտ միայն[62]։ Նման շաքարախտի ժամանակ թերշաքարարյունության դեպքերի նվազման և առավոտյան կողմ արյան գլյուկոզի բարձրացման (կոչվում է dawn phenomenon) կարգավորման համար խորհուրդ է տրվում օգտագործել ինսուլինային պոմպեր[63]։
Շարժուն դիաբետը համարվում է «գերշաքարարյունության կամ թերշաքարարյունության դեպքեր, որոնք, անկախ պատճառից, վնասում են հիվանդի կյանքը» և կարող է լինել բազամպատճառային[64].
Ֆիզիկական աշխատանքի ժամանակ նկատվող գերշաքարարյունությունը կապված է մի շարք հորմոնների արտադրման հետ (ադրենալին, գլյուկոկորտիկոիդներ և այլն)։ Պատճառն այն է, որ այդ ժամանակ մկաններին անհրաժեշտ է էներգիա, որի հիմնական աղբյուրը գլյուկոզն է։ Վերջինս պահեստավորվում է լյարդում՝ գլիկոգենի տեսքով։ Ֆիզիկական աշխատանքի ժամանակ վերջինս տրոհվում է մինչև գլյուկոզ, ինչն էլ անցնում է արյուն։ Աշխատանքի հետ կապված թերշաքարարյունությունը պատահում է այն դեպքում, երբ մկաններն առավել արագ են ծախսում գլյուկոզան, քան այն հասցնում է առաջանալ։
Ինսուլինի հակամարմինների բարձր տիտրերը կարող են առաջացնել գերշաքարարյունություն՝ ինսուլինի չեզոքացման և ինսուլինային անտարբերություն (տոլերանտություն) առաջացման պատճառով։ Այս դեպքում կարող են պահանջվել 200 և ավել IU/օր (IU-international unit) ինսուլինի չափաքանակներ։ Հակամարմինները նաև կարող են թուլացնել ներարկվող ինսուլինի ազդեցությունը։ Որոշ դեպքերում ներարկվող ինսուլինի տեսակի փոփոխումը կարող է լուծել այս խնդիրը[64]։ Կան փաստեր, որ ինսուլինային հակամարմինները կարող են գործել ինսուլինի համար որպես «լվացարան» և ազդել այս հորմոնի ազդեցության ժամանակի, կիսատրոհման ժամանակի, տարածման և նյութափոխանակային կլիրենսի վրա, չնայած շատ հիվանդների մոտ այս ազդեցություններն աննշան են[65]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.