![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/26/Spike-waves.png/640px-Spike-waves.png&w=640&q=50)
Էպիլեպսիա
From Wikipedia, the free encyclopedia
Ընկնավորություն, վերնոտություն, Էպիլեպսիա (հին հունարեն՝ επιλαμβνειν բայից, որը նշանակում է «հարկադրել, տիրել, տանջել», լատին․՝ epilepsia կամ caduca), նյարդաբանական հիվանդությունների խումբ, որն ունենում է տարբեր ծագումնաբանություն և բնութագրվում է կրկնվող էպիլեպտիկ նոպաներով, վերջիններս ուղեկցվում են շարժողական, զգայական, վեգետատիվ և հոգեկան գործառույթների խանգարումներով[1][2]։ Էպիլեպտիկ նոպաները կարող են տարբեր տևողություն ունենալ՝ մի քանի վայրկյան տևող աննկատ դրվագներից մինչև ավելի երկար տևող ցնցուցմային նոպա[3]։ Ցնցումների պատճառով հիվանդները կարող են ստանալ բազմաթիվ վնասվածքներ, մինչև անգամ ոսկորների կոտրվածքներ[3]։ Էպիլեպսիայի դեպքում նոպաները հակում ունեն կրկնվելու և որպես կանոն ունեն սադրիչ պատճառ[1]։ Մեկուսացված նոպաները, որոնք դրդվել են ինչ-որ հատուկ գործոններից, օրինակ՝ միջավայրի վնասակար գործոններից, չեն համարվում էպիլեպսիա։
Էպիլեպսիա | |
---|---|
![]() ԷԷԳ-ի ալիքները գեներալիզացված նոպայի ժամանակ | |
Տեսակ | հիվանդության կարգ և dictionary page in Wikipedia? |
Պատճառ | Պերինատալ ասֆիքսիա |
Հետևանք | գիտակցության մթնշաղային խանգարում |
Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն և epileptology? |
![]() |
Էպիլեպսիայի պատճառը մեծ մասամբ հայտնաբերել չի հաջողվում[3]։ Գլխուղեղի վնասվածքը, ինսուլտը, ուռուցքը, ինֆեկցիաները և բնածին անոմալիաները կարող են հանդիսանալ էպիլեպսիայի պատճառ, և այս գործընթացը կոչվում է էպիլեպտոգենեզ[3]։ Հայտնի են որոշ գենետիկական մուտացիաներ, որոնք ունեն անմիջական դեր էպիլեպտոգենեզում, բայց հանդիպում է ավելի քիչ դեպքերում[4][5]։ Էպիլեպտիկ նոպան առաջանում է ուղեղի կեղևում հավելյալ կամ աբնորմալ նեյրոնալ ակտիվության պատճառով[6]։ Ախտորոշումը, առաջին հերթին կայանում է նման նոպաներով ընթացող վիճակները ժխտելով, օրինակ՝ ալկոհոլային հանման համախտանիշ, էլեկտրոլիտային հավասարակշռության խախտում[4]։ Տարբերակիչ ախտորոշման համար կարող են անհրաժեշտ լինել որոշ գործիքային և լաբորատոր հետազոտություններ։ Հենց էպիլեպսիայի համար կարևոր է գլխուղեղի էլեկտրոէնցեֆալոգրամման (ԷԷԳ), բայց վերջինիս բացասական արդյունքը չի բացառում հիվանդությունը[4]։
Այլ հիվանդությունների արդյունքում զարգացած էպիլեպսիան կարելի է կանխարգելել[3]։ Նոպաների 70%-ը կարելի է կարգավորել դեղորայքով, ընդ որում դրանք ոչ շատ թանկարժեք դեղեր են[3][7]։ Եթե նոպաները չեն պատասխանում դեղորայքային բուժմանը՝ պետք է իրականացնել նեյրոստիմուլյացիա, վիրահատական միջամտություն կամ սննդակարգի փոփոխություններ[8][9]։ Ոչ բոլոր դեպքերում է, որ էպիլեպսիան մնում է մինչև կյանքի վերջ, երբեմն այն անցնում է, և այլևս դեղորայքի կարիք չի լինում[3]։
2015 թվականի տվյալներով աշխարհում շուրջ 39 մլն մարդ ունի էպիլեպսիա[10]։ Մոտավոր 80%-ը դեպքերի գրանցվում է զարգացող երկրներում[3]։ Ի տարբերություն 1990 թվականի, երբ մահվան դեպքերը 112000-ի էին հասնում, 2015 թվականին այդ թիվը դարձել է 125000[11][12]։ Էպիլեպսիան ավելի հաճախ դիտվում է մեծահասակների մոտ[13][14]։ Զարգացած երկներում հիվանդության սկիզբը կա՛մ վաղ մանկական տարիքում է, կա՛մ ծերունական հասակում։ Զարգացող երկներում ավելի ուշ մանկական ու երիտասարդության ժամանակ է դիտվում[15]։ Էպիլեպսիա ունեցողների 5-10%-ը չի ունեցել նոպան մինչև 80 տարեկանը, որովհետև չի եղել սադրիչ գործոն, ու հավանականությունը, որ այդ տարիքում կդրսևորվի առաջին նոպան 40-50% է[16][17]։ Տարբեր երկներում օրենքները տարբեր են, բայց հիմնականում այս հիվանդություն ունեցողներին արգելված է վարելը, կամ թույլ է տրվում, եթե չեն ունեցել նոպա որոշակի սահմանված ժամանակ[18]։