From Wikipedia, the free encyclopedia
Ջորջ Բանկրոֆտ[7] (անգլ.՝ George Bancroft, հոկտեմբերի 3, 1800[1][2][3][…], Վուսթեր, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - հունվարի 17, 1891[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[5][4]), ամերիկացի պատմաբան և դիվանագետ։
Ջորջ Բանկրոֆտը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում և եղել է քարոզիչ, Ամերիկյան միավորական (բողոքական շարժման հակաթրիտանական ուղղություն ) ասոցիացիայի առաջին նախագահ Ահարոն Բանկրոֆտի որդին, որը նաև հայտնի էր իր գրական գործունեությամբ։ 13 տարեկան հասակում ընդունվել է Հարվարդի համալսարան և 1817 թվականին ավարտել այն։ 1818 թվականին մեկնել է Գերմանիա, Գյոթինգենի համալսարանում լսել դասախոսություններ, 1820 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի դիպլոմ և 1821 թվականին ձեռնարկել է ճամփորդություն Գերմանիայով, Ֆրանսիայով, Շվեյցարիայով և Իտալիայով,որի ժամանակ Վայմարում այցելել է Գյոթեին[8]։
8 ամիս Իտալիայում մնալուց հետո Բանկրոֆտը Մարսելով վերադառնում է Ամերիկա։ Այստեղ զբաղեցրել է հունարեն լեզվի ուսուցչի տեղը Հարվարդի համալսարանում, բայց շուտով Կոգզվելի հետ միասին 1823 թվականին Նորտգեմպտոնում հիմնել են Ռունդգիլյան դպրոցը։ Այդ ընթացքում նա տպագրում է Գեերենի շարադրության թարգմանությունը՝ «Մտքեր քաղաքականության, հաղորդագրությունների և Հին աշխարհի գլխավոր ժողովուրդների առևտրի մասին»։ Բայց մի քանի տարի անց նա թողել է իր ուսումնարանը, որպեսզի իրեն նվիրի բացառապես Միացյալ նահանգների պատմությանը[8]։
Իր քաղաքական գործունեության ընթացքում նա միացել է Դեմոկրատական կուսակցությանը։ Որպես պարգևատրում՝ նա 1838 թվականին նախագահ Վան-Բյուրենից ստացել է Բոստոնյան նավահանգստի գլխավոր մաքսային տնօրենի կարևոր պաշտոնը (Collector of Customs): Փոլկը, որը 1845 թվականից զբաղեցնում էր երկրի նախագահի պաշտոնը, Բանկրոֆտին նշանակել է ծովային նախարար, այդ պաշտոնում նա դարձել է Վաշինգտոնի աստղադիտարանի և Մերիլենդ նահանգի Անապոլիս քաղաքի ծովային ուսումնարանի հիմնադիրը։ 1846 թվականի աշնանը Փոլկը որպես արտակարգ դեսպան և լիազոր նախարար նրան ուղարկել է Անգլիա, որտեղ նա մնացել է մինչև 1849 թվականը[8]։
Օգտվելով Լոնդոնում գտնվելու հանգամանքից՝ Բանկրոֆտը մանրամասն ուսումնասիրել է Ամերիկայի պատմության, հատկապես Ամերիկյան հեղափոխության արխիվային աղբյուրները։ Լոնդոնից նա բազմիցս մեկնել է Փարիզ, որտեղ Գիզոյի, Մինիեի և Տոկվիլի աջակցությամբ շարունակել է իր ուսումնասիրություններն արխիվներում՝ դրանցում գտնելով հարուստ նյութեր։ 1850 թվականին ապրել է Նյու-Յորքում, իսկ ամռանը՝ ծովափնյա Նյուպորտե քաղաքում, բացառապես զբաղվել է իր «History of the United States»-ն ավարտին հասցնելու գործով ( 1-10 մասեր, Բոստոն, 1834-1874, գերմաներեն թարգմանությունը Կրետչմար և Բարտելս, Լայպցիգ, 1845-1875, ֆրանսերեն ՝ Գամոն-Փարիզ, 1861-1862)։ 1867 թվականի մայիսին նախագահ Ջոնսոնը նրան նշանակել է դեսպանորդ պրուսական պալատում և Հյուսիսգերմանական միությունում։ Բանկրոֆտի միջնորդությամբ 1868 թվականի փետրվարի 22-ին կնքվել է համաձայնագիր Միացյալ նահանգների և Հյուսիսգերմանական միության միջև, որով սահմանվեցին ներգաղթյալների հպատակությանը վերաբերվող կանոններ։ Հաջորդ տարվա ամռանը իր կառավարության հանձնարարությամբ նա համաձայնագրեր է կնքել նաև Բավարիայի, Վյուրտեմբերգի, Բադենի և Հեսսենի հետ։ Գերմանական կայսրության վերականգնումից հետո էլ մինչև 1874 թվականի հուլիսի 1-ը Բանկրոֆտը մնացել է իր պաշտոնում, ապա վերադարձել հայրենիք և այդ ժամանակից ի վեր ապրել Վաշինգտոնում[8]։
19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Բրոքհաուզի և Եֆրոնի Հանրագիտարանային բառարանում գրված էր, որ Բանկրոֆտն առաջինն էր այն գրողների շարքում, որոնք զբաղվել են Ամերիկայի պատմության 19-րդ դարի ուսումնասիրությամբ[8]։
Իր կողմից գրված Միացյալ նահանգների պատմությունը նրա գրական գործունեության ամենահասուն պտուղն է հանդիսացել, նրանում նկարագրված դեպքերը հասցրել է մինչև 1782 թվականի Անկախության համար մղված պատերազմը։ «History of the formation of the constitution of the United States» (1882, հատոր 2) աշխատությունը հանդիսանում է վերը նշվածի շարունակույթունը,1876 թվականին Միացյալ նահանգներ անկախության հարյուրամյա տարելիցի տոնակատարության կապակցությամբ հոբելյանական տպագրությամբ լույս է տեսել նրա Նահանգների պամությունը 6 հատորով։ Դրանից բացի նրա կողմից է գրվել նաև «Literary and historical miscellanies» (1855), «History of the colonisation of the United States» (1882) գրքերը[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.