From Wikipedia, the free encyclopedia
Պիեռ Բուրդյո (ֆր.՝ Pierre Bourdieu, օգոստոսի 1, 1930[1][2][3][…], Denguin, Ատլանտյան Պիրենեյներ, Ֆրանսիա[4] - հունվարի 23, 2002[5][2][6][…], Փարիզի 12-րդ շրջան, Ֆրանսիա[7]), ֆրանսիացի սոցիոլոգ, էթնոլոգ, փիլիսոփա և քաղաքական հրապարակախոս, 20-րդ դարի ամենանշանակալի սոցիոլոգներից մեկը[23][24]։ Հեղինակ է երեսունհինգ գրքի և չորս հարյուր հոդվածի[25], որոնք բարձր են գնահատվում տեսական, ինչպես նաև էմպիրիկ հետազոտությունների տեսանկյունից[26]։ Միևնույն ժամանակ նրա աշխատանքները տարատեսակ քննադատությունների են ենթարկվել, հիմնականում սոցիալականի՝ դետերմինիստական տեսլականի համար։
1981 թվականից սոցիոլոգիայի պրոֆեսոր է եղել Կոլեժ դե Ֆրանսում։ 1990-ական թվականներին Պիեռ Բուրդյոն կարևոր դեր էր խաղում Ֆրանսիայի հասարակական-քաղաքական կյանքում։
Բուրդյոն առաջին հերթին ուսումնասիրում էր սոցիալական աստիճանակարգությունների վերարտադրության մեխանիզմները։ Նա ընդգծում էր վերարտադրության մշակութային և խորհրդանիշային գործոնների նշանակությունը և քննադատում էր տնտեսության գերակայության մարքսիստական հայեցակարգերը։ Ըստ Բուրդյոյի՝ իշխանության սոցիալակյան հարաբերությունների վերարտադրության մեջ առանցքային դեր է կատարում իշխանավոր դիրք զբաղեցնող գործակալների՝ իրենց մշակութային և խորհրդանշական գործառնությունները պարտադրելու ունակությունը։ Բուրդյոն գիտության մեջ ներդրել է «խորհրդանշական բռնություն» հասկացությունը որպես իշխանության տարբեր ձևերը ճանաչել պարտադրելու և դրա մեխանիզմները չիմանալու միջոց։ Խորհրդանշական բռնությունը օրինականացնում է գերակայության սոցիալական ձևերը[26]։
Համաձայն Բուրդյոյի՝ ժամանակակից հասարակության մեջ սոցիալական աշխարհը բաժանվում է հատուկ սոցիալական ոլորտների՝ «սոցիալական դաշտերի»։ Սոցիալական գործունեության տարբերակումը, մասնավորապես, բերում է քաղաքական դաշտի և արվեստի դաշտի՝ որպես գործունեության առանձին ոլորտների ձևավորմանը։ Դաշտերն ունեն իրենց աստիճանակարգությունը և դինամիկան՝ գերակա դիրքի համար սոցիալական գործակալների մրցակցային պայքարի շնորհիվ։ Այստեղ Բուրդյոյի վերլուծությունը համընկնում է մարքսիստական ավանդույթի հետ՝ հասարակության գործունեության մեջ պայքարի և կոնֆլիկտի կարևորության տեսանկյունից։ Սակայն Բուրդյոյի համար կոնֆլիկտները չեն հասնում սոցիալական դասերի միջև կոնֆլիկտներին, այլ առաջանում են տարբեր սոցիալական դաշտերի խորհրդանշական հարթություններում։
Սոցիալականի բնույթը որոշում է տարբերությունը, որը ծնում է սոցիալական աստիճանակարգություններ։ Պասկալից հետո Բուրդյոն էր, որ կարծում էր, որ մարդը առաջ է գնում, առաջին հերթին, իր մարդկային արժանիքի ճանաչման համար. ճանաչումն ունի բացառապես սոցիալական բնույթ։
Բուրդյոն մշակել է գործողության տեսություն, որի կենտրոնում գտնվում է «հաբիտուսը»՝ հասկացությունը, որը մեծ ազդեցություն է ունեցել սոցիալական գիտությունների վրա։ Համաձայն Բուրդյոյի տեսության՝ սոցիալականացման արդյունքում ստացված մի քանի միավորները թույլ են տալիս սոցիալական գործակալներին իրագործել ռազմավարական գործողություններ։ Այդ ռազմավարությունները հարմարեցված են սոցիալական աշխարհի պահանջմունքներին, սակայն չեն գիտակցվում գործակալների կողմից։
Բուրդյոյի հետազոտությունները կենտրոնացած են առանցքային հայեցակարգերի շուրջ. հաբիտուսը՝ որպես գործակալների գործունեության սկզբունք, դաշտը՝ որպես սոցիալական պայքարի տարածք, կապիտալը՝ որպես ռեսուրս սոցիալական դաշտում, խորհրդանշական բռնությունը՝ որպես գերակայությունը հաստատելու գլխավոր մեխանիզմ։ Բոլոր այդ հասկացությունները, ստեղծված և մշակված Բուրդյոյի կողմից, լայնորեն կիրառվում են սոցիոլոգիայում և սոցիալական անթրոպոլոգիայում[23][25]։
Պիեռ Բուրդյոն՝ ընտանիքի միակ զավակը, ծնվել է 1930 թվականին Ֆրանսիայի հարավ-արևմուտքում՝ Դանգենում՝ Բեարն պատմական մարզի փոքրիկ գյուղում՝ Ատլանտիկ Պիրենեյ դեպարտամենտի արևմտյան հատվածում։ Նրա հայրը հասարակ գյուղացի էր[27], հետո աշխատել է որպես փոստատար՝ չլքելով գյուղական միջավայրը[28]։ Բուրդյոյի մայրը նման սոցիալական ծագում ուներ, չնայած և փոքր-ինչ բարձր, նրա նախնիները փոքր ձեռնարկատերեր էին։
1941 թվականից մինչև 1947 թվականը Բուրդյոն պրակտիկանտ էր Պո քաղաքի Լուի Բարտու լիցեյում[29], սովորում էր գերազանց[30]։ Դա նկատեց նրա ուսուցիչներից մեկը՝ Փարիզի Բարձրագույն նորմալ դպրոցի շրջանավարտը, որը նրան խորհուրդ տվեց 1947 թվականին Փարիզի Լյուդովիկոս Մեծի լիցեյում հումանիտար գիտությունների գծով նախապատրաստական կուրսեր անցնել։
1951 թվականին Բուրդյոն ընդունվեց Բարձրագույն նորմալ դպրոց[30], որտեղ նրա հետ միասին սովորում էին Ժակ Դերիդան և Լուի Մարենը։ Հետպատերազմյան շրջանում ֆրանսիական փիլիսոփայության մեջ ամենամեծ վարկանիշն ուներ Ժան Պոլ Սարտրի ֆենոմենոլոգիական էքզիստենցիալիզմը, որը որոշակի ազդեցություն էր ունենում Բուրդյոյի և իր սերնդի բազմաթիվ ներկայացուցիչների վրա[31][32]: Բուրդյոն, ըստ իր հիշողությունների, բավականին վաղ է կարդացել Սարտրի «Գոյը և չգոյը», ավելի ուշ՝ Էդմունդ Գուսերլի և Մորիս Մերլո-Պոնտիի աշխատությունները[К 1]։ Բուրդյոն ուսումնասիրում էր նաև երիտասարդ Կառլ Մարքսի գործերը[31]։
Բարձրագույն նորմալ դպրոցում երևում էր Ֆրանսիական կոմունիստական կուսակցության ստալինիստական ճնշումը, ինչին Բուրդյոն, Մարենը, Դերիդան և այլք հակադրեցին 1951 թվականին իրենց կողմից ստեղծված Ազատության պաշտպանության կոմիտեն[31]։ Բարձրագույն նորմալ դպրոցում տարածված էին գիտության պատմությունը փիլիսոփայության գիտությանը կապող մոտեցումների կողմնակիցները՝ Մարսել Գերուն և Ժյուլ Վիլյեմանը։ Բարձրագույն նորմալ դպրոցում էպիստեմոլոգիա էին դասավանդում Գաստոն Բաշլյարը և Ժորժ Քանգիլեմը։ Համալսարանական փիլիսոփայությունը, չնայած դասավանդողների մրցունակությանը, ոչ այնքան շատ գրավիչ էր Բուրդյոյի համար, որը փիլիսոփայության նոր իմաստ փնտրելով սկսեց կարդալ Ֆրանսիայում այդ ժամանակ քիչ հայտնի Գուսերլին[31] ։ Շատ տարիներ անց գրած իր ինքնակենսագրության մեջ Բուրդյոն հակադրեց ինտելեկտուալների երկու ձև․ «ազատ» Սարտրին համեստին և կատարողական Քանգիլեմին[33]։
1953 թվականին Բուրդյոն Լեյբնիցի դիպլոմ պաշտպանեց Անրի Գույեի ղեկավարությամբ։ Կրթությունը շարունակելու համար նա Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում Էրիկ Վեյլի սեմինարների շարքին այցելեց, որը վերաբերում էր Հեգելի փիլիսոփայության իրավունքին։ 1954 թվականին փիլիսոփայություն դասավանդելու իրավունքի պետական քննություն հանձնեց[30], հետո նա սկսեց պատրաստվել փիլիսոփայության ատենախոսությանը։ Վերջինիս թեման զգացական կյանքի կառուցվածքներն էին։
Ժորժ Քանգիլեմը իր ասպիրանտին տեղավորում է աշխատանքի Փարիզից ոչ հեռու Մուլենի միջնակարգ դպրոցում, որտեղ Բուրդյոն աշխատել է 1954-1955 թվականներին։ Պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելուց հետո նրան տեղափոխում են Վերսալի Բանակային հոգեբանական ծառայություն։ Այնտեղ նրա համար գտել են «L’Express»-ի արգելված համարը՝ նվիրված Ալժիրի պատերազմին։ Բուրդյոն կորցնում է իր նշանակումն ըստ կարգապահական հիմունքների, սակայն 1955 թվականին որպես ֆրանսիական բանակի շարքային բավականին արագ տեղափոխեցին Ալժիր՝ պատերազմի հետ կապված․ այնտեղ նա երկու տարի անցկացրեց[34]։
Սկզբում նա ծառայել է ոչ մեծ պահեստում։ Հետո շնորհիվ իր խմբագրական ունակությունների՝ նա աշխատել է Ռոբերտ Լակոստի ղեկավարությամբ կառավարական ծառայություններում։ Ցանկանալով շարունակել իր կողմից սկսած դաշտային էթնոլոգիական հետազոտությունները Ալժիրում՝ Բուրդյոն 1958-1960-ական թվականներին աշխատել է որպես ասիստենտ[К 2] Ալժիրի համալսարանի բանասիրական ֆակուլտետում[30] և անցկացրել է այնտեղ Դյուրքհեյմի և Սոսյուրի աշխատությունների վերաբերյալ սեմինարներ։
Իր էթնոլոգիական հետազոտությունների սկզբում Բուրդյոն իրեն փիլիսոփա էր համարում[31], սակայն ալժիրյան ժամանակաընթացքը որոշիչ դարձավ սոցիոլոգի կարիերայի համար[35]։ Թողնելով փիլսիոփայության ուսուցումը՝ նա Ալժիրում էթնոլոգիային վերաբերող աշխատանքների շարք անցկացրեց, որոնցից հետո ստեղծվեցին մի քանի գրքեր[36]։ «Ալժիրի սոցիոլոգիա» գիրքը հրապարակվեց «Ես ի՞նչ գիտեմ» գիտահանրամատչելի շարքում 1958 թվականն։ Այդ աշխատանքում (որը սկզբնապես ծրագրվում էր դառնալ թեզ) Բուրդյոն վերլուծում էր գաղութատիրության ազդեցությունը կյանքի ավանդական ընթացքի խաթարման վրա[23]։
Դաշտային էթնոլոգիան ենթադրում էր անկում ակադեմիական կարիերայում։ Ինքը Բուրդյոն բացատրում էր այդ ժամանակվա հետաքրքրությունը էթնոլոգիայի նկատմամբ որպես Կլոդ Լևի Սթրոսի ազդեցությունը, քանի որ կարծում էր, որ հենց Լևի Սթրոսն է սոցիալական գիտություններին նշանակալիություն հաղորդել, որը համեմատելի է լեզվաբանության նշանակալիության հետ[37]։ Եվ չնայած դաշտային եհտազոտություններ անցկացնելու հնարավորությունը Բուրդյոյի մոտ պատահմամբ է հայտնվել, զինվորական ծառայության շնորհիվ, նա ավելի ուշ հիշում էր, որ արդեն հոգեպես պատրաստ էր թողնել «սքոլաստիկ» փիլիսոփայությունը էթնոլոգիայի և այդ ժամանակ ոչ հեղինակավոր սոցիոլոգիայի համար[33]։
1963 թվականին Ալժիրի անկախության հռչակումից հետո Ալեն Դարբելի, Ժան Պոլ Ռիվեի և Քլոդ Սեբելի համահեղինակությամբ նա հրապարակեց «Աշխատանքն ու աշխատավորները Ալժիրում» Ալժիրում քաղաքային պրոլետարիատի և վարձու աշխատողների մասին հետազոտությունը։ 1964 թվականին Բուրդյոն հրապարակեց «Ոչնչացում։ Ավանդական գյուղական տնտեսության ճգնաժամը Ալժիրում» աշխատությունը՝ գրված իր ալժիրցի գործընկեր Աբդելմալեկ Սայադի հետ միասին։ Գիրքը նկարագրում է գյուղատնտեսության և ավանդական հասարակության անկումը՝ ֆրանսիական բանակի՝ տեղի բնակչության վերաբնակեցման քաղաքականության ֆոնին։ Ֆրանսիա վերադառնալուց հետո Բուրդյոն շարունակեց նոր տվյալներ հավաքել քաղաքային և գյուղական Ալժիրի մասին։
Կաբիլիայի էթնոլոգիական միջավայրը որոշիչ դեր կատարեց Բուրդյոյի հետագա հետազոտությունների վրա, չնայած այն բանին, որ ավելի ուշ նա այնտեղ արդեն չէր մեկնում։ Հենց էթնոլոգիական հետազոտությունների, հարցազրույցների և ընտանիքների ծագումնաբանության մասին տվյալներ հավաքագրելու ընթացքում Բուրդյոն առաջին անգամ ձևակերպեց իր գործողության տեսությունը[38]։ Գործողության տեսության իր գլխավոր աշխատությունները` «Գործելակերպի տեսության էսքիզներ» (1972) և «Գործնական իմաստ» (1980), հեռանում են Կաբիլիայի ավանդական հասարակության անթրոպոլոգիական վերլուծությունից։ Գենդերի մասին «Արական գերակայություն» գիրքը (1998) ևս հիմնված է Կաբիլիայի ավանդական հասարակության մեջ տղամարդկանց գերակայության մեխանիզմների վերլուծության վրա։
Ալժիրյան դաշտային հետազոտությունները անցկացվում էին լուսանկարման միջոցով, լուսանկարների որոշ դրվագներ ձևավորեցին Բուրդյոյի գրքերը, որոնք հրատարակում էր ինքը։ 2002 թվականին հրատարակվեց 1958 թվականից մինչև 1961 թվականը Բուրդյոյի կողմից արված լուսանկարների ժողովածուն[39], իսկ 2012 թվականին լուսանկարները դարձան Տուր քաղաքում կազմակերպված առաջին անձնական ցուցահանդեսի առարկան[40]։
1960 թվականին հայտնի սոցիոլոգ Ռայմոն Արոնը օգնեց Բուրդյոյին Ալժիրից վերադառնալ Փարիզ և հրավիրեց իր հետազոտական կենտրոն[37]։ Բուրդյոն զբաղեցրեց Արոնի կողմից հիմնադրած Եվրոպական սոցիոլոգիայի կենտրոնի գլխավոր քարտուղարի պաշտոնը[41], ինչպես նաև դարձավ Արոնի օգնականը Փարիզի համալսարանում[30]։
1961 թվականին Բուրդյոն ուսուցչի աշխատանք ստացավ Լիլի համալսարանում, որտեղ նա աշխատեց մինչև 1964 թվականը[42]՝ շարունակելով դասախոսություններ կարդալ և սեմինարներ վարել Փարիզում։ Լիլում նա կրկին սկսեց շփվել Էրիկ Վեյլի հետ, ինչպես նաև ծանոթացավ պատմաբան Պիեռ Վիդալ Նիկեի և հերմենևտիկայի կողմնակից, փիլիսոփա և գերմանիստ Ժան Բոլաքի հետ, որը դարձավ իր ընկերը։ Միևնույն ժամանակաշրջանում Բուրդյոն այցելում էր Կլոդ Լևի Սթրոսի սեմինարներին Կոլեժ դե Ֆրանսում և էթնոլոգիայի դասախոսությունների Մարդու թանգարանում, ինչպես նաև խորացված ուսումնասիրում էր Մարքսի աշխատությունները[43]։
1962 թվականին Բուրդյոն ամուսնացավ Մարի Քլեր Բրիզարի հետ։ Նրանք ունեցան երեք երեխա՝ Ժերոմ, Էմանուել[К 3] և Լորան[44]։ 1960-ական թվականների կեսերին ընտանիքի հետ միասին նա տեղափոխվեց Անտոնի՝ Փարիզի հարավային մերձակայքում գտնվող քաղաք։ Բուրդյոն հետաքրքրվում էր հեծանվային Տուր դե Ֆրանսով, նա նաև լավ արդյունքներ էր ցուցադրում անհատական և թիմային այնպիսի սպորտաձևերում, ինչպիսիք են թենիսը և ռեգբին։
1964 թվականին Բուրդյոն դարձավ Եվրոպական սոցիոլոգիայի կենտրոնի ղեկավարի տեղակալը[41]։ նույն տարվանից սկսած՝ նա որպես ուսուցիչ աշխատում էր Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում (Փարիզ)[30], որը հետագայում վերանվանվեց՝ դառնալով Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոց։ 1964 թվականին նա սկսեց համագործակցել Ժան Կլոդ Պասերոնի հետ։ Համագործակցության արդյունքում ստեղծվեց «Ժառանգներ. ուսանողներ և մշակույթ» գիրք, որը կայծակնային հաջողություն ունեցավ և նպաստեց Բուդրյոյի՝ սոցիոլոգիայում ունեցած ճանաչվածության տարածմանը[45]։
Լյուկ Բոլտանսկու, Ռոբեր Քասթելի և Ժան Կլոդ Շամբերդոնի համահեղինակությամբ[46] ստեղծված «Լուսանկարի սոցիալական կիրառման նշումներ» (1965) և «Սեր արվեստի նկատմամբ։ Եվրոպական գեղարվեստական թարգարաններ և նրանց հանդիսատես» (1966 և 1969) աշխատանքների հրապարակմամբ Բուրդյոն սկսեց հետազոտությունների շարքը՝ նվիրված մշակութային գործունեությանը։ Այս ուղղությունն իր հետազոտություններում դարձավ հիմնականը հաջորդ տասնամյակի ընթացքում։ Աշխատանքների շարքն ավարտեց «Տարբերակում։ վճռի սոցիալական քննադատություն» (1979) գրքով, որը դարձավ նրա ամենից հայտնի և մեջբերվող գիրքը։ Վերջինս վեցերորդ տեղն է զբաղեցնում XX դարի համաշխարհային սոցիոլոգիայի ամենակարևոր գրքերի տասնյակում՝ Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիայի գնահատմամբ[25]։
1968 թվականի մայիսի իրադարձությունների ֆոնին՝ Բուդրյոն դադարում է շփվել Ռայմոն Արոնի հետ, որը չէր հավանում ձախ սոցիալական շարժումները[47]։ Արոնի հետ ունեցած կոնֆլիկտի ընթացքում Բուրդյոն հիմնադրում է իր սեփական Կրթության և մշակույթի սոցիոլոգիայի կենտրոնը[29], որտեղ, ըստ իր մտահղացման, պետք է սոցիալական աստիճանակարգությունների և սոցիալական վերարտադրության հետազոտություններ անցկացվեին։ Արոնի մահից հետո՝ 1983 թվականին, նա ժառանգեց Եվրոպական սոցիոլոգիայի կենտրոնը որպես Կոլեժ դե Ֆրանսից նրա հետնորդ (երկու հետազոտական կենտրոններն էլ կրկին միավորվեցին 1998 թվականին և ներկայումս ղեկավարվում են Բուրդյոյի աշակերտների կողմից)[41]։
Բուրդյոն աշխատում էր դիտարկել 1968 թվականի ճգնաժամը, առաջին հերթին, գիտական տեսանկյունից՝ որպես ավանդական հասարակությունների սոցիալական վերարտադրության որոշակի շրջանի ավարտ։ Բուդրյոն որոշակի նմանություն էր տեսնում ֆրանսիական համալսարանական միջավայրում ու Կաբալիայի և Բեարնի (Ֆրանսիայում իր հարազատ գյուղի), որտեղ նա անթրոպոլոգիական հետազոտություններ էր անցկացնում, ավանդական հասարակությունների անկման միջև[34]։ Միևնույն ժամանակ Բուրդյոն բավականին քննադատորեն էր վերաբերում 1968 թվականի իրադարձությունների մասնակիցներին[34]։
Նույն թվականին նա հրապարակեց (Ժան կլոդ Շամբորդենի և Շան Կլոդ Պասերոնի հետ միասին) «Սոցիոլոգի մասնագիտություն։ Իմացաբանական նախնական բանակցություններ» գիրքը, որտեղ ներկայացվում էին սոցիոլոգիայի մեթոդները։ Այդ գրքում և այդ ժամանակվա մի քանի այլ աշխատանքներում Բուրդյոն ձևակերպում է իր նոր մոտեցման առանցքային կետերը։
Բուրդյոյի հետազոտությունների ճանաչումը աստիճանաբար սկսեց դուրս գալ ֆրանսիական սոցիոլոգիայի շրջանակներից։ Այն ազդեցություն ձեռք բերեց պատմաբանների շրջանում, հատկապես՝ Սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցում։ 1970-ական թվականներին սկսեց նրա ճանաչումը անգլոսաքսոնյան գիտական միջավայրում, նա ակտիվորեն հրատարակվում էր գերմաներենով և իտալերենով[37]։ 1980-ական թվականների վերջերին Բուրդյոն ԱՄՆ-ում երկրորդ տեղն էր զբաղեցնում ֆրանսիացի ինտելեկտուալների մեջբերելիության ինդեքսով՝ զիջելով միայն Միշել Ֆուկոյին[47]։ Միջազգային ճանաչումը Բուրդյոյին թույլ տվեց ավելի շատ ճանապարհորդել և մասնակցել բազմաթիվ համաժողովների, հիմնականում՝ անգլոսաքսոնյան երկրներում, Ճապոնիայում, Գերմանիայում և Սկանդինավիայում։
1981 թվականից մինչև 2001 թվականը Բուրդյոն գլխավորում էր սոցիոլոգիայի ամբիոնը Կոլեժ դե Ֆրանսը[30]։ 1993 թվականին նա դարձավ առաջին սոցիոլոգը, որը ստացավ Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ոսկե մեդալը՝ գիտության բնագավառում Ֆրանսիայի ամենահեղինակավոր մրցանակը[48]։
Եղել է Բրիտանիական ակադեմիայի անդամ (2001)։
Իր մահից որոշ ժամանակ առաջ Բուրդյոն ավարտեց «Էսքիզ ինքնավերլուծության համար» գիրքը, որը նա հրաժարվում էր համարել ինքնակենսագրական։ Գրքում նա փորձում էր, այնուամենայնիվ, վերլուծել իր սոցիալական և ինտելեկտուալ կողմերը՝ սեփական տեսական գործիքների միջոցով։ Մասնավորապես, իրեն համարում էր սոցիալական «դասալիք և դասալիքի որդի» և այդ փաստի մեջ նա գտնում էր սոցիալական աշխարհին իր մոտեցման պատճառներից մեկը[33][49]։ Գրքում նա առաջին անգամ նկարագրել է Ալժիրի պատերազմական իրադարձությունները և իր պատանեկությունը, երբ ընթանում էր Երկրորդ համաշխարհային պատերազմը[50]։ Ավարտած ձեռագիրը հրատարակվել է Գերմանիայում, իսկ 2004 թվականին՝ Բուրդյոյի մահից հետո թողարկվել է Ֆրանսիայում[50]։
Վերջին ամիսներին Բուրդյոն նաև աշխատում էր Էդուարդ Մանեի մասին իր կիսատ թողած գրքի վրա։
Պիեռ Բուրդյոն մահացել է 2002 թվականի հունվարի 23-ին թոքի քաղցկեղի պատճառով Սան Անտուան հիվանդանոցում։ Նրա մահը նշանակալի լուսաբանում գտավ ԶԼՄ-ում, ինչը արտացոլեց իր միջազգային ճանաչվածությունը[44]։
Նրա գերեզմանը գտնվում է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը՝ Անրի Սեն Սիմոնի գերեզմանից ոչ հեռու։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.