Պուբլիոս Սերվիլիոս Վատիա Իսավրիկոս (լատին․՝ Publius Servilius Vatia Isauricus, մոտ մ. թ. ա. 120 կամ մ. թ. ա. 134[1], Հին Հռոմ - մ. թ. ա. 44[1], Հռոմ, Հռոմեական Հանրապետություն), հին հռոմեական ռազմական և քաղաքական գործիչ Սերվելիոսների տոհմի պլեբեյական ճյուղից, մ․թ․ա․ 79 թվականի կոնսուլ։ Պրետուրայից հետո (մ․թ․ա․ 89-88 թվականներ) եղել է պրովինցիաներից մեկի կուսակալ և հաղթանակ տանելու համար արժանացել տրիումֆի։ Մարիոսի կողմնակիցների ու Լուցիոս Կոռնելիուս Սուլլայի միջև ծավալված քաղաքացիական պատերազմի ժամանակ սատարել է վերջինիս և նրա դիկտատուրայի տարիներին եղել կոնսուլ։ Մ․թ․ա․ 78-74 թվականներին եղել է Կիլիկիայի կուսակալ, որտեղ կռվել է ծովահենների դեմ. եղել է առաջին հռոմեական զորավարը, որ անցել է Տավրոսի լեռները, կոտորել իսավրներին, ինչի համար արժանացել է երկրորդ տրիումֆի ու Իսավրիկոս ագնոմենի։
Արագ փաստեր Հռոմեական հանրապետության ժողովրդական տրիբուն, մ.թ.ա. մոտ 98 թվական ...
Փակել
Կուսակալությունից հետո Պուբլիոս Սերվիլիոսը դարձել է Հռոմի ամենահեղինակավոր քաղաքական գործիչներից մեկը. այնուամենայնիվ, նա պարտվել է Հուլիոս Կեսարի հետ մեծ պոնտեֆիքսի պաշտոնի համար պայքարում (մ․թ․ա․ 63 թվական)։ Մ․թ․ա․ 60-50-ական թվականներին Վատիան մասնակցել է Հռոմեական հանրապետության համար կարևոր բոլոր խնդիրների քննարկմանը։ Նրա կարիերայի գագաթնակետը եղել է ցենզորի պաշտոնը, որ զբաղեցրել է մ․թ․ա․ 55 թվականին։
Պուբլիոս Սերվիլիոսը մահացել է մ․թ․ա․ 44 թվականին՝ խորը ծերության հասակում։