![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c1/Posterunek_honorowy4.jpg/640px-Posterunek_honorowy4.jpg&w=640&q=50)
ՆԱՏՕ-ի ընդլայնում
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդլայնումը շարունակական գործընթաց է, որի ընթացքում հավաքական անվտանգություն և պաշտպանական պարտականություններ իրականացնող ռազմաքաղաքական կազմակերպությունը համալրվում է նոր անդամ-պետություններով։ ՆԱՏՕ-ն քսանյոթ եվրոպական և երկու հյուսիսամերիկյան երկրների միասնական ռազմական դաշինք է, որը միասին ձևավորում է կոլեկտիվ պաշտպանական համակարգ։ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը կարգավորվում է կազմակերպության կանոնադրության 10-րդ հոդվածով, որը հստակորեն սահմանում է այն հանգամանքը, որ հետագա տարիներին դաշինքի անդամ կարող են դառնալ միայն եվրոպական պետությունները։ Միանալու պատրաստակամություն հայտնող պետությունները պետք է բավարարեն որոշակի պահանջներին և ունենան բազմակուսակցական քաղաքական համակարգ։ Այն ներառում է քաղաքական երկխոսություն և ռազմական ինտեգրում։
Անդամակցության գործընթացը վերահսկվում է ՆԱՏՕ-ի կառավարման մարմնի հյուսիսատլանտյան խորհրդի կողմից։ 1949 թվականի ապրիլի 4-ին կազմավորվելուց հետո կազմակերպության անդամ են դառնում տասներկու պետություններ։ Կազմակերպետության համահիմնադիր անդամներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Կանադան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Բելգիան, Դանիան, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը և Իսլանդիան։ 1952 թվականին ՆԱՏՕ-ն առաջին անգամ համալրվում է նոր պետություններով (Հունաստան և Թուրքիա)։ 1955 թվականին Հյուսիսատլանտյան դաշինքին է միանում Արևմտյան Գերմանիան (Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), իսկ 1982 թվականին՝ Իսպանիան։ 1990 թվականին Սառը պատերազմի ավարտից և Գերմանիայի վերամիավորումից (Բեռլինի պատի քանդում) հետո կազմակերպությունը համալրվում է նոր արևելաեվրոպական պետություններով։ Կազմակերպության և ռուսական ընդդիմության միջև բազում բանավեճերի պայմաններում 1999 թվականին ՆԱՏՕ-ի անդամ են դառնում Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների հաջորդ ընդլայնման արդյունքում վերջինիս անդամ են դառնում Բուլղարիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան, Լատվիան և Սլովենիան։ Այս պետությունները հրավիրվել են 2002 թվականի Պրահայի գագաթնաժողովի ժամանակ, իսկ անդամակցության համաձայնագրերը ստորագրվել են 2004 թվականին Ստամբուլում։
2009 թվականի Ստրասբուրգի գագաթնաժողովի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի շարքերը համալրում են Ալբանիան և Խորվաթիան։ ՆԱՏՕ-ի անդամ վերջին պետությունը Չեռնոգորիան է, որը կազմակերպությանը միացել է 2017 թվականի հունիսի 5-ին։ 2018 թվականին ՆԱՏՕ-ն որպես կազմակերպության թեկնածու-անդամներին պաշտոնապես ճանաչում է Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Մակեդոնիայի Հանրապետությունը և Ուկրաինան։ Բոսնիա և Հերցեգովինայի անդամակցությունը խոչնդոտող հանգամանքներն են պաշտոնական Մոսկվայի հետ վերջիններիս սերտ կապերն ու դաշնության անդամ Սերբական Հանրապետության նկատմամբ բռնաճնշումների ներգործությունը։ Մակեդոնիայի Հանրապետության անդամակցության հրավերն արգելափակված է կազմակերպության անդամ Հունաստանի կողմից՝ «Մակեդոնիա» եզրույթի վերաբերյալ հիմնախնդրի պատճառով։ ՆԱՏՕ-ի ապագա ընդլայնումը նախկինում դաշինքից դուրս եկած պետությունների և կազմակերպության միջև բանավեճերի առարկա է։ Անդամակցության վերաբերյալ բանավեճեր առկա են Շվեդիայի, Ֆինլանդիայի և Սերբիայի կառավարությունների հետ։ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության գլխավոր սատարողներն են երկրի ազգայնականները։ Նախկինում արևելյան ռազմական ճամբարում գտնվող պետությունների անդամակցությունը տվյալ երկրի կառավարության և Ռուսաստանի Դաշնության միջև լարվածության պատճառ է դառնում։