Նևրոզներ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Նևրոզներ (նեյրո...), հիվանդությունների խումբ, պայմանավորված է հոգեկան տրավմա առաջացնող ազդակներով և բնորոշվում է բարձրագույն նյարդային գործունեության ֆունկցիոնալ, դարձելի խանգարումներով։ «Նևրոզ» տերմինն առաջարկել է շոտլանդացի բժիշկ Ու. Կուլլենը (1776 թվական)։ Սկզբնական շրջանում նևրոզների խմբին էին դասվում չլուսաբանված պատճառագիտությամբ տարբեր հիվանդություններ (օրինակ՝ էպիլեպսիա, ցրված սկլերոզ, փայտացում և այլն)։ Ավելի ուշ նևրոզներ էին համարում նյարդային համակարգի ցանկացած ֆունկցիոնալ խանգարումը։ Ժամանակակից հասկացությամբ նևրոզներ դասվում են հոգեծին (պսիխոգեն) հիվանդությունների շարքը, այսինքն ծագում են հոգեկան տրավմայի և երկարատև նյարդային լարվածության հետևանքով։ Նպաստող գործոններն են՝ կոնստիտուցիոն նախատրամադրվածությունը, վարակիչ հիվանդությունները, թունավորումները (հատկապես ալկոհոլամոլությունն ու ծխելը), գլխուղեղի վնասվածքները, աթերոսկլերոզը, օրգանիզմի հյուծվածությունը, գերհոգնածությունը, երկարատև անքնությունը և այլն։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ արտակարգ ուժեղ (հարազատի մահը) սուր կամ թույլ, բայց երկարատև հոգեկան տրավման։ Թույլ գրգռիչների ազդեցությունից նևրոզների առաջացման հնարավորությունը կենդանիների վրա փորձառական մեթոդով (էքսպերիմենտալ նևրոզներ) ապացուցել է Ի. Պավլովը։ Նրա ուսմունքը հնարավորություն տվեց պարզելու նևրոզների ֆիզիոլոգիական հիմքը և մարդկանց նևրոզների առաջացման հիմնական մեխանիզմները։ Այդ ուսմունքի համաձայն, նևրոզը բարձրագույն նյարդային գործունեության խանգարում է, որն առաջանում է արտակարգ ուժ և տևողություն ունեցող բացասական ազդակների ներգործության հետևանքով՝ գլխուղեղի դրդման և արգելակման պրոցեսների ուժի և շարժունության գերլարումից կամ բախումից։ Ի. Պավլովն ապացուցեց նաև, որ նևրոզների դեպքում խանգարվում է առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի փոխհարաբերությունը։
Նևրոզներ | |
---|---|
Տեսակ | հասկացություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեվերլուծություն[1] |
ՀՄԴ-10 | F48.9 |
Տարբերում են նևրոզների կլինիկական հետևյալ ձևերը, նյարդաթուլություն, հիստերիա և սևեռուն վիճակների նևրոզ։ Վերջին ձևի դեպքում հիվանդներն ունենում են խորթ, անմիտ մտքեր, հիշողություններ, կասկածներ ու վախ, անհաղթահարելի հակումներ, շարժումներ ու գործողություններ։ Հիմնական պատճառը հոգեկան գերհուզումներն են (հատկապես՝ վախը)։ Առավել հաճախ հանդիպում են սրտամկանի ինֆարկտով, քաղցկեղով, սիֆիլիսով, հոգեկան հիվանդությամբ հիվանդանալու սարսափը, ինչպես նաև բարձրությունից, մենակությունից, մթությունից վախենալը։ Այդ բոլորը առաջացնում են հիվանդների դյուրագրգռելիություն, ներքին անհանգստություն, տագնապալից սպասողականություն, քնի խանգարումներ և այլն։ Երբեմն սևեռուն վիճակները կարող են զուգակցվել միմյանց հետ (օրինակ՝ որևէ հիվանդությամբ վարակվելու վախը պատճառ է դառնում հաճախակի լվացվելու)։ Առանձնանում են նաև վախի, սպասման, շարժողական, ներքին օրգանների (սիրտ, ստամոքս և այլն) նևրոզներ։
Առաջացնող պատճառների վերացում, արտաքին միջավայրի փոփոխություն, աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում։ Օրգանիզմն ամրապնդող միջոցառումներ և զրույցի ձևով կամ հիպնոսային ներշնչման միջոցով կատարվող պսիխոթերապիա, էլեկտրաքնի, ֆիզիոթերապևտիկ զանազան մեթոդների կիրառում, բուժական ֆիզկուլտուրա։ Վիտամինային, հորմոնային պատրաստուկներ, օրգանիզմի տոնուսը բարձրացնող և նյարդային համակարգը հանգստացնող դեղամիջոցներ (սեդուքսեն, էլենիում, տագեպամ, բրոմի պատրաստուկներ և այլն)։ Բնավորության, մտքի, զգացմունքների, կամքի ճիշտ դաստիարակում։ Առողջարանային բուժում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.