Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացի (Գերմանիայի կայսրուհի)
Գերմանիայի կայսրուհի / From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացի կամ Վիկտորյա Ադելաիդա Մարիա Լուիզա, Թագավորական արքայադուստր (անգլ.՝ Victoria Adelaide Mary Louisa, Princess Royal[6][7][8] նոյեմբերի 21, 1840(1840-11-21)[1][2][3][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - օգոստոսի 5, 1901(1901-08-05)[1][2][3][…], Schlosshotel Kronberg, Kronberg im Taunus, Վերին Տաունուս, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), Գերմանիայի կայսրուհի և Պրուսիայի թագուհի (1888)։
Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ III-ի կինը։ Նա եղել է Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհի Վիկտորյայի և Արքայազն Ալբերտի դուստրը, և 1841 թվականին որպես ավագ դուստր ստացել է Թագավորական Արքայադուստր տիտղոսը։ Նա Գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի մայրն է։
Վիկտորյան լիբերալ դաստիարակություն է ստացել իր հորից և տասնվեց տարեկանում նրա ձեռքը խնդրել է արքայազն Ֆրիդրիխ Պրուսիացին, ով կիսում էր Վիկտորյայի ընտանիքի լիբերալ հայացքները և հավատում էր, որ Պրուսիան, իսկ ապագայում` Գերմանական կայսրությունը ևս, կդառնա սահմանադրական միապետություն հետևելով բրիտանական օրինակին։ Նման հայացքների և իր անգլիական ծագման համար Վիկտորյան քննադատվելով ենթարկվել է օստրակիզմի Հոհենցոլերններ արքայական տոհմի և Բեռլինի պալատական արքունիքի կողմից։ Այս մեկուսացումը ուժեղացել է 1862 թվականին Օտտո ֆոն Բիսմարկի (առավել համոզված քաղաքական հակառակորդներից մեկը) իշխանության գալուց հետո։
Վիկտորյան Պրուսիայի կայսրուհի և թագուհի է եղել ընդամենը մի քանի ամիս, որի ընթացքում նա հնարավորություն է ունեցել ազդել Գերմանական կայսրության քաղաքականության վրա։ Ֆրիդրիխ III-ն իշխանության գալուց ընդամենը 99 օր հետո մահացել է կոկորդի քաղցկեղից, և գահը ժառանգել է նրանց որդին` Վիլհելմ II-ը, որն ի տարբերություն իր ծնողների շատ ավելի պահպանողական հայացքների ուներ։
Ամուսնու մահից հետո Վիկտորյան լայնորեն հայտնի է եղել որպես Կայսրուհի Ֆրիդրիխ (գերմ.՝ Kaiserin Friedrich)։ Այրիացած կայսրուհին բնակություն է հաստատել Թաունուսի ստորոտում գտնվող Կրոնբերգ քաղաքում, որտեղ նա կառուցել է Ֆրիդրիխշոֆ (Schlosshotel Kronberg) ամրոցը, որն անվանվել է ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու։ Կյանքի վերջին տարիներին նա գրեթե լիովին մեկուսացած է եղել հասարակական կյանքից, իսկ կրտսեր դստեր հարսանիքից հետո ավելի մեկուսանալով 1901 թվականին մահացել է կրծքագեղձի քաղցկեղից (մոր մահից մի քանի ամիս անց)։
Գրեթե ամբողջությամբ պահպանվել է Վիկտորյայի և նրա ծնողների միջև հեռակա նամակագրությունը։ Վիկտորյա թագուհու և նրա ավագ դստեր 3 777 նամակները և կայսրուհու մոր նրան գրած մոտ 4 000 նամակները պահպանվել և համակարգվել են[9]։ Դրանք մանրակրկիտ պատկերացում են տալիս 1858-1900 թվականների պրուսական արքունիքի կյանքի մասին։