From Wikipedia, the free encyclopedia
Տասնչորսի խռովություն (ռուս.՝ Бунт четырнадцати), 1863 թվականի նոյեմբերի 9-ին (նոր տոմարով՝ նոյեմբերի 21) տեղի ունեցած սկանդալային դեպք Գեղարվեստի կայսերական ակադեմիայում, երբ նրա տասնչորս լավագույն շրջանավարտները Իվան Կրամսկոյի գլխավորությամբ հրաժարվեցին մասնակցել մեծ ոսկե մեդալի համար անցկացվելիք մրցույթին, որ նվիրված էր Գեղարվեստի ակադեմիայի 100-ամյակին։ Դրան հետևել է նկարիչների հեռանալը ակադեմիայից, ինչը դարձել է ռեալիստական գեղանկարչության նոր ստեղծվող ազգային դպրոցի հետևորդների առաջին հրապարակային ելույթն ընդդեմ կլասիցիստական, ակադեմիական ուղղության, որ գերիշխում էր 19-րդ դարի կերպարվեստում[1]։
Գեղարվեստի կայսերական ակադեմիայի մեծ ոսկե մեդալի մրցույթին հաղթողն հնարավորություն էր ստանում վեց տարի անցկացնել Իտալիայում որպես կրթաթոշակառու։ Այդ մրցույթին մասնակցելու իրավունք էին ստանում ակադեմիայի ամենատաղանդավոր շրջանավարտները, ովքեր մինչ այդ արժանացել էին ակադեմիայի փոքր ոսկե մեդալ «Նկարչության բնագավառում ունեցած հաջողությունների համար»։ Կրթաթոշակները, ինչպես և ակադեմիայի ֆինանսավորումը գտնվում էր Կայսերական պալատի նախարարության վերահսկողության ներքո։ Ակադեմիայի կրթաթոշակառուները տարեկան ստանում էին 1500 ռուբլի ոսկով, ինչը համարժեք էր 6000 ռուբլու ասիգնացիաներով[2]։ Ակադեմիայի մյուս շրջանավարտները, ովքեր ստանում էին նկարչի կոչում, կարող էին աշխատել որպես արվեստի ուսուցիչ և ստանում էին քաղաքացիական ծառայության Х դասի՝ կոլեգիական քարտուղարի աստիճան[3]՝ 135 ռուբլի տարեկան եկամուտով[4]։
Մրցույթի թեմայի հայտարարելուց անմիջապես հետո մասնակիցնրին փակում էին մեկուսացված արվեստանոցներում, որտեղ նրանք 24 ժամվա ընթացքում պետք է մտածեին նկարի սյուժեն ու նկարեին էսքիզը։ Վերջինս հաստատվում էր Ակադեմիայի խորհրդի կողմից և փոփոխության ենթակա չէր։
Եկատերինա II-ի կողմից Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կանոնադրության հաստատման հարյուրամյակի առթիվ ակադեմիայի խորհուրդը որոշում է փոփոխել մրցույթի անցկացման կարգը։ Սովորողների թույլ էր տրվում մրցույթին մասնակցել միայն մեկ անգամ, ժանրային գեղանկարչության դասարանի սովորողները պիտի մասնակցեին պատմական գեղանկարչության դասարանի սովորողների հետ միասին, ընդ որում՝ պատմական գեղանկարչության դասարանի սովորողներն իրավունք չունեին ինքնուրույն ընտրել նկարի սյուժեն։ Պարտադիր սյուժեի փոխարեն մասնակիցներին առաջարկվել է պատկերել տրված ընդհանուր թեմայի հետ կապված որևէ զգացում (թախիծ, հայրենիքի կարոտ և այլն)[5]։ Ակադեմիայի ղեկավարության կողմից դա կարևոր քայլ էր միավորելու պատմական գեղանկարչությունն ու այն ժամանակ հասարակության շրջանում մեծ հաջողություն ունեցող ժանրային գեղանկարչությունը։
Մրցույթի անցկացման նոր կարգի մասին տեղեկացվել է ժանրային ու պատմական գեղանկարչության դասարանների տասնչորս սովորողների, ովքեր մինչ այդ պարգևատրվել էին ակադեմիայի փոքր ոսկե մեդալներով։ Այդ սովորողներն են՝ Բոգդան Վենիգ, Ալեքսանդր Գրիգորև, Նիկոլայ Դմիտրիև-Օրենբուրգսկի, Ֆիրս Ժուրավլյով, Պյոտր Զաբոլոտսկի, Իվան Կրամսկոյ, Ալեքսեյ Կորզուխին, Կիրիլ Լեմոխ, Ալեքսանդր Լիտովչենկո, Կոնստանտին Մակովսկի, Ալեքսանդր Մորոզով, Միխայիլ Պեսկով, Նիկոլայ Պետրով (նկարիչ), Նիկոլայ Շուստով[6]։
Որոշելով, որ նոր կանոններն անհավասար պայմաններ են ստեղծում պատմական ու ժանրային գեղանկարիչների համար՝ մրցույթի մասնակիցները 1863 թվականի հոկտեմբերի 8-ին դիմում են ներկայացրել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի խորհրդին՝ խնդրելով մասնակիցներին թույլ տալ ազատ ընտրել նկարի սյուժեն, եթե խորհրդի ներկայացրած թեման չի համապատասխանում նկարչի անհատական հակումներին[6]։ Դրանից բացի իրենց դիմումի մեջ նրանք կասկածի տակ էին առնում էսքիզի վրա աշխատելու համար մասնակիցներին 24 ժամով մեկուսացնելու նպատակահարմարությունը[2]։
Դիմումը քննարկվել է խորհրդի նիստում, որտեղ խորհրդի անդամները, վրդովված լինելով մրցույթի մասնակիցների հանդգնությունից, որոշել են վերականգնել նախկին կանոնները և բոլոր մասնակիցների համար սահմանել մեկ սյուժե աստվածաշնչյան կամ անտիկ թեմայով։ Սակայն այդ որոշման մասին մասնակիցներին չեն հայտնել. գրավոր դիմումը թողնվել է առանց պատասխանի[5]։
Իվան Կրամսկոյի նախաձեռնությամբ մասնակիցների մի մասը նոր կոլեկտիվ նամակ է հանձնել Գեղարվեստի կայսերական ակադեմիայի փոխնախագահ իշխան Գրիգորի Գրիգորևի Գագրինին։ Կոնստանտին Մակովսկին ու Ալեքսանդր Լիտովչենկոն հրաժարվել են ստորագրել նամակը[2]։ Նոր դիմումը նույնպես մնացել է առանց պատասխանի։
Այդ ժամանակ նախաձեռնող խումբն անձամբ է դիմել Խորհրդի մի քանի ազդեցիկ անդամների, որոնց թվում էին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ճարտարապետության գծով ռեկտոր պրոֆեսոր Կոնստանտին Տոնն ու գեղանկարչության և քանդակագործության գծով ռեկտոր պրոֆեսոր Ֆեոդոր Բրունին։ Սակայն այդ ջանքերն էլ արդյունք են տվել։
Վիրավորված իրենց դիմումների անտեսումից՝ ակադեմիստները մրցույթի նախորդ գիշերը տեղի ունեցած ընդհանուր ժողովում որոշում են, որ իրենց խնդրանքը չբավարարելու դեպքում կհրաժարվեն մրցույթին մասնակցելուց, և իրենցից յուրաքանչյուրը դիմում կգրի՝ ընտանեկան կամ ցանկացած այլ հանգամանքների պատճառով խնդրելով իրեն հանձնել իր դիպլոմը ակադեմիայից մինչ այդ ստացած պարգևների համապատասխան։
Նշանակված ժամանակին՝ 1963 թվականի նոյեմբերի 9-ի (նոր տոմարով՝ նոյեմբերի 21) առավոտյան ժամը 10-ին, բոլոր տասնչորս մասնակիցները հրավիրվել են Ակադեմիայի կոնֆերենց-դահլիճ, որտեղ ակադեմիայի փոխնախագահ իշխան Գրիգորի Գագարինը հայտարարել է մրցույթի թեման սկանդինավյան սագաներից՝ «Խրախճանք Վալգալում». Գահին նստած է Օդին աստվածը՝ շրջապատված աստվածներով ու հերոսներով։ Նրա ուսերին նստած են երկու ագռավներ, իսկ Վալգալա պալատի կամարների արանքից ամպերի մեջ երևում է լուսինը, որին հետապնդում են գայլերը։
Մրցույթի մյուս կանոնները պատի հայտարարեր ակադեմիայի ռեկտոր Ֆեոդոր Բրունին, սակայն նա չի հասցրել անել դա, որովհետև Իվան Կրամսկոյը ելույթ է ունեցել ակադեմիստների անունից.
Մնացածը եղել է պատմական գեղանկարչության դասարանի սովորող Պյոտր Զաբոլոտսկին, ով ասել է, թե ուզում է մասնակցել մրցույթին։ Սակայն ակադեմիայի խորհուրդը հայտարարել է, որ մեկ մասնակցի դեպքում մրցույթ անցկացվել չի կարող, և նրան առաջարկել են սպասել հաջորդ տարի։ Զաբոլոտսկին հաջորդ տարի մասնակցել է մրցույթին, սակայն հաջողության չի հասել[7]։
Սակայն Զաբոլոտսկու փոխարեն ակադեմիայից հեռանալու դիմում է ներկայացրել քանդակագործ Վասիլի Կրեյտանը, ով նույնպես նախկինում արժանացել էր ակադեմիայի փոքր ոսկե մեդալի։ Այսպիսով՝ մրցույթին մասնակցելուց հրաժարվել և ակադեմիայից հեռացել են տասներեք գեղանկարիչներ և մեկ քանդակագործ։
Խորհրդային պատմագրությունը «տասնչորսի խռովությունը» դիտարկում է որպես դեմոկրատական տրամադրվածություն ունեցող նկարիների քաղաքական ելույթ, որն ավարտվել է ակադեմիայից մրցույթի մասնակիցների հեռացումով[8][9]։ Մրցույթի չեղարկման մասին զեկուցվել է Ալեքսանդր II-ին։ Բարձրագույն հրամանագրով նախկին ակադեմիստների նկատմամբ սահմանվել է ոստիկանական գաղտնի հսկողություն[2]։ Սակայն սկանդալի բոլոր մասնակիցների դիմումները բավարարվել են։ Ակադեմիայից հեռացածներին տրվել է երկրորդ աստիճանի դասային նկարի կոչում[10][11][12][13][14]։
Նախկին ակադեմիստները կազմակերպել են Ռուսաստանում առաջին «Նկարիչների արտելը», որ ունեցել է տնտեսական որոշակի հաջողություն։ «Խռովության» տասնչորս մասնակիցներից ութը, այդ թվում նաև Իվան Կրամսկոյը, հետագայում արժանացել են Գեղարվեստի կայսերական ակադեմիայի պատվավոր ակադեմիկոսի կոչման[2][10][11][12][13][14][15][16]՝ ստանալով արքունի խորհրդականի դասային աստիճան[17]։ «Խռովության» մասնակիցներից մեկը՝ Կիրիլ Լեմոխը, դարձել է Ալեքսանդր III կայսեր երեխաների նկարչության ուսուցիչ՝ այդ թվում դասավանդելով նաև ցարաժառանգ Նիկոլայ Ալեքսանդրովիչին՝ ապագա կայսր Նիկոլայ II-ին[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.