ռուս ժամանակակից գրաֆիկ, նկարիչ, նկարազարդող From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլայ Պետրովիչ Ֆեոֆիլակտով (ռուս.՝ Николай Петрович Феофилактов, ապրիլի 13 (25), 1876, Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 9, 1941, Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մոդեռն գրաֆիկ, գեղանկարիչ և նկարազարդող։
Նիկոլայ Ֆեոֆիլակտով | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 13 (25), 1876 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 9, 1941 (64 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գրաֆիկա և նկարազարդող |
Nikolay Feofilaktov Վիքիպահեստում |
Ծնվել է 1876 թվականի ապրիլի 13-ին Մոսկվայում՝ կրտսեր պաշտոնյայի ընտանիքում։ 1892 թվականից սովորել է Մոսկվայի հողաչափության ինստիտուտում։ Այդ ժամանակ նա սկսեց հետաքրքրվել նկարչությամբ և գեղանկարչությամբ, մասնակցել ուսանողական ցուցահանդեսներին, ձևավորել ներկայացումներ։ Նա մասնագիտական գեղարվեստական կրթություն չի ստացել։ Ինքնուրույն սովորել է գեղանկարչություն և երաժշտություն, հետաքրքրվել է Միխայիլ Վրուբելի արվեստով և յուգենտշտիլի գրաֆիկայով։ Այդ ժամանակ իր համակուրսեցի Նիկոլայ Սապունովի միջոցով ծանոթացել է Սերգեյ Սուդեյկինի, Պավել Կուզնեցովի և մյուսների հետ։ Նա, ինչպես Սապունովը, ցանկացել է ընդունվել Մոսկվայի գեղանկարչության ուսումնարան, սակայն նրան չեն բավարարել դասավանդման մեթոդները, ինչի պատճառով 1900-1903 թվականներին հաճախել է Կոնստանտին Յուոնի արվեստանոց։ 1900-1901 թվականներին ձևավորել է «Մրջյուն» ամսագիրը։
1903 թվականին Սանկտ Պետերբուրգ կատարած ուղևորության ժամանակ Ֆեոֆիլակտովը հանդիպել է Սերգեյ Դյագիլևին, ով նրան ներգրավել է աշխատելու «Արվեստի աշխարհ»-ում։ Այստեղ նա հանդիպել է Վալերի Բրյուսովին, ով հրավիրել է նրան համագործակցելու «Կշեռքներ»-ի հետ, որտեղ Ֆեոֆիլակտովը դարձել է առաջատար նկարիչ։ Այդ ժամանակ նա սկսել է հետաքրքրվել անգլիացի գրաֆիկ նկարիչ Օբրի Վինսենտ Բերդսլիի ստեղծագործություններովով, ինչի համար ստացել է «Մոսկովյան Բերդսլեյ» մականունը։ Ֆեոֆիլակտովը 1904-1909 թվականներին համագործակցել է նաև «Կարիճ» հրատարակչության հետ, որի տարբերանշանը համարվում է նկարչի առաջին հաջողություններից մեկը։
1904-1905 թվականներին Ֆեոֆիլակտովը Նիկոլայ Սապունովի հետ միասին պատրաստել է դեկորացիաներ Գրական-գեղարվեստական խմբակում Կոնստանտին Բալմոնտի «Երեք ծաղկունք» բանաստեղծական դրամայի բեմադրության համար, համագործակցել է նաև «Ոսկե գեղմ» ամսագրի հետ։ 1904 թվականին Ֆեոֆիլակտովն իր ընկերների հետ մասնակցել է «Կարմիր վարդ» ցուցահանդեսին։ 1906 թվականին կատարել է իր առաջին ճանապարհորդությունը Վենետիկ, որը մեծ ազդեցություն է ունեցել նրա ստեղծագործության վրա։ 1907 թվականին Ֆեոֆիլակտովը մտերմացել է «Կապույտ վարդ»-ի նկարիչների հետ և մասնակցել նրանց ցուցահանդեսներին։ 1906-1913 թվականներին նա գրեթե ամեն տարի այցելել է Իտալիա, եղել է նաև Փարիզում և Վիեննայում։ 1908 թվականին բնակվել է Փարիզում, որտեղ որոշ ժամանակ կատարելագործվել է Կոլարոսի ակադեմիայում։
1906 թվականին Ֆեոֆիլակտովը Վսևոլոդ Մեյերխոլդի ստեղծագործական խմբի հետ եկել է Պետերբուրգ, որտեղ ծանոթացել է Միխայիլ Կուզմինին, ով կարճ սիրավեպ է սկսել Սերգեյ Սուդեյկինի հետ։ Ֆեոֆիլակտովը դարձել է բանաստեղծի կրքոտ երկրպագուն (գուցե նաև սիրեկանը[1]) և ձևավորել նրա մի շարք գրքեր[2]։ 1910 թվականին Սերգեյ Սուդեյկինի և Նիկոլայ Սապունովի հետ աշխատել է Սանկտ Պետերբուրգի Ինտերմեդիայի տանը։ 1910 թվականին «Կարիճ» հրատարակչությունը հրատարակել է նրա նկարների ալբոմը, որտեղ ներառվել են նրա 66 աշխատանքներ։
1911-1932 թվականներին Ֆեոֆիլակտովը սկսել է ակտիվորեն զբաղվել գեղանկարչությամբ։ 1913 թվականին «Արվեստի աշխարհ» ցուցահանդեսում ցուցադրվել են նրա «Տիկին», «Գնչուներ», 1915 թվականին՝ «Հռոմի շրջակայքում։ Իտալիա», «Աբրուցի», «Վենետիկ» աշխատանքները։ 1918-1928 թվականներին ստեղծել է իտալական բնանկարների շարքը։ 1918 թվականին Տրետյակովյան պատկերասրահը ձեռք է բերել Ֆեոֆիլակտովի մի շարք նկարներ և «Գնչուներ» ջրաներկ աշխատանքը։
1920-1923 թվականներին Ֆեոֆիլակտովը աշխատել է Կրթության ժողովրդական կոմիսարիատի թանգարանային բաժնում՝ որպես Արևմտյան նոր գեղանկարչության թանգարանի ավագ թանգարանապահ։ 1923 թվականին աշխատել է Մոսկվայի գյուղատնտեսական ցուցահանդեսի դեկորատիվ պաննոյի վրա։ 1924 թվականին աշխատել է Փոքր թատրոնում, ստեղծել է թատրոնի 100-ամյա հոբելյանին բվիրված նամականիշ և մի շարք դերասանների դիմանկարներ (Յուժին, Դավիդով)։ Միաժամանակ, աշխատել է «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում։ 1925-1927 թվականներին Ֆեոֆիլակտովը մի շարք գրաֆիկական աշխատանքներ է ստեղծել Բանաստեղծների համառուսաստանյան միության համար։ 1925-1937 թվականներին նկարազարդել և ձևավորել է գրքեր մոսկովյան հրատարակչությունների համար՝ Քաղաքացիական պատերազմի պատմության և գործարանների պատմության պետական հրատարակչություն, «Գրողների մոսկովյան ընկերակցություն» և այլն։ 1933-1937 թվականներին Ֆեոֆիլակտովն ակտիվորեն համագործակցել է «Ակադեմիա» հրատարակչության հետ, որտեղ ձևավորել է Վալերի Բրյուսովի, Հոֆմանի, Շեքսպիրի, Լ. Ստեռնի և մյուսների գրքերը։
1926 թվականին Ֆեոֆիլակտովը մասնակցել է Պատմական թանգարանի «Չորս արվեստ» ցուցահանդեսին, 1927 թվականին՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահում «ԽՍՀՄ գրաֆիկա 10 տարի» ցուցահանդեսին։ 1930 թվականին աշխատել է Մարքսի և Էնգելսի ինստիտուտում։ Այդ ընթացքում ավարտել է մի շարք նկարներ, որոնք ձեռք են բերել Անատոլի Լունաչարսկին և Ա. Ս. Յակովլևը։ 1933 թվականին Ֆեոֆիլակտովը մասնակցել է Գեղարվեստի թանգարանում կազմակերպված «ՌԽՖՍՀ նկարիչները 15 տարում» ցուցահանդեսին, իսկ 1936 թվականին՝ «Խորհրդային գրաֆիկայի 15 տարիները» ցուցահանդեսին։ 1938 թվականից Ֆեոֆիլակտովը թողել է իր աշխատանքը հրատարակչություններում՝ ցանկանալով ամբողջությամբ նվիրվել գեղանկարչությանը։
Ֆեոֆիլակտովը մահացել է 1941 թվականի փետրվարի 9-ին տուբերկուլոզից, որով վարակվել էր երկու տարի առաջ։ Թաղված է Նովոդևիչյան գերեզմանատանը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.