բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ունաբ սովորական, ունաբի[1] (լատին․՝ Ziziphus jujuba), դժնիկազգիների ընտանիքի պտղատու բույս։
Ունաբ սովորական | |
Ունաբ սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Դժնիկազգիներ (Rhamnaceae) |
Ցեղ | Ունաբ (Ziziphus) |
Տեսակ | Ունաբ սովորական (Z. jujuba) |
Միջազգային անվանում | |
Ziziphus jujuba Mill., 1768 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Փշոտ, տերևաթափ, 3-8 մ բարձրությամբ ծառ է կամ թուփ։ Բունը բարակ է՝ 4-10 սմ, ճյուղերն անկյունավոր բեկված են, մերկ։ Բեկվածքներում կան մեկական զույգ, ամուր, մինչև 3 սմ երկարությամբ սուր փշեր։ Տերևները հերթադիր են, ձվաձև, կաշվեկերպ, վերևից՝ մուգ կանաչավուն, փայլուն, մանր ատամնաեզր, կարճ կոթունով։
Ծաղիկներն աստղաձև են՝ 3-4 մմ տրամագծով, ծաղկաթերթերը 5-ն են, մանր, դեղնականաչավուն։ Ծաղկափթթությունները խիտ են, յուրաքանչյուրում կա 3-5 ծաղիկ, որոնք տեղադրված են տերևածոցերում։ Միակորիզ պտուղները` երկարավուն օվալաձև կամ գնդաձև են, ունեն կարմրամանուշակագույն երանգավորում։ Կախված տեսակից` ունաբի 1 պտղի զանգվածը կարող է տատանվել 5-6 գրամից՝ մինչև 20-30 գրամ։
Բույսի անվանումն ունի պարսկական ծագում՝ Zizufun են անվանել ցանկացած տեսակի ուտելի պտուղները։ Ֆրանսիայում ունաբի պտուղներն անվանում են ժուժուբա։ Ունաբին մոտ 400 տարի առաջ մշակվել է Չինաստանում, ինչի պատճառով բույսն անվանում են նաև չինական խուրմա։ Հայտնի են ունաբի մոտ 400 ենթատեսակներ, որոնց պտուղները տարբերվում են արտաքին տեսքով, գույնի երանգավորումով, համով, քիմիական բաղադրությամբ։ Բույսը տարածված է Միջերկրական ծովի ափերին, Միջին Ասիայում, Պարսկաստանում, Չինաստանում, Մոնղոլիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Հարավային Կովկասում։
Պտուղը պարունակում է սպիտակուց, օսլա, շաքար, պեկտինային նյութեր, ճարպեր, օրգանական թթուներ, կումարին, տանին, ֆլավոններ, նաև ասկորբինաթթու, ռուտին, կարոտին, B խմբի վիտամիններ, կալցիում, ֆոսֆոր, կալիում, մագնիում, երկաթ, կոբալտ, յոդ։ Հասունացման նախնական շրջանում ունաբի պտղի համը նման է խնձորին, հասունանալուց հետո պտուղը փափկում է, իսկ համով հիշեցնում է փյունիկյան արմավի պտուղը (խուրմա)։
Բույսի պտուղներն ուտելի են թարմ և չոր վիճակում, պատրաստում են մուրաբա, ջեմեր, հյութեր, գինի, կոմպոտներ, մարինադներ և այլն։ Ունաբի ծառը դիմացկուն է ջերմաստիճանի փոփոխությունների հանդեպ, դիմանում է մինչև 30 °C ցրտահարությանը, երաշտադիմացկուն է, լավ է տանում ամառվա շոգը։ Շատ հետաքրքիր է ունաբի բուսաճական շրջանը։
Ծառի առաջին տերևները սկսում են բացվել մայիսի վերջերին։ Ծաղիկները բացվում են հունիսին, պտուղների հասունացման շրջանը սկսվում է հոկտեմբերին և շարունակվում է մոտ մեկ ամիս։ Ծառը տերևաթափ է լինում դեկտեմբեր-հունվար ամիսներին։ Ունաբի սովորականի բոլոր մասերն ունեն բուժիչ հատկություններ։
Ունաբի պտուղն ունի մանրէասպան, վերքամոքիչ, արյունը մաքրող, խորխաբեր, թույլ լուծողական, սրտի աշխատանքը լավացնող, միզամուղ, սեռական կարողությունը բարձրացնող հատկություններ, ավելացնում է կերակրող մայրերի կաթը։ Ունաբին բարձր է գնահատվում՝ որպես հիպոտենզիվ՝ ճնշումը կարգավորող դիետիկ սնունդ։ Սերմը պարունակում է բույսին բնորոշ սապոնինների խումբ, գլյուկոզա, քսիլոզա և այլ շաքարներ։ Սերմն ունի հանգստացնող, թույլ լուծողական հատկություններ։ Տերևը պարունակում է թմրեցնող նյութեր, ունի խորխաբեր և հիպոտենզիվ հատկություններ, կարգավորում է սրտի ռիթմը։ Հետաքրքիր է իմանալ, որ տերևը ծամելիս՝ փոխվում է ընկալումը համի հանդեպ՝ մարդը չի զգում քաղցր և դառը համերը, իսկ զգայունությունը աղի և թթու համերի հանդեպ լիովին պահպանվում է։ Ունաբի արմատը և կեղևը պարունակում են դաբաղանյութեր և սապոնիններ։ Կեղևը պարունակում է նաև ռուտին։ Ունաբի արմատների եփուկը խթանում է մազերի աճը և ամրացնում մազարմատները։
Հայաստանի բնական պայմաններում հանդիպում է հյուսիս - արևելյան և կենտրոնական շրջաններում, Վայոց ձորում, Տավուշի մարզի բոլոր համայնքներում, ստորին լեռնային գոտում՝ մինչև 1000 մ բարձրության վրա՝ չոր, քարքարոտ թեքություններում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.