Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլեր
From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Բաքմինսթեր Ֆուլլեր (անգլ.՝ Richard Buckminster Fuller, հուլիսի 12, 1895(1895-07-12)[1][2][3][…], Միլթոն, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[4][5] - հուլիսի 1, 1983(1983-07-01)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), ամերիկացի ճարտարապետ, դիզայներ, ինժեներ, գյուտարար, փիլիսոփա, մաթեմատիկոս, գրող, բանաստեղծ։
Իր ողջ կյանքի ընթացքում Ֆուլլերին մտատանջել է այն հարցը, թե արդյոք մարդկությունը կարող է երկար ժամանակ հաջող կերպով գոյատևել Երկիր մոլորակի վրա. եթե այո, ապա ինչպես։ Իրեն առանց առանձնահատուկ դրամական միջոցների շարքային անհատականություն համարելով` նա որոշել է իր կյանքը նվիրաբերել այդ հարցին։ Նա փորձել է պարզել, թե մարդկության վիճակը բարելավելու համար ինչ կարող են անել անհատները, ինչը չեն կարող անել կառավարությունները, մասնավոր ձեռնարկատերերը։
Այս փորձառության ընթացքում Ֆուլլերը գրել է 28 գիրք` ստեղծելով այնպիսի եզրույթներ,ինչպիսիք են «Երկիր» տիեզերանավ, էֆեմերիզացիա, սիներգետիկա։ Նա մեծ թվով գյուտերի հեղինակ է, որոնք հիմնականում առնչվում են դիզայնին ու ճարտարապետությանը։ Դրանցից առավել հայտնի է գեոդեզական գմբեթը, որը ուղիղ ամրաններից մետաղյա ցանցաթաղանթ է։
Կյանքի վերջին տարիներին իր գաղափարների շուրջ տասնամյակների աշխատանքից հետո Ֆուլլերը հասարակական լայն ճանաչում է ձեռք բերել։ Նա ճամփորդել է ողջ աշխարհում, ելույթ ունեցել դասախոսություններով, ստացել գիտական բազմաթիվ պատվավոր կոչումներ։ Նրա հայտնագործություններից շատերը, սակայն, ադպես էլ զանգվածային արտադրության չեն հասել, իսկ գիտնականն ինքը բազմաթիվ քննադատությունների է ենթարկվել տարբեր բնագավառներում, որոնց վրա փորձել է թողնել իր ազդեցությունը (օրինակ` ճարտարապետություն), կամ էլ մերժվել է որպես անհույս ուտոպիստ։ Ֆուլլերի հետևորդները, սակայն, պնդում են, որ նրա գաղափարները դեռևս չեն արժանացել այն վերաբերմունքին, որոնց արժանի են։