Սուրբ Կղեմենտի բազիլիկ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Սուրբ Կղեմենտի բազիլիկ (իտալ.՝ Basilica di San Clemente al Laterano), կաթոլիկ եկեղեցի Հռոմում։ Գտնվում է Սան Ջիովանի ին Լատերանո փողոցի վրա՝ Կոլիզեումի և Լաթերանյան բազիլիկի միջև։ Կառույցը իրենից ներկայացնում է ինքնատիպ հնագիտական երեք հարկաշարքից բաղկացած շինությունների համալիր։ Վերին հարկը՝ ներկայիս բազիլիկը, կառուցվել է 12-րդ դարում, միջին մասը՝ վաղ քրիստոնեական բազիլիկը, կառուցվել է 4-րդ դարում, և ստորին հարկը՝ երկու շինություն, հիմնադրվել է առաջին դարում։ Ներկայիս բազիլիկը պարունակում է 12-րդ դարի վաղ քրիստոնեական խորհրդանիշներով խճանկարներ, 15-րդ և 18-րդ դարերի ֆրեսկոներ։ Վաղ քրիստոնեական բազիլիկում պահպանվել են 9-րդ դարի յուրօրինակ որմնանկարներ։ Բազիլիկում են գտնվում Սուրբ Կղեմենտի մասունքները, ինչպես նաև Իգնատիոս Անտիոքացու և սլավոնացի լուսավորիչ Կյուրեղի մասունքները։
Սուրբ Կղեմենտի բազիլիկ Basilica di San Clemente al Laterano | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | փոքր բազիլիկ |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ[1] |
Հասցե | Via Labicana 95, Roma 00184 Italia |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1084 |
Ժառանգության կարգավիճակ | Իտալիայի մշակութային ժառանգություն[1] |
Նվիրված | Կղեմես I |
Անվանված | Կղեմես I |
Ճարտարապետ | Կառլո Ֆոնտանա |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | ռոմանական ճարտարապետություն |
Հիմնադրված | 12-րդ դար |
25 մետր | |
Երկարություն | 45 մետր |
Լայնություն | 25 մետր |
Շինանյութ | աղյուս, բետոն |
San Clemente (Rome) Վիքիպահեստում | |
basilicasanclemente.com |
Եկեղեցու առաջին պեղումներն անցկացվել են 1857 թվականին բազիլիկի վանահայր Ջոզեֆ Մալլուլիի և հնագետ դե Ռոսսիի կողմից։ Նրանք սկզբում հայտնաբերել են 4-րդ դարի բազիլիկը։ Ստորև հայտնաբերվեցին առաջին դարի շինություններ, սակայն այդ տարածքը երկար ժամանակ հնարավոր չեղավ ուսումնասիրել՝ պատերին կից ստորգետնյա ջրերի պատճառով։ Միայն 1912 թվականին կառուցվեց 700 մետրանոց ջրանցք՝ միացնելով Սուրբ Կղեմենտը Մեծ Կլոակա կոյուղու համակարգին, որն էլ կանխեց ջրերի հոսքը։ Այդ ժամանակ հայտնաբերվեցին տների ավերակներ, որոնք կործանվել էին 64 թվականի հրդեհի ժամանակ (Ներոնի ժամանակաշրջան)։ Դրանք ծածկված լինելով հողի շերտով դարձել են հիմք՝ հետագա երկու շինությունների համար։
Աղյուսե շինության տակ, որը տեղակայված է Կոլիզեումի կողքին (հավանաբար առաջին դարի վերջի հասարակական շենք է[2]։ 2-րդ դարի կեսին կառուցվել է մասնավոր բազմահարկ տուն՝ ներքին բակով։ Վերջինս 3-րդ դարի երկրորդ կեսին վերակառուցվել է որպես Միտրայի պաշտամունքային կառույց։ Դեպի բակ տանող դռները պատաշարի մեջ փակված են եղել[3]։
Շինության տեղում կառուցված է եղել միտրայան դպրոց։ Հավանաբար այն հարուստ ձևավորում է ունեցել։ Դա վկայում են ստուկկոյով զարդարված խճանկարային հատակի և առաստաղի մնացորդները։ Կենտրոնում զոհասեղան է Միտրայի պատկերով, որը սպանում է ցուլին, և նրա ուղեկիցներ Կաուտը (լատին․՝ Cautes) և Կաուտոպատը (լատին․՝ Cautopates)։
Երկրորդ շինությունն ավելի մեծ է եղել, քան առաջինը և կառուցված է եղել տուֆից։ Այն ևս ունեցել է ներքին ընդարձակ բակ, որը չափերով մոտավորապես համապատասխանում է ներկայիս բազիլիկի գլխավոր նավին և աջ ենթակողմին։ Այս կառույցը դեռևս լիովին ուսումնասիրված չէ, իսկ կիսով չափ ուսումնասիրված հատվածից ենթադրվում է, որ այն եղել է հասարակական շենք, ամենայն հավանականությամբ դրամահատական կառույց կամ էլ հացահատիկի շուկա[4]։
Ենթաադրվում է, որ առաջին դարի վերջում կառույցը պատկանել է Տիտոս Փլաբիոս Կղեմեսին։ Ըստ ավանդության նա եղել է գաղտնի քրիստոնյա և հետապնդվելով մահապատժի է ենթարկվել Դոմիցիանոսի օրոք։ Արդեն 200 թվականին հայտնի «titulus Clementis» հանդիսացել է քրիստոնեական պաշտամունքի վայր՝ կապված Կղեմես անվան հետ՝ կամ նահատակի, կամ էլ եպիսկոպոսի։
Հետապնդումների դադարումից հետո, 4-րդ դարում կառույցը վերափոխվեց եկեղեցու՝ բազիլիկի ձևով։ Ընդարձակ ներքին բակը դարձավ գլխավոր նավ, իսկ նրան հարող սենյակները՝ նավի ենթակողմեր։ Սիրիկոս Պապի ժամանակաշրջանում (384-399) եկեղեցին օծվեց ի պատիվ Կղեմենտ Պապի, որի անունը մշտապես հիշողությունից դուրս մղեց իր անվանակից Կղեմես Ալեքսանդրացի նահատակին։
Ողջ 4-րդ դարի ընթացքում Սուրբ Կղեմենտի եկեղեցին գոյություն ուներ նրան կից միտրեումի կողքին[5]։ Միտրայի պաշտամունքը պաշտոնապես արգելվեց Թեոդոսիոս Ա Մեծ կայսեր կողմից, որից հետո միտրեումի տեղում կառուցվեց բազիլիկի աբսիդը։
Այսպիսով 4-րդ դարի վերջին և 5-րդ դարի սկզբում հիմնադրվեց վաղ քրիստոնեական բազիլիկը այն տեսքով, որը տեսանելի է Սուրբ Կղեմենտ համալիրի միջին հատվածում։ Այն ուղղանկյուն եռանավ բազիլիկ է՝ ընդարձակ աբսիդով և գավիթով։ Արդեն այդ ժամանակ այնտեղ էին գտնվում Իգնատիոս Անտիոքացու մասունքները։
Ներկայիս եկեղեցու աբսիդի խճանկարները պատկանել են «ներքին» բազիլիկին, ինչը վկայում են բազմաթիվ վաղ քրիստոնեական խորհրդանիշներ։ Դրանք հասկանալի չեն 12-րդ դարի քրիստոնյաներին, սակայն դրանք արժեքավոր են եղել ավելի վաղ ժամանակաշրջանի հավատացյալների համար։ Ներկայիս բազիլիկի խորանի պատերի վրա պահպանվել է Հովհաննես II Պապի (533-535) միացագրերը։ Դրանք զգուշորեն վերակառուցվել են 12-րդ դարում։ 9-րդ «ներքին» բազիլիկը զարդարում են ցայսօր լավ պահպանված ֆրեսկոները, որոնք այդ ժամանակաշրջանի քրիստոնեական կերպարվեստի արժեքավոր նմուշներ են։
9-րդ դարում Սուրբ Կղեմենտի բազիլիկ են բերվել Կղեմենտ I Պապի մասունքները, որը Ղրիմում ձեռք էին բերել քրիստոնյա քարոզիչ եղբայրներ Կյուրեղը և Մեթոդիոսը Ադրիանոս II Պապի հետ միասին (867 թվական)։ 867 թվականի փետրվարի 14-ին Հռոմում մահացավ Կյուրեղը, և Ադրիանոս Պապի և հռոմեացիների խնդրանքով ամփոփվեց Սուրբ Կղեմենտի բազիլիկում։
1084 թվականին եկեղեցին վնասվեց հրդեհից, որը Ռոբերտ Գվիսկարի գլխավորած նորմանական զորքի գրավման հետևանքն էր։ Ակնհայտ է, որ վնասի աստիճանն այնպիսին էր, որ վճռվեց ոչ թե վերակառուցել բազիլիկը, այլ նույն տեղում կառուցել նորը։ Նոր, «վերին» բազիլիկ տեղափոխվեցին Սուրբ Կղեմենտի, Իգնատիոսի և Կյուրեղի մասունքները և այլ արժեքավոր իրեր։ Արդյունքում շուտով նախկինում գոյություն ունեցող «ներքին» բազիլիկի մասին մոռացվեց։ Միայն 1857 թվականին Սուրբ Կղեմենտի վանահայր Ջոզեֆ Մալլուլին պեղումների ընթացքում վերստին աշխարհին ցույց տվեց վաղ քրիստոնեական բազիլիկի գոյությունը։
Բազիլիկի նորոգումը կապված է կարդինալ Անաստասի հետ, որը Սուրբ Կղեմենտի քահանան է եղել (l099-1125)։ Վերանորոգումն իրականացվել է Պասքալիս II Պապի հովանավորությամբ։ Ներկայիս բազիլիկը չափերով զիջում է նախկին բազիլիկին։ Երկու եկեղեցիների ձախ՝ հարավային կողմերը հավասարաչափ են, սակայն ներկայիս եկեղեցու գլխավոր նավն ու աջ կողմը հիմնված են «ներքին» բազիլիկի գլխավոր նավի վրա։ Ներկայիս բազիլիկը կառուցելիս վերստեղծվել են աբսիդի խճանկարները, ինչպես նաև այստեղ են տեղափոխվել վերոհիշյալ մասունքները։ Կղեմես XI Պապի օրոք (1700-1721), նրա պատվերով ճարտարապետ Կառլո Ֆոնտանան կառուցել է ներկայիս կեսոնապատ առաստաղը։ Այդժամ պատուհանների և գլխավոր նավի վերին հատվածը զարդարվել է տասնյակ ֆրեսկոներով։ Նրանցում պատկերված են Կղեմնտ, Իգնատիոս և Կյուրեղ ու Մեթոդիս սրբերը։ Վերջին տասնամյակում բազիլիկին կցակառուցվել են մի քանի կապելաներ։
Վերը նշված վերակառուցումների և ավելացումների հետևանքով բազիլիկը կորցրել է իր սկզբնական գեղեցությունն ու խստությունը, սակայն ձեռք է բերել բազմաթիվ բարոկկո ոճի առանձնահատկություններ։ Արժեքավոր ձեռքբերումներից են Եկատիրինի կապելայի 15-րդ դարի ֆրեսկոները, որոնց հեղինականերն են Մազաչչոն և Մազոլինոն։
Ներկայիս բազիլիկը մի քանի անգամ փոխել է իր սեփականատերերին։ 1403 թվականին Բոնիփակիոս IX հանձնեց բազիլիկը ամբրոզիան վանականներին։ 1645 թվականին Կամիլլո Պամֆիլիի հովանավորությամբ բազիլիկը տրվեց դոմինիկյաններին։ 1677 թվականին հակակաթոլիկական հետապնդումների հետևանքով Սուրբ Կղեմենտի բազիլիկ եկան իռլանդական դոմինիկյանները, որոնք ղեկավարում են այնտեղ ցայսօր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.