From Wikipedia, the free encyclopedia
Տերև (ասոր՝ ܛܪܦܐ (ṭarpā, «տերև») (բացարձակ ձև՝ ܛܪܦ (ṭəref)) կամ սաղարթ, բույսի արտաքին օրգան, որի հիմնական ֆունկցիան ֆոտոսինթեզն է։
Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևաթիթեղից և կարճ կամ երկար կոթունից, որով ամրանում են ցողունին[1]։ Այդպիսի տերևները կոչվում են կոթունավոր։ Սակայն որոշ բույսերի տերևներ արտահայտված տերևակոթուն չունեն, դրանք նստադիր տերևներ են։ Տերևահիմքի մոտ հաճախ առաջանում են տերևակիցներ։ Տերևաթիթեղները լինում են կլոր, ձվաձև, նշտարաձև, եռանկյունաձև, սրտաձև, գծային և այլն։ Տերևաթիթեղի եզրերը լինում են ամբողջաեզր և կտրատված՝ ատամնաեզր, սղոցաեզր, պատնեշաեզր, ակոսավոր և այլն։ Տերևաթիթեղի վրա հեշտությամբ նկատվում են ջղեր։ Դրանք փոխադրող խրձեր են և մեխանիկական հյուսվածքների թելիկներ, որոնք թելիկներին մատակարարում են ջուր, հանքային աղեր և դուրս բերում այնտեղ առաջացած օրգանական նյութերը և կենսագործունեության մնացորդները։ Ջղերը տերևներին տալիս են ամրություն և որոշակի ձև։ Որոշ բույսերի տերևներում ջղերը դասավորված են զուգահեռ։ Որոշ բույսերի տերևակոթունները կարող են թեքվել այնպես, որ տերևաթիթեղը ուղղվի դեպի լույսը։
Տերևների անատոմիական կառուցվածքը տարբեր է նույնիսկ մեկ տեսակի սահմաններում, սակայն ընդհանուր գծերով նույնն է բոլոր բույսերի համար։ Սովորաբար տերևաթիթեղը 2 կողմից ծածկված է էպիդերմիսի (մաշկահյուսվածք) շերտերով, որոնց միջև գտնվում է տերևի հիմնական հյուսվածքը՝ մեզոֆիլը։ Վերջինս սովորաբար տարբերակված է 2 շերտի՝ սյունաձև և սպունգանման պարենքիմի։ Սյունաձև հյուսվածքի, որի հիմնական գործառույթը լուսասինթեզն է, երկարավուն գլանաձև բջիջներում է գտնվում քլորոֆիլի մեծ մասը, իսկ սպունգանմանը, որին հատուկ են մեծ միջբջջային տարածությունները, գլխավորապես ապահովում է գազափոխանակությունը։ Ջուրն ու հանքային նյութերն արմատներից անցնում են մեզոֆիլով, իսկ տերևից՝ օրգանական նյութեր փոխադրող ջղերով։ Տերևներին ամրություն հաղորդող մեխանիկական հյուսվածքները սովորաբար տեղադրված են մեծ ջղերի շուրջը։
Տերևների ջղավորումը տերևաթիթեղի ջղերի դասավորությունն է։ Այդ ջղերը անցկացնող խրձեր են, որոնք ապահովում են ջրային լուծույթների փոխադրումը դեպի տերևը և ասիմիլյացիայի նյութերի արտահոսքը տերևից։ Տերևաթիթեղի ջղերի ելակետային մասը տերևի կոթունում է, որտեղից բույսերի մեծ մասի մոտ դուրս է գալիս հիմնական կամ գլխավոր ջիղը։ Վերջինս իր հերթին ճյուղավորվում է երկրորդային, երրորդային հետզհետե բարակող, կողքային ջղերի, որոնք թիթեղի եզրամասում դառնում են շատ նուրբ և աննկատելի։ Տարբերում են տերևների ջղավորության մի քանի տիպեր․ մեկ կամ մի քանի երկայնաջիղ տերևների ջղավորությամբ օժտված տերևաթիթեղներ, որտեղ ջղերը չեն ճյուղավորվում և միմյանց չեն համակցվում։ Նման ջղավորում ունեն ասեղնատերևները (կենի,սոճի, մայրի և այլն)։
Տերևների ջղավորումը կարևոր կարգաբանական և տաքսոնոմիական հատկանիշ է և նպաստում է ժամանակակից ու բրածո բույսերի դասակարգմանը։ Միջատների ջղավորումը թևերի ջղերի դասավորության ձեն է։ Ջղերի քանակը և դասավորությունը կարևոր կարգաբանական հատկանիշ է, որով բնորոշվում են միջատների կարգը, ընտանիքը, տեսակը են։ Ջղավորության նշանակությունը հատկապես մեծ է բրածո ձևերի դասակարգման համար։
Տերևն ակտիվ օրգան է, որն ուղղորդում և կարգավորում է բույսի կենսագործունեության ընդհանուր շարժընթացները և, փոփոխելով լուսասինթեզի արգասիքների քանակն ու որակը, պայմանավորում է բույսի աճն ու կյանքի տևողությունը տարբեր պայմաններում։ Օրգանական նյութեր մատակարարելով բույսին՝ տերևը մյուս օրգաններից ստանում է ջուր, հանքային սննդառության տարրեր, աճման հորմոններ։ Լուսասինթեզի համար անհրաժեշտ պայմանների դեպքում 1մ2 տերևային մակերեսը մեկ ժամվա ընթացքում կարող է օդից կլանել 3–4 լ CO2 և նույնքան էլ Օ2 անջատել։ Տերևները լուսասինթեզի և շնչառության գործընթացների շնորհիվ պահպանում են թթվածնի և ածխաթթու գազի հաշվեկշիռն օդում, իսկ գոլորշիացման միջոցով մասնակցում են Երկրի վրա ջրի շրջապտույտին։ Բազմաթիվ բույսերի տերևներն օգտագործվում են որպես սնունդ, կենդանիների կեր, դեղանյութերի, եթերայուղերի, աղաղանյութերի ստացման հումք։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.