Նևրոզներ
From Wikipedia, the free encyclopedia
Նևրոզներ (նեյրո...), հիվանդությունների խումբ, պայմանավորված է հոգեկան տրավմա առաջացնող ազդակներով և բնորոշվում է բարձրագույն նյարդային գործունեության ֆունկցիոնալ, դարձելի խանգարումներով։ «Նևրոզ» տերմինն առաջարկել է շոտլանդացի բժիշկ Ու. Կուլլենը (1776 թվական)։ Սկզբնական շրջանում նևրոզների խմբին էին դասվում չլուսաբանված պատճառագիտությամբ տարբեր հիվանդություններ (օրինակ՝ էպիլեպսիա, ցրված սկլերոզ, փայտացում և այլն)։ Ավելի ուշ նևրոզներ էին համարում նյարդային համակարգի ցանկացած ֆունկցիոնալ խանգարումը։ Ժամանակակից հասկացությամբ նևրոզներ դասվում են հոգեծին (պսիխոգեն) հիվանդությունների շարքը, այսինքն ծագում են հոգեկան տրավմայի և երկարատև նյարդային լարվածության հետևանքով։ Նպաստող գործոններն են՝ կոնստիտուցիոն նախատրամադրվածությունը, վարակիչ հիվանդությունները, թունավորումները (հատկապես ալկոհոլամոլությունն ու ծխելը), գլխուղեղի վնասվածքները, աթերոսկլերոզը, օրգանիզմի հյուծվածությունը, գերհոգնածությունը, երկարատև անքնությունը և այլն։ Հիվանդության պատճառ կարող են դառնալ արտակարգ ուժեղ (հարազատի մահը) սուր կամ թույլ, բայց երկարատև հոգեկան տրավման։ Թույլ գրգռիչների ազդեցությունից նևրոզների առաջացման հնարավորությունը կենդանիների վրա փորձառական մեթոդով (էքսպերիմենտալ նևրոզներ) ապացուցել է Ի. Պավլովը։ Նրա ուսմունքը հնարավորություն տվեց պարզելու նևրոզների ֆիզիոլոգիական հիմքը և մարդկանց նևրոզների առաջացման հիմնական մեխանիզմները։ Այդ ուսմունքի համաձայն, նևրոզը բարձրագույն նյարդային գործունեության խանգարում է, որն առաջանում է արտակարգ ուժ և տևողություն ունեցող բացասական ազդակների ներգործության հետևանքով՝ գլխուղեղի դրդման և արգելակման պրոցեսների ուժի և շարժունության գերլարումից կամ բախումից։ Ի. Պավլովն ապացուցեց նաև, որ նևրոզների դեպքում խանգարվում է առաջին և երկրորդ ազդանշանային համակարգերի փոխհարաբերությունը։
Նևրոզներ | |
---|---|
Տեսակ | հասկացություն |
Բժշկական մասնագիտություն | հոգեվերլուծություն[1] |
ՀՄԴ-10 | F48.9 |
![]() |